Որ երեկվա գործուղումը մեր ճամփորդությամբ, որքան էլ հագեցած,  Գյումրիով չի ավարտվի, իմ գիրը գուշակել-խոստացել էր: Վրաց մեր գործընկերները հասցրել-ժամանել էին Թբիլիսիից Երևան՝ կրթահամալիրի Բանգլադեշ, ոչ միայն տնավարի տեղավորվել էին գեղարվեստի մեր հարթակ-կացարանում, այլև այնքան հետաքրքրված-մանրամասն, Հյուսիսային դպրոց-պարտեզի օրինակով ծանոթացել-ուսումնասիրել էին մեր հեղինակած կրթական նիստն ու կացը, և սեփական դիտարկումներով-կասկածներով,  անհամաձայնություններով զինված՝ սպասում էին իրենց հարազատ մարդ դարձած տիարին… Շնորհակալ եմ Հռիփսիմեին ու ընդունելության պատասխանատուներին, որ իրիկունը 7-ին Բանգլադեշ մտած՝ հընթացս ես հայտնվեցի Հարթակի ուղիղ եթերում՝ մանկավարժության խաչաձև մեկ ժամանոց հարցաքննությանը… Չեմ մոռանա… Վրաց մեր գործընկերները, լավ է (նվաճում է հանրակրթական կամուրջներով), աշխատանքային-մարտական են տրամադրված, և ուրբաթն այս, ողջ օրը թեժ է լինելու դպրոց-պարտեզներում… Իսկ ես անհամբեր եմ՝ շաբաթ օրվա կլոր սեղանը կարող է և բացահայտումների, հայ-վրացական կրթական փոխանակման ու Թբիլիսիում առաջարկված համատեղ աշխատանք-նախագծի՝ հայ-վրացական հեղինակային դպրոց-պարտեզի ստեղծման առումով կարևոր մի քայլ լինել…

Խոսքս մեղրով շարունակեմ առանց կտրելու. Գյումրիում կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի-հայտնի Տիգրանյանների սեփականությունը եղած տներից մեկում՝ շշմելու շենք՝ ներքին բակով, ոչ կառավարական կազմակերպությունների երիտասարդ ղեկավարների-ներկայացուցիչների տպավորիչ հավաքում էլ հնչեց-քննարկվեց նույն առաջարկը՝ Գյումրիում համատեղ հեղինակային դպրոց-պարտեզ ստեղծելու մասին… Գումարեք սրան ներդրումի խոստումը:

Հարավային դպրոցի հերթապահ-պարտիզպանները:

Գյումրին մեր աշխատանքային սեբաստացիական խմբին սիրով ընդունեց-ճանապարհեց… Հերոսն օրվա, իհարկե, Անի Նավասարդյանն է՝ իր գյումրեցի տոկուն-զվարթ մայրիկով… Ե՛վ այսպիսի Անի բերել-մեզ պարգևելն է ուժի նշան, և՛ Անիին դիմադրելը, և՛ այսպես սրընթաց արշավով ներխուժածներիս (ժամանակը շարունակ չէր հերիքում) տնավարի ճանապարհելը…

Օրվա խորհրդանիշն իհարկե Արտենի սարն էր, որը խելքամաղ արեց հրաշալի յոթնյակին սեբաստացիների… Թալինից վերև, ճանապարհից աջ ու ձախ մետաղե հովանոցները, որպես դիտարան ծնեցին վերնագիրը. Չարենցը կարող էր այսպես տարողունակ-դիպուկ բնութագրել այն, ինչ արեց գեղեցիկ մերկությամբ ողջ սարը մեզ հետ, վստահեցնում եմ, մեզանից յուրաքանչյուրի… Իսկ Տաթև Աթոյանի և Քնարիկ Ներսիսյանի հետ պայմանավորվեցինք այդ հովանոցները նկարչորեն ձևավորել առաջիկայում, այնպես, որ դառնան Արտենիին արժանի դիտարաններ։ Մի ճամփորդությամբ ուսուցումից քանի՜ ուսումնական նախագիծ կարող է ծնվել, ինչպես անձրևից հետո սունկը։

Իսկ Արագածը՝ իր չորս գագաթներով, իրեն խռովվածի պես պահեց, անգամ չծիկրակեց, հետաքրքրություն-հաշտեցում չդրսևորեց ողջ ճանապարհին… Արագա՜ծ ջան։

Արտենիից պրծում, տեսնում եք, չկա… հյուսիս-հարավ միջպետական նշանակության ճանապարհի շարունակվող աշխատանքները թեքեցին, թե ուղղեցին Գյումրիից ետդարձի մեր ընթացքը Թալինով, նշանավոր-հարազատացած Կաթողիկեով, հատկապես, որ հինգ սեբաստացի, բացի ինձանից ու Անիից, դեռ չէր զարմացել Կաթողիկեով, անծանոթ էր Թալին-Արմավիր ճանապարհին…

Թալինի Կաթողիկե… Լուսանկարները` Տաթև Աթոյանի

Ի՜նչ մայրամուտ էր, ի՜նչ կրակ ու բոց, ի՜նչ գույներ՝ հիացած, լուսանկարող հայացքների առաջ: Մեր ճանապարհային անցում-դադարները, պարզվում է՝ տիարի ճամփորդական զինանոցի գրավիչ գործիք է, ըստ Լուսինե սովորող Ալեքսանյանի կարող էին մեզ շեղել մեր աշխատանքից անգամ, ու Գյումրի չհասնեինք, կամ հասնեինք Արտենիի բարձունքով… Ա՜խ, թե մի օր էլ ունենայինք… Ճամփորդության հմայքը այս զիգզագներն են, անկումների սարսափները, անցումների անկախատեսելիիությունը… մեր Անիի պես… որ ժամը յոթին Երևանի փորձասրահում՝ նույն դահլիճում, երկու մեծ հավաք-պարապմունք ունի. կհասնի, չգիտեմ ոնց, ու կանցկացնի: Չկասկածեք:

Աշխատանքային խմբից ու նրանց կատարած աշխատանքից գոհ եմ, րոպեների ճշտությամբ, ուշադիր-ներառված, ոգևորված… Առափի գյուղի ազնվական դասվար Շամիրամը մնաց, նրա ոգևորվածությունն իմ առաջարկով, որ մի շրջան պարապմունքներ վարի «Իմացումի հրճվանք» ծրագրով մեր դասարան-սրահներից մեկում… Մեր առաջարկը՝ միասին աշխատելու Առափիի գործընկերների հետ գյուղի դպրոցի մոդելի վրա… Մնաց Գյումրիի քաղաքապետի ընդգծված բարյացակամությունը մեր առաջարկներին, համագործակցության ծրագրերին աջակցելու իր հաստատակամությունը, խանդավառությունը Գյումրիի երկու-երեք տարվա հեռանկարի մասին խոսելիս… Քաղաքապետարանում Մինասի՝ վերականգված որմնանկարով սրահը… Մնաց Գյումրիի Խ. Աբովյանի ճեմուղի-փողոցի երիտասարդական պալատը՝ իր զվարթ տնօրեն Լիլիթով… Մնացին տասնյակ սիրելի մարդիկ, իսկական նշանավոր գյումրեցիներ, մեզ հետ ճանապարհ անցնելու վստահությամբ.. Գյումրին ավելի մոտեցավ, ինձ-կրթահամալիրն… Դեկտեմբերը ցույց կտա, կամ դեկտեմբերը վկա…

Ու Չարենցի այս տողերը հնչեցին…

Ի՞նչ է ուզում ինձանից կապույտ մորմոքը հրի.
Ի՞նչ է ուզում քո հոգին, հազարամյա Նաիրի՛:
Եվ ինչո՞ւ ես դու փռել իմ դեմ քո բույրը բոլոր
Եվ իմ մորմոքը վառել թախիծներով ահավոր:

Քոլեջ-Հյուսիսային դպրոց ճանապարհի բարեկարգումը սկսվել է:

#1218

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մարդկային ուշադրության կենտրոնում՝ մասնագիտական գործունեությամբ

Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ոգևորվածությունն անափ է, խոսքը՝ հայրական ասելիքով-կյանքով… Թեմին կից գործող «Հայարտան» բազմամարդությունը, Հավլաբարի Նոր Էջմիածին եկեղեցու ներսի-դրսի մարդկային մեծ աշխույժն այնքան տպավորիչ են. չգիտեմ՝ այսպե՞ս

Գործիս իմաստն այն է, որ ձեզ օգնեմ սիրահարվել…

Համաձայնեք, որ պակասող մասնագիտություն է… Շնորհակալ եմ Ռեյ Բրեդբերիին՝ մասնագիտական կողմնորոշման, «Ժպիտը» պատմվածքի համար, և կրթահամալիրի Գրական ակումբին, որ մեզ ընթերցանությանը-կյանքին-ստեղծականությանը սիրահարեցնելու գործին է կպել… Նոր դպրոց-Արևելյանի բակում պադոնների վրա

Փառատոնի ևս մի ծնունդ՝ Սիենայի պուրակը կրթահամալիրում

Սպասելի էր, որ քանդակագործության, ճարտարապետության և շրջակա միջավայրի փառատոնի համակարգող, մասնակից Մասիմո և Քրիստոֆեր Լիպիների հրաժեշտը պիտի հուզիչ լիներ, բայց որ այսպե՜ս…