«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

— Պարոն Բլեյան,  հետաքրքիր է Ձեր տեսակետը վարչապետի, կառավարության հրաժարականի մասին. արդյոք անձերի փոփոխությունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքում դրական բարեփոխում կարո՞ղ է առաջացնել:

— Աննորմալ եմ համարում այն, որ հայ հասարակությունը ապրում է խորացող փակուղում, անորոշության մեջ, իսկ կառավարությունները, վարչապետները երկար կյանք են ունենում: Եթե ունենայինք կայացած քաղաքական հանրապետական համակարգ, նորմալն այն կլիներ, որ ճգնաժամերի դեպքում  կառավարության հրաժարականը, դրան հաջորդող խորհրդարանական ընտրությունները ճգնաժամի հաղթահարման մեկնարկ լինեին: Երբ բնակչությունը կամ  արտագաղթում է երկրից, կամ պատրաստվում դրան, կամ մտածում դրա մասին, ուրեմն մի ուրիշ ճգնաժամ է:

Մեզանում այսօր շատ են խնդիրները, որոնք, տեսեք, փողոց  են դուրս բերում հազարավոր մարդկանց։ Նորմալ է, որ երբ կառավարությունը, որպես իշխանություն, չի կարողանում լուծել խնդիրները, պետք է հրաժարական տա, որպեսզի գա նոր կառավարություն, որը կլծվի առկա խնդիրների լուծմանը, ճգնաժամի հաղթահարմանը:

Ես մեծ իրադարձություն չեմ համարում կառավարության հրաժարականը. հատկապես որ դրան չեն հաջորդում խորհրդարանական ընտրությունները, որովհետև միասին են կառավարել՝ Ազգային ժողովն է ընդունել ճգնաժամ առաջացրած կամ դրա հաղթահարմանը չուղղված օրենքները: Եթե լինեին Ազգային ժողովի նոր ընտրություններ, հասարակության մեջ էլ շատ բան կպարզվեր, կճշտվեր, հասարակությունը հնարավորություն կունենար այս ամենին մասնակցություն ունենալ: Այսպես մասնակցություն չունի, դիտորդի դերում է: Հիմա պարզապես նստած սպասում են, թե այսօր կամ վաղը ում են նշանակելու: Հանրապետական մեծամասնության իրավունքն է, մեկին կնշանակեն. հասարակության անելիքը ո՞րն է՝ թամաշավո՞ր դառնալ և ամեն կերպ ծառայել ներկայացումը դիտարժան դարձնելո՞ւն։

— Չե՞ք կարծում, որ հասարակությունը հիասթափված է նաև ընդդիմադիր քաղաքական ուժերից՝ քառյակից, որքեր կհավակնեն մասնակցել  այդ նոր ընտրություններին:

— Քաղաքացին, ընտրողը, որ ձևավորում են քաղաքացիական հասարակություն, կարող են հիասթափված լինել իրենք իրենցից, բայց այդ հիասթափությունը շատ կարճ պետք է տևի: Քաղաքացիական հասարակության հիմքում քաղաքացին է.քաղաքացի՛,  լսեցի՞ր, հիմքում դու ես՝ քո և այլոց իրավունքներով և ազատություններով, դրանց անընդհատ  պաշտպանության քո պարտականությամբ: Հիասթափվում ես, որ ի՞նչ անես, բա քո գործն ո՞վ անի:

— Մենք կարո՞ղ ենք հույս ունենալ, որ այդ նոր ընտրությունները ազատ և արդար կլինեն:

— Դրա համար նախ պիտի լինեն ընտրություններ։ Դրա գիտակցումը, դրա պահանջը, դրա սովորույթը ունեցող հասարակությունը ձևավորվում է հենց այդ ընտրությունների միջոցով և դրա արդյունքում։ Ընտրություններ են՝ իրենց խախտումներով, վախերով. ո՞ւմ վրա հույս դնես, պիտի հաղթահարվի։ Հաղթահարողն էլ նորից քաղաքացին է։ Այս է քաղաքական համակարգը։ Այլ բանի հույս պետք չէ ունենալ. մենք մեր քաղաքական համակարգն ենք ձևավորում: Ընտրություններ են. մեկը գալիս է, մեկը գնում է. ի՞նչ կա այդ ընտրությունների մեջ, որով այդքան մեզ վախեցնում են, մենք էլ վախենում ենք: Հատկապես այսպիսի վիճակում: Քաղաքական համակարգի արձագանքն էլ դրան ադեկվատ պետք է լինի:

— Գուցե հասարակությունը վատից վատը տարբերակի՞ց է վախենում:

— Պատուհա՞ս է, ի՞նչ է, ընտրություններով ձևավորվող իշխանությունը՝ Ազգային ժողով, թե կառավարություն։ Վախկոտ, ծույլ ժողովուրդ-հասարակություն ենք, ամեն ինչից էլ վախենում ենք. այդ վախը մեր մեջ է: Այնքան պիտի ընտրենք, որ մեր միջի լավը գա, ու ընտրությունը դառնա սովորական բան։

-Նոր կառավարության կազմում ցանկալի՞ է, որ ընդդիմությունից որևէ մեկը լինի: Գուցե այդպես դրական փոփոխությո՞ւն լինի:

