Իմ գիրն էլ դառնում է երգ ճանապարհի… Իմ սիրտը, իմ միտքը ու մարմինը այս օրերին ճամփեքին է, սեբաստացի ուսուցիչների տարբեր նախագծային խմբերով. ո՛չ մի խտրություն՝ ո՛չ ճամփի, ո՛չ ճամփի ընկերոջ․․․ Ու հիմա ես ավելի ուշադիր եմ ճամփի նկատմամբ․․․

Հյուսիս-հարավ միջազգայինի Ուջան-Գյումրի հատվածը, էլ չեմ ասում Գյումրու մուտքը, ինձ ու բարեխիղճ ընկեր-վարորդ-ուսուցիչ Յուրա Գաջալյանին լարված վիճակում պահեց, այնպես որ՝ ո՛չ մի լազաթ․․․ Այսքա՜ն վաղուց Գյումրիում չէի եղել, հա՞․․․ Այս ոլոր-մոլորի մեջ մեկ էլ տեսար՝ վրիպեցիր։ Ես հաստատ կնյարդայնանայի ու ղեկը բաց կթողնեի․․․

Ամեն ճանապարհ ունի հարթակների-կանգառների-դադարների տեղեր, առանց որի տեղ հասնելն է դառնում նպատակ, ու ճանապարհը, որպես ընթացք հայրենաճանաչության, մտասուզում, շեղում՝ այդ պահի ճամփի ընկերոջ հետ, յուրահատուկ կապ-վստահություն, ասված է, չէ՞, ճամփադ կորցնում ես․․․ Լավ չէ։

Ուջան-Գյումրի  ճամփին կագնել չեղավ, իսկ ես այնպիսի անկյուններ գիտեմ դեպի խորխորատներ, յուրահատուկ, դեպի միշտ հասանելի Արտենի սար, քարադաշտեր, ձորակներ՝ հալոցքի ջրերի սելավի․․․ Իսկ երկհարթակ նորակառույց ճանապարհի քարափ-լանջերը, ինչպես և «ախ»-ով ենթադրել էի ժամանակին, ծածկվում են կավահողով ու զրկում մեզ յուրահատուկ լուծումից-հմայքից․․․ Ու ոչինչ աշխարհում կատարյալ չէ՞․․․ Լսեցի Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» հոգոցը․․․ Անգամ կատարելության տանող ճանապա՞րհը, հարցնում եմ։ Գյումրի-Ազատանի մասին դուք սպասեք Յուրա Գանջալյանի պատումին. ես իմ այս տողերով ավարտեցի, Յուրան պատրաստվել է հիմնավոր․․․

Գյումրիում. լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի։

Ինձ համար  Զանգակատունը երբվանի՞ց Չանախչի է, ու ես Արատեսի ճանապարհին վերջին մեկ տարում համառորեն փնտրել եմ հին Չանախչու ոլոր-մոլորը, Պարույր Սևակի հայրական տնով, Սուրբ Հովհաննես մատուռով, ջրամբարով․․․ Արածոյի ձորով դեպի մի նոր Հորբատեղ, որ երեկ վերջապես իմացանք, կոչվում է Հորթուն, դեպի Մժկատար սար․․․

Չանախչի գյուղի հայրենագետ-պատմության ուսուցիչ Թամարին՝ իր հայրենիով, իր սաների՝ Նարեկների, Վրեժի, Էմմայի հետ, խելակորույս ընթացքի մեջ, հրեղեն-տանող, չսիրահարվել չկարողացա․․․ Մարդու հայտնագործությունը, այնքա՜ն զորեղ բնությունից, որ ուժ ու հիացք է շարունակ փոխանցում․․․

