Արթնացա առտու 6.00-ին… Ես արթնացա, խոստովանեմ՝ այդ երկար քնով չհաղթահարած երեկվա ծանր զգացողությունները, որոնց մասին որքան էլ ուզեցա այսօր գրել, չկարողացա. զոռով գրելու օրագիր չէ իմբլոգապատումը, երբեք: Օգնության համար դիմեցի mskh.am-ին և ստացա լիուլի: Ի՜նչ մազալու 15-20 րոպե անցկացրեցի իմ համակարգչի առաջ. Գրիգորյան Աշխենը, Աշխեն Թադևոսյանը, Գոհար Սմբատյանը, Դիանա Գևորգյանը, Կարինե Բաբուջյանը մեր մանկավարժության ֆիլմաարտահայտման շքերթ էին կազմակերպել կայքի առաջին էջում: Կեցցեք, շնորհակալ եմ, պաչիկներ: Իսկ Անի Սարգսյանը, Սուսան Ամուջանյանը, Մարինե Մկրտչյանը, էլ չեմ ասում վերևն Աստված, ներքև Գրիգոր Խաչատրյանը, այսպիսի բազում, բազում խմբագրություններով պիտի արագացնեն Հայաստանում ամենամեծ պահանջարկ ունեցող Սեբաստացի TV կամ Ինքնաբուխ TV-ի հեռարձակումը Հայաստանի, Եվրոմիության, Եվրասիական (նեղանալ չլինի) ողջ տարածքով:
Մեր հոկտեմբերիկները՝ հինգ տարեկան սեբաստացիները, գույն և իմաստ են հաղորդում մեզ՝ ավանդական դարձած իրենց ամենամսյա հավաքներով, որպես մեկ ամսվա գործունեության հրապարակային ներկայացում… Հինգ խումբ, 122 սան, ամբողջական կրթական միջավայրում, տիկին Աիդայի ու իր «Պարտեզի» ուղղորդմամբ պատրաստված ոգևորված դաստիարակ ուսուցիչների և ուսուցիչների օգնականների, ուշադիր կոնկրետ ծնողների ներկայությամբ՝ տանը թե դպրոցում…
Հինգ տարեկանների ուսուցման ծրագիրն ինձ ավելի ու ավելի շատ է հետաքրքրում-զբաղեցնում, որպես մուտք կրտսեր դպրոց. 2-4 տարեկանների ընդհանուր զարգացման խմբերը մսուր-պարտեզային են… Տոլստոյն ասում էր. «Հինգ տարեկանից մեծահասակ՝ կես քայլ է»… Այս տարին, միևնույն է, լիարժեք ուսումնական է, անհրաժեշտ է, որ մանկավարժական միջավայրը համապատասխան լինի հինգ տարեկանի կայտառ, գլորվող, հոսող-թռչող մարմնին… Ու դառնում է… Ահա քեզ մեր հեղինակային մանկավարժության մշակման, իրականացման, ներկայացման մի կարևոր ծրագիր-նախագիծ…
Շարունակում եմ պատասխանել Դպրոց-պարտեզի 3-րդ դասարանցիներին. այս անգամ Հայկ Աբրահամյանի հարցերն են առաջ եկել։
Ինչու՞ ենք դպրոցում կենդանիներ պահում: Ճագարը, նապաստակը, թութակը, ձկները, շները, կատուները, ծովախոզուկները նաև ընտանի կենդանիներ են. այս բառի մեջ կա պատասխան քո հարցին, հակառակը մենք իրավունք ունե՞նք ընտանի կենդանուն դուրս հանել տանից:
Դպրոցը իմ, քո, ձեր տունը չի՞: Մենք ապրում ենք մեր կենդանիների հետ: Կենդանիները դպրոցում իրենց պիտի նույնքան լավ զգան, որքան ես, դու, ընկեր Հռիփսիմեն: Եվ քանի որ մենք ասուն ենք, խոսելու ունակություն ունենք և խոսքին համապատասխան գործելու կարողություններ, մենք պիտի խնամենք յուրահատուկ լեզու ունեցող մեր երկոտանի, չորքոտանի, բազմոտանի, անոտանի, թևավոր ու անթև բարեկամներին: Ավելին՝ պատրաստվում ենք ունենալ մեծ գյուղացիական տնտեսություն հենց դպրոց պարտեզի հարևանությամբ՝ ձիերով, իշուկներով, ուլեր-գառներով, իսկական գյուղացիական տնտեսություն: Ոգևորեցի՞: Կենդանիներին խնամելը ուսումնական աշխատանք է: Եվ մենք սկսում ենք այն սովորել:
Ինչու՞ ենք գնում ճամբար: Հայկ ջան, ինչո՞ւ ենք ճամփորդում, ինչի՞ ենք հաղթահարում բարձունքներ, ինչո՞ւ ենք ճանաչում հայրենիքը, ինչո՞ւ ենք հայրենագետներ…
Մենք սովորում ենք ամենուր, մենք մոբիլ ենք ու ստեղծական՝ 25 տարի, վրանում, դաշտում, ավտոբուսում, փողոցում, թանգարանում, արձակուրդներին, շաբաթ, կիրակի, անընդհատ սովորում ենք ու սովորում: Սովորելը, իմանալը, ճանաչելը քեզ, քեզ շրջապատող աշխարհը, տիեզերքը ամենագրավիչ ու անվերջ մի զբաղմունք է՝ ողջ կյանքի համար: Ճամփորդները հեքիաթի նման, կարելի է դու գիտենաս Հայկ ջան ա՜յ էն սարի ետևում: Ուզո՞ւմ ես իմանալ: Դե ուրեմն գնացինք ճամբար՝ իմանալու:
Ինչու՞ մեր վրա չեն ջղայնանում: Կան հարցեր և կան հռետորական հարցեր, սա ես սիրով անվանում եմ հռետորական հարց, ահա ինչու լավն է քո դպրոցը, որովհետև դու ոչ թե զայրույթ, այլ ուրախություն ես պատճառում, ընկեր Հռիփսիմեին, ընկեր Տաթևին, ընկեր Սոֆյային, ինձ իհարկե: Իրար ուրախություն պարգևելու մեր դպրոցը:
Ինչու՞ է մեր դպրոցը լավը: Այստեղ են ասում, դու ասացիր, Հայկ ջան. քո դպրոցն է, և ինձ մե՜ծ գոհունակություն է պարգևում, որ դու, քո ընկերների հետ, ընկեր Հռիփսիմեի հետ ձեզ լավ եք զգում: Դարձրեք այն ավելի լավը, ամեն օր: Մեր դպրոցը առանձնահատուկ է հենց սրանով, որ ոչ միայն կարող եք, այլև ենթադրում է, մղում է ձեզնից յուրաքանչյուրին նաև ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին ձեր ջանքերով, ձեր տաղանդով, ամենօրյա ձեր գործերով ավելի ու ավելի լավը դարձնել այն:
Այսօր թատրոնի օր է։ Այն մտքից, որ Գեղարվեստի ավագ դպրոցի Հայկն ու Սուրենը իրենց հմայիչ ուսուցչուհու հետ մասնակցելու են միջազգային փառատոնի, դեռ պիեսն էլ թարգմանել է իրենց կերպարվեստ-կոմպոզիցիայի ուսուցիչ Արման Գրիգորյանը, լավ եմ զգում՝ անհանգստանալու աստիճան, հատկապես որ փառատոնին մասնակցում են Գեղարվեստի դպրոցի շրջանավարտները՝ կինոյի-թատրոնի ինստիտուտի շրջանավարտներ Սոնա Արսենյանն ու Տիրուհի Հակոբյանը։