Խոստացիր, որ կգաս,
Բայց երբեք մի արի…
Եթե գաս,
Ում գալուն սպասեմ…
«Սպասող մարդու օրագիր», իրանական ժամանակակից պոեզիա

Մեդիաուրբաթ-ամենշաբաթյա համերգին ես ուղիղ մեկ շաբաթ սպասում եմ: Ինձ լավ եմ զգում, իսկական համերգային տրամադրություն եմ ունենում. ես եմ: Վերջապես կարողացա սեբաստացիական հանրույթին ներկայացնել գեղարվեստի ավագ դպրոցի դերասանական վարպետության և ռեժիսուրայի դասարանի ղեկավարին՝ ռեժիսոր-դերասան Սարգիս Արզումանյանին։ Գրիգոր Խաչատրյանը՝ Գեղարվեստի դպրոցի ղեկավարը, խելացի նպատակասլաց փնտրել-առանձնացրել է իր ժամանակակիցների մեջ Սարգսին. ես ուզում էի, որ մեր թատրոնի ակումբի ղեկավարը այդպիսի կրթությամբ 30 տարեկանների ներկայացուցիչը լինի՝ տղամարդ, երիտասարդ, գործող ռեժիսոր:

Երանի մեզ, որ Գրիգոր Խաչատրյան ունենք. Արմինե Թոփչյան-Գրիգոր Խաչատրյան-Աշոտ Բլեյան եռանկյունիով շատ արագ քննարկեցինք գեղարվեստի կրտսեր դպրոցի 2-4 տարեկանների խմբասենյակի նորացման նախագիծը, հաստատեցինք, սկսեցինք իրագործել: Հերթում Նոր դպրոցի 2-4 տարեկանների՝ Աննա Հայրոյանի խմբասենյակն է:

Դավիթը այցելել է Արևիկին, Արևիկի մայրիկ Տաթևիկին, Տաթևիկի մայրիկ Կարինեին… վայելում է…
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի

Մերի Առաքելյանը սեբաստացիներիս մեր գլխավոր փողոց-հրապարակ Մարմարյա սրահը թափած-հավաքած մեդիահամերգի եռանդուն կազմակերպիչ Միջին դպրոցի կենտրոնում է. ծննդյան օրը առիթ է, իհարկե: Միջին դպրոցը շարունակում է հիանալ իր գեղեցկուհի-անզուգական  երաժիշտ ուսուցչով: Ի՜նչ լավ է, որ մեր դեռահասների ուշադրության կենտրոնում հենց այսպիսի Մերի Առաքելյան երաժիշտ-հմայիչ կինն է, գիտես՝ ում սիրահարվես, ու կարդում ես Չարենց: Մեկնարկը տրված է. հաջորդ հանդիպման վայրը, օրը, բովանդակությունը, կազմակերպիչ Ավագ դպրոց-վարժարանը՝ հայտնի… Մարտի 13-ին՝ Չարենցի ծննդյան օրը, բոլորս փողոցում, մեդիադահլիճում, ընթերցարահում, ամեն տեղ, ուր մարդն է, գժվում ենք միասին՝ Չարենց անընդհատ կարդալով. Մարմարյա սրահում խելահեղ պարեր են Գագիկ Գինոսյանի «Կարինի» հետ…
Որքան էլ որ տեխնոլոգիական  «Ձոն» ստուգատեսի մեկնարկը պաշտոնապես, կրթահամալիրի օրացույցով նախատեսված է մարտի 13-ին, փակումը՝ ապրիլի 10-ի մեդիաուրբաթ-համերգով, ստուգատեսը ուսումնական կարողությունների նորացումն է. ամենափոքր սեբաստացիները, ավելի կարճ՝ սեբաստացիկները, Բեկում 2015–ի կենտրոնում են մնում, իհարկե:

Իրենց վալսով հերթական բեկումն են անում Գեղարվեստի դպրոցի ավագ ու կրտսեր սովորողներ-սաները
Մտահղացումը՝ Սյուզի Մարգարյանի

Վազգեն Սարգսյանի հետ իմ դեմառդեմ հանդիպումը, հարաբերությունների նոր մակարդակի առերեսումը կայացավ 1998-ի փետրվարին… Մինչ այդ, 1995-1997-ին, ընդամենը երկու տարում, Վազգենը  փաստացի թիվ մեկ իշխանություն էր դարձել. մեկուսացրել-վնասազերծել-ֆիզիկապես իրենից կախված էր դարձրել Վանո Սիրադեղյանին, ծպտյալ-բացահայտ մեծ ներկայություն ուներ իր մասնակցությամբ ձևավորված 1995-ի խորհրդարանում, վճռական՝ տանկով էր իր խոսքն ասել ՀՀ նախագահի իրական հավակնորդ Վազգեն Մանուկյանին ու հայաստանյան հասարակությանը, իրենով էր արել 1996-ին ձևավորված տեղական իշանությունը… Լևոն Տեր Պետրոսյանը, այսպիսով, նոր կառավարությունը ինքնուրույն ձևավորելու հարցում ցուցադրեց իր անկարողությունը…. Հանրապետության 1995-1998թթ՝ քաղաքական կոչված զարգացումների կամ «հանուն իշխանության՝ ամեն գնով» քաղաքականության մասին կարդացեք իմ առաջիկա գրերում. ես անընդհատ եմ իմ գործողություններում, մի՛ կասկածեք։

Այդ շրջանում Վազգեն Սարգսյանի հետ տարբեր առիթներով ու նշանակությամբ միշտ կարճատև հանդիպումներ եղել են, իհարկե… Զոռում էր անընդհատ, թե նախկինը չեն մեր հարաբերությունները, անընդհատ լարումը մեծանում էր, խորանում էր օտարումը, անհասկացողությունը, ակնհայտ էր դառնում տարբեր դիրքերում լինելը։ Վազգենն արդեն ամեն ինչ գիտեր, որոշել էր, գնում էր որպես մարտի դաշտում առաջադրանք ստացած (ունեցող) տանկիստ, որ իր տանկի թրթուրների տակ էր թողնում ճանապարհին հանդիպող-կանգնած ամեն ինչ…

ՀՀ նախագահի 1998թ. արտահերթ ընտրություններում ես քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվեցի-գրանցվեցի ՀՀ նախագահի թեկնածու։ Թեկնածուների թվում էին 1997թ. ՀՀ վարչապետ դարձած Ռոբերտ Քոչարյանը, հասարակական պահանջով մեծ քաղաքականություն վերադարձած Կարեն Դեմիրճյանը, 1996թ. նախագահական ընտրությունների գլխավոր ֆավորիտ Վազգեն Մանուկյանը, ԴավիթՇահնազարյանը, Վիգեն Խաչատրյանը… 12 անձ։  ՀՀ ընտրությունների կենտրոնական հանձնաժողովում Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ կայացավ ՀՀ նախագահի թեկնածուների հանդիպումը… Փաստն ինքնին, որ ընտրությունների շրջանում ընտրությունների գլխավոր գրասենյակում Վազգենն օրը ցերեկով այդպիսի հանդիպում է կազմակերպում, ցուցադրում էր, թե ով է ընտրությունը անցկացնում. ո՛չ ՀՀ Օրենքը, ո՛չ ՀՀ օրենքով որոշված պետական մարմինները։ Թեկնածուների արձագանքը պատշաճ չեղավ կատարվածին. պարզվեց, որ ամեն մեկն իր շահերն ունի, հասկանալի է, բայց իրենց հարցերը որոշել էին լուծել առանձին՝ ակնկալելով նաև Վազգեն Սարգսյանի աջակցությունը… Ես, իհարկե, ասացի՝ ինչ եմ մտածում Վազգենի այդ նախաձեռնության, կատարվածի մասին, մենք հրապարակային գոռգոռոցով առանձնացանք, և ես տեսա 1996-ի Սևանի ափի այլայլված, ինքնատիրապետումը կորցած մարդուն, ում համար այլևս մեկ էր՝ ով ով է. ես կանգնած էի տանկիստ Վազգենի դիմաց…

Դպրոց-պարտեզի 3.1 դասարանում դդմացան է
Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի

Հիշում եք՝ 1999-2001թթ երկու տարի երկու ամիս ես անցկացրել եմ ազատազրկման մեջ, Նուբարաշենի քննչական մեկուսարանում: Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան «Միասնություն» անունով ընտրական դաշինքը տպավորիչ հաղթել էր 1999-ի գարնանը, հաղթել էր ԱԺ ընտրություններում, Կարեն Դեմիրճյանը ԱԺ նախագահն էր, Վազգեն Սարգսյանը՝ խորհրդարանի ճնշող մեծամասնություն ունեցող վարչապետը, Սուրեն Աբրահամյանը՝ ներքին գործոց նախարարը: Իսկ ես… բերդում… քաղաքական բանտարկյալի ճանաչում ստացողի կարգավիճակով: Ես անձնական նամակով դիմել եմ նրանցից յուրաքանչյուրին, կոնկրետ-փաստարկված ներկայացրել եմ 1993-1998թթ իմ գործունեությունը կրթահամալիրի տնօրենի և նախարարի պաշտոնում, անհիմք-անապացույց քրեական գործ կոչվածի սարքած մեղադրանքները… Արմինե Օհանյանը՝ իմ կինը, ում շնորհակալ եմ միշտ, նամակը փաստաբանի միջոցով ստանալով՝ որքան դժվարություններ է քաշել առանձնազրույցի իրավունքի, նամակը ներկայացնելու համար… Վազգենը կառավարության շենքում՝ իր կաբինետում ընդունել է հարգալից, ուշադիր կարդացել է նամակը, հուզվել մարդկայնորեն…
— Բլեյանը թող սպասի, իր հերթն էլ կգա,- փոխանցել էր ամենակարող Վազգենը… ով կյանքի, իրադարձությունների հերթն էր որոշում, կյանքի ընթացքը, իսկ ինքն այնքան անպաշտպան էր, ինչպես օրեր հետո բացահայտ դարձավ, այն էլ խորհրդարանի դահլիճում… Գրիգոր Խաչատրյանի հորինած պատահականությունների պլանավորման ազգայի կենտրոնի շարքային շահառու… Բայց այս մասին ես գրել եմ հենց այդ օրերին՝ 1999-ի նոյեմբերին: Կարդացե՞լ եք:

