Իրիկունը 8-ին տանն ենք․ Դավիթ Բլեյանը բազմոցին, էկրանի առաջ, իր TV-մեդիա հերոսների կարոտն է առնում։ Արմինե վարորդը չեմպիոն-ռեկորդսմեն վարորդի ցուցանիշներն է ճշտում՝ 330-350 կմ, մինչև Սևան, Սևանի շուրջ, պարագծով ողջ ու Սևան-Երևան․․․ ոչ մի քերծվածք, ցնցում, ՃԵԿ-ի խախտում, ես էլ՝ հուսալի-խաղաղ-հանրաճանաչ-բազմապրոֆիլ ուղեկցի իմ կարգավիճակով․․․ Ուշացումով, բայց երեկվա իմ անոնոսով խոստացածս անեմ…
Մեր «Տոյոտա Յարիս» ճպուռն էլ սպիտակ թե լեզո՜ւ առներ․․․ Հերոս մեքենա, իր ֆիրմա ջիպի անունը այս երկու օրում վարորդին լրիվ անծանոթ, քիչ ծանոթ ճամփեքին իսկի հիշեցի՞նք։ Երբե՛ք։ Արմինեն ու իր էկիպաժը* արշավախմբային հավաստագրի ամբողջական ստուգում անցավ-հանձնեց. հալալ է։
— Դավի՜թ, Հայաստանը Սևանի շուրջ այս ամբողջական պտույտով ի՞նչ եղավ․․․
— Մեծացավ, պա՛պ, շա՜տ մեծացավ․․․,- ծիծաղում է, կանխում հարցս մյուս,- հա՛մ տարածքով, հա՛մ մարդկանց քանակով․․․ Իսկ Սևանը՝ և՛ օվկիանոս, և՛ ծով, և՛ լիճ․․․
— Ե՛վ աչքի լույս,- ավելացնում եմ ես։
Համաձայնությանն ենք ուզում գալ օգոստոսի օրացույցի՝ աշխատանք+ճամփորդություն արշավախմբային․․․ Հայաստանով մեկ. աշխատանքային հերթապահ-վճռական օրեր իմ ու Արմինեի, ճամբարային առօրյա Դավթի համար, Արագածի հարավային գագաթի նվաճում, Ճամբարակով Իջևան արշավ՝ Շուշան Բլեյանի ներառումով, Արթուր Ահարոնյանի ու Հայկ Դավթյանի չլսված-չտեսնված համերգը կրթահամալիրի «Սեբաստիա» համերգասրահում, Աժդահակում Նավասարդյան տոներ․․․ Արշավ-լող Սևան-Արտանիշի տարածքում․․․ Բլեյանների՝ Ծղուկի-Ուխտասարի հավաք․․․ Իմ աշխատանքային օգոստոսին ընդգծված անելիք կա՝ կրթահամալիրում հնգամարտի (ձիավարություն, նետաձգություն-հրաձգություն, սուսերամարտ, վազք, լող), եռամարտի (լող, վազք, հեծանվավարություն) զարգացման ծրագրի և 2017-2018 ուստարվա աշխատանքների ներկայացումը ՀՀ վարչապետին ու Երևանի քաղաքապետին․․․
Սևանի արևամուտը՝ Մելինե Մարտիրոսյանի ֆոտոխցիկից:
Երկօրյա ավտոարշավով կարողացանք միավորել Արեգունի-Գեղամա լեռնաշղթաները մի պարագծում-հայացքում, կարողացանք տեսնել-գնահատել մեր աչքի լույս Սևանա ծովը, իր ավազանը․․․ Հայտնագործությունների-հիացմունքի-վայելքի անսպառ-անճանաչ մի ավազան․․․ կապուտակ աշխարհի չքվելու-հայտնվելու հերթագայող ուղեկցումով․․․
— Որքա՜ն մեծ է Սևանը․․․ Մե՜ծ է, մե՜ծ, պա՜պ, ապրե՛ս, որ ինձ Սևանով տարար․․․
Դավթի այս ճանաչումով, միշտ ուշացած, բայց անհրաժեշտ պիտի անցնեն, ինչո՞ւ չեն անցնում մեր սովորողները, սեբաստացիական խելամիտ-հետևողական օրացույցով, շուրջտարյա ուսումնական նախագծերով․․․ Այս երեք միլիոնանոց ժողովրդով երկրին (երկու միլիոն՝ Հայաստանում, մեկ միլիոն՝ Երևանում), սիրում է կրկնել Դավիթը, Սևանն՝ իր Հրազդանով, Արարատյան դաշտն՝ իր արտեզյանով, Արփաչայ-Ախուրյանն՝ իր Շիրակով մեծություն-այլ մասշտաբներ են հաղորդում, մեզ այնքա՜ն պակասող զգացումներ, հայրենիի նոր չափումներ․․․ Ի՞նչ անես, երբ Դավիթը համառորեն թվարկում է աշխարհի պետություններ, խոսակցից հանկարծ լսած, ու համեմատում հերթական անգամ՝ որ երկիրը մյուսից մակերեսով և բնակչությամբ քանի անգամ է մեծ․․․ Իսկ այսպես, արշավելով, ոտքով-մեքենայով, երկրի մեծությունից կարող է հոգնել ու տպավորված-վաստակած քնել՝ ինչպես հիմա․․․
Սևանա լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:
Շարունակ, ամեն քայլի՝ նոր հանդիպումներ, նոր մարդիկ, նոր շփում․․․ ինչպես Փոքր Մասրիկ գյուղի կամրջի վրայից մեզ նկատած Կարենը, որ շատ ուզեց, որ մեզ հյուրասիրի։ Ու Դավիթը խաղի նոր ընկերներ գտավ, նոր տատիկներ, քույրեր-եղբայրներ․․․ ինչպես Լանջաղբյուր գյուղի փողոցում մեզ բռնացրած Փուրթոյենց Ատոմը ընտանիքով, ում Դավիթը կրթահամալիրի տեղեկատվական թերթիկ հանձնեց ու հասցրեց հիշեցնել իմ ու Արմինեի տարիքները․․․
— Սևանը մեծ է, պա՜պ, շա՜տ մեծ, ես տեսնում եմ, պա՜պ,- ու․․․ համաձայն է Սևանը, ինչպես Կասպիցը, ծով անվանել՝ Գեղամա ծով․․․ Իսկապես, ինչո՞ւ Սևան… եթե անգամ ժողովրդական ստուգաբանությունը հիմքում լինի՝ որպես սև Վան… Իմ հիշողությունից չի ջնջվում 7 տարի առաջ Վանա լճով մեր պտույտը…
#1107
* Էկիպաժ (ֆր. equipage) — 1. (հնց.): Կառք՝ նմանատիպ փոխադրամիջոցների ընդհանուր անվանումը: 2. Անձնակազմ՝ ինքնաթիռի, տանկի և այլն, սպասարկող կազմը: