Հենց սա եմ ես անվանում Ծաղկազարդ կամ Ծառզարդար կամ գարնան տոն կամ Նոր տարի… Կրթական պարտեզը «Բալենիներ» սեբաստացի նախագծով համալրվեց ևս վաթսունհինգ տնկիով՝  բալենի, սալորենի, տանձենի… Նախագծի աջակիցներ՝ Օշական գյուղի բնակիչներ Գայանե Երիցյան և Նորայր Ալեքսանյան: Տնկիներից բաժին ունեցա՞ն կրթահամալիրի դպրոցները:  Վահրամը Մարտիրոսյանն իր հայտնի սեբաստացի կիսաբեռնատարով պարտիզապուրակային նախագծերին ավելի ու ավելի շատ ժամանակ է հատկացնում, սիրով, իհարկե: Դավիթը Բլեյան երեկ երեկոյան մայրիկի հետ տանը հպարտանում-պատմում էր իր տնկած մրգատուի մասին… Դավթի և Էդմոնդի ընկերությունը… Էդմոնդ պարտիզպանը Դավթի հերոսն է կրկին։ Եվ երեկ ողջ օրը Էդմոնդն էր կրթահամալիրի դպրոցների նախագծային խմբերի ուշադրության կենտրոնում։ Լավ է, որ ապրում ենք կրթահամալիրի հենց այդ ժամանակները, որ Էդմոնդի պես առաքինի երկրագործը դառնում է կրթահամալիրի հերոս-խորհրդանիշը… Մնացածը, չեմ վերապատմելու, ով աչք ունի՝ տեսավ-կտեսնի Արմինե Թոփչյան տիարի համհարզի (շնորհակալ եմ, Թոփչիկ) կինոֆոտոաուդիո շարքերում, հաղորդագրություններում՝ կրթահամալիրով մեկ տնօրենի հետ շրջայցի որոշակի հայտարարված խնդրով-խելացի, կազմակերպմամբ, որոշակի արդյունքի տեսչավորմամբ…

Արևելյան դպրոց-պարտեզի բալենիների պուրակը:
Նկարաշարը՝ Անահիտ Գևորգյանի:

Կարևոր փոփոխություններ են կատարվել կրթահամալիրով մեկ ծառզարդարից ծառզարդար, և մեծով-պստիկով պատրաստ ենք մեր կրթական պարտեզին մեծ սարալանջի յուրացմանը՝ որպես Սեբաստացի պանթեոն-կրթական պուրակ, ուսումնական արձակուրդի գարնանային ճամբարներին «Կրթական պարտեզ» նախագծով աշխատանքների հաջորդ մակարդակին-լուծումներին, ճամփորդությամբ ուսուցմանը… Եվ այսպիսի մանկավարժական կազմակերպմամբ, նրա բոլոր փուլերում-ամբողջական բլոգային ուսուցումը՝ իր բոլոր դրսևորումներով, ցույց է տալիս իր ողջ հմայքը…

«Ձոն» նախագիծ. բաց նամակ մայրիկներին:
Ֆոտոշարը՝ Կարինե Բաբուջյանի:

Երեկվա շրջագայության ողջ ընթացքում մի միտք, որ ինձ չի լքում, բարձրաձայնում եմ անհոգնել, մեր ուսումնական կյանքի ծիսականացման ուղերձ է դառնում ուղղված բոլոր տարիքի սեբաստացիներին… Տղաներն աշխատում են՝ փորում են, փխրեցնում են, մաքրում են, տնկում են, ջրում, աղջիկները պարում են, երգում են, կարդում են տղաների շուրջբոլոր, մեր բացած, ի ցույց դրած քարափներին, բարձունքներին, բազալտե հսկա քարերին, որ արժեք է, ոնց աղբի պես թափես-կոտրես, աշխատանքային օրվա վերջում էլ սեղան են գցում, հյուրասիրում, տղաներին ներս՝  շուրջպարի, պարերգի բերում… Մարտը, ապրիլը՝ իրենց երկրագործությամբ, տղաներին աղջիկներից զանազանելու, ծուլությունը տղաների միջից քաղհանելու, աղջիկների՝ երկրագործի արորին էլի ծեսով պատվելու շրջան է ծառզարդարը…

Կաքավ եմ քարի միջին, ցորեն եմ ցանե,
Ձեն կուտամ ձորի միջին, ցորեն եմ ցանե… 

«Ձոն» նախագծային տրամադրություն Հարավի պարտեզում:
Ֆոտոշարը՝ Գայանե Թորոսյանի:

Մելինե Մարտիրոսյանին մեր տանը կարոտում ենք այնքան, որ օրեր առաջ Դավիթը հանկարծ սկսեց լացել ու Մելինեին կանչել… Կա համի ուժը, կա և գրի, մտքի, քրոջ կապի ուժը… Հալալ է, ասել եմ (հիմա իմ ընկեր Սուսանը, կգտնի, այ, սրա հաստատումը, կբերի որպես շարունակություն անհրաժեշտ օրվա իմ պատումի)՝ 1991-1993-ին կտրված ու Իսակովի փողոցում գերանների նման մնացած քոթուկների հիմքերը… վերապրեցին… Սրանից յուրաքանչյուրի մոտ կանգնել եմ քանի՜ անգամ, ոտից գլուխ, մինչև երկինք չափել, օրվա բոլոր ժամերին ոտքով-հեծանվով-մեքենայով իմ ճամփորդության ուղեկիցներ են: Շնորհակալ եմ, քույր իմ, Մելինե, «Վերապրածները» շարքի համար, ես նման դրսևորումները… անպատասխան չեմ թողնում… Սրանք, ծառերից յուրաքանչյուրը, իմ ընկերներն են… Ավելին ասեմ… այս կապն է ինձ համար հայրենիքը, հայրենին…

Ծառաշարը՝ Մելինե Մարտիրոսյանի։

Մեր տան, օրվա գլխավոր ազդեցությունը Մարգարիտի Դավիթն է՝ այս լուսանկարով… Գուրգուրում ենք երեքով, զմայլվում, ձեռքից ձեռք անցկացնում, թռցնում, պտտում…

Ու օրվա  թեմա է դառնում ծծկան Բլեյան Դավիթը՝ կնոջ ծոցի նկատմամբ հայտնի-չթուլացող հետաքրքրությամբ։
— Աստծու խանութի՞ց ես առել, մայրիկ, էս… ծիծիկները…
Ծառզարդար է… Դավթի լեզուն հենց ծեսի է՝ կենդանի, շիտակ, ձայնեղ… Չի գործածի հակակրելի «կրծկալ» բառը.
— Կրծկալն ի՜նչ է, պա՛պ։
Ինքը «ծիծ»-«ծծկալ» է ասում, ու այնքա՜ն քաղցր… մորից մոտ երեք տարի կերած կաթի հոտը գալիս է…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1321

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կենսախինդ, առույգ պատանին՝ որպես նվեր հանրապետությանը

Ես ավելի ու ավելի վստահ եմ ինձ զգում հեծանվի վրա, ավելի լավ գիտեմ տուն-դպրոց-տուն ու կրթահամալիրի դպրոցների ճանապարհները։ Պետք է այնքա՜ն լավ իմանաս ճանապարհին հեծանվորդին հանդիպող վտանգները, օրինակ՝ ջրափոսերը, մայթերի

Ամեն ինչ այնքան ծորուն է, երբ կարոտում ես…

Առօրյայից իմ-մեր, տեսեք՝ որքա՜ն-ինչե՜ր, շիտակ-հուզիչ բաներ են ծորում իմ հոկտեմբերի 26-ի մութ ու լույսի մեջ… Միշտ ավագ դպրոցական (հասուն) Թամի՝ Թամար Աճեմյանի «Ամեն ինչ այնքան ծորուն է, երբ կարոտում ես» մոնոներկայացումից, մոնոներկայացումների

Ուրախության-հաջողության բրենդի մանկավարժություն

Գլխավոր ձեռքբերումը այն կյանքն է, որով սեբաստացի մարդիկ ապրում են կրթահամալիրում, որ փաստեցինք կրթության և գիտության նախարարության կլոր սեղանից առաջ, երեկվա մեր հրապարակային հերթական շրջայցով, այս անգամ Հարավի դպրոց-պարտեզում, այն իրական