Ամենօրյա իմ գիրը-պատումը, որ տեսնում-կարդում-լսում եք, նկարազարդ է, չէ՞, շնորհիվ սեբաստացիական ֆոտո-խմբագիրների աջակցություն-լրացման… առանց փորձարարության՝ էքսպերիմենտի կլինի՞։ Չի լինի, չի զարգանա, անհետաքրքիր կդառնա, ու պատումը-գիրը մի տեղ կընդհատվի։ Շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին, Անիին Սարգսյան, Սուսանին Մարկոսյան… «Չաչանակ»-ին մեր՝ արագ արձագանքի համար…
Խորագրին այս անուն դնենք, որ ես էլ՝ ենթավերնագիր, ու… դառնա իմ այսօրվա՝ թվով 1569-րդ գիրը-պատումը: Այսպես ամեն հինգշաբթի՝ հինգշաբթիից հինգշաբթի, կրթահամալիրի որևէ տաղավարում որևէ կրթահամալիրային ԶԼՄ-ի՝ բլոգի, ռադիոյի, TV-ի, խմբագրության, ակումբի հյուրը կլինեմ, ու միասին կամփոփենք շաբաթվա անցուդարձը, կառանձնացնենք դրանցից իմ մեկնաբանության կարիքն ունեցողները… Իսկ հեղինակները, համահեղինակները իմ գրապատումի կառանձնացնեն տեսազրույցից, որպես տեքստ գլխավորը՝ ուղերձներ-կարևորումներ տիարի, ձեր հավատարիմ ընկերոջ:
Իսկ «Չաչանակների» հետ ամեն մի հանդիպում, որևէ ընտրությամբ, այս անգամ Շուշան Փաշինյան ու Կարինե Գոմցյան զույգի, ինձ նվեր է, իմ վարձը… չարչարանքի դիմաց: Օ՜ֆ, գիտեք՝ հե՞շտ է այսպիսի կյանքը, աջ ականջիդ՝ այսպիսի Կարինե, ձախ ականջիդ՝ այսպիսի Շուշան նստած… Փորձեք…
[youtube https://www.youtube.com/watch?v=D__g2K0eTro]
Սեղմագիր «Չաչանակ»-ությունից
Շուշան Փաշինյան.- Արդյո՞ք տանը, Աստղիկի մեջ ինչ-որ բան է փոխվել մկրտությունից հետո։
Աշոտ Բլեյան.— Մեծ բան է փոխվել։ Առաջ եթե անկանխատեսելի էր, խառնել էր մեր օրը, ամբողջը իրար… Ես քիչ եմ քնում, բայց կարգապահ եմ քնում, և դա ազդում էր իմ ինքնազգացողության վրա։ Իսկ հիմա արդեն երրորդ օրն է՝ քնում է ժամը 12-ին, և 5 ժամ փաստորեն առանց ուտելու կարողանում է քնել։
Կարինե Գոմցյան.- Բոլորս սպասում ենք վաղվա Ղափամայի ծեսին։ Ի՞նչ ակնկալիք ունեք. կտարբերվի՞ մեր անցած ծեսերից։
Աշոտ Բլեյան.— Ուզում ենք, որ տարբերվի, և այդ տարբերությունները ուրբաթ-շաբաթ օրվա մեր գործունեության մասին իմ սուրհանդակի մեջ դրված է։ Մի բան առանձնացնեմ։ Ուզում ենք, որ շաբաթ օրը լինի ուսուցչական-ծնողական միավորված համայնքի Դդմագովքի օր, իսկ սովորողները սպասարկեն շաբաթ օրը։
Ես «ղափամա» քիչ եմ օգտագործում գուցե նրա համար, որ դդում շատ եմ սիրում, բայց դդմի դրսևորումներից ամենաքիչն եմ հավանում ղափաման. բրինձը սիրում եմ առանձին, առանց քաղցրի, դդումը՝ առանց եփելու։ Այսօր, վաղը կլինի դդումի գովք. դդումն արժանի է այդ գովքին, որովհետև դդումը հանձնվել է միայն մեր պաշտպանությանը… Պատկերացրեք՝ դդմագովքը գա ու հայտնվի ազգային ծեսերի-տոների թվում մեր միջոցով. հեռու չէ այդ օրը։ Եվ ոչինչ, որ այդ ժամանակ չհիշեն, որ մենք ենք առաջինը։
Կարինե Գոմցյան.- Իսկ Ղափամայից հետո ի՞նչ ծեսի սպասենք, ո՞րը հաջորդը կլինի։