— Նշանավոր հարցը տամ՝ որ ի՞նչ անի։ Ես չեմ կարող շրջանցել քաղաքական համակարգը, որովհետև մեր դժբախտությունների ակունքում այդ համակարգի բացակայությունն է կամ անկատարությունը։ Ուրիշ ձև չկա։ Գործող Սահմանադրությամբ խորհրդարանն է, չէ՞, կառավարություն ձևավորում, ընտրում վարչապետ: Ցավոք, մի անձի իշխանություն ունենք, և բոլորի ուշադրության կենտրոնում  Սերժ Սարգսյանի որոշումն է։

Քաղաքացին, քաղաքացիների այն խմբերը, որ հիմա փողոցում են, հարգանքի արժանի պայքար են տանում իմ ու ձեր ոտնահարված իրավունքների վերականգնման համար, կհասկանան, չէ՞, որ անջատ պայքար չկա՝ զուտ պարտադիր կուտակայինի դեմ, էկոլոգիական, գազի, տրանսպորտի թանկացման դեմ…  Եթե ես իմ ձայնով չեմ կարողանում իշխանություն փոխել, ապա էլ ինչի՞ դեմ եմ պայքարում, էլ ինչպե՞ս եմ ազդելու նրա վրա, եթե պայքարի թիրախում իշխանությունը չէ, ո՞նց եմ հարցեր դնում իշխանության առաջ, դրանց լուծումը նրան պարտադրում: Ընտրություններով իշխանություններին փոխելը հենց քաղաքացիների արդյունավետ պայքարի սահմանադրական համակարգն է: Դա աշխատանք է, որ պետք է բարեխիղճ արվի:

— Մեզ մոտ պարզապես ամեն ընտրությունից հետո ընտրական համակարգի դեմ է՛լ ավելի խորը  անվստահություն է առաջանում։

— Այդ գործը պետք է անել այնքան, մինչև ստացվի՝«կրկին փորձիր»-ով: Ով ձայն է գողացել, թող էլ չգողանա, ով կեղծել է, թող էլ չկեղծի, ով վախեցել է, թող էլ չվախենա: Ես նորից դիմում եմ քաղաքացուն՝ քո գործն ուրիշին մի օտարիր:

— Ենթադրենք,   խորհրդարանն էլ  ցրվեց, ընդդիմադիր ուժերի  հետ հույս կապել կլինի՞:

— Իհարկե, պետք է հույս կապել: Քաղաքական համակարգն է դա պարտադրում։ Ես եղել և մնում եմ նոր ուղի, բայց քանի որ «Նոր ուղի» կուսակցություն չկա, ես  կուսակցական որևէ պատկանելություն չունեմ՝ թաքնված, թե բացահայտ: Ես խոսում եմ քաղաքացի Աշոտ Բլեյանի անունից։ Իմ քաղաքացիական-քաղաքական համակրանքը կարող եմ արտահայտել միայն որպես ընտրող՝ ընտրությունների ժամանակ, իմ ձայնով: Ես այլ կերպ չեմ կարող մասնակցել կառավարության ձևավորմանը, վարչապետի ընտրությանը։ Ես ՀՀ նախագահի կամ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի խորհրդատուն չեմ. ես՝ որպես քաղաքացի, այլ գործ ունեմ անելու: Ես անելիք կունենամ  և իմ ձայնով, նախընտրական իմ ելույթներով ցույց կտամ, թե ինչ կառավարություն եմ ուզում:

Երբ որ Տիգրան Սարգսյանն էր  վարչապետ՝ ինձ հարցրե՞լ էին. անկախ իմ կարծիքից՝ նա էր վարչապետը, ես դա ընդունում էի որպես փաստ. հիմա կամ ես նոր վարչապետի և կառավարության նշանակումը պետք է որպես փաստ ընդունեմ, կամ էլ պետքէ հնարավորություն ունենամ խորհրդարանական ընտրության միջոցով մասնակցելու կառավարության ձևավորմանը:

-Խոսեցիք  ԱԺ նոր ընտրություններ անցկացնելու մասին, ի՞նչ կարծիք ունեք խորհրդարանական կառավարման համակարգի մասին. օրեր առաջ ներկայացվեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

— Այն, որ ընտրական համակարգը չի գործում, ու ես իշխանություն չեմ ձևավորում, դրա մեղավորը գործող Սահմանադրությունը չէ։ Իմ օրակարգում այսօր սահմանադրական փոփոխություն չկա։

Աննորմալ է, որ ՀՀ սահմանադրական հանձնաժողովի նախագահը Սահմանադրական դատարանի նախագահն է, որ իմ համոզմամբ՝ իրավասու չէ զբաղվելու դրանով։ Թե՞ սա դիտվում է որպես գիտա-մանկավարժական գործունեություն։ Դրա փոխարեն թող դատարանի լիազորությունների ուժով պաշտպանի գործող Սահմանադրությունը և քաղաքացու սահմանադրական իրավունքները։ Տեսեք՝ հերթական անգամ դատարանի ոչ իրավական որոշմամբ ինչ շփոթ առաջացրեց։

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Աղբյուրը՝ 1in.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծառուկյանը վերադառնում է որսի

Այս օրերին հետաքրքիր, սակայն մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում Վայոց ձորի մարզի Արենի համայնքում։

Isn’t It Time to Be the Owner of One’s Work, Task?

I spent my Saturday with the choir “Sebastatsiner”… It was a pleasure! I enjoy travelling with maestro Topikyan and his choir, making new acquaintances, singing, listening… refreshing old acquaintances, experiencing

Statement of the Fourth Bologna Policy Forum

Yerevan, 14-15 May 2015 We, the Ministers responsible for Higher Education and Heads of Delegation to the Fourth Bologna Policy Forum met in Yerevan to reaffirm and further our cooperation