Բլեյան Դավիթն ու ես փնթի Սեթին էլ, մանրէ դարձած սեթիկներին էլ բոլոր միջոցներով հետապնդում ենք ամենուր, նրանց հետևից մտնում լողարան, տկլորացնում Դավթին, ցնցուղով, ավելի ուժեղ ջրի շիթով գտնում նրանց, հանում բոլոր ծալքերից ու անցքերից. ոչ մի սեթիկ մեր ձեռից չի պրծնում, բոլորին գտնում ենք, ջրի շիթով ծեծում, թափում ջուրը, որը գնում լցվում է կոյուղին… Դավիթը հաճույքով է ամեն առավոտ լողանում…
— Ի՞նչ ասել է հետապնդել, հայրիկ…
— Արի հաշվենք բոլոր սեթիկներին փնթի…
— Փնթի Սեթին որ բոլորը ծեծեն, ի՞նչ կլինի։

Ռոդարիական հարցադրում է՝ ինչ եղավ, երբ աշխարհում անհետացավ շաքարը… Մեր աշխարհից էլ սեբաստացիական թող անհետանան բոլոր փնթիությունները, կեղտերը, սեթիկները, մանրէները…

— Խխունջը միջա՞տ է, թե՞ կենդանի, հայրիկ (երեկ, բակում խաղալիս, կարծեմ խխունջի են հանդիպել. առաջին անգամ, երես առ երես՝ «խխունջ խանումի հետ»):
— Ուզում եմ՝ ոչ ոքը գա խխունջի պես: Չի ուզում ոչ ոքը՝ խխունջի պես գա, թող Վահրամի մեքենայով գա… Գա-չգա, արի-գնա, խխունջի պես մի՛ մնա, այ ոչ ոք… Էդ ինչի՞ ոչ մի բան չեք ուտում, որ ես տեսնեմ: Ոչ մի բանն ի՞նչ գույնի է… Ոչ մի՞, թե՞ ամեն մի…

Դավիթ Բլեյանենց խմբում, ենթադրում եմ, ռոդարիական ստուգատեսի օրեր են, տեսեք՝ ինչպես է այն մտնում ընտանիք. ինչ լա՜վ է… Ընտանիքի ու պարտեզի սահմանները, պատերն այսպես են քանդվում. ահա ինչու եմ պնդում համառորեն, որ ամեն խմբի դաստիարակ ու օգնական, 1-3-րդ դասարանի դասվար կրթական ծրագրի փաստացի ղեկավար է իր 20-25 սան-սովորողների համար, ահա ինչու նրանցից յուրաքանչյուրը պիտի Մայիսյան հավաքին ինքնադրսևորվի-ներկայանա ամբողջական՝ որպես կրթական ծրագրի մշակող, կազմակերպող, տարածող՝ տանը թե դպրոցում, Հայաստանում թե Վրաստանում:

Էկոտուր 2015-ին ընդառաջ «Մի ծառ՝ ես, մի ծառ՝ դու» նախագծի շրջանակում, ավագ դպրոցի սովորողների օգնությամբ, իրենց պտղատու այգին են հիմնում Նոր դպրոցի 3-2 դասարանի սովորողները:
Լուսանկարները՝ Անահիտ Գրիգորյանի

«Առականին» մեր թողարկեց իր 200-րդ առակը. սա իմ 300-րդ գրին համարժեք իրադարձություն է, իմ հավատարիմ, Խ. Աբովյանը կասեր «ի՛մ ընտիր, ազիզ, ի՛մ սրտի սիրեկան ազգ», ահա ինչու՝ որպես պատիվ, իմ գրի ու ընթերցողների համար ես այն բերում եմ  ամբողջությամբ.

«Այն հարցին՝  կփրկվի՞ արդյոք աշխարհը, ճգնավորը պատասխանեց.
— Բոլորը կարծում են, որ պետք է աշխարհը փրկել: Յուրաքանչյուրը մյուսից լավ գիտի, թե ինչպես դա անի: Բայց մարդիկ տարբեր են և ընդհանուր լեզու չեն գտնում միմյանց հետ. վիճում են, սպանում իրար:
Երբ մարդիկ սկսեն փրկել ոչ թե աշխարհը, այլ միմյանց, այդ ժամանակ էլ աշխարհը կփրկվի
»:

Այսպես «կփրկվի աշխարհը»… Մնում է իմանանք` ոնց ենք փրկում միմյանց… Մեր մանկավարժությունը սրանո՞վ է զբաղված, մեր սեբաստացիական աշխարհը…

«Հանրակրթական Էկոտուր»-ի գոյությունը, նրա հետևողական զարգացում-տարածումը 2015-ի մարտին Թբիլիսիի միացյալ էկոդասի մասնակիցներն արժևորեցին… Հիմա էլ՝ «Էկոլուրի» հատուկ թողարկումներ, որպես արտակարգ իրավիճակներին հանրային արձագանքում… Իհարկե, Միքայել Կամենդատյան, Մարթա Ասատրյան, հետապնդե´ք «փնթիկներին» ամենուր… Ոչ թե ասել ասելու համար՝ որպես արտահայտվելու ազատության ցուցադրում, այլ որպես կենսակերպ… Իսկ թռչունների, Երևանում նրանց բների, նրանց ինքնազգացողության մասին ասելիքը բովանդակություն կդառնա «Էկոտուր» 2016-ի ժամանակ… Մենք ի՞նչ գիտենք 2016-ին մեր գալիքը. դեռ պիտի ապրել մինչ այդ: Ահա ինչու պիտի հավաքել վատ-լավ արված ծառահատումների մանր ճյուղերը, դրանք աղացով անցկացնել, դարձնել կոմպոստ… Պիտի հասցնել «Էկոտուրին» մեր նոր տնկարանը, գյուղացիական տնտեսության պտղատու այգին… «Էկոտուր» 2015-ի հայտերի ընդունմանը ամբողջ 10 օր կա. պիտի սկսել բալենիների, եղրևանիների, մրգատու ծառերի շարքերի տնկումը՝ որպես բնապահպանական նախագծեր… Այսօրը կարող է, չէ՞, էական լինել։ Ես եկել եմ կրթահամալիր այս վճռականությամբ։

