Ես ուզում էի շոգին հեծանիվ քշել. ես շատ էի ուզում երեկվա շատ շոգին հեծանիվ նստել՝ ես միայն դա էի ուզում… Հեծանիվն ազատություն է, ու ես ինքս իմ հեծանվի հետ դուրս եկա անշտապ… Թվում է՝ ճանապարհին բոլորն ինձ են սպասում… Այսպես սպասված-սիրված ես ընթացքի մեջ էի մեկ ժամից ավելի անշտապ ու վայելում էի շոգը լիուլի, մեկուսի. ոչ ոք ինձ չէր խանգարում, ավելին, ոչ ոքի մտքով չէր անցնում այդ:

Աստված է՛լ բեթարից ազատի… Մինչև չգա ետինը, չի հիշվի առաջինը… Փորձված թանն անփորձ մածունից լավ ա… Սրանք մեր անշարժ՝ հասարակական-քաղաքական-անձնական վիճակի, մեր՝ փոփոխություններից խուսափող մարդու հիմնավորումները չե՞ն, որ որպես կենսափորձ դուրս է բերել ժողովուրդը մեր ու բերանացի (որ հանկարծ անհատից՝ մեկից-երկուսից կախված չլինի, փոխվի կամ կորչի գնա) փոխանցում է՝ որպես վարք հասարակական… Բեթարից (վատթար) պետք է ազատվել, է՛լ բեթարից ազատվել. պիտի փոփոխություն լինի… շարունակ փոփոխություն լինի, թե չէ բեթարից ազատվելուն պես կհաստատվի նոր բեթարը, է՛լ բեթար… Ի՞նչ անես էս է՛լ բեթար դարձող կյանքը… Հիշում եմ, ժամանակ կար, երբ շատ էր լսվում՝ էսպես էլ մնա, լավ է։ Հիմա չի լսվում. ոչ ոք չի ուզում, որ էսպես մնա… Էլ բեթարը սրանից ո՞րն է…

Այնպես չէ, որ երբ իմ շրջապատում փոփոխություն է կատարվում, չեմ նկատում… Շրջակա միջավայրի միջազգային օրվան ընդառաջ ամենաողջունելի փոփոխությունը՝ Բաբաջանյան-Րաֆֆի փողոցների (իսկական պողոտաներ բանգլադեշյան) անկյունում բարեգործական ճաշարանի պատը քանդվում է թափով… Մեդիակենտրոն-Մայր դպրոց իմ հեծանվի ճամփին էր՝ շնչիս նստած, ո՜նց եմ ազատվում… Բրավո՜… իսկական նվեր… Ոչինչ պետք չէ. պատը հիմնովին հանեն, ու մարդկանց կյանքը կսկսվի ինքն իրեն փոխվել… Ես ասում եմ՝ մեքենայից իջե՛ք ու քայլե՛ք, հեծանիվ նստե՛ք, և կկանխվի էլ բեթարը՝ բեթարի հետ չհաշտվելով…

Հիմա Հարավարևմտյան զանգվածի Բ-4 թաղամասը (Բաբաջանյան պողոտայի 2-40 շենքեր. կրթահամալիրի Դպրոց-պարտեզի թաղն է) բարեկարգում են… Մի՛ արեք մետաղյա պատնեշներ, բորդյուրներ՝ շարքով երկար ու կրկնակի, իբր սիրուն. մի՛ արեք պարիսպներ մանկական այգու՝ քարապատ-մետաղազարդ, իբր սիրուն. մի՛ արեք՝ բեթարը մի՛ հաստատեք… Բալզակը սա անվանում էր «փաթեթավորված պոռնկություն»… Թաղամասը մաքրվելու կարիք ուներ կիսատ-պռատ վաղուց մոռացված շինություններից, կիսապարիսպներից, կիսապատերից… Մաքրվեր ու մաքրվեր, մի քանի մեքենա բուսական հող բերվեր, մի քանի մեքենա գունավոր ավազ-խիճ ու ոռոգման նոր ցանց… Բնակիչները դուրս գային, նրանց մեջ մի ճաշակավոր նկարիչ-պարտիզպան կգտնվեր, կբարեկարգեին, կջրեին, կկանաչապատեին՝ անպատ, անպարիսպ, անցանկապատ, անբորդյուր, անասֆալտ, անսալիկ… Ջուրը ցայտե՜ր թաղով. թաղը կդառնար սիրահարների՝ կյանքը ապրողների այգի…  բնակավայր գրավիչ…

Վերելակ մի՛ նստեք Երևանում, մի՛ նստեք ու վերջ. մահացու է, հիմա էլ հինգ տարեկան երեխայի համար… Բայց ի՜նչ մարդիկ են. գիտեն, որ վերելակները մահաբեր են, ու տեսեք՝ փողը, ժամանակը ինչի՜ վրա են ծախսում… Թող դրանք դառնան բեռնատար միայն: Երբ ծանր բեռ ունեք, թո՛ղ առանց մարդ բարձրացվեն վերելակով… Աստիճանով հարկ բարձրանալուց օգտակար զբաղմո՞ւնք. ո՞ւր եք շտապում, աստիճան-աստիճան բարձրացեք… Հեծանիվն էլ, իմ նման, թողեք կայանատեղում… Այս ամիս անպայման կայանատեղիներ կհայտնվեն կրթահամալիրի բոլոր ութ շենքերում… Հետո կավելանան: Իսկ վերելակ մի՛ նստեք: Խնդրում եմ:

Շենքերի կենտրոնացված աղբատարներից էլ ազատվեք… ո՞նց են հանդուրժում մեր բնակիչներն այս վիճակը: Աղբարկղերը դուրս բերեք փողոցներ, մայթեր… Ամեն առավոտ, ինչպես ես ու Դավիթը, տանից դուրս եկեք, աստիճան-աստիճան հաշվեք ձեր ունեցածը, աղբը տոպրակով դրեք փողոցի աղբարկղը…

Շրջակա միջավայրի բարելավման օրվա կոչեր եղան՝ որպես միջավայրի ինքնախնամքի ուղեցույց.

ա) Վերելակ մի՛ նստեք, քայլեք աստիճաններով։
բ) Ազատվե՛ք բարձրահարկերի աղբատարներից։
գ) Հեծանիվ նստե´ք… Իջե´ք մեքենայից։
դ) Ձեր պատշգամբը վերածե´ք պարտեզի…
ե) Թթի ծառի մոտ կանգնե´ք, թութ կերե´ք… բալն էլ հասնում է…
զ) Ձեր շենքի շուրջը ձեր լցրած մետաղից, ձեր բերած ընտրակաշառք ասֆալտից, բետոնից ազատեք…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ողջ երկրի ու ողջ ամառվա հակաբացիլ…

Կարկուտն ի՞նչ անի, երկինք ու երկի՞ր մաքրի-պարզի: Արված է: Իմ 692-րդ գրով, հաշված անգամ իմ օրագրի կիրակիներով, առտու-գիշերվա նույն ժամին, երբ Աշոտիկ-Դավիթը` մեր տղուկը, իր-իմ տեղում է` կատարած «դարձ ի

Կրթության և գիտության զարգացումը ՀՀ կառավարության նոր ծրագրի համատեքստում

Հանրային դիվանագիտություն. «Պարադիգմ»-ին, Գևորգ Մելիքյանին հյուր։ Աղբյուրը՝ PARA TV-ի էջը youtube-ում։

Գիր կրկնակի մեռելոցի երկուշաբթիի, որ կոչեմ ապրողաց…

Ինչո՞ւ կրկնակի մեռելոց՝ գիտեք. այսօր հողին ենք հանձնում իմ եղբայր Թաթոսին… Այսքանը. ավելին կարդացեք իմ  գրերում՝ «Գիրք ազգաբանության Դավիթ Բլեյանի՝ Աշոտի որդու», «Հեծանվով, քայլքով, բարձունքին՝ մշտական ֆիզիկական շարժման ու մտավոր