Ծիծաղ:

Առավոտը Հյուսիսային դպրոցի պարտեզում. տեսանյութն այս բաց էի թողել… Ո՜նց չծիծաղես։

Դժվար քնեցի, կտորներով, արթուն եմ կեսգիշերին՝ 12-ն անց կեսից մեկը, հետո 3-ից 4-ը, հետո 6-ից… Հեշտ բան չէ էս ծննդյան օրը ամեն տարի հանդուրժելը: Ո՜նց ծիծաղես։ Մարիետ Սիմոնյանն ու Վիլյամ Սարոյանը գիտեն…

— Երբ ե՞նք գնալու Արևմտյան Հայաստան… պա՛պ…
Դավիթ Բլեյանը կիրակի կեսօրով, ինչ զենք-զինամթերք-զրահ ունի՝ առաջին պատրաստության է բերել…
— Էս ի՞նչ ռազմական շքերթ է, իմ ծննդյան օրվա՞ պատրաստություն…
— Չէ՛, պա՛պ, գնում ենք թուրքերի հետ կռվելու…
— Ե՞րբ ենք գնում Արևմտյան Հայաստան…
Ծիծա՞ղ… Սա էլ ռուսերենի նման մի բան է, ո՜նց է փոխանցվում, Չարենցը, կասեր՝ տան մի անկյունում մռմռացող կատվի պես…

Իսկ իմ ծննդյան օրվան Դավիթը մայրիկի հետ նրբանկատ, որ ինձ չհրահրեն, պատրաստվում են… Արմինեն վստահեցնում է, որ փուչիկ փչելը Դավթի տարիքում առողջարար-կարևոր է… Թող փչի, վեց դեղին փուչիկ, ինձ օգտակար է Դավթի աշխատանքին հետևելը, հատկապես, որ եզակի պահ է, թույլատրում է նկարել… Օգտակար է և Արմինեի հետ կարկանդակ պատրաստելը՝ Տաթև քույրիկի պատվերով… բայց առանց նկարելու իրավունքի…

Դավթի նկարները՝ Արմինե Աբրահամյանի:

— Ուրարտու պետությունն ինչի՞ է անհետացել քարտեզի վրայից…
— Ուրարտուն որ հայկական պետությունն է եղել, ինչո՞ւ հիմա մենք ուրիշ անուն ունենք…
Ինչքա՜ն է կարդում, դիտում-լսում իր նոթբուքով, որի հետ շատ արագ ընկերացավ… ինչը չարեց հայկական պլանշետի հետ… Ո՞ւր են մեր պլանշետները գրադարանային, ո՞վ է օգտագործել, ո՞վ է օգտագործում… Արտադրվո՞ւմ են դրանք, փոխվե՞լ են… Մեր նոր սեբաստացիներից քանի՞սը, որպես պահանջվող ուսումնական թվային գործիք, դրանից ունի։

— Ինչո՞ւ հայերը ռուսների հետ չեն կռվել, պա՛պ… Արաբների, պարսիկների, թուրքերի հետ կռվել են, ադրբեջանցիների հետ հիմա էլ կռվում են, բայց ռուսների հետ չեն կռվում…
Դադար. դադարներն իմ մանկավարժական զինանոցում են, Դավթի նկատմամբ ավելի ու ավելի կիրառելի…
— Հարցերը հնչեցնում ես, լավ է, հետո գալիս է դրանց պատասխանները գտնելու հերթը, Դավի՛թ…
— Երևի մեզ հարևան չեն եղել…

Իրենը հաճախ հարցերն են, պատասխաններն էլ գիտի-կիմանա։ Դադարը մեծ եղավ՝ չես հասցնի, Դավիթն ո՜ւր հասավ իր նոր հարցով…
— Արայի լեռ վերադառնալո՞ւ ենք… ե՞րբ…
Հաստատ վերադառնալու ենք, կիսատ ճամփա թողեցինք հայր ու որդի… Մի նոր ճամփա է, որ հիմա պարզորոշ նորից գծագրվում է… Մենուա Հարությունյանը, գիտենք արդեն, Արայի ստորոտի Երնջատափ գյուղից է… Արայի սարից, մեզ բաց չթողեց. ես դեպի Աստվածընկալի կիրճ էի ձգում, ինքը՝ տուն հայրական։ Իր ասածով եղավ: Մենք ծանոթացանք Մենուայի ընտանիքին, հայրիկին, մայրիկին, եղբորը, տատիկին… Աչքով տեսանք այս ամառ իր քաղած-կուտակած դեզը՝ 1000-1200-ի չափ հակ, կարտոֆիլի իր մշակած դաշտը… Ի՜նչ լավ սեղան գցեցինք դրսում, դիմացը՝ կարտոֆիլի-կաղամբի խնամքով մշակած բոստանից այն կողմ, ձգվող-կանչող Ծաղկունյաց լեռները… Ճանապարհն էլ՝ պարզ, Նորաշեն, շատ եմ լսել, գեղեցիկ գյուղով… Աստվածընկալի կիրճով Քասաղի, հյուրասիրության Մենուայենց ծիծաղով տանը, մածուն-պանիր-գազար-բազուկ տնական, ու Ծաղկունյացով անցում Մարմարիկի հովիտ… Ե՞րբ, սեպտեմբերի 16-ի՞ն։

Արայի լեռ վերելքը՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

«Ինքնասպանվող» Հայաստան հրապարակման չակերտի հետ կարելի է չհամաձայնել, բա՛ց թողեք, վիճարկե՛ք եզրակացությունները, բերեք ձերը, բայց… 2017թ. ինքնասպանության վերաբերյալ 410 ահազանգը, որից 117-ն իրագործվել է, Հայաստանի նման տարածքով ու բնակչությամբ երկրի համար նրա բնակչության որպիսության անհանգստացնող ցուցանիշ է՝ ծնունդների նվազման ու արտագաղթի չթուլացող աճի թվերի կողքին դրվող: Ես, օրինակ, իմ դիտարկումներն ունեմ և անում եմ՝ Ժողովրդագրկան տխուր ու մտահոգիչ պատկեր՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ հրապարակումից առանձնացնելով հետևյալը: 2010-2016թթ, վեց տարում, մենք ունենք ծնունդների 10% նվազում՝ 44 հազարից 40 հազար 600 ծնունդ: Իսկ 2017-ի առաջին կիսամյակի ծնունդների տենդենցը եթե պահպանվի, ապա տարվա համար կունենանք… 35 հազար ծնունդ… Վանաձորում աշակերտների թիվը, ըստ Արթուր Սաքունցի գլխավորած հայտնի հասարակական կազմակերպության, վեց տարվա ընթացքում նվազել է 43%-ով, ուսուցիչների թիվը՝ 25%-ով: Այստեղ մեծ բաժին ունի արտագաղթը Հայաստանից, որ տարեցտարի, դասարանից դասարան սովորողների թվի մասին վիճակագրական ցուցանիշ է դառնում։ Իր տեղն ունի նաև ներգաղթը… Երևան: Կրթահամալիրի օրինակով գիտենք, որ անհանգստացնելու չափ շատ ընտանիքներ, այդ թվում՝ ամուսիներից մեկը ուսուցիչ, աշխատանքի ետևից տեղափոխվում են Երևան:

Արևմտյան դպրոցի աշնանային լողափում:
Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի: 

Այսպիսի կյանքը, որքան էլ կանայք հաստատ ավելի տոկուն են… չի կարող գեղեցկության պահպանության լրացուցիչ միջոցներ չպահանջել… Գեղեցիկ տեսք ունենալու 11 գաղտնիք՝ պարզ միջոցներ. ընթերցումը համոզիչ դարձրեց դրանց օգտակարության ու գործածման մատչելիությունը յուրաքանչյուր կնոջ համար… Գեղեցիկ լինել միշտ ու ամենուր՝ դուք պարտավոր եք: Սա արդեն առանց ծիծաղի։

#1140

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սարալանջի ուսումնական նախագծի մեկնարկի մասին է իմ գիրը

Ի՞նչ գույն ունեն Բանգլադեշում, նաև կրթահամալիրի տարածման գոտում մետաղները՝ ավտոտնակների դռներ, ցանկապատներ, էլեկտրական ու այլ սյուներ, վահանակներ… խողովակներ… Ժանգոտ, իհարկե: Ճարտարապետ բարեկամ Համլետ Խաչատրյանի աչքից իր կրթահամալիրյան երկօրյա շրջայցում ո՞նց

Թարմ-թեթև է ճամփորդի իմ հոգին…

Երբ սովորականի պես, 1057-րդ անգամ անընդհատ, ցերեկը ժամը 3-ին մոտ իմ բլոգում կլուսարձակի օրվա գիրն իմ, մենք Թիֆլիսում կլինենք… Յուրա Գանջալյանի սիրալիր առաջնորդությամբ, Արմինեի ու Դավթի հետ։ Ճամփորդական դիտարկումներն իմ

Երախտագետ, ասել է թե պատմական-աստվածային ծագումը իմացող…

Գևորգ Հակոբյանը մեր գո՞հ մնաց իր ավագ ծննդյան օրից՝ չի իմացվի… Լավ է, որ Հակոբյանների ավանդական հայաթին միացան Մարմարյա սրահն ու Գեղարվեստի բակը. որքա՜ն հուզիչ պահեր եղան օրվա մեջ։ mskh-ի