Դավիթ Բլեյանը կրկնել չի սիրում. կրկնել, ասել է, թե ձեր ուզածը հնչեցնողը չի. կձևափոխի, մի զավեշտ-փիս-արգելված բան կասի, որ կփոշմանեք: Բերանացի գիտի ողջը, ինչ համարվում է հայ մանկագրության, հայ մանուկի համար ընտրանի, ներառյալ երգերը, բայց «միջավայր» է պետք, որ ինքն իրեն երգի կամ արտասանի, որ որպես բնական մի բան առաջանա… Երկուշաբթի առավոտ քնած էր, ինչպես Մսրա Մելիքը, մեր նոր շամփուրներով դաղելն էլ չօգնեց, կախարդական գուլպան էլ… Արտակարգ իրավիճակ տնօրեն-պապիկ-հայրիկի բնակարանում, և շտապ տեխնիկական օգնությունը չուշացավ. «մորաքույր Րուզանը», ով սրանով հաստատում է իր տեղը «Դավթի ամենամարդիկ» թոփ եռյակում՝ հայրիկ-մայրիկից հետո… Վերցրել է գիրք՝ քնից առաջ կարդալու. ուշ է, ոչ մայրիկը կարդալու ուժ ունի, ոչ, առավել ևս, ես, ու խեթ-խեթ նայելով գնում է… դեպի դուռը… Դավիթ, ո՞ւր… Ուզում եմ մորաքույր Րուզանը գիրք կարդա՝ լսեմ… Առավոտյան, երբ վերջապես արթնացել է, մորաքրոջ խնամքին հանձնված հագնվել է, մորաքրոջն ուղեկցել է նրա աշխատավայր Հիմնական դպրոց… Փոխանակ հետո իր դպրոց-պարտեզը գնալու, Դավիթն անակնկալ է մատուցել , մնացել է Հիմնական դպրոցում… Դեմը չես առնի՝ ասեց-ուզեց՝ համառությունից ուժերը բազմապատկվում են. չի լսում, չի տեսնում… Հիմնական դպրոցում հատկապես հավանում է Տաթև Մելքոնյանին՝ 6 տարեկան դարձածների 5 տարեկանների խմբով… Ցուցադրում իրեն, խաղում, ապրում ստուգատեսային-ճամբարային աշխույժ-ստեղծական-բաց միջավայրում, իսկը Դավթի համար՝ սիրի-շփվի- իմացի-ճանաչի-ճախրի-ոգևորի ու ոգևորություն փոխանցի… Մղվում է դեպի խոհանոց-ակումբ-ընթերցարանի գրքերը. ժամերով կարող է թերթել գունազարդ գրքերը, նույն հետաքրքրությամբ, ինչպես խաղը մեքենաների հետ. նախընտրություն չկա, այլ հերթով, մեկ մեքենաներով է խաղում, մեկ գրքերով… մեկ մարմնամարզություն է անում՝ գլուխկոնծիները ներքնակի և թռիչքները բազմոցի վրա… հետո հեծանվով խրախճանքները… Հիմնական դպրոցը չգիտեմ՝ ինչպես, բայց Դավիթը, Գոհար Բալջյան ջան, լավ հավանել է ձեզ. հիմա արթնանա, տեսնենք՝ ի՞նչ է որոշում հերոսը…
Դերասան Հովիկ Գալոյանին, մեր կրթահամալիրի լավ բարեկամին, սիրով շնորհավորում եմ. կեցցե´ք Մագդա Մարկոսյանի հետ, ով միանգամից երեք երեխա է պարգևել օրերս…
Ծնունդները, դրանց քանակը կապ ունեն, երևի, հասարակության դրական սպասումների հետ… Ինձ բռնեցի, ասեմ ինչում. հերթական գիշերային (03.00-ի 04.00-ի արանքում) էքսկուրսն էի անցկացնում հասարակական-քաղաքական-հայաստանյան տնտեսական (հատկապես տնտեսական) մշակութային-կրթական մեդիա-տիրույթներով… Դրական սպասումների բացակայություն, միայն բացասական գրգիռներ են փոխանցվում այնպես, որ փախչում եմ mskh.am… Դրական գործերի, դրական լուրերի, կենսական կանչերի կղզի է իսկական՝ ստուգատեսային, ճամբարային նախագծային կրթահամալիրը. համեցեք, օր երկրորդի ծրագիրը թերթեք, տեսնեմ՝ շնչասպառ չե՞ք լինի. ագահ մարդու ախորժակի համար ծրագիր է…
Ու, կարծես մտածված, կանգնեցի Շվեդիայի մասին պատմող Միջին դպրոցի 8-2 դասարանի սովորող Մերի Երանոսյանի «Շվեդիայի տնտեսական հրաշքը» նյութի վրա: Ինչու է հիմա Մերին իր աշխարհագրության ուսուցիչ Մարթա Ասատրյանի խորհրդատվությամբ ընտրել, կատարել այս ուսումնասիրությունը: Ասեմ, տեղին է … Այ քեզ դրական սպասումների հասարակության աշխարհ… Ապրի՜ր…
Մարմնամարզական ստուգատեսի 2-րդն օրն է
Մարգարեթ Թետչերի մոտ, ով հայտնի է Երկաթյա լեդի մականունով, հանդիպեցի այս խոսքերին. «Պարտադիր չէ սեփական հարուստ բնական պաշարներ ունենալ՝ հարուստ երկիր դառնալու համար: Այդ նպատակին կարելի է հասնել նաև դրանց իսպառ բացակայության դեպքում» … Կարծես Հայաստանի համար ասված լինի, որքան էլ մենք բացարձակ զրկված չենք բնական կոչված պաշարներից՝ խմելու ջուր, հանքանյութ, գրավիչ բնություն…
Պատմական այս լեդին ծնվել է նպարավաճառի ընտանիքում: Սակայն եղավ առաջին կինը, որը Մեծ Բրիտանիայի պես հզոր պետության վարչապետը դարձավ ու պահպանեց աթոռը 11 տարի: Ընդունված է այն փաստը, որ նրա անձն ու աշխարհի շատ պետությունների ղեկավարների հետ նրա մտերմիկ կապերն անկասկած նպաստեցին սառը պատերազմի դարաշրջանի ավարտին: «Երկաթե լեդի» մականունը, որը նրան շատ էր դուր գալիս ու կպավ, հենց խորհրդային լրագրողներից եկավ:
Տարիների բացասական սպասումների հաղթահարման քաղաքական ճանապարհ չէ՞ Հունաստանի ժողովրդի 2015թ. այս օրերի համապետական ընտրությունը … Ձախ արմատական Սիրիզա կոչվող կուսակցության 40-ամյա ղեկավար Ալեքսիս Ցիպրասը, ով ապրում է Աթենքի բնակելի արվարձաններից մեկում, աշխատանքի է գալիս հեծանիվով, ընդամենը մի քանի տարում, տեսեք, օրինական ընտրությամբ դառնում է կառավարություն ձևավորող կուսակցության ղեկավար, որպես վարչապետ ձեռնամուխ լինում նոր Հունաստանի քաղաքական ծրագրերի իրագործմանը… Եվ այս բոլորը ողջ Եվրոպայի համակ ուշադրության կենտրոնում… Բեկո՞ւմ: Իհարկե: Անկախ նրանից՝ կհաջողի՞ իր կառավարությունը, քանի՞ ամսվա կյանք կունենա, սա նոր մեկնարկ է, քաղաքական նոր հարթությունում գործելու հույների ինձ անխուսափելի թվացող որոշում…
…Ի՞նչ կապ ունի՝ որտեղից ուր հասավ իմ օրվա պատումը… Դրական սպասումներ էի փնտրում՝ շարունակելով իմ էքսկուրսը արտա-Հայաստանով՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք… «Սառը պատերազմի ժամանակ» չես անվանի, լավ էլ տաք պատերազմի շրջանում ենք հայտնվել…
