Օրը՝ երեկվա իմ օրը, իմ ականջներում չմարած իր ձայներով, որ հիմա վերարտադրեմ-վերադարձնեմ ընթերցողին, որպես իմ 1065-րդ անընդհատ գիր, ի՞նչ կստացվի, չգիտեմ. է՜հ,  կկարդաք կամ չեք կարդա, բայց ինձ սկսեց զբաղեցնել, ու գնա՜ց… պատմվեց ձայնը, որ խոսք դարձավ….

Հովհաննես Թումանյանի՝ հազար ականջով լսած ձայների մասին չեմ ասում, որ դեռ սրտերում շշուկ են թեթև… երեկ՝ հունիսի 9-ի առավոտ վաղից, իմ օրվա, երկու ականջներով որսած, բոլորին լսելի ու լսողությանս մեջ մնացած ձայների…

Ճամբարային օրը՝ «Ստեղծագործ-ստեղծարարների» ջոկատում:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:

Իմ աշխատանքային շրջայցը իմ շատ հավանած՝ մենակի ճամփորդություն է ես վաղուց չեմ քայլում՝ ճամփորդում եմ, այս անգամ՝ Կենտրոնից Գեղարվեստով-Արևելքով դեպի Մայր դպրոց-խառնարան… Պարտիզպան Հակոբի՝ արևելյան լանջերը կենդանացնող ջրի ձայնը… Սեբաստացի պարտիզպանը մեր պարտեզում այսպիսի ձայների առատություն է բերում, պտտվող, ցայտող ջրի, կաթիլային, առվակով հոսող, ցնցուղի, փողրակի, շիթի… տրաքած մետաղե խողովակից փախչող, շիթով ցփնվող ջրերի… Միայն ոչ երաշտի՝ խանձի, ճաքճքողանապատ դարձող հողի, սևացող լանջի…

Լողավազանը լցնող ջրի ձայնը, որ այս անգամ Սաթեն դաստիարակը լսելի դարձրեց… Ձեռքերս դնում եմ ջրի մեջ, խաղում եմ մինչև իմ ապաքինվող ձախի մրսելը՝ ականջս 2-4 տարեկանների ավազանի բարձրացող ջրի ձայներին…

Մեր վեցերորդցի ամենաճամբարականների մի խմբի խմբային լացի ձայնը (դեռ ժամը ինը չկա) ի՜նչ իմ սրտով է… Ճամբարականները պատրաստում են իրենց ճամբարային տարածքը՝ մարզադաշտերը, Մայր դպրոցի պուրակը, իսկ այս խումբը… հունգու-հոնգուր ողբում է ճամբարի ավարտը, որ իրենց պարտադրված բաժանումն է։ Ժամեր հետո՝ 15։15 Մարմարյա համերգասրահում տոնախմբությունից առաջ, խումբը իմ դիրիժորական չափով, լսո՞ւմ եք, ինքնաբերաբար կհավաքվի սրահի կենտրոնում, ու նույն ձայները՝ մեր ծափողջույնների ներքո…

Թումանյանի «Ճամփորդները»՝ Արևմտյան ճամբարի լողափում:
Լուսանկարները՝ Սրբուհի Ներսիսյանի:

Արևելյան՝ Նոր դպրոց-պարտեզի խմբերգության ձայները մնացին… 150-ի չափ 1-5-րդ դասարանցու՝ Արմինե Մնացականյան դասվարի խմբավարությամբ, Մարինե Ոսկանյանի նվագակցությամբ, Նառա Նիկողոսյանի հոգածությամբ… Թվում է՝ ես ճամբար այցելած Լևոն Մկրտչյան նախարարի, սեբաստացի լրագրողների մեծ խմբով եմ տարված, բայց այս ձայները, երգեցողությունը ինձ բռնել, տեսեք, բաց չեն թողնում։

Ուրախության ձայները Մարմարյա սրահում՝ մեր ճամբարային առաջին երկու շաբաթի հավաքի՝ օրացույցով որոշված հերթական ուրբաթի ձայները, որ այս անգամ Եվրոպայի կենտրոնից՝ Վիեննայից, Շուշան Բլեյանն էր կառավարում։ Ի՜նչ խորամանկ-սիրելի լուծում էր գտել Սյուզի Մարգարյանը։ Շուշոյից, Սյուզիից, Աննա Գանջալյանից, սենսեյ Հայկուհուց… ողջ սրահից ճամբարականների մի ուրախություն էր ձայնում, որ մնացել է ու գրի ձևով հորդում է ինձանից…

Դավիթ Բլեյանի հետ (որոշում է քաղաքական, մեզ պարտադրված, Բլեյան ազգակիցներից մեկուսացման փակուղին չխորացնելուն ուղղված լուծում, ամբողջական ներառականություն…) գնում ենք հարսանիք «Ռենեսանս» ռեստորանային համալիրում… մեզ հետ՝ իմ եղբայր Ստեփանը, Էդիտ քույրիկը, հարս Անահիտը։ Ախր, այնքա՜ն սիրելի է ինձ Տաթև հարսիկը՝ իմ հորեղբայր Սարիբեկի ծոռնուհին, իմ ավագ քույր Ռիմա Բլեյանի պահած-շահած թոռնուհին, նրա աչքի լույս Սուսանի, տղա-փեսա Տիգրանի աղջիկը, ախր, նրա ավագի՝ Անիի հարսանիքին ամիսներ առաջ, իմ ողջ անձնազոհությամբ-մարդասիրությամբ, այդպես էլ չզորեցի… Ախր, դիմացը մեր Գևորգ Հակոբյանի որդի, իմ սանիկ սեբաստացի Գարիկի հարսանիքն է մի այդպիսի սրահում…

Ու ես մեկ ժամում ջախջախվեցի… Լավ, այսքա՜ն ծախս, մարդիկ, հանդերձանքներ, այսպիսի՜ առիթ-հանրային մի ցույց-մի ուրախություն… ու այսպիսի ձայնե՞ր՝ թշնամի ականջի համար, մտքի, ճաշակի, առողջության, արժանապատվության (կներեք, բոլոր տեսակի հարազատ-բարեկամներ, հարսանիքավորներ)… Դե, չի կարելի, ես ու Դավիթը անզոր ենք, այդքա՜ն դիմացկուն չենք… Լավ, բայց ինչի՞ համար… Մի Սյուզի-Շուշան էստեղ լինեին, մի սեբաստացիական «Ձայնադարան», բոլոր հարսանքավորների պլանշետներին՝ տոնախմբության կարաոկեն, մի Վաչե-Սոնա՝ պարող-պարացնողների մի խումբ… Դավիթ Բլեյանը երկու ձեռքով փակել էր ականջները, ես այլևս կորցրել էի ծամելու-խոսելու-ինչ-որ համակեցություն հաստատելու իներցիան անգամ, Վրաստանի հարգելի դեսպանի հետ առաջացած հեռախոսային կապի առիթով ներսուդուրս անելն էլ չփրկեց…
Հայր ու որդի ծլկեցի՜նք…
Ես կարող էի փոխել անուններ, տեղի ու ժամանակի մասին չխոսել, բայց երևույթը երևանյան, հայաստանյան, ցավոք, համատարած աղտ-ախտ է, որ չի շրջանցում նաև ինձ, իմ հարազատներին… Իսկ հարսիկ-քույրիկ Տաթևին ու իր, վստահ եմ, արժանի ընտրյալին, նաև իմ այս գրով ես երջանկության մաղթանք եմ հղում՝ որպես հակաբացիլ իրենց ընկերային համատեղ կյանքի՝ հարսանիքից առաջ, հարսանիքից հետո, առանց հարսանիքի…

«Գետը քաղաքում» նախագիծ. Հրազդանի կիրճ:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի, Արմինե Աբրահամյանի:

Տանը ոչինչ անել հնարավոր չէր. Դավիթը անձայն, Արմինե մայրիկի նոթբուքով առանձնացավ, Արմինե մայրիկը  Նորքի սրտաբանականում՝ իր քույր Ռուզանի հետ, իր սանիկ-եղբայր Վահրամ Մարտիրոսյանի կողքին… Վահրամի ապաքինման-առողջացման ձայների սպասումով… Փրկության ձևը քունն էր, պարզապես այլ բանի ես ընդունակ չէի… Արթնացել եմ ուշ… բայց ականջներումս խշշոց է…

Լիներ հեռո՜ւ մի անկյուն…

Ես անհամբեր սպասում եմ մեր Բանգլադեշյան պլեների*, հունիսի 12-ից Մայր դպրոցում՝ Մարմարյա սրահում սկսվող, մեր դպրոց-պարտեզների միասնական տոնախմբություններից եկող ձայներին՝ որպես հակաբացիլներ մեր կյանքի քաոսի… Այսպիսի երաժշտություն՝ հոգևոր ու աշխարհիկ, բարձր, համաշխարհային, երաժիշտներ՝  անհատներ ու խմբեր, ակունքում՝ Կոմիտաս պարգևը… Այսպիսի՜ հանրակրթական երաժշտական համակարգ, նորածնից մինչև… հասունություն, այսպիսի կոմիտասյան երգեր-պարեր, պարերգեր, ու հանրային անճաշակության այս հրապարակային ժայթքո՞ւմը հարսանիքների ձևով… Ո՞րն է սրա լուծումը…

Դավիթ Բլեյանն անլսելի քնած է դեռ,  ու ես պլանշետով նկարում եմ նրան… Ոչ մի շշուկ…

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1065

*Պլեներ (ֆր.՝ Pleinair, բառացի՝ բաց օդ, բացօթյա), գեղանկարչության մեջ տերմին, որով նշվում է արևի լույսի և օդի ազդեցությամբ պայմանավորված գունային փոփոխությունների ողջ հարստության վերարտադրումը նկարում։
Պլեներ եզրույթը (տերմինը) կապ ունի նաև երաժշտության, լուսանկարչության և թատրոնի հետ, երբ համերգները, ներկայացումները և ֆոտոսեսիաները կատարվում են բաց երկնքի տակ։
Աղբյուրը՝ Վիքիպեդիա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ապրիլյան մեկնարկների բերած մանկավարժական-մարդկային վայելքների մասին է իմ գիրը…

Հագեցած մինչև վերջ, լեցուն օր էր. Գեղարվեստի ավագ դպրոցի Սուրեն Պողոսյանի տոնական համերգից տուն հասա երեկոյան ժամը 9-ին։ Կեցցեք, Սուրեն և ընկերներ՝ Էլիզա, Հայկ, Դավիթ, Լուսինե, Աստղիկ… Կայ, Լուիզա Քեշիշյան,

Այ, այսպես էլ ապրում ենք…

Մի ավտո սեբաստացիներով՝ տանը, ճանապարհին… Ու մեր կյանքը դարձնում ենք գիր նաև։ Ուզում ենք՝ ձեզ էլ հետաքրքիր լինի։ 

Իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք․․․

Մանկապատանեկան գրական-մշակութային երկշաբաթյա  «Լուսապսակ» հանդեսի խմբագիր Ծովինար Տիրատուրյանը, իմ անզուգական հարսիկ, «Իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք» խորագրի խմբագիր` Սվետա Դանիելյանը, առաջարկել են հանդես գալ իմ խոսքով… Ու ես ուզում եմ