Կրթահամալիրի փորձարարական-հետազոտական միավորման հեղինակային հանրակրթական ծրագրեր մշակող, կազմակերպող և տարածող բաց համակարգում Զառա Ոսկանյանը տեխնոլոգ-ուսուցիչ՝ տեխնոլոգիական հանրակրթական դասընթացների կազմակերպիչ է Դպրոց-պարտեզում: Դասընթացներ է վարում Հիմնական դպրոցում, Դպրոց-պարտեզում՝ 4-5-րդ դասարաններում՝ «Տեխնոլոգիա», սկսած 1-ին դասարանից՝ սովորողների ընտրությամբ «Կերպարվեստ» և «Դիզայների գործունեություն»,  աշխատում է նաև 2-6 տարեկանների դաստիարակների, «Իմացումի հրճվանք» ծրագրով աշխատող 1-3 դասարանների ղեկավարների հետ… Այցելե´ք Զառային՝ իր նույնքան գրավիչ բլոգում, տեխնոլոգիայի արհեստանոցներում… Խոստովանենք, որ Գեղարվեստի ակադեմիայի «Կիրառական արվեստ» մասնագիտությամբ շրջանավարտը մեր միջավայրում, մեր բարեհաճ աջակցությամբ ամենամեծ շփում և հեղինակություն (պահանջարկ) վայելող ուսուցիչներից է այսօր, և Դպրոց-պարտեզի ընտրությամբ դասընթացի սովորողների պատրաստած՝ սիրելի ուսուցիչների կավե կերպարները զարմացրին… Երեկվա իմ գրի «Հետևողականությունն ինքնահիացմունքի ճանապարհ» վերնագիրը եկավ, ու ականջիս է դիմակների բնորդներից մեկի՝ Արմինե Աբրահամյանի հրճվանք-զարմանքը՝  շարքը դիտելիս… Այ քեզ գո՜րծ, ա՛յ քեզ դիզայն-կերպարվեստ-խեցեգործության տեխնոլոգիական դասընթացի զարգացում… Այսպիսի կրթական միջավայրն անհատի տաղանդի դրսևորման-զարգացման, ամենահամարձակ լուծումներ խթանելու համար է ստեղծված, ու տեսեք, գործում է:

Մարզվում են Հիմնական դպրոցի 2-4 տարեկանները:
Լուսանկարները`Գոհար Սմբատյանի:

Արմինե Թոփչյանի 4-րդ դասարանցիների այս նախաձեռնությունը՝  մոնիտորինգի (փորձաքննության) ենթարկել Երևանի Հարավարևմտյան զանգվածի Բ-1 բնակելի թաղամասը՝ նրա իրական տերերի խմբով չմուշկներով անցնելով գեհենի միջով (զավեշտ 21-րդ դարի Երևանում)՝ սկսելով իրենց աշխարհ Գեղարվեստից, անցնելով ալամ աշխարհ կրթահամալիրի Բանգլադեշով ու սաղ-սալամաթ վերադառնալով…

Մինչ բոլոր կարգի պաշտոնյաները զբաղված են «հիշելով ու պահանջելով»՝

Մոռանալով աշխարհային չարն ու բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր —
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…

Երեխաների համար ոչինչ պետք չէ, չի կարելի անել, Զառա-Արմինե ջաներ, պետք է պարզապես կարողանանք օգնել երեխաներին իրենց իրական-աստվածատուր կյանքի՝ մեր փոխանցած (չլուծած) խնդիրներն ուսուցման միջոցով և ուսուցման արդյունքում լուծել… Իսկական կյանքի, իրենց կյանքի ու իրական խնդիրները: Բրավո´, պաչիկներ, դուք, ահա, այս ճանապարհին եք, ինչպես Անահիտ Մելքոնյանն ու Արտեմ Խաչատրյանը… Ի՜նչ շարք է կենդանության… Ինձ որ լսեք, ապրիլյան 100-ամյա համազգային հավաքի ամենաուշագրավ էջերից են սրանք…

Հիմնական դպրոցի 3-րդ դասարանի սովորողները ջրում են ապրիլի 7-ի իրենց նորքը (նորք` նորատունկ այգի):
Լուսանկարները` Լուսինե Գասպարյանի:

Գիշերը ժամը 4-ն է, ուշքս գնում է ձեր կարոտից, այ, հիմա վեր կացա ու բռնեցի Բանգլադեշիս ճամփան… Երեկ, վարչական խորհրդից հետո, ժամը 6-7-ի արանքում Կենտրոնում հենց այս մասին ենք խոսում՝ նկատի ունենալով «Մաթեմատիկա» դասընթացը՝ սկսած մեր նախակրթարանների 2-4 տարեկաններից, նրանց դաստիարակներից, 1-3-րդ դասարանների ուսուցիչներից ու ամենաանմատչելին համարվող «Մաթեմատիկա» առարկայի ուսուցիչներից… Ես, ահա, ընդառաջ գնալով ծրագրերի կենտրոնի ղեկավար Սուսան Մարկոսյանի հիմնավորված առաջարկին և, քանի որ նախակրթարաններն իրենց Աիդա Պետրոսյանով, ԲուրիկովԱնուշիկով արդեն սկսել են մաթեմատիկական ստուգատեսը, հայտարարում եմ մաթեմատիկական հանրակրթական ստուգատեսի մեկնարկը կրթահամալիրում: Տո, մաթեմատիկայից էլ բնական, գրավիչ, կենդանի, իրական-նյութական-մատչելի բա՞ն բոլոր տարիքի երեխաների, սովորողների, մեծահասակների համար… Պարզապես մաթեմատիկան չի կարելի օտարել մեր կյանքից ու սարքել մի նոր առարկա՝ մեր բազմաչարչար կյանքում… Կեցցե´ Զարինե Պապոյանը, որ մեզ ներքաշում է մաթեմատիկական խաղի մեջ…

