2000թ., փետրվար
«Նամակներ կալանատնից» ժողովածուից

Իմ սերնդի համար Անդրանիկ զորավարը լեգենդ է եղել՝ փոխանցվող լեգենդ։ Զորավարը լեգենդ էր նաեւ իր ժամանակակիցների համար, իր կենդանության օրոք։ Զորավարը 20-րդ դարում ուղիդ մեկ դար ապրեց միֆական կյանքով։ Թվում է, որ 21-րդ դարը սկսում է զորավարի իրական կյանքի կենսագրությունը ստեղծել։ Այսօր, ահա, խորթ է հնչում՝ Անդրանիկ Օզանյան։ Մի՞թե նա անուն-ազգանունով սովորական մարդ է…

Միֆական մտածողությունը փոխում է երեւույթի եւ երեւույթի արտահայտման տեղերը։ Մեր ժողովուրդը իր օրհասական ժամանակում կարիքն ուներ Անդրանիկի միֆի, ու հարկ եղավ հորինել Զորավարին։ Հետագա սերունդները վախենում էին դատարկու­թյունից, ու արժանահավատ տվյալների բացակայության պայմաններում անհրաժեշտ էր պահպանել լեգենդը Զորավարի մասին։ Ի՞նչ գիտի իմ ուսյալ սերունդը Զորավարի մասին այսօր, որը տարբեր է «Զորավարի մարմինը թշնամու գյուլլա չի առնում» կարգի պատումներից… Յուրաքանչյուրդ ձեր շրջապատում մինի-սոցիոլոգիական հարցում արեք համոզվելու համար, որ Զորավարը այսօր էլ կա բացառապես որպես լեգենդ։ Զորավարի մասին լեգենդի եւ Զորավարի կյանքի մասին մեր գիտելիքների միջեւ ընդհանուր շատ քիչ բան կա։ Մենք՝ Զորավարին դրսից նայողներս, շարունակում ենք կույր ու խուլ լինել Զորավարի կյանքի դրամայի առջեւ։ Իսկ կյանքն այն է, ինչ է՛ ապրողի համար, ոչ երբեք դրսից նայողի համար։ Դրսից կարելի է 70 տարի նայել ու չտեսնել կենդանի ու իրական մարդու կյանքի դրաման, չնկատել, ասենք, Զորավարի կյանքի մայրամուտը Ֆրեզնո քաղաքում, կոշկակարություն անող լեգենդար մարդուն, ինչպես չենք տեսնում հոգեբուժարանում պատսպարված (ումի՞ց) ու ժողովուրդ ստեղծած Կոմիտասին։ Կենսագրական փաստերն այն չեն, ինչ արձանագրվում են, այլ այն, ինչ կատարվում է կոնկրետ մեկի հետ։ Այն, ինչ կատարվում էր Զորավարի հետ, երբ նա հանձնում էր իր հարատեւ կռվի զենքերը հայոց կաթողիկոսին, երբ նա ստիպված էր թողնել Հայաստանը իր պատմության ամենավճռական պահին, երբ նա անելիք չուներ անգամ Կիլիկիայում, երբ Հայոց հողի համար ծանր դարձավ Զորավարի մարմինը, ու երբ օտար Ֆրեզնոն դարձավ մի նոր Ագռավաքար։ Այս ամենի մասին որտե՞ղ է գրված, ումի՞ց իմանաս։ Եթե մեզ հասկանալի չէ՝ ով է Անդրանիկը ու ինչպիսին է նա, նրա կյանքի արձանագրված փաստը անհնար է հասկանալ։

Զորավարի կյանքը, ինչպես յուրաքանչյուր կյանք, դրամա է, ունի իր սյուժեն, իր զարգացումը։ Ինչ-որ բան նրանում պայքարել է՝ ձգտելով մարմնավորման, իսկ ահա իրեն խանգարել են։ Հաղթե՞ց Զորավարը, թե՞ շրջապատը կործանեց Զորավարին։ Թույլ տվեք հարցնել՝ երջանի՞կ էր Զորավարը։ Երջանկությունը Ես-ի համընկնումն է հանգամանքների հետ։ Ես-ը մարդու կոչումն է, որ մեկ շատ, մեկ քիչ է համընկնում մարդու զբաղմունքի, նրա մասնագիտության հետ։ Ի՞նչ գիտենք մենք այսօր Զորա­վարի Ես-ի մասին, ո՞րն էր Զորավարի կոչումը։ Որքա՞ն մենք պիտի Զորա­վարի կոչումը փոխարինենք նրա զբաղմունքի մանրամասներով, շփոթենք այս կամ այն կռվում տարած հաղթանակների կամ սխրանքների հետ։

Դժվար է դատողություններ անել Զորավարի մասին ու չբացել երկու հաշիվ, քանի որ սխալները, պակասություններն ու մեղքերը պակաս կարեւոր չեն ստեղծագործ էության համար, քան իր մեծագույն արարքները։ Ինքը Զորավարը, մեր ազգային զարթոնքի մեծագույն հերոսն էր, հայոց ազատամարտի խորհրդանիշ-ստեղծագործությունը։ Այո, այսպես է, ցավոք, որքան էլ ես հիացած եմ մնում Զորավարով։ Հակասության մեջ է ամբողջ պրոբլեմը, եւ պետք է այն ուսումնասիրել։ Ինչ-որ մեկը պարտավոր էր դեռ խորհրդահայ շրջանում մանրամասն ուսումնասիրել ու հասու դարձնել մեզ, թե ինչպես է ծնվել լեգենդը Զորավարի մասին։ Աա օգտակար կլիներ։ Կպարզեր մեզ Զորավար — միֆի էությունը մեր կյանքում։ Կխանգարեր, որ այդ միֆը շարունակեր ուղղակի ազդել մեզ վրա, շեղել մեզ մեր անելիք­ներից։ Թույլ չէր տա մեզ անպատրաստ ու անժամանակ վերսկսել մեր օրերում Զորավարի կռիվը, փոխարինելով Զորավարի երազած ու Զորավա­րին պար-տադրված սրով։ Կօգներ ետադարձ հասկանալ-գնահատել Զորա­վարի կյանքի, գործի արդյունավետությունը, չշփոթելով այն հերոսականու­թյան հետ։ Բայց մենք մեզ նեղություն չենք տվել հասկանալու համար գոնե այնպիսի փաստեր, ինչպիսին Զորավարի ու ամենայն հայոց բանաստեղծի մարդկային կապն է։ Բարեպաշտ Զորավարը ի՞նչ կարծիք ուներ վերաթաղման մասին, ենթադրո՞ւմ էր. որ իր բնական ցանկությունը՝ թաղվել հայրենի հողում, իրագործվելու է տասնյակ տարիներ անց, վերաթաղման միջոցով։ Աա էլ չգիտենք, չուզեցինք իմանալ։ Թողնենք այս. փա՞ստ է Զորավարի վերադարձը։ Եթե այո, չի կարելի շարունակել ներկայացնել Զորավարի կյանքը որպես հերոսական, մեզ փոխանցվող պատահարների շարան։ Զորավարի կյանքը կենդանի, գերլարված, նպատակամղված մի դրամա է՝ իր ողբերգական ֆինալով։

25.02.2000թ. Երեւանի թ.1 կալանատուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Шелковый и железный путь через Кавказ

История Железная дорога Карса-Гюмри-Тбилиси была построена в конце 19-го века, когда Грузия и Армения, а также недавно завоеванная Карса, были частью Российской империи. К концу 1880-го закавказская железная дорога состояла

Ակսել Բակունց «Հանավանք»

Նախարարն անցավ Քասախ գետի ափով և այնտեղ, ուր գետը խոր անդունդի ﬔջ վշշում է, պղտոր ալիքները զարկում ժայռերին, քերում ժայռերը, հունը և ավելի խոր թաղվում ժայռերի ﬔջ, — բարձր ժայռերի գլխով անցավ

Մեր դպրոցական համակարգի դժբախտությունը փակ լինելն է

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Աշոտ Բլեյանը — Պարո՛ն Բլեյան, վերջին երկու ամիսների ընթացքում ԿԳՆ-ն անց է կացնում դպրոցների տնօրենների հավաստագրեր ստանալու մրցույթ երկու փուլով: Ինչպե՞ս կգնահատեք, ո՞րն է դրա արդյունավետությունը: Եթե