Արեգ Սերոբյանի հարցազրույցը։
Աղբյուրը՝ medium.com

Աշոտ Բլեյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրենն է։ Նա երթեւեկում է հեծանվով ու ունի վիրտուալ օրագիր, որտեղ ամեն օր գրում է իր օրվա անցուդարձի մասին։ Ըստ նրա՝ ամենակարեւոր բանը մարդկային շփումն է։

Ինչո՞վ է առանձնանում Ձեզ համար կրթահամալիրը մյուս կրթօջախներից, ի՞նչ նպատակ է հետապնդում նմանատիպ դպրոցը։

— Մյուս կրթօջախների հետ չհամեմատեմ։ Բոլորն էլ հայաստանյան են։ Ինձ համար կարեւոր է նաև, որ մեր ստեղծածը՝ ինչ որ մենք արեցինք կամ անում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, մի դպրոցում կամ մի կրթական տարածքում, միավորում, լինի բոլորինը, յուրաքանչյուրինը, կաշխատի բոլորի-յուրաքանչյուրի համար, ե՛ւ կրթահամալիրի որեւէ դպրոցի սովորողի՝ որեւէ տարիքում, որեւէ կրթական ծրագրում, ե՛ւ Բլեյան Աշոտին ընդունողի-ճանաչողի, ե՛ւ մերժողի-չճանաչողի-մյուսի համար, որովհետեւ դպրոցում սովորելը երկարաժամկետ ծրագիր է, նախագիծ է, հեռահար է, ուղղված է հասարակությանը։ Բոլորիս շահն է ունենալ բաց, հետաքրքիր, զարգացնող, ապահով հասարակություն, էդպես դրսեւորել քո տաղանդը, քո ընդունակությունները։ Ահա մենք փորձեցինք ստեղծել կրթական մի հասարակություն, փորձում ենք ստեղծել, որը ամենանպաստավորն է յուրաքանչյուրիս տաղանդի, ընդունակության ու ինքնաարտահայտման համար։

1989 թվականին հիմնադրվեց կրթահամալիրը։ Պատմեք մեզ դպրոցի հիմնադրման ընթացքը. ովքե՞ր, ինչպես եւ ինչու հիմնադրեցին այն։

— «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը փորձարարական-հետազոտական միավորում է, տարբեր կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների միավորում՝ սկսած նախակրթարանից՝ մանկապարտեզից, կրտսեր դպրոց, միջին դպրոց, ավագ դպրոց, քոլեջ, որ իրականացնում է միջին մասնագիտական ու արհեստագործական ծրագրեր, լրացուցիչ կրթություն սովորողների ու ուսուցիչների, մեծահասակների կրթություն, տարբեր երկարատեւ դասընթացներ, վերապատրաստումներ։ Այս բոլորը միասին կոչվում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորում, եւ գաղափարը այն էր, որ ուսուցիչը գլխավոր գործող անձ լինի, որ ուսուցիչն իր կարգավիճակը փոխի, որովհետեւ հայաստանյան դպրոցներում «լավ ուսուցիչ», «վատ ուսուցիչ» կարգավիճակում են, մի դիրքում, որ նրան համարում են կատարող, կարգապահ կատարող՝ դու բարեխիղճ պիտի կատարես այն, ինչ որ ուրիշները ստեղծել են… Ծրագրերը ուրիշներն են ստեղծել, մտահղացումը ուրիշներինն է, դասագրքերը, մտքերը, կազմակերպումը՝ ամբողջը ուրիշներինն է՝ ինչպես, ինչ անել, ոնց անել, իսկ ուսուցիչը ազատ չէր, կատարող էր։Մենք որոշեցինք չհաշտվել այս ամենի հետ, փոխել կարգավիճակը, դառնալ որոշող, պատասխանատու մեր արածի համար, քո առաջ, քո հարգելի ընտանիքի առաջ, ինքներս պատասխան տանք մեր արածի համար, չգցենք պետության վրա, իշխանության վրա։

[youtube https://www.youtube.com/watch?v=WbAnJ_cPYEw?rel=0]

… Եթե լավ է՝ լավ է ուրեմն մերն է այդ լավ լինելը, եթե վատ է՝ վատ է, մենք քարկոծվենք դրա համար, որ ունենանք փոխելու հնարավորություն, որովհետեւ եթե ինչ որ բան վատ ես անում, փորձ ես ձեռք բերում, եթե շարունակում ես ինչ-որ նպատակ ունենալ լավ բան ստեղծելու, փոխվում ես, ուրեմն դա դառնում է քոնը։Մենք գնացինք այս ճանապարհով, որպեսզի ազատություն ձեռք բերենք, անհրաժեշտ ազատություն՝ մեր արածների, մեր որպիսության, մեր գործածի համար ինքներս պատասխան տալու։Կարծում եմ՝ հաջողեցինք, որովհետեւ այնքան հետաքրքիր է, որ դու ես քո որոշումների, քո իրագործումների, կյանքի, ուսումնական աշխատանքի տերը։ Դա 1989-ին էր, երբ որ մենք կարողացանք, ստեղծագործող ուսուցիչների մի մեծ խմբով, երեք Աշոտներով՝ Բլեյան Աշոտը, որպես նախկին թ. 183 դպրոցի տնօրեն, Մանուչարյան Աշոտը՝ հանրահայտ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Դաբաղյան Աշոտը, որպես թիվ 183 դպրոցի փոխտնօրեն:

Այս երեք Աշոտներով իրար ճանաչում էինք համալսարանից։ Մենք իրար հետ ուսանողական շարժումների էինք մասնակցել Երեւանի պետական համալսարանում, կարելի է ասել, որ մենք ընկերներ էինք։ Եվ  այսպես դասավորվեց, ճակատագիրը մեզ նորից միացրեց իրար 1985-ին` արդեն Երեւանի Շահումյան շրջանի նորաբաց թիվ 183 համարի դպրոցում, եւ մենք՝ երեք Աշոտներ, այսպիսի մտահղացում ունեցանք, որը մերը կլինի, որ կասենք. «Հա, մենք այսպես էինք ուզում»… Այն էլ կյանքը շատ արագ փոփոխվեց, Դաբաղյան Աշոտը դարձավ լուսավորության փոխնախարար, ապա աշխատանքը փոխեց, Ազգային անվտանգությունում անցավ աշխատանքի, Մանուչարյան Աշոտը դարձավ Ներքին գործոց նախարար, հետո Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական ՀՀ նախագահի, եւ այլն: Ես էլ, ճիշտն ասած, տարբեր պաշտոններ զբաղեցրեցի՝ պատգամավոր, Երեւանի փոխքաղաքապետ, կալանավոր (ծիծաղում է), բայց իմ գլխավոր պատասխանատվությունը կրթահամալիրի նոր մանկավարժության համար է, մեր մանկավարժության, որի հեղինակները մենք ենք։ Այդ հեղինակային գործը երևի պահանջում էր, որ ես չհեռանամ, և ես վերադարձա, որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, որի համար շատ ուրախ եմ, որ աշխատել եմ իմ կրթահամալիրում հետաքրքիր մարդկանց հետ։ Դու շրջապատված ես այդ մեծ թվով մասնագետ-ուսուցիչներով, դու գիտես՝ ինչ հետաքրքիր է նրանց հետ ծրագիր անել, այ, օրինակ, ինչպես «Տիեզերք» բենդն էր, հիմա արդեն՝ ձեր ֆոլկ-ռոք բենդը, հետաքրքիր է այնտեղ աշխատելը, գործելը, համերգներ տալը, այդպես էլ իմ կյանքն է հետաքրքիր:

— Ինչո՞վ է պայմանավորված Ձեր հեծանվով երթեւեկելը։

— Հարմար է։ Դե, իմ մանկությունն անցել է մեր թաղում՝ Սևանի փակուղում, Գետառի ափին: Ես, իհարկե, սիրել եմ, ունեցել եմ հեծանիվ, «Շկոլնիկ» հեծանիվ: Պարզ է, որ դպրոցական տարիներին սիրել եմ վարել, շատ լավ եմ վարել, բայց հանգամանքների բերումով թողնում ես հեծանիվը, Երևանը արդեն դրա համար չէր: Հետո ուսանողական տարիներին ընկերներով, արդեն երբ ավարտեցինք, Գևորգ Հակոբյանի հետ որոշեցինք ունենալ հեծանիվներ, ճամփորդում էինք, բայց դա էլ կիսատ մնաց։ Իսկ երբ որ լրացավ մեր վաթսուն տարին՝ իմ և կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի, մեր մոտ այդպիսի միտք առաջացավ, թե ինչու իրար նվեր չանենք, ամեն մեկս մեր հեծանիվը ունենանք… Այդպես էլ եղավ, ընկերները օգնեցին, ունեցանք լավ հեծանիվ՝ ինձ համար հարմար հեծանիվ, և արդեն երեք տարի է՝ ես անընդհատ հեծանվի վրա եմ, որովհետև հարմար փոխադրամիջոց է։ Մեքենա չեմ քշում, չեմ էլ կարողանում. քայլել կամ հեծանվով անցնել այդ ճանապարհը։ Բայց, իհարկե, եթե Երևանից դուրս ես գալիս շատ հեռու, ինչպես Գյումրի, ստիպված ես լինում գնացքով անցնել կամ մեքենայով։

… Դե, հիմնականում առավոտյան գալիս եմ աշխատանքի՝ Բանգլադեշ, Հրազդանի կիրճով, Ծովակալ Իսակովով: Ես դրան անվանում եմ դրախտի ճանապարհ, որովհետև դեպի հարավ Արարատ սարն է, դեպի Հյուսիս՝ Արագածը, քիչ այն կողմ՝ Արայի լեռը, անցնում եմ Արարատյան դաշտով, Հրազդանի կիրճով, Երեւանի լճով: Հիմա էլ հեծանվով պետք է գնամ կրթահամալիրի Հարավային դպրոց, անցնեմ Արևմուտք, ապա ժամը յոթին, երբ աշխատանքս ավարտեմ, իմ ընթացքով սիրուն կհայտնվեմ Խանջյան փողոցում՝ մեր տանը: Այդպես շատ հարմար է, հեծանիվները շատ արագ են, մոբիլ են, ամենահաս են, շատ «ինքնուրույն» են, ոչնչից կախված չեն, իսկ խցանումները ինձ չեն խանգարում: Հեծանվի վրա ես ինձ ազատ եմ զգում, ինքնուրույն, ավելի ինքնավստահ: Շատ հարմար փոխադրամիջոց է:

Ինչո՞վ է այն արդիական ու շահավետ, արդյո՞ք ավտոմեքենայով շատ ավելի արագ չէ։

— Չէ, Երևանում հաստատ արագ չէ, կամ՝ ի՞նչ ունես շտապելու, կանգնել կա, կանգառ կա, հարթակներ կան: Հրազդանի զմայլելի կիրճ ես մտնում և դուրս ես գալիս: Իմ կյանքը ես չեմ բաժանում, որ ամբողջ օրը նստած անցկացնեմ, հետո գնամ մի ժամ սպորտով զբաղվեմ. ես մարզական վիճակում եմ անընդհատ՝ թե՛ քայլքով, թե՛ հեծանվով: Հեծանիվը մեծացնում է ազատությունը, հեծանիվը մարդկանց հետ կապ է հաստատում, կանգնում եմ, դե, մարդիկ ինձ սովորաբար ճանաչում են: Հեծանվով կարող ես աջ թեքվել, մտնել թաղեր, բարձրանալ ինչ-ինչ բարձունքներ, հեծանիվը հայրենագիտության համար շատ լավ գործիք է: Ես կարող եմ թվարկել հեծանվի առավելությունները. ոչ մի թերություն չգիտեմ, որ մեքենային կտա առավելություն: Միայն այն դեպքում, երբ անցնում ես 30 կամ ավելի կմ ու մենակ չես, այդ դեպքում միկրոավտոբուս, ավտոբուս կամ գնացք ես նստում կամ էլ ինքնաթիռ: Մնացած դեպքերում հեծանիվը հարմար է՝ ահա ինչու ես չասացի՝ միայն ես ունեմ հեծանիվ, այլ կարճ ժամանակում կրթահամալիր մտան մեծ թվով հեծանիվներ, դպրոցների շուրջ կառուցվեցին հեծանվաուղիներ, և ես ամեն օր այնտեղ վարում եմ, առաջնորդում եմ: Հետևում եմ, որ այդ ճանապարհները լինեն անվտանգ, որ որքան հնարավոր է շատ երեխաներ, ծնողներ նույն հավեսը զգան, ինքնազգացողությունը նույնը լինի ինչ ես եմ զգում հեծանիվ վարելիս:

Դուք շատ սիրում եք ճամփորդել, երբեմն նաեւ հեծանվով. ո՞րն է ձեր տեսած ամենազարմանալի ու գեղեցիկ տեղը։

— Դա երևի այն տեղն է, որտեղ ես դեռ չեմ եղել: Հայաստանը հատկապես այնպիսի անկյուններ ունի, որ մտքովդ չի անցնի: Ճամփորդությունը ընդհանրապես բացում է այն, որ դու ինչ ոչ ճամփորդ վիճակում չէիր տեսնի. ճամփորդ վիճակում միտքդ արթուն է , հայացքը սուր է: Շտապել պետք չէ. երբ տեսնում եմ հետաքրքիր մի բլրակ կամ մի պուրակ, մի բարձունք, մի ծառ անգամ, հարթակ, լճակ, մայրամուտ կամ արևածագ, ես անպայման շեղվում եմ, եթե հնարավոր է, իջնում եմ, բարձրանում եմ, չեմ շտապում: Եթե ընկերներիս հետ եմ լինում՝ սովորողների, ուսուցիչների, նույնն էլ իրենցից եմ պահանջում՝ օգտագործելով իմ իշխանությունը։ Ասում եմ՝ ինչ ավելի լավ տեղ ունեք գնալու, քան ինչ որ հիմա դուք տեսնում եք: Այդ առումով, կարող է ամեն օր էդպիսի հայտնագործություններ լինեն, ընդ որում այդ հայտնագործությունները կարող են հենց Երևանում լինել: Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հրազդանի կիրճը այնքան հետաքրքիր անցուդարձ ունի, այնքան հետաքրքիր անցումներ ունի, որ չես կարող սպառել: Օրվա բոլոր ժամերին, նույն տան ճանապարհին ինչ-որ շինության ես նայում, և ինքը կարող է քեզ զարմացնել։ Ծաղկած ծառը կամ ծաղիկը, այստեղ տեսնելու խնդիրն է, դու տեսնո՞ւմ ես, քո աչքը դրա՞ն է «օհո» ասում: Բնությունը անկրկնելի է:

Աշոտ Բլեյանը կրթահամալիրի մանկապարտեզի երեխաների հետ. նրանց  սովորեցնում է ուտելով «մաքրել» ափսեն մինչեւ վերջ։

 Երբ փոքր էիք, ի՞նչ նվիրական երազանք ունեիք, փոքրո՞ւց եք երազել դպրոցի, հեծանվի, ճամփորդությունների մասին, ընտանիքում ինչոր մեկը դեմ եղե՞լ է ձեր ընտրած մասնագիտությանը։

— Վստահ եմ, որ ունեցելեմ նույն երազանքները, ինչ հիմա ունի Դավիթը, չեմ կարծում, որ շատ են տարբեր եղել, ես նկատի ունեմ Դավիթ Բլեյանին, որ վեցուկես տարեկան է ուզում դառնալ համառորեն։ Այնպիսի երազանքներ, ինչ դու ունես, տարբեր տարիքում տարբեր, չմուշկ ունենալ և անիվների վրա և սառույցի վրա, հեծանիվ ունենալ, հետո ավելի լավ հեծանիվ ունենալ, ապա նոր հեծանիվ ունենալ: Այնպես չէ, որ ուզեցել եմ մեքենա ունենալ, սեփական ավտոմեքենա (և չունեմ. իմ կինն է վարում՝ Արմինեն, և լավ է անում), իսկ հեծանիվ միշտ ուզեցել եմ ունենալ, և էլի բաներ օրինակ՝ ուսապարկ ունենալ, քնապարկ ունենալ, ճամփորդական պիտույքներ ունենալ. ուշքս գնում է դրանց համար:

Հիմա էլ եղանակը ավելի է տրամադրում արշավների: Այսօր առավոտ Արմինեն իմ ուսապարկը արդեն դասավորում էր ընտանեկան ամենատարբեր ճամփորդությունների համար: Ինչ վերաբերվում է մասնագիտությանը, հաստատ չէի որոշել ինչ դառնալ: Քսաներեք տարեկան էի և արդեն մի քանի աշխատանք փոխել էի հանգամանքների բերումով, և իմ հարգելի դեկանը ռադիո-ֆիզիկայի ֆակուլտետի՝ պրոֆեսոր Յուրի Վարդանյանը, ում շատ հարգում ու պարտական եմ, ինձ առաջարկեց փորձել ինձ մանկավարժության մեջ: Ես էլ մտածեցի՝ ինչու չփորձել: Մյուս օրը արդեն որպես փոխտնօրեն Երևանի թիվ տասը դպրոցում էի (այժմյան Խրիմյան Հայրիկի անվան թիվ տասը դպրոց). դա 1979 թվականն էր, և շարունակեցի մինչ 1985: Այդ օրվանից իմ կյանքը կապվեց մանկավարժության հետ:

— Ինչու եք բարեւելիս խփում մարդկանց ձեռքերին:

— Ընդհանրապես բարևելու տարածված ձևերը՝ «պաչ-պռոշտը», ինձ տգեղ են թվացել։ Ես ուզել եմ, որ հաղորդություն լինի. երբ ծանոթ կամ անծանոթ մարդկանց այդպես բարևում եմ, դրա մեջ իսկական շփում կա, չէ՞. մենք կպանք իրար, այդ շարժումը մեզ վստահություն հաղորդեց։ Եթե պետք է ողջագուրվել՝ ողջագուրվել, բայց ոչ «պաչ-պռոշտ»: Ինձ թվաց, որ դա շատ հարմար և սեբաստացիական է, իրար վստահություն փոխանցելու համար:

Կրթահամալիրի Արեւմտյան դպրոց-պարտեզի զատկական ծառը։
Կրթահամալիրի կերպարվեստի արվեստանոցում։

— Ինչի՞ց եք էներգիա ստանում, ո՞րն է ձեր վարդակը։

Կարծում եմ՝ ներսում են դրանք, այդ վարդակները. էներգիայի աղբյուրը մարդու ներսում է, որովհետև աստվածատուր բան կա ամեն մեկիս մեջ, մեզ Աստված է ստեղծել, հետևաբար մենք ազնվական ծագում ունենք, ինչպես Թումանյանն է ասել՝ «Հո, աշխարհ չե՞նք գալու հո նոր, իր տվածն ենք տալիս իրեն»: Մեր մեջ այդպես աստվածատուր շնորհք, տաղանդ կա, և այդ կյանքի կարճ ընթացքը, որ մեզ տրված է, դու պետք է կարողանաս հասցնել այդ ամենը վերադարձնել. որպես բարիք վերադարձնել, որպես երախտագիտություն, որպես պարգև վերադարձնել: Պահում ես, որ ի՞նչ անես, ո՞ւր տանես. իմաստ չունի պահելը:

Իսկ իմ աշխատանքում դա ստանում եմ դիմացինից, քեզնից: Այդ աչքերով, որ նայում ես ինձ, ժպիտովդ ջերմություն ես փոխանցում ինձ: Դրանք շատ կարևոր բաներ են. հակառակ դեպքում կդատարկվես, եթե չես ստանում: Պիտի լցվես: Ոչ թե եղած լավը փակել, այլ լիցքավորվել: Մարդուց պետք է լցվես: Դա ստեղծականությունն է, ժպիտն է, դա բարեհոգությունն է: Էդ բոլորը շատ կարևոր բաներ են, որոնք փոխանցվում, կուտակվում, դառնում են էներգիա: Այդպես է առաջանում էներգիա, եւ այսպես՝ անընդհատ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կրթության և գիտության զարգացումը ՀՀ կառավարության նոր ծրագրի համատեքստում

Հանրային դիվանագիտություն. «Պարադիգմ»-ին, Գևորգ Մելիքյանին հյուր։ Աղբյուրը՝ PARA TV-ի էջը youtube-ում։

«Մի՛ ուրացեք ձեր ընկերոջը». ինչո՞ւ Վանոն մեզ հետ չէ

Աղբյուրը՝ 1in.am Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է, նա դառնում է 68 տարեկան, ու ես այս քանի օրը իմ տեղը չեմ գտնում: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի