Արթուր Բախտամյանի «Չակերտներ» հեղինակային հաղորդաշարի անկեղծ զարմանքի ձայնը հենց նոր լսվեց. «Օրագրից հետո էլ գործի՞ եք գնում… Թե արդեն ասել եմ՝ իմը դա է, դուք արեք, ես իմ գործը պրծա»… Է՜, Արթուր ջան, սրանք ինձ մինչև գերեզման կաշխատեցնեն էլ, կխոսեցնեն էլ. ծեսի պես մի բան է՝ եկեղեցով, հարիսայով… շենքերի վթարներով… Առաջիկա հունվարյան ճամբարներով և ձմեռային ստուգատեսներով… Բակային ուսումնական նախագծերով…
Այս տարի աշունն ուշ եկավ, տեսեք՝ ծառերին ինչքա՜ն կանաչ սաղարթ կա, աշունը կերկարի ու կերկարի… Նոր-նոր քաղաքում ծառերի աշնանային էտման ու այլ բարեկարգման աշխատանքներ են տարվում… Կրթահամալիրի միջդպրոցական պատշաճ անցումների, մեր նորաստեղծ այգու, գյուղացիական տնտեսությունների նախագծերի իրականացման լավ շրջան է նոյեմբերի կեսն էլ, դեկտեմբերի սկիզբն էլ…
— Արևը մայր մտավ, լուսինը դուրս եկավ, ի՜նչ պակաս լույս է… Սիմոն ջան…
— Բա պայմա՞նը…
Շատ քայլեք օրվա մեջ, սիրելիներս, դպրոցների բակերով, միջդպրոցական անցումներով՝ զննող հայացքով քայլեք… հա՛մ կուրախանաք՝ իրոք շատ գործ ենք արել այս տարում էլ, սեպտեմբեր-հոկտեմբերին էլ, համ էլ կիսատն ո՞ւմ թողնենք. նոր տարին իր հոգսերն ունի բազում, անցնող տարվա հոգսը թող նրան չմնա… Արտեմ Խաչատրյանը թող այս հինգշաբթի մեզ ուղեկցի… Դուրս գանք Արհեստներից ու թափառելով, անցենք Նոր դպրոցով դեպի Գեղարվեստ կամ Նոր դպրոցով Մայր դպրոց ճանապարհը… Կամ դուրս եկեք Դպրոց-պարտեզից ու այգով, անշտապ հասեք Մայր դպրոց… Թափառեք. մեր այս ճանապարհներին էլ արդեն նկատելի փոփոխություններ կան. դրանք կամուրջներ են, որ կապում են… ուսումնական դրսևորման ինչպիսի՜ միջավայրեր… Իսկ հաջորդ օրը, Մեդիաուրբաթ-համերգից հետո ես կրթահամալիրի վարչակազմին հաճույքով կուղեկցեմ մեր գյուղացիական տնտեսություն… Քայլենք միասին, միասին տեսնենք, ուրախանանք արածով, միասին որոշենք անելիքը: Այսպես է ստացվել. մենք Հարավարևմտյան զանգավածի տարբեր թաղամասերով՝ մի ուսումնական ցանց ենք ու պիտի ազդենք ողջ ցանցով մեր միջավայրի վրա… Սա անքննելի ու անդարձ է այլևս: Եղել է այդպիսի շրջան. մի տեղ՝ Մայր դպրոցի շուրջ հավաքվելու: Մերը ցանցային զարգացումն է՝ մեր անմիջական ու մեծ թաղային միջավայրներով, մեր Հարավարևմտյան զանգավածի ութ կրթական օբյեկտների շուրջ… Միջավայրի զարգացման մյուս ուղղությունը կապվում է ութ շինություն-բակերից յուրաքանչյուրի հնարավորությունների առավելագույն-ամբողջական օգտագործման հետ, որպես հետաքրքիր-զարգացող կրթական միջավայրեր. որպես կրթական պարտեզներ… Այո՛, բոլոր նկուղները պիտի կապվեն իրենց անմիջական բակերի հետ, շենքերի տանիքները՝ բակային տարածքների հետ բազմահարթակ ու բազմակապ լուծումներ առաջարկեն-դառնան, իսկ սրանք միասին, որպես նոր-գրավիչ-խնամված-արդիական միջավայրեր ազդեն ուղղակի իրենց շրջակա տարածքների («Շրջակա աշխարհ» դպրոցական դասընթաց կա) վրա… Այս ամենը, իհարկե, կրթահամալիրի զարգացման ծրագրի ուղղություններ են 2015-16 թթ. համար, բայց էական անելիք կա 2014-ի նոյեմբեր-դեկտեմբերի համար… Ես ասացի, դուք լսեցիք, հիմա չգիտեմ՝ իմ երկուշաբթիի անելիքը որն է…
Ես, գիտե՞ք, խիտ, շատ խիտ եմ ապրել՝ սկսած ուսանողական շրջանից, համալսարանական 1-ին կուրսից բուռն հանրային կյանքով կապվել իմ ժամանակի ամենատարբեր գործիչների հետ՝ մի քանի փուլով… Պայմանական այդ շրջաններն են՝ ուսանողական համալսարանական, 1972-78 թթ., մանկավարժական՝ 1979-1989 թթ., քաղաքական-պետական գործունեության՝ 1990-2006 թթ. և նոր շրջան՝ 2006-ից սկսած՝ առ այսօր միայն կրթահամալիրի տնօրենի շրջան…
Ես ուզում եմ տասնյակ հանրային դեմքերի (մշակութային-գիտական-կրթական-քաղաքական գործիչներ) իմ ընտրությամբ բերել բլոգապատում, իմ օրագրում պատմել՝ կարճ նոթերի ձևով… անչար-բարի-անանձնական, իհարկե… Այսպիսով, Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցներ, իմ օրագրում՝ շարքին սպասեք… Սուսան Մարկոսյանը տեսնում էր mskh.am-ի դեմ ոտնձգության նշաններ… Գրեց Տիգրան Փարսիլյանին, ինձ ասաց: Ես հանդիպեցի Տիգրանին, խոսեցինք: Տիգրանը, իրեն բնորոշ, անորոշ, Աստծուն վայել անվրդով… թվարկեց մեկ-երկու բան… որ հիմա անում է… Արդեն քանի՞ ժամ mskh.am-ն անհասանելի է: Կեսգիշերից անց է՝ 1.00-ի, 2.00-ի արանքում: Արմինեի ծննդյան օրն է: Օրը այսպես սկսվեց…