Ամենակարևոր ռեսուրսը մարդն է. պետությունը պետք է պայմաններ ստեղծի՝ մարդկանց տաղանդը բացահայտելու համար /Մարգարիտ Թետչեր/…
Սկանդինավյան հրաշքը այստեղ պիտի փնտրենք. Շվեդիան, Ֆինլանդիան …կարողացան որպես պետություն միջավայր դառնալ՝ մարդու տաղանդը լիարժեք դրսևորելու համար… Մենք էլ մի պետություն ենք կրթահամալիրով. սրան են ուղղված հեղինակային մանկավարժության հիմնական ռեսուրսները՝ մեզանում ապրող՝ սովորող-աշխատող մարդու դրսևորման համար… Ստուգատեսային-ճամբարային-նախագծային կազմակերպումն էլ այստեղից է եկել. սա այնքան պարզ է, ուրախ եմ դրա համար, որ ստուգատեսին մասնակից Շուշվա և Սպիտակի պատվիրակները միանգամից որսում են. տեսեք՝ ինչ լավ են զգում մեր «պետությունում»… Իրիկունը Շուշիի դպրոցի հայտնի-եռանդուն տնօրենը, խմբով, ու ես մեր տանն ենք. գիտեք, մենք Նազիկ Նալբանդյան-Միշա Խաչատրյան ընտանիքի հետ հարազատական կապերի մեջ ենք. զրույցի ընթացքում քանի՜ անգամ կարևորվում է տաղանդը բացահայտելու-դրսևորելու խնդիրը որպես թիվ մեկ մանկավարժական… Օգտվո՞ւմ են սեբաստացիներն այսպիսի հնարավորությունից, ինչպե՞ս են օգտվում. ահա խնդիրը, որով մտահոգ՝ առաջիկա գրերս կարևոր մասով նվիրելու եմ սրան: Կմասնակցի՞ սեբաստացի սովորողը, ուսուցիչը, ծնողը, շրջանավարտն այս խնդրի քնարկմանը. սրան եմ նվիրելու Ղափամայի ծեսի շրջանում հրավիրվելիք ակումբ-կլոր սեղանի պարապմունքը:
Արհեստների դպրոցում երեկ բացվեց գեղեցկության նոր սրահը. նախանձելի միջավայր՝ տարատարիք սովորողների տեխնոլոգիական դրսևորման համար: Այսօր կբացվի այլոց նախանձը շարժող գործիքաշինության և ինժեներիայի արհեստանոցը… Ողջ օրվա իմ կիզակետում մարմնամարզության մեծ դահլիճն է՝ անընդհատ իրար փոխարինող կրտսեր դասարաններով… Ժամը 15.30 ես չէի կարողանում հայացքս կտրել դասվարների մարմնամարզական խմբից, ովքեր պատրաստվում էին հանդիսավոր ելույթի՝ նույնպիսի լրջությամբ, ինչպես քիչ առաջ Մարմարյա սրահում ելույթ էին ունենում ուսուցիչները՝ իբրև վոկալ ութնյակ… Լավ է, իհարկե, հոյակապ է, կասեր իմ վաղեմի ընկեր Զարեհ Սարգսյանը… Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ չեմ անդրադառնում «Առականի» բլոգին: Պատրաստվում եմ, կարդում եմ, հետևում եմ հեղիանակային խմբին… Առաջիկա գրերում՝ անպայման… Անհատի, խմբի ամեն մի նշանակալի դրսևորում ինձ այնքան է ոգևորում, որ ես դառնում եմ փոխանցող բնական…Ինչպե՞ս պահպանել ստուգատեսային-ճամբարային այս լիցքերը՝ անընդհատ ուսումնական կազմակերպումը դարձնելով մարդու դրսևորումը:
Չարենցի ձայնը լսեցի.
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա,
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։