Սիրով քար եմ նետում Մարիետ Սիմոնյանի ուղղությամբ. ձեռս գնում է։
- Նախ՝ չեմ կարող անարձագանք թողնել կրթահամալիրի Միջին դպրոցի ղեկավարի, մայրենիի հայտնի դասագրքերի հեղինակի ու համահեղինակի (որտեղ ես, Սուսան Մարկոսյան, քարը պատռի ու դուրս արի մեյդան) բլոգապատման վերնագիր-կոչը։
- Երկրորդ՝ գովազդ տնօրենի բլոգում՝ Մարիետ Սիմոնյանի բլոգի հասցեն է՝ marietsimonyan.wordpress.com։ 25 տարի է՛լ քար, է՛լ տակառ, է՛լ ինչ ձեռքս ընկել է՝ նետել եմ, բայց տես՝ Մարիետ Սիմոնյանի վճիռը՝ 2014-2015 ուստարին սկսել մայրենիի իր նորացված դասընթացը 6-րդ դասարանում (մեր Միջին դպրոցն սկսում է 6-րդ դասարանից. 1-5-րդ դասարանների հեղինակային կրթական ծրագիրը սովորողները յուրացնում են կրթահամալիրի Դպրոց-պարտեզում, Նոր, Հիմնական և Գեղարվեստի կրտսեր դպրոցներում). ասել է, թե՝ կենդանի՜ եմ, մեկ էլ արի։
- Եվ վերջապես՝ շատ կուզեմ, որ Դավիթ Սեբաստացին անցնի Սուսան-Մարիետի մայրենիի «թրի տակով»։
Ես, գիտեք, ավարտել եմ Վ. Տերյանի անվան թիվ 60 դպրոցը՝ սովորել 1962-1972թթ, և այդ 10 տարում ոչ մի անգամ, ուշադիր, ոչ մի օր չեմ բացակայել։ Ուշացել եմ մի անգամ։ Ու այսօր, երբ ուշանում եմ նշանակված (ինձ անծանոթի, ծանոթի, թե պաշտոնատարի նշանակած) ժամադրությունից, ես հուզվում եմ նույն աստիճանի. աչքիս առաջ են այդ երրորդ կամ չորրորդ դասարանը, ես՝ այդ դուռը բացելիս, ուսուցչի ու դասարանի զարմանքը…
Ես մի անգամ եմ անպատրաստ եղել և ստել եմ՝ անմիջապես հրապարակավ (դասարանի առաջ) ստացել եմ իմ հմայիչ-սիրելի, մայրենի երիտասարդ ուսուցչուհու՝ Ալետա Մուրադյանի շաչուն ապտակը։ Հետո նա այնքա՜ն ինձ սիրեց, շոյեց, խաթրս առավ…
Մի անգամ եմ դասից փախել այդ 10 տարում, կարծեմ 8-րդ դասարանում։ Ավագն էի. երբ մատյանով մտա դասասենյակ, այն դատարկ գտա, ու մինչև ուսուցիչը կգար, անելանելիությունից փախա… Հետո, երբ եղբորս՝ Գագիկ Բլեյանի ներկայությամբ (որքան ջանք պետք եղավ, որ մայրս չիմանար այդ մասին, և ուսանող եղբայրս ներկայանար դպրոցի տնօրենին) դիրեկտոր Հարությունյանը (այն ժամանակ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Նագուշ Հարությունյանի քույրն էր) իմ շիտակ պարզաբանումներն անառարկելի ընդհատեց, մատը տնկեց դեպի ինձ ու լենինականցու բարբառով արտաբերեց. «Տո՛, մա՜լ» (ի՜նչ տգեղ-անտաշ, մամա՜ ջան), ես խաղաղ-հանգիստ պատասխանեցի. «Մալը դու ես»։ Եղբայր Գագիկն իրեն արժանապատիվ պահեց, իմ կողքին եղավ, ինձ ուղեկցեց կաբինետից դուրս, պատվիրեց, որ շենքի աստիճանների մոտ իրեն սպասեմ, ու մտավ տնօրենի սենյակ միայնակ… Հիմա ես հուզվեցի։ Գիտեք՝ ես Բլեյան Շամխալ և Հարոյան Արտաշամ ծնողներիս վեցերորդ զավակն եմ՝ վերջին մեղքը, այնպես, որ իմ մայրն արդարանալու այլ ձև չէր գտել՝ «քա, բալա ջան, ես ինչից եմ խաբար»… Ի՞նչ ասեր այդ անսովոր ուժի տեր քյավառցի կինը, որ չնայած 1944-ից երևանցի էր մշտաբնակ, բայց իր լեզուն, իր բարքերը չփոխեց, երբ ես ծնվեցի, իմ ավագ քույր Նեկտարն արդեն երկու աղջիկ ուներ։ Հա, ես իմ մորից վախեցել եմ, իսկ իմ անգրագետ (ոչ կարդալ գիտեր, ոչ գրել) մայրն անառարկելի էր իր պահանջների մեջ։ Մայրս կասեր. «Ես որ գրել-կարդալ իմանայի՜»… Հայրս իր նշանավոր-լուսավոր ժպիտով՝ «Դու որ գրել-կարդալ իմանայի՜ր»… Չգիտեիր, մամ ջան, ու ես պրծում չունեի։ Հիվանդ էի, ջերմում էի, քույրս՝ Էմմա քույրս, ինձ օգնելու համար ջերմաչափը դրեց թևիս տակ ու հետո «38 ու 8»,- բարձրաձայնեց. անօգնական, ինձանից ընդամենը հինգ տարով մեծ քույրս (նորից հուզվեցի) էլ ի՞նչ աներ ինձ պաշտպանելու համար… «Ոչինչ, թող գնա, դպրոցում մեռնի»… Քույրս բռնեց իր չորրորդ կամ հինգերորդ դասարանցի եղբոր ձեռքը, ու մենք մեր բակից դուրս եկանք. պարզ է, մայրս դարպասի մոտից հետևում էր, մինչև մեր դիքով իջնեինք Գետառ, Թաթոս բիձու աղյուսե-հողե ցանկապատով թեքվեինք դեպի Գետառի կամուրջն ու նորից դիքը, ու ամենօրյա վտանգավոր անցումը կատարեինք երկաթգծերի վրայով դեպի դպրոց… Ես միշտ ինձ պաշտպանված եմ զգացել. ապահով-մեծ-ուրախ ընտանիքում միշտ զգացել եմ իմ երեք եղբոր ու քրոջս՝ Էմմայի, իմ ավագ հարս Ռոզալիայի հոգատարությունը. նրանց «երես տվածն» եմ։ Մինչև իմ ինքնուրույն տնտեսական գոյությունը սկսելը, առանց անգամ դիմելու համար նեղության, ինձ օգնել-պահել է իմ ավագ եղբայրը։
Առավոտյան Շուշանին, ինչպես Կարինե Ջանոյանը՝ Շուշանի մայրն ասաց, մի խումբ Բլեյաններով ուղեկցեցինք հիվանդանոց. երգչուհի աղջկաս նշիկները վաղուց խանգարում էին, և հիմա հապաղել չէր կարելի։ Սպասում ենք վիրահատարանի մուտքի մոտ Շուշանի հայտնվելուն, և ահա սայլակով վիրահատարանից բուժքույրերը բերում են Շուշոյին… Ամեն ինչ հաջող է։ Մենք երեքով՝ ես, Շուշանը, մայրիկը, հուզվում ենք, հուզված ենք։ Սերը որ վերջանում է, կյանք է, մարդիկ նաև բաժանվում են, բայց հավատարմությունը, որը հենց երախտագիտության դրսևորումն է, երբեք չպիտի լքի։ Ես իմ ունեցած լավագույնով պարտական եմ ու միշտ երախտագետ, միշտ հավատարիմ մեր համատեղ ապրած կյանքին՝ իմ մեծ ընտանիքին, իմ սքանչելի աղջիկների հրաշալի մայրիկ Կարինե Ջանոյանին։ Իմն են միայն վրիպումները, ձախողումները, որ այնքան վնասել են, ցավեցնելու չափ, հենց ձեզ, իմ անմենամոտիկ մարդիկ։
Ինձ երջանիկ զգալու ավելի ու ավելի շատ պահեր եմ ունենում հիմա ու երախտապարտ եմ յուրաքանչյուրին, ով ինձ համար ինչ-որ բան է արել։ Շնորհակալ եմ։
…Ես լռվում եմ երևանյան երթևեկության հորձանուտում. հուլիսի 8-ին, ժամը 12-ի մոտ։ Լավ, երևանցիք հանգստի չեն գնում, բայց ի՞նչ են անում այս շոգ ու կրակին քաղաքում, փողոցներում, մեքենաների մեջ։ Ես հիմա դուրս կգամ, իմ եղբայր-եղբորորդի Առնոլդին, որ մեքենայի ղեկին խաղաղ (այ, քեզ խաղաղություն) սպասում է, Շուշիի իմ գործընկերուհուն ճշմարտանման ինչ-որ բան կասեմ ու կփախչեմ այս անշարժությունից, որ խցանում կամ երևանյան սովորական դարձող երթևեկություն է կոչվում։ Կներեք, ես անկարող եմ լռվել-մնալ։
Հիշում եմ, որպես լուսավորության նախարար՝ ես հրավերով Մոսկվայում էի 1995թ.։ Ինձ պաշտոնական հանդիպման էին ուղեկցում, մեկ էլ ծով մեքենաների մեջ հայտնվեցինք։ Ի՜նչ անհաղթահարելի անշարժություն։ Լավ, ի՞նչ պիտի անեինք, այսքան մարդ ինչո՞ւ է սպասում, ի՞նչ հույսով… Ես իջա, հատեցի մեքենաների շարքը. լայն, շատ լայն փողոց էր, ու սկսեցի քայլել փողոցի եզրով-մայթով… Ինչքան ուզում եք՝ քայլեմ, բայց անշարժ-անելանելիություն մի՛ պարտադրեք։ Հայերս պոզդնի ենք ու տուպիկների վարպետ։
Ստեպ-ստեպ ընդհատում եմ օրագիրը և թարթում mskh.am-ի առաջին էջը։ Ես ինձ այս պահին ո՞նց երջանիկ չզգամ։ Զգո՛ւմ եմ։ Երախտապարտ՝ Մարթային ու Ռինային ահա այս նամակի ու Վանքի Ռազմիկին՝ այս ընդունելության համար։