6 տարեկան առաջին դասարանցիները`նորացված միջավայրում:
Լուսանկարները`Տաթև Մելքոնյանի:

Բայց դուք, մենք թույլ չենք տա, տո, ե՛ս հենց ես կլինեմ թիվ մեկ արգելքը, որ մեր 60 տարեկան դարձող, հանրակրթական մաթեմատիկայի և ստուգատես-ճամբարների համար ստեղծված ընկերը՝ Գևորգ Հակոբյանը, ծերանա… (60 տարեկան եմ, տեսեք, տեսե՜ք… կարդա Հասմիկ Ղազարյանի նշանավոր այս նյութը՝ մի քանի թվեր փոխելով): Վերջ: Տիար Գևորգին՝ իմ 100 տարվա ընկերոջն ու սանիկին առաջարկում եմ դառնալ «Մաթեմատիկական սկիզբ» ստուգատեսի համակարգող: Գևորգ Հակոբյան, բոլորիս ընդգրկիր մաթեմատիկական այս մեծ ու գրավիչ խաղի մեջ… Ես՝ մեկ… Դավիթ Բլեյանը՝ երկու… Արմինե Աբրահամյանը՝ երեք… Հունիսին այս խաղն ընդունելու է բաց՝ միջազգային բնույթ՝ ուսումնական ճամբարային օրերին ներգրավելով ալամ աշխարհին (հայերենն արգելք չէ, հո լեզվական ստուգատես չէ՞). մարզերից եկող թիմերին հյուրընկալելու ենք… Իսկ հուլիս-օգոստոսին գործելու է իսկական մաթեմատիկական ճամբար… Ճամբարի ուղեգրերի ձեռք բերման համար պիտի մասնակցել «Մաթեմատիկական սկիզբ» ստուգատեսին, հունիսյան երևանյան ճամբարին… «Մաթեմատիկական սկիզբ» ստուգատեսի որևէ բլոգի-ցանցի-խմբի աշխատանքներին… Մենք հո չե՞նք թույլ տա, որ մեր 60 տարեկան տաղանդավոր մանկավարժ, մաթեմատիկական հանրակրթության բուրգ, մեր բոլորի մաթեմատիկայի ուսուցիչ Գևորգ Հակոբյանը, ծերանա… Իրավաբան դառնա… Երբե՜ք:

Ոգևորված-թև առած՝ Անահիտ Գևորգյանի «Մի քար՝ դու, մի քար՝ ես» ֆիլմում արտացոլված՝ Նոր դպրոցի, Միջին ու Արհեստների դպրոցի «Կասկադ-պտղատու այգի» նախագծի ընթացքով, Հիմնական դպրոցի Թամար Մարիմյանի 2-րդ դասարանի սանիտար-երկրագործներով, Արտեմ Խաչատրյանի «Արտբզզանին» տված այս հարցազրույցը «Սեբաստացիներ» ռադիոյի 90-րդ թողարկման մեջ, պիտի լսենք:

Լսեցինք: Ես համաձայն եմ: Ու առաջարկում եմ մինչև «Ծառի միջազգային օրը» կրթահամալիրի յուրաքանչյուր դպրոցի բակում ստեղծել պտղատու ծառերի շարքեր… Ես պատրաստ եմ աջակցելու. ասեք՝ ի՞նչ անեմ: Մի ծառ՝ դու, մի ծառ՝ ես… Երկու փոս՝ ես ու դու…

Միջին դպրոցի տղաներն օգնում են Հիմնական դպրոցի ծիրանուտը ավազից ազատելու գործում:
Լուսանկարները` Շամիրամ Պողոսյանի

Օրվա ֆոտոխմբագիր՝ Գոհար Բալջյան։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր ստեղծած գեղեցիկ աշխարհների Հայաստանը

Բլոգի հեղինակ մեր վեցերորդցի Սվետ Մելքումյանի (ներիր, ամենակարևոր ձայնն աշխարհում կարճելու համար, համարենք որպես գրական անուն, Սվետլանա) «Գրքերով բացվող ճանապարհ» հրապարակումը և գրող արձակագիր-բանաստեղծ Արմեն Շեկոյանի խոսքը «Հրապարակի» մշակութային էջում միաժամանակ

Զարգացնող ավանդույթի ուժը

Մեր Տոն-ուսումնական նախագծի 6-րդ օրը, հարիսայի ծեսը, խաղաղ-ուրախ-միաբանող եղավ. ո´չ մի լարում, ո´չ մի արհեստականություն չնկատեցի, չզգացի: Ստացվեց՝ ինչպես շաբաթն էր, այնպես և շաբաթ օրը: Սա ընդհանուրիս համակած տրամադրությունն էր

Օրագիր — տաղ անձնային

Շուշան Բլեյան – Շուշոն ինձ, Արմինեին, Դավթին նվերներ է բերել Վիեննայից։ Բոլորս ենք գոհ ու կսպասենք Շուշոյի հաջորդ արձակուրդին։ Իմ նվեր վերնաշապիկը որոշել եմ ցուցադրել Մեդիակենտրոնում հուլիսի 17-ին, ժամը 19.00։