Աշոտ Բլեյան.— Անսպասելին ամենօրյա ուրախությունն է, որ դուք եք բերում. մեր հանրակրթությունն է այդպիսին, որ որքան անսպասելի լինեք դուք, այնքան սպասված եք։ Իսկ մեր հաջորդ տոները ուսումնական օրացույցով որոշված են. օրացույցը հենց դրա համար է, որ կազմակերպի ուսումնական գործունեությունը։ Շատ կարևորում եմ թանապուրը՝ հեղինակային մանկավարժության ծրագրերի հանրայնացման օրերին։ Ամբողջ հունիս ամիսը, գիտեք, հունվարի նման կլինի ճամբարային, հնարավորություն կտա լավաշի բրդուճներով՝ ձեր ստեղծած մատաղներով առաջ գաք, որ բրդուճի տարատեսակները՝ կանաչիներով և ոչ միայն, երկրորդ պլան մղեն սեղանի հոգսը, հեշտացնեն։ Բրդուճն էլ կարելի է մինչև վերջ ծիսականացնել՝ գտնել-հավաքել բերել, լավաշ ու տարբեր տեսակի հացեր թխել, Հայաստանի բոլոր թոնիրները փորձել…
Կարինե Գոմցյան, Շուշան Փաշինյան.-Անցյալ տարի մեր ճամփորդությունների ժամանակ տարբեր տեղերից մեր ձեռքով հավաքել էինք կանաչիները…
Աշոտ Բլեյան.— Եվ այդտեղ բրդուճը դառնում է կազմակերպիչ հայրենաճանաչության, որովհետև հայրենիքը ճանաչելը ոչ միայն բնության, տեղանքի, այլ նաև այդտեղ ապրող մարդկանց, նրանց կյանքի-կենցաղի ճանաչելն է, վայրի բույսերի՝ դեղաբույսերի, ուտելի բույսերի, բանջարի ճանաչելը… Ճանապարհ պետք է անցնես՝ ինչ-որ տեղ հեռվում թաքնված բույսը գտնելու համար… Այդպես բրդուճը դառնում է հետաքրքիր։ Հացը, որ թխելու եք, ազգագրություն է, երկրագործություն. իրական հանրակրթություն է։
Շուշան Փաշինյան.- Անցնենք Ձեր բլոգի գրերին, որ ամեն օր գրում եք։ Ի՞նչ միջավայրում եք գրում, կա՞ տեղ, որտեղ հաճելի է գրելը։ Ինչպե՞ս են մասնակցում ուրիշները՝ Դավիթը, Աստղիկը…
Աշոտ Բլեյան.— «Գրելու» փոխարեն հիմա գործածում եմ հոմանիշը՝ պատմելը։ Ես ամեն օր իրականում պատմում եմ։ Պատմելու ադ ձևն է հիմա, հնարավոր է՝ ինչ-որ ժամանակ հետո լինի իսկական կենդանի պատում… Օրինակ՝ երեկվա գիրը։ Երբ տանը երեքով՝ ես, Դավիթը, Արմինեն, այդ ժամանակ Աստղիկը շատ կարևոր մտքերով քնած էր, իրար հետ զրուցում էինք, զարգացավ մի պատմություն, որ ես արագ գրի էի առնում ընթացքում։ Երբ ավարտվեց մեր հաղորդակցությունը, իմ գիրն արդեն պատրաստ էր։
Շուշան Փաշինյան, Կարինե Գոմցյան.- Որտե՞ղ եք եղել ճամբարի ընթացքում, ի՞նչ ճամփորդություն կառանձնացնեք։
Աշոտ Բլեյան.— Ես հիմա անընդհատ ճամփորդական եմ։ Իմ ուսապարկն ինձ անընդհատ պահում է մարզական։ Ես ավելի շատ սիրում եմ հայաստանյան ճամփորդությունները, մեր ճամփորդությունները Երևանում՝ «Հին Երևան» անհեթեթ անունով այդ նախագծի հետ կապված։ Շատ հետաքրքրված ենք հին Երևանով, Ֆիրդուսնոցով, Կոնդով, որ հին Երևան են։ Քաղաքը նախևառաջ քաղաք է՝ իր թափառումով։
Օգտվելով այս հնարավորությունից դիմում եմ բոլոր սեբաստացիներին՝ ովքեր կուզենան, որ իրենց ճամփորդության, քայլքի մեջ ես լինեմ, պետք է մի քիչ ուշադիր լինեն իմ օրվա, օրացույցի նկատմամբ, հետևեն ինձ օրագրով։ Ես էլ եմ շատ ուզում ձեզ հետ ճամփորդել. ճամփորդությունը լավագույն ձևն է շփվելու մարդկանց հետ, լսելու նրանց, հատկապես սովորողներին։
Մի՛ հետաձգեք։ Ինչ կարելի է թողնել վաղը չէ մյուս օրվան, վաղվան էլ մի՛ թողեք, որովհեև եթե քո գործն է, պիտի անես… Շատ ճամփորդեք։
Աստղիկաշարը՝ Աշոտ Բլեյանի:
#1569