Մինչև քեզ
քանի բանաստեղծություն է մնացել…
«Սպասող մարդու օրագիր» շարքից

Դավիթ Բլեյանն ավելի ու ավելի դժվար է արթնանում. իմ ու Արմինե մայրիկի լարումը գործին վնասում է: Ես կարողանում եմ վեհությունը հայրական-տնօրինական պահպանել…
— Դավիթ ջան, ուշ է, տես, 8:00-ն է, դեռ Սասունցի Դավիթը պիտի լողանա, թարմանա…
— Մի քիչ խաղամ իմ գնացքով…ինչո՞ւ ես ասում շոգեքարշ…
— Շոգին, եռացած ջրի գոլորշին ուժ է տալիս, շարժում-քաշում գնացքի անիվները, իսկ գնացքը վագոններին է քաշում, դրա համար էլ` շոգեքարշ: Կա նաև ջերմաքարշ, էլեկտրագնացք… պարզապես`գնացք: Ուզո՞ւմ ես մենք Թբիլիսի գնացքով գնանք, երկա՜ր ճանապարհ, միասին: Բայց հիմա ուշ է:
— Ուշ չի, տե´ս, ցերեկ ա: Ուշը քո մոտ ա:
— Ո՞նց ուշ չի, ժամին նայի: Ե՞րբ է ուշ լինում, Դավիթ:
— Երբ մութն ընկնում է, դրանից է ուշ լինում…

Ջրի շիթերը փնթի Սեթի մանրէներից ազատում են Սասունցի Դավթին. ա´յ, այսպես…

Դավիթը հասցնում է իմ գործուն աջակցությամբ լողանալ. փնթի Սեթից, ով փոշիացել-մտել է Դավթի եղունգների, պորտի, մազերի մեջ, ազատվելու գաղափարը կենսունակ դուրս եկավ…
— Ես ուզում եմ փնթի Սեթից մաքրվեմ, մնամ մաքուր Սասունցի Դավիթ, առանց փնթի Սեթի…

Հետգրության փոխարեն

Երեք դիտարկում, թույլ տվեք, որպես Վազգենի ծնունդի առիթով իմ երեք գրի՝ մարտի 5-ի, 6-ի, 7-ի գրերի: Երեքն էլ կարդացեք, եթե պիտի լսելի կամ մեկուսի արտահայտվեք… խնդրում եմ, ամբողջականության համար:

  1. Գեներալ դը Գոլի պնդումը՝ կա՛մ ինձ ամբողջապես վերցրեք, կա՛մ հանգիստ թողեք, ճիշտ է, իհարկե, Վազգենի նման անհատականության համար: Սա մեկ:
  2. Հայերիս մեջ արմատավորված «գնաց չպրծա՜վ» կամ«լավ, մահացածին հանգիստ թողեք»-ը ինձ մերժելի է որպես մոտեցում, առավել ևս այնպիսի զորեղ անհատականության, արդեն հիմա որպես պատմական դեմք հանդես եկող Վազգենի դեպքում:
    Միմյանց խնայել պարտավոր են ապրողները, կենդանի մարդ ենք, չէ՞… Հայտնի փիլիսոփա, համարյա  ժամանակակից Կարլ Յասպերսը պատվիրում էր հանուն ճշմարտության անխնա լինել, քանզի ճշմարիտի համար  պայքարը պայքար է սիրո համար: Ես սիրով պատմեցի: Վազգենն իմ եղբայրն է:
  3. Եվ երրորդը, կամ միակը, որ Պատվիրան է՝ մի՛ դատիր…

Ես ընդամենը պատմում եմ սիրով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հո՜յ, Նարե՜…

Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե, Ճախրակի ոտ փըշատ էր, Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե, Ճախրակ մանող շիմշատ էր:  Պարերգով արթնացա։ Բարի լույս, մեր աշխարհ, շարունակ մեծացող ու ամեն ամառնամուտ լողափերով

Ռեմարկի երկու ընկերն ենք… 

… Երրորդն էլ Դուք եք՝ մեր այս բարդ շրջանի հավատարիմը։ 

Հետգրություն — առաջագրությունն այս, որպես յուրահատուկ վավերագիր հեղափոխության

Հեռուստալրագրող, «Տարբերակ» հաղորդաշարի հեղինակ Նելլի Ռաֆայելյանը բարեկիրթ հետևողականութամբ հաղթահարեց իմ դիմադրությունը, ու ես երեկ, օրվա վերջում հայտնվեցի «Շողակաթ»-ի սիրուն տաղավարում ․․․ Դավիթ Գյուրջինյանի հետ մենք մտերիմներ ենք իմ նախարարական շրջանից.