Քոլեջ, արհեստների ավագ դպրոցում «Մեր բակը պարտեզ» նախագծի շաբաթօրյա ընթացքն է:
Լուսանկարները՝ Անահիտ Մելոքնյանի

Երբ Դավիթ Բլեյանի հետ առավոտյան իջնում ենք մեր չորրորդ հարկի աստիճաններից, ինչպես միշտ, խրոխտ տրամադրությամբ, իմ աջ ձեռքին կանխատեսելի շարժումներով Դավթի ձեռքն է (ամուր-ամուր, բոլոր չարաճճիությունների ու թռիչքների համար, իբրև վստահություն, որ ինքը հայրիկի ձեռքերում է), մյուսում՝ աղբի տոպրակը… Աղբն ամեն օր տանից հանելը տղամարդու գործ է, ինչպես տղա երեխային լողացնելը… ինչպես խոսակցությունը ռոդարիական լեզվով կառուցելը. հաշվեք, որ այս տողերն արդեն իմ վաղվա՝ 296-րդ գրի գլխագրերն են…

Դավթի աջ ձեռքում այս առավոտ չիփսի գլանաձև տարան է, որ իր ընկեր ութ տարեկան Նիկոլոզ Մոմցելիձեն է նվեր բերել Թբիլիսիից… Հենց այսպես, բացել է իր ուսապարկն ու Դավթին մեկնել մինչ այս անծանոթ տուփը գրավիչ…
— Սա ինչ է՞, ուզում եմ հիմա բացեմ… Չիփսն ի՞նչ է…
Մինչ այս Դավիթը չիփսի համը չէր առել: Առավ. հավանեց… այնքա՜ն, որ գլանաձև տուփը չի ուզում թողնել տանը, ուզում է իր հետ լինի…
— Տանեմ կուկուներիս բաժանեմ, միասին ուտենք, կասեմ, որ իմ ընկեր Նիկոն է բերել… Թբիլիսիից։
— Քո վրացի ընկեր Նիկոլոզը, Դավիթ, տեսնո՞ւմ ես՝ ինչ ուշադիր է, ինչ լավ խաղաց…
Միտքն ինձ անմիջապես դուր եկավ. հա՛մ միանգամից «կազատվենք»-կպրծնենք այս հրեշից ինձ անծանոթ-անընդունելի, հա՛մ էլ Դավիթը Վրաստանի, Թբիլիսիի, Նիկոլոզ եղբոր-ընկերոջ մասին իր երկվա դրական զգացողությունները կփոխանցի Բանգլադեշ Երևանի իր կուկուներին…
— Ի՞նչ ասել է վրացի, Թբիլիսին ի՞նչ քաղաք է, ի՞նչ են անում վրացիները, հայրիկ… Կպատմե՞ս ինձ…
— Հաճույքով:
Աստիճան առ աստիճան , փողոցում, մեքենայի մեջ ես սիրով պատմում եմ իմ, Շուշանի ու կրթահամալիրի Վրաստանի մասին…
— Ամառը որ գա, մենք Շուշանի հետ կգնանք Թբիլիսի, Նիկոլոզին կտեսնե՞նք:
Հաճույքով: Ուզում եմ հավատալ, որ սրան ոչինչ չի խանգարի, Շուշանն էլ թող իր 20-ամյակի համերգի մի կտոր ներկայացնի մեր վրաց ընկերներին…

Էկոտուրին մասնակցում են Քոլեջի նախակրթարանի սաները։
Լուսանկարները՝ Լիլիթ Մեղրյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կրթահամալիրյան Բանգլադեշը բարձե՜ք աքլորի…

Արմինե Թոփչյանին չպարգևատրել չէր կարելի. Հարություն Թոփիկյանի սիրալիր առաջարկով սեպտեմբերի 15-ին Կամերային երգչախմբի հետ «Շարական» փառատոնի շրջանակում լինելով Տաթևում՝ թևեր առավ ու թև տվեց ինձ, ես՝ ձեզ, մեդիաբնակիչներիս՝ այդպիսի պատկերներով…

Մարմարիկի «Սեբաստացի» լողափի կառուցումը սկսված է… Ուռա՜…

Դավիթ Բլեյանի հետ նայում ենք mskh-ով մեղրաձորյան ճամբարի՝ Կարինե Պետրոսյանի և Հռիփսիմե Առաքելյանի շարքերը… Հավե՜ս ճամբար ստացվեց. շնորհակալ եմ այսպիսի օգոստոսի համար յուրաքանչյուրին, ով մինչև օգոստոսի վերջ ձգվելիք ճամբարի մասնակիցն

Անդրադարձ-գիր․ ի՞նչ մնաց չասված, շաբաթից դուրս

Իմ ժամն է գիշերվա 3-ից 4-ը, նստեցի սեղանիս առաջ, որ վերնագրով խոստացածս պատմեմ, Նունե Մովսիսյանն ու Սուսան Մարկոսյանն ինձ շեղեցին մեր «Դպիր»- ով, Հայ եկեղեցու պատմության մեր այլընտրանքով․․․ «Դպիր» եմ