Դավիթ Բլեյանն Արմինե մայրիկի նոր հեռախոսից չի բաժանվում. գիտի՝ ոնց խաղեր-անիմացիաներ նայի, մուլտեր…
– Ա՛յ տղա, Դավի՛թ, հեռախոսս տուր, դա իմ հեռախոսն է, հասկացի…
– Սա հեռախոս չի, պլանշետ ա, հայրիկն ա առել, ես էլ մուլտեր եմ նայում:
– Դավիթ, կգցես, հեռախոսս կկոտրես, ես էլ կմնամ շվարած:
– Պլանշետը չեմ գցի, չեմ կոտրի, ես սրանով խաղեր եմ խաղում, նայում եմ…

Իրոք, շա՜տ զգույշ է վարվում. կենտրոնանում է իր նոր գործիք-զբաղմունքի վրա՝ տուտուզով դեպի ինձ, որ չտեսնեմ՝ ինչ է նայում…
– Հայրիկ, հիմա մուլտերս նայեմ, դու էլ քո «Եվրոնյուզ»-ը, գնանք՝ լողանամ (իրիկունը 8-9-ի արանքում):
Այդպես էլ լինում է: Լողանում է, խոսում ենք: Երկու օր չի լողացել. իմ հեծանիվն առավոտվա նոր իրավիճակ է ստեղծել հայր-որդի հարաբերություններում: Դուրս եմ գալիս տանից ոչ 8.30, ինչպես նախկինում, Դավթի հետ, այլ 7.30, հեծանվով, առանց Դավթի։ Հայրիկը չի կարողանում առավոտվա մեկ ժամը հատկացնել Դավթին՝ արթնացում, լող, բնակարանային հեծանիվ, պատշգամբում աշխատանք՝ առավոտ լուսո, Դավիթն էլ ծուլացել է. քնում է երկար, ինչպես մայրիկը… Դավիթը համաձայն չէ, որ մայրիկն իրեն լողացնի.
– Ես ուզում եմ հայրիկը լողացնի, միայն հայրիկը, լսեցի՞ք:

Ահա ես լողացնում եմ գոճիին, ու զրուցում ենք, քննարկում. աշխարհում ոչ ոք մեզ չի խանգարում՝ երկուսով իրար ասելու-լսելու… Տեսարան է ու ձայնագրելու բան…
– Դավիթ, պետք է ամեն օր լողանալ, շուտ արթնանալ…
– Քեզ հետ արթնանա՞մ, ո՞ր ժամին, հայրիկ, դու քանի՞ ժամ ես քնում. մայրիկն ասում է՝ դու չես քնում…
– Դավի՛թ, դու պետք է ինքնուրույն լողանաս, ինչպես ես, մեծ ես, տե՛ս, առավոտյան արթնանաս, մտնես բաղնիք, հանես շորերդ, մտնես ավազան, միացնես ջուրը, ինչպես ես, ամեն առավոտ ցնցուղ ընդունես, լողանաս…
– Ես ուզում եմ, որ դո՛ւ լողացնես, մայրիկը չգա, իր ռադիոն ուղարկի (նկատի ունի «Սեբաստացի» ռադիոյի նյութերը՝ որպես Դպրոց-պարտեզի պատասխանատու). ես լողանամ ու միասին խոսենք… հետո մայրիկն ինձ հագցնի…

Իրոք, հայր և որդու զրույցը, լողացնելու ծեսը, որ մեր ընտանիքում տղամարդկանց զրույցով է ուղեկցվում, կողմերից ոչ ոք չի ուզում ընդհատել… Հատկապես, իհարկե, Արմինե մայրիկը…
– Հայրիկ, ինձ նոր հեծանիվ առ՝ երկանիվ, ես էլ շուտ արթնանամ, լողանանք ու միասին քշելով գնանք Բանգլադեշ…
– Ինչ ուզում եք, արեք. տիար ջան, միայն ինձ շուտ արձակուրդ տուր, խնդրում եմ, ես հիմա արձակուրդ եմ ուզում…

Իսկ Դավիթ Բլեյանն ուզում է, որ իր մայրիկը միայն կրտսեր դպրոցում աշխատի, որ մայր դպրոց չգնա… Վերցրել է Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուն, տարել է դպրոց, հետո խմբից գնացել 4.2 դասարան, մայրիկի մայրենիի ժամին տվել գիրքը, թե Ռոդարիի հեքիաթները կարդա… իր ուզած, իր նշած… Սովորողների զվարճանքով որոշել է դասի թեման… Հետո էլ գիրքը տարել է խումբ, տվել ընկեր Կարինեին՝ հիմա էլ եկեք շարունակենք կարդալ…

Իսկ Դավթի մեքենաները երկու մեծ խմբով բնակարանի տարբեր անկյուններում խցանվել են… Երկու մեծ խցանում՝ մի բնակարանում. արտակարգ պատահարն այսպիսին է լինում… Դավիթը չի թողնում ծառայություն կանչենք. ոնց խցանվել են, այդպես էլ թող բացվեն… Մեր մանկավարժությունն է ինքնակարգավորումը՝ սրանից բխող ինքնուրույնությունը, ակտիվություն-նախաձեռնողականությունը, անհատական պատասխանատվությունը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քյավառցու հայտնի անեկդոտով, Վիլյամ Սարոյանով մինչև Ալբերտ Էյնշտեյն…

Ես հոգնում եմ, երևի, գրելուց, միայնակ մեծ սենյակում մնալուց. ժամը 5.00-ին մոտ է, գնում եմ ննջասենյակ, պառկում Դավթի մահճակալին. սենյակի լուսամուտի մեջ երևում է, որ Դավիթն ու Արմինեն հերթական անգամ տեղերը

Մհեր-Դավիթ միջակայքում

Դավիթ Բլեյանը շարունակ ուզում է հասկանալ՝ ոնց է, որ ապրիլի 24-ը կիրակի չէ, բայց հայրիկը տանն է… Ուշադիր հսկում է, որ հանկարծ չանհետանամ։ Իսկ ես այս ծավալվող-սաստկացող խոնավությունից խեղճացել եմ,

Սկսենք մեր գործը առաջ տանելու 30-րդ տարին Բանգլադեշում

Կիրակին Դավիթ Բլեյանն ու մայրիկ Արմինեն վայելում են. միասին դեմ առ դեմ մուշ-մուշ երկար քնած են… մայր ու տղա: Պատկեր է: Ես ունեմ ժամանակ՝ խոստացածս կատարելու. իմ բլոգում «Քսիֆներ կալանատնից.