Որտե՞ղ փնտրես նոր տարվա ոգին… Իմ գիրը այս շրջանում այդպիսի մի փնտրտուք է… Այս գիշեր, ողջ գիշեր, երեք անգամ արթնացումով ջանում եմ պատմել իմ հայտնագործությունների մասին… Չի ստացվում… Չե՞մ գտել… Պատմե՞լս չի գալիս… Իմ գիրը բռնության չի տրվում, ես համառորեն ազատում եմ այն ենթատեքստերից-տողատակերից, որ լինի-դառնա իմ պատումը յուրաքանչյուր օրվա ամենաշիտակ տարածքը… Ինչպես ապրո՞ւմ եմ… Որ ապրեմ առանց նախատինքի, որ իմ կնոջից անգամ թաքցնելու ոչինչ չունենամ…

Հասմիկ Մաթևոսյանի ու իր ընկերների երեկվա Աշտարակով հիացա, նախանձից պայթեցի… Ա՜յ քեզ մանկավարժության մաքուր տարածք… Այս, ո՞նց:

Դավիթ Բլեյանին ճանապարհին սովետական մեքենաներն են հետաքրքրում…
— Ցո՛ւյց տվեք,- պահանջում է…
— Ինչո՞ւ սովետական, ի՞նչ է սովետը…
— Բա ի՞նչ եղան սովետի մարդիկ…
Ծիծաղից պայթում եմ՝
— Ես՝ մեկը ես, մեկը՝ մանկությամբ, մայրիկ Արմինեն, մեկն էլ՝ քո հորեղբայր Ստեփանը, որ եկել էր երեկ, ամբողջությամբ…

Ամանորի նվերը՝ սեփական ձեռքով. վերապատրաստվողների աշխատանքը բաց արվեստանոցում:

Իսկ տանից դուրս գալիս, չեք հավատա, արթնացել ենք տնեցիքով, երեքով, էս երրորդ անգամ, ժամը 8-ին առտու… Դավիթը խաղաղ-անշտապ, առաջադրանքն էլ չի կատարել…
— Ի՞նչ պիտի ասենք,- հարցնում է,- ընկեր Լուսինեին…
— Կասենք,-ինքն էլ պատասխանում է- հորեղբայր Ստեփանը եկել էր, տունը խառն էր, չհասցրեցինք…
Իր կարմիր պայուսակից սև պայուսակ ուսումնական պիտույքներն է տեղափոխում…
Ես հանում եմ իմ հագած–կապած վերնաշապիկը ու նոր, երեխայի պես ուրախանալով, վանդակավոր վերնաշապիկը հագնում, զմայլվում… կռասավեց՝ հայելու առաջ։ Երնեկ ձեզ՝ այսօր ինձ տեսնողներիդ, այս արդուզարդով… տրամադրությամբ…

— Ոչինչ պապ, ինչ երեկ չհասցրիք, այսօր կանենք, հենց հասնենք դպրոց, պապ, կանենք, լա՞վ… Խոստացիր…
Խոստացա…

Կապույտի մեջ, կապույտի միջով…
Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից: 

Ու հիմա բարձրանում եմ կրթահամալիրի Բանգլադեշով կապույտի մեջ, կապույտի միջով նոր տարվա խորհուրդը՝ գումարած ոգին, արևի ոսկին եմ փնտրում… Առօրյայում այո, բայց ծառերի միջով, ծառերից վեր, ծառերով սկսվող երկինքը կապույտ… Այֆոն ջան… Այս շարքը լուսանկարների՝ ոնց որ շանթարգել, փրկություն մի… Այս քանի օր, կարևոր մի բան եմ կորցնում-գտնում, Չարենցի օգնությամբ, կարդում եմ, լսեցեք, նոր տարվա խորհուրդը պիտի գտնենք չէ՞ միասին…

Կապույտի մեջ, կապույտի մեջ — արևի ոսկին:
— Քնիր, քնիր, կապույտ աղջիկ, չզարթնես ծեգին:
Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են, կարթնանան հիմա:
Ու զանգերը ղողանջում են` կարկաչուն, հնչուն,-
Փախցնում են աստղերի չուն և կանչում, կանչում:
Խաչը զանքի, երգը զանգի,- կապույտում վերջին.
Զարթիր, զարթիր կապույտ աղջիկ ու նայիր խաչին…
Նա ոսկի է, երկինք նետած մի կտոր ոսկի.
Նա — մի երազ, ոսկի միրաժ արթնացած խոսքի:

#1232

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հիմա էլ տանկով կրակոցի ներքո

Դավիթ Բլեյանն Արմինե մայրիկի հետ եկել էր ինձ օրվա վերջում Մեդիակենտրոնից տուն տանելու… Իր պարտեզում երկա՜ր, մինչև երեկոյան մութն ընկնելը՝ համարյա ժամը վեցը, քնել էր մեծացող մարդը… այնքա՜ն, որ մորաքույր-դաստիարակ

Երևանյան օրերի խրոնիկա գիր է…

Մարթա Ասատրյանին հանդիպեցի Մեդիակենտրոնի մոտ՝ կրթահամալիրի ավագ դպրոցի պատանիներով, հիմնականում տղաներով շրջապատված. «Երևանի ջրանցքները» նախագծով Մալաթիայի ջրանցքից քայլում-խոսում են։ Միասին լինելու, քաղաքն իր իրական խնդիրներով հայտնաբերելու-խնդիրները քննարկելու կենսական ուժն է…

Պրծա՞նք էս «հին ու նոր» տարիների ծուղակից…

Օրը «մեր Բենուրինն է»՝ մաթեմատիկայի ուսուցիչ Բաբկեն Փաշինյանի ծննդյան օրն է: Աստղիկ Ավագյանի ղարաբաղերենով ողջ «ուզում եմ, որ» և «ուզում չեմ» մաղթանքները mskh.am-ի փաթեթով քեզ, եղբայր իմ… Զարմանալի-եզակի մասնագիտություն դառավ