Րոպեներ հետո Միքայել Ղազարյանի, Տաթև Համբարյանի, Սլավա Մուրադյանի հետ մեկնում եմ Արատես՝ աշխատանքի. կարևոր է տեղում որոշել մինչև սեպտեմբերի 7-ը՝ Արատեսի դպրական կետրոնի 2018-2019 ուստարվա օրացույցով հաստատված-հայտարարված շուրջտարյա ուսումնական շրջանի սկիզբը, նոր ուսումնական տարվա Արատեսի բնության դպրոցի անելիքները… Հետևո՞ւմ եք Էմանուել Ագջոյանի նախագծային ջոկատի աշխատանքներին մեդիայում։

Իմ օրը-ապրածը-եղած-չանցածն է՝ իր խմորով, որ պատմում եմ ամեն օր, անընդհատ, օրագիր որպես… Այս գրի խմորը…

Օրեր առաջ հերթական թղթերն ընկան ձեռքս 1989-ի, սկզբում Գևորգի հետ, հետո միացան Սուսանը, Մարիետը․․․ սկսեցինք թերթել։ Մեր պատմությունն է։ Ինչո՞ւ չենք թվայնացնում-մատչելի դարձնում յուրաքանչյուրին ու ամբողջը։ 1993-ի մի այլ թղթում՝ կրթության և գիտության նախարար երախտահիշատակ Վարդգես Գնունուն ուղղված, հանդիպեցի «Մանչուկ» գործարանի մասին մեր գրությանը… Իմ սեպտեմբերյան անելիքն է, իմ օրակարգում է «Մանչուկի»-ի վերականգնումը-վերագործարկումը՝ որպես տարատարիք սովորողների և ուսուցիչների կոոպերատիվ։ Գուցե մանկավարժական աշխատողի մուտքը կրթահամալիր պիտի լինի ոչ միայն ճամբարով, այլև այս կոոպերատիվով, նրա որևէ արտադրամասով․․․ Ի՞նչ են կարողանում  արտադրել-կազմակերպել սեբաստացի ուսուցիչները սովորողների հետ, ինչպիսի՞ ծառայություններ մատուցել, ի՞նչ աշխատանքներ կատարել․․․ Հիմա կրթահամալիրն ունի հարմար տարածքներ, նախկինում նկուղային-պահեստային խորդանոցներն այսօր լուսավոր են, չոր, արտադրական․․․ Ինչպե՞ս կյանք հաղորդենք մեր կողմից վատ օգտագործվող գույքին՝ շարժական ու անշարժ։ Այո՛, իմ մտքերում արտադրությամբ ուսուցման խնդիրներն են բազում, որ ահա, Արատեսի ճանապարհին ինձ հանգիստ չեն տալիս․․․ Ի դեպ, Արատեսի հետ կապվող․․․ Կվերադառնամ, կխոսենք, սեպտեմբեր 7-9-ի արատեսյան հավաքը օրակարգ կբերենք։

Սեբաստացի նորեկները հաղթահարեցին Արագածի բարձունքը։ Լուսանկարները՝ Սամվել Թամազյանի։

Դավիթ Բլեյանն ինձ հարգում է, քանի որ բոլոր են հարգում…
— Մա՜մ, հասկանո՞ւմ ես, հայրիկը հանրաճանաչ է, դրա համար էլ ես իրեն հարգում ու լսում եմ,- երեկ՝  Օհանավանի հավաքից հետո, ուր հարազատների մի խմբով նշում էինք Աշոտ պապիկի թոռնիկ Վահանի ծնունդը, քնելուց առաջ մեկ ժամ տևող Բախ-Մոցարտի ունկնդրումից ու ամենօրյա ընթերցումից առաջ, այսպես հայտարարեց Դավիթն ու շարունակեց․
— Մա՜մ, իսկ քեզ սիրում եմ, դրա համար էլ ոչ թե պիտի լսեմ, այլ քո ծիծիկները պիտի ուտեմ․․․

Մեքենայի մեջ, ճանապարհին վերադարձի, Սոնա քույրիկի հետ քննարկում էին ծնվող քույրիկի անվան հարցը․․․ Դավթի ընտրությունը կանգնել է Աստղիկի վրա․
— Ասել եմ՝ Աստղիկ ու վե՛րջ։ Ե՛ս եմ որոշում։

Շրջանառվում է և Սաթենիկը՝ Սաթեն, Սաթ, Սաթիկ, Սաթինե…, բոլոր ձևափոխումներով հանդերձ։ Ես հո Դավիթը չե՞մ, որ քննարկում չհանդուրժեմ․ անունը պիտի սկսի ապրել, որ կպնի…

Վահանի ծննդյան օրը Օհանավանում։ Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1454

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ, իմ ընտանիքի, կրթահամալիրի օրը քեզ նվեր, միշտ պայծառ Էմմա քույրիկ ջան…

Հենց Կենտրոնում, որ շաբաթներ առաջ ավելի երկար անուն ուներ՝ կրթահամալիրի Մեդիակենտրոն, Րաֆֆի 57 հասցեում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց, սկսել է առաջանալ մեր 2016-ի հերթական՝ իմ 702-րդ գրով ներկայացվող կրթահամալիրի թվով

Այլասերման ցանցային հաղթահարման, իրարից, մեր կյանքից չօտարվելու մասին է իմ գիրը

Դավիթն ու իր պանդա-արջուկը նոր, որ օրեր առաջ մեր ուշադիր-քնքուշ սեբաստացի Աստղիկ-հարսիկը նվիրեց, ենթադրում եմ՝ Դավթի Աստղիկ քույրիկին, անբաժան են, ինչպես իր ծնունդով ընկեր հսկա գորշ արջուկը… Տեսեք՝ ոնց է

Ձեր բոլորի տիարը` Արատեսով, Արատեսում…

Կրթահամալիրը որպես աշխարհ դուրս պիտի գար Բանգլադեշից ու տարածվեր տարածվեր… սա մեր մանկավարժությամբ է որոշված, ասված է՝ ստեղծական, մոբիլ, առանց խտրության, յուրարքանչյուրի համար, ամենուր, անսահման…