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։

Այս ճամփան՝ հին Չանախչիով դեպի Սևակի հիմնադիր պապեր, նոր-նոր սկսել ենք. իմ ճամփի ընկերների հետ պայմանավորվել ենք աղբից իստակ մաքրել Արածոյի 42կմ-անոց հովիտը՝ իր ակունքից մինչև գետաբերան՝ Արաքս, որքան կարողացանք, անցնելով խճուղով Զանգակատուն-Չանախչու աջակողմ, գյոլով, սարուձորով․․․ Չանախչիի,  սեբաստացի պատանիների հետ մենք լողալու ենք Արածոյի ջրերում՝ վրաններ խփելով․․․ «Երգ երգոց» նախագիծը, որի մասին ես շատ եմ խոսել… թվում է՝ կարող է առաջանալ-ծնվել այսպիսի կյանքով-այսպիսի ճամփին…

Սևակի հայրական տուն մենք կվերադառնանք. Արմեն Ղազարյանը՝ իմ հին ընկեր-գնդապետ, ոստիկանության ակադեմիայի այսօրվա պետը, օրվա վերջում զանգեց, խոստացավ․․․ կհանդիպենք միակ ժողովրդական տանը, այսօրվա Զանգակատուն գյուղում։ Մասունք է, ոչ միայն Պարույր Սևակի կյանքի հետ կապվող՝ որպես մսուր, այլև հայոց աշխարհիկ ճարտարապետության նմուշ, ամբողջական՝ իր այգով, դիրքով, դետալներով, կահկարասիով․․․

Պարույր Սևակի հայրական տունը։
Լուսանկարները՝ Կարինե Մամիկոնյանի։

Իմ ձեռքին ճամփորդությամբ ուսուցման գրադարանի նոր հրապարակումն է՝ «Ուսումնական ժամերգություն» երգարանը․․․ շարակնոց հանրակրթական, մանկավարժական ուխտի, ճամփորդ ուխտավորի… Իմը քայլքն է, անցումը Շատիվանք-Շատինի ձորով․․․ պատկերներ, տպավորություններ, որ կենդանի են կանչելու աստիճանի։ Իմը ճամփեն է՝ ինձ անծանոթ ճամփորդով․․․ մարդու հայտնագործումով։

Այսքան լուսանկարված չկայի․ թիթիզացել ու ընկել էի Մարիետ Սիմոնյանի «Գրական ակումբ»-ի հորձանուտը․․․ Էլ քար չթողեցի՝ «ֆոտոմոդել-սիրուն տիար» կոչմանն արժանանալու համար․․․ Ի՞նչ, ստացվե՞ց․․․ Թոփչյան Արմինեի առցանց աշխատանքից կիմացվի։

Լուսանկարները՝ ճամփորդության մասնակիցների։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1484

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մասնագիտական բարեխղճությունը՝ փրկիչ. արշավապատում  է իմ գիրը

Պատմել եմ հունիսի 22-24-ի Ջավախք կրթամշակութային արշավից, Կարծախ՝ Աշուղ Ջիվանու ծննդավայր մեր ուխտից, կառուցվող-ընդարձակվող տուն-թանգարանը, Գանձայի Վահան Տերյանի տուն-թանգարանի բարձիթողի վիճակի ազդեցությամբ, մտահոգություններ է առաջացնում, ի՞նչ կստացվի, ի՞նչ կտա ևս

Հաղթանակը մենք ենք. միայն մենք կարող ենք լինել

Ոչ թե հաղթանակը մերն է… ավանսային խոստումներով, այլ Պողոտայի, Շարժման արդյունքը ինքը՝ Պողոտայի, Շարժման մարդն է… Եթե փոփոխություններ են առաջացել իմ մեջ, հաղթանակը, ահա, ես եմ: Իսկ ես, Շարժման նախաձեռնող

Ո՞վ հիմա հավես ունի. իհարկե, սեբաստացիները…

Ո՞վ հիմա հավես ունի՝ տարբեր ձևով, տոնայնությամբ, բայց նույն իմաստով աջ ու ձախ հնչող այս հարցադրմանը թե պնդմանը պատասխանում եմ. — Ես հավես ունեմ ապրելո՛ւ, գործելո՛ւ, սիրելո՛ւ. միշտ, առավել ևս,