Մեր Դավիթը տղա՜ է, տղա՛, ինչպես ինքն է հաճախ հիշեցնում, ու ինչպես իրենց մաշկի վրա դա ամեն անգամ զգում են իր քույրիկներ Արևիկը, Սոնուլիկը, Մելինե-Մարիամիկը։ Երեկ հերթը Նազենի կրտսեր Հովհաննիսյանինն էր։ Նազենին, որ արջի ուժ ունի, բայց պանդա արջի փափուկ սիրտ, ավագ քույր է, չէ՞, Դավթի համար, շփոթվել էր Դավթի այս տղայական կոպտությունից։ Իսկ խաղը այն երանությունն է, որ պարգևում են Դավթին իր քույրերն ու եղբայրները՝ բոլոր տարիքի։

Ես չգիտեմ, Դպրոց-պարտեզի Հռիփսիմե Առաքելյանի 3-րդ դասարանցիները՝ Հայկ Աբրահամյանը և Մանե Աբգարյանը, ասենք, կարդացե՞լ են իմ 139-րդ, 140-րդ գիրը, ինձ ուղղված իրենց հարցերի իմ  պատասխանները՝ նրանցում ընդգրկված։ Ինչպե՞ս են կարդում… Ինքնուրույն բացում են ashotbleyan.mskh.am, կարդո՞ւմ են, հետո տանը, դասարանում շարունակվում-քննարկվո՞ւմ է իմ օրագիրը…

20-րդ դարի հայտնի մաթեմատիկոս-մեթոդիստ Ջեյմ Փոյան, որ մաթեմատիկան սովորողի և սովորեցնողի մտածողության զարգացմանն ուղղված գործունեություն դարձնելու այնքա՜ն եռանդուն-հետևողական ջանքեր էր գործադրում, ով աշխարհում այդպիսի, ամենաշատ կարդացված «Ինչպես խնդիր լուծել», «Մաթեմատիկական հայտնագործություն» գրքերի հեղինակն է, մեզանում հայտնի ու տարածված ուսուցման պատվիրանների հետ թողել է մեկը, որի կարիքը հիմա զգում եմ` երբեք մի՛ պատասխանեք հարցերի, որոնք սովորողների մոտ չեն առաջացել։ Սուսան Մարկոսյանի հետ կարծեմ խոստացել էինք մեր հեղինակային մանկավարժության սկզբնաղբյուր աշխատությունների գրադարանում նորից անդրադառնալ Փոյայի ժառանգությանը, Փոյա թարգմանել…

Չկան տեղին ու անտեղի, լավ ու վատ, հիմար ու խելացի հարցեր (դատավորը կա այս դասակարգման մեջ), կան իմ հարցեր, կան քո հարցեր, կան հնչած հարցեր, և կան, այո, արհեստական-անանուն հարցեր… Ասյա Միրզոյանի այս չորս հարցերին, ես, իհարկե, կպատասխանեմ, քանզի դրանք Ասյայի հարցերն են։

Ինչու՞ է մեր դպրոցը տարբերվում ուրիշ դպրոցներից: Մեր դպրոցը ստեղծվել է հենց այդպիսին՝ որպես ուրիշ։ Մեր բոլորիս դպրոցը, որ որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր 1989թ. սկսեց գործել, եզակի է, առաջինն է Հայաստանում, որտեղ ուսուցման ողջ գործի պատասխանատուներ-հեղինակներ դարձան կրթահամալիրի ուսուցիչները՝ տիկին Աիդան, Մարիետ Սիմոնյանը, Սուսան Մարկոսյանը, Գևորգ Հակոբյանը, Աշոտ Տիգրանյանը, Նաիրա Նիկողոսյանը…. հիմա նաև՝ ընկեր Տաթևը, ընկեր Հռիփսիմեն, տիկին Սոֆյան… Թող ընկեր Հռիփսիմեն շարունակի՝ ինչ է անում ինքը, որ ուրիշ են դառնում ձեր պարապմունքները, ձեր դասարանը։ Դժվար-հետաքրքիր է, երբ դու ես սովորողների, նրանց ծնողների հետ քո անելիքը որոշում-քննարկում, ստեղծում, ընտրում, պատասխան տալիս քո սխալների համար։  

Տիար Բլեյան, ինչու՞ ենք մենք ընդհանուր պարապմունք անում: Ուրիշ դպրոցներ ինձ հիշեցնում են բազմաբնակարան շենքերը. ամեն դասարան «ապրում է» մի բնակարանում։ Մենք մեկ ենք, առանց ներքին պատերի ենք, իրար ճանաչում ենք, իրար հետ հանդես գալիս, ուրախանում իրար հաջողություններով։ Օրինակ, դու որտե՞ղ պիտի ծափահարեիր 4-րդ դասարանի Արայիկին շախմատի չեմպիոն դառնալու առթիվ, կամ որտե՞ղ հանդիպեիր կրթահամալիրում ստեղծվող ռոբոտներին։ Միասին ուրախանալը, միասին նույն երգերը երգելը, պարելը, միասին ներկայանալը մենք անում ենք նաև, որպես դպրոց՝ ամենօրյա ընդհանուր պարապմունքների և, որպես կրթահամալիր, ամենուրբաթյա համերգ-պարապմունքների միջոցով։ Տեսեք՝ մեր Տոնն էլ այդպիսին է՝ որպես միասնական ուսումնական նախագիծ։ 

Ինչո՞ւ ենք մենք երգում, հետաքրքիր պարեր ենք սովորում: Ուրախությունը, միասնականությունը, համերաշխությունը ամենահեշտը ինքնաբերաբար դառնում են երգ, պար, ծափ, հավաք, տոն… Ուրիշ է, երբ ինչ-որ մարդիկ գնում են պարի, երգի խմբեր, ուրիշ է, երբ դա քո առօրյան է։  

Ինչո՞ւ է մեր դպրոցի գրատախտակը էլեկտրոնային, իսկ մյուս դպրոցներինը` ոչ: Էլեկտրոնային են ոչ միայն Դպրոց-պարտեզի գրատախտակները, այլև Նոր դպրոցինը, Հիմնական դպրոցինը, Գեղարվեստի կրտսեր դպրոցինը, Միջին դպրոցինը, Ավագ դպրոց-վարժարանինը, Գեղարվեստի ավագ դպրոցինը, Արհեստագործական դպրոցինը, Քոլեջինը… Հետաքրքիր կլինի՝ կապ հաստատել բոլոր էլեկտրոնային գրատախտակների միջև։ Իսկ մենք լավ ճանաչո՞ւմ ենք մեր գրատախտակները, ամբողջությա՞մբ ենք օգտագործում նրանց հնարավորությունները։ Խնդրեմ, հաշվեք, թե քանի էլեկտրոնային գրատախտակ կա կրթահամալիրում, դասարանով մտածեք՝ ինչպիսի միասնական առաջադրանքներ կարող եք հորինել, ինչպես միասնական հանդես գալ այս տոնին մեր գրատախտակներով։ Ի՞նչ են փոխում նրանք ձեր կյանքում, ի՞նչ կլիներ, եթե հանկարծ մի օր կրթահամալիրի բոլոր էլեկտրոնային գրատախտակները վերցնեին ու չքվեին։ 

Մենք չե՞նք մոռացել՝ ունենք անխոնջ Էլեն Միրզոյան, որ Դպրոց-պարտեզում 1-ին դասարանից ամենուր էր՝ մեր բոլոր ստուգատեսներում, ընդհանուր պարապմունքներում, հավաքներում… Կա՞ կապ Ասյա և Էլեն Միրզոյանների միջև։ Որտե՞ղ է հիմա նշանավոր Էլեն Միրզոյանը, ինչո՞ւ նրա զվարթ ձայնը չի լսվում մեդիայում։ Էլե՜ն, որտեղ էլ դու կաս աշխարհում, արձագանքի՜ր. հիմա, Սեբաստացու օրերը, կրթահամալիրի տոնը Տոն է դառնում քո ձայնով, քո տեսքով…

Գեղարվեստի կրտսեր դպրոցում ինձ կրկին բռնեցին մեր հինգ տարեկանները. նրանք, Աիդա ջան, մեր Գնելի «ռոբոտիկների» նման շատանում-տարածվում են, ամենուր են, նրանք շատ հետաքրքրասեր են, զվարթ, շատակեր, Գնելի նման, մարդամոտ… Ահա խոհանոցում ինձ բռնեցին, կերան-խոսեցին-ծիծաղեցրին, աշխարհի բոլոր հարցերը տվեցին-ստացան-վերադարձրին… Ի՜նչ սիրելի-դաժան գործ է շաբաթը հինգ օր ժամը 8.30-17.00 այսպիսի աշխարհում ապրելը, Անուշիկ Աթայան ջան։ Ու ես հիշում եմ «Բզեզի դպրոցը»…

Վարպետ Բըզեզն ամռան մի օր
Դըպրոց բացեց մեծ ծառի տակ
Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ…

— Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ,
Պիտի սովրեք, սովրեք անվերջ,
Որ իմանաք ինչ է ձեզ պետք,
Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ։

Իսկական բզեզի դպրոց՝ բը՜զզ հա բը՜զզ… Սա էլ քեզ Օրագրի 141-րդ գրի վերնագիրը՝

Ո՜ւհ, մարդ քարից պիտի լինի,
Ձեր մեջ գըլուխ կըճաքի։

Ահա հինգ տարեկանները՝ բոլոր 122-ը կթահամալիրի հինգ նախակրթարաններում իմացան, որ խոհարար ընկեր Նունեի, Վարդուհու, Մարիետի, Հիմնականի Նունեի,  Վարսիկի պատրաստած ճաշերի առաջին ամանները սիրելու համար չեն, այլ ուտելո՜ւ, ձեր ուսուցիչ ընկեր Անուշիկին, Լուսինեին, Հասմիկին, Աշխենին, Տաթևին, նրանց օգնականներին սիրեք, մայրիկ-հայրիկներին, տատիկ-պապիկներին քույրիկ-եղբայրներին …. սիրեք, իսկ ճաշերը՝ բոլոր տեսակի, կերեք մինչև վերջ ու դրանց փայլուն մաքրած ամանները՝ որպես շնորհակալություն հանձնեք հատ-հատ… Ի դեպհ, տիկին Աիդա, իսկ ե՞րբ ենք բացելու վեցերորդ խումբը։ Հակառակը չանեք, հետևելու եմ մեկիկ-մեկիկ, Գնելի ռոբոտներին կարգելու եմ ինձ օգնական՝ ամեն ինչ նկարեն-ձայնագրեն-տեսագրեն- պատմեն… Ես էլ ինձ համար պարտեզի ծառերից մեկի տակ քեֆ քաշեմ… Տեսաք՝ ռոբոտները ոնց էին իրենց նոր ընդարձակ սրահից դուրս եկել ու բռնել Մարմարյա սրահը, դարձել ընդհանուր պարապմունքի հերոսները… Կրթահամալիրի ռոբոտացումը այլևս անշրջելի մի ընթացք է, ուռա՜…

Ընդհանուր պարապմունք-համերգի պատրաստության շրջանը երեկ Մայր դպրոցում վայելեցի… Ի՜նչ հետաքրքիր էր Միջին դպրոցի հետ… Մարիետ Սիմոնյանի ու ընկերների կողմից 6-9-րդ դասարանցիների ընտրությամբ գործունեության երկու ամիսների արդյունքների հրապարակային ներկայացումը՝ որպես մեդիաուրբաթ-համերգ, որ Մարմարյա սրահում ամեն ուրբաթ է՝ ժամը 15.15-16.00, խելացի էր մտածված, աշխույժ-կենդանի պատրաստված։ Ինձ հետաքրքիր էր Մայր դպրոցում այդ ընթացքին հետևելը։ Տեսա՞ք՝ ինչքան կոչեր ծնվեցին Մարմարյա սրահում։ Ի՜նչ ուրախ էր՝ իսկական համերգ…

Հետո իրիկունը՝ ժամը 8.30, ՆՓԱԿ-ում՝ Հայկ Գրիգորյանի, Սուրեն Պողոսյանի համերգ-ներկայացում-մոնոելույթն էր «Մեկ քառակուսի մետր» միջազգային թատերական փառատոնում։ Ինձ, ահա, ոգևորում է այս համերաշխությունը, ստեղծագործական ակտի ամբողջական կայացումը՝ որպես ավագ դպրոցի ուսումնական աշխատանք. սովորողներ Հայկ Գրիգորյանը, Սուրեն Պողոսյանը իրենց ուսումնական աշխատանքը բերել են հանրապետական հայտնի, մեծահասակների փառատոն կամ փառատոնին մասնակցությունը վերածել ուսումնական աշխատանքի։ Ավագ դպրոցի ուսուցիչ Քնարիկ Ներսիսյանի համար ռեժիսուրական ինքնուրույն աշխատանքի իրական դեբյուտ է՝ հարգելի ժյուրիով, բեմով, լեփ-լեցուն դահլիճով… Հայկի-Սուրենի ընկերներն ու ուսուցիչները համերաշխության ինչպիսի ցույց են կազմակերպել՝ հանդիսատես են, ցավող են, գնահատող են… Երազել կարելի է… Արման Գրիգորյան արվեստագետը, ով գնահատում է Հայկի տաղանդն ու աջակցում է դրա դրսևորմանը, ամբողջականությանը (նկարչական, գրողական, թե դերասանական՝ կյանքը կորոշի), հատուկ Հայկի ու Քնարիկի համար թարգմանել է այս լուրջ սցենարը… Սա «Ստեղծողի մոբիլ դպրոց» կրթական ծրագրի հերթական մի ներկայացում է հրապարակային, ինչպես շաբաթներ առաջ գերմանացի նկարիչների հետ վարպետության դաս-ցուցադրությունները։ Եվ ներկայացումից հետո կազմակերպված մասնագիտական երկարատև քննարկման ժամանակ, որին ես մասնակցեցի, այնքան կարևորված-նշանավոր էի զգում, ինչպես իմ մայրը՝ ծնողական ժողովի ժամանակ, ինձ այնքա՜ն գովեցին… Հետո ոգևորված Հայկը, Սուրենը, Քնարիկը, Արմանը անշտապ-հանդիսավոր-կարևոր պիտի քայլեին, իրենց գեղեցկուհի ռեժիսորին ուղեկցեին մինչև աշխարհի ծայրը՝ Բանգլադեշ, Արմանին մինչև մյուս ծայրը՝ Բաղրամյան… Այ, ունենար մարդ այդպիսի ռոբոտ, Գնել ջան, դներ թաքուն Քնարիկի պայուսակի մեջ, մասնակցեր այդ թափառումին. ինչ կարևոր օրագիր է մնում իմ բլոգապատումից դուրս… Ռոբոտի էջերը մնում են չգրված, Գնել ջան, արագացնենք, ես ընթերցող ընթերցողի հետևից եմ կորցնում…

 

5 thoughts on “Ո՜ւհ, մարդ քարից պիտի լինի, ձեր մեջ գլուխ կճաքի”

  1. Հայկը հիացրեց 🙂 կեցցեն թե՛ Հայկը, թե՛ Սուրենը, թե՛ ռեժիսորը, թե՛ մյուս բոլոր մասնակիցները։ իսկապես հպարտանալու էր ։)

  2. Narine Ayvazyan
    Ողջո՜ւյն, տիար Բլեյան։
    Ձեզ գրում է Միրզոյան Էլենը:
    Կարծում եք, թե կորել, մոռացե՞լ եմ ձեզ, մեր ՄՍԿՀ-ը։ Ոչ ես շատ եմ հիշում, կարոտում եմ ամենքիդ ու ամեն ինչ: Մոսկվայի ռուս դասընկերներիս անընդատ օրինակ եմ բերում մեր դպրոցը, էնքան եմ պատմում… էնքան եմ խոսում, հենց բառերը չեն հերիքում հայերեն եմ խոսում։ Անցյալ տարի հաղթել եմ Կենգուրու մրցույթին գրավել եմ առաջին տեղը Մոսկվայի թիվ 1141 դպրոցում, որտեղ հիմա սովորում եմ: Իսկ Եղեռնի օրը էնպես ներկանացա պատմության դասին, որ միակ ադրբեջանցի դասընկերս ստիպված սկսեց արդարանալ:
    Մոսկվայում չկան ընկեր Տաթև, ընկեր Կարինե, Տիար Բլեյան, բայց ես գիտեմ որ դուք կաք այդտեղ՝ Երևանում, իմ ՄՍԿՀ-ում, ու ես ինչքան էլ մեծանամ, միշտ կհիշեմ Ձեզ բոլորիդ, ու երբ որ գամ Հայաստան, անպայման ձեզ կայցելեմ, որովհետև ես Ձեզ շատ եմ սիրում ու կարոտում:

  3. Մեր լավ, պայծառ Էլեն ջան,կեցցե՛ս՝ ուրախացրիր քո գրառումով: Մենք, քո դասընկերները, քո դասավանդողները քեզ ժպիտով ու կարոտով ենք միշտ հիշում:Էլեն ջան, դու հաջողակ ու հրաշալի Էլեն ես: Համբուրում եմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Երբ ժամանակ լինի» ասելով չէ՞ր, որ անցավ մեր կյանքը…

Ճանապարհի թ.181 դպրոց-Նոր դպրոց հատվածում ինձ է մոտենում մի աղջիկ՝ երևի 9-10 տարեկան… — Իմ հայրիկը ձեզ ճանաչում է… — Որտեղի՞ց,- հարցնում եմ: — Ձեր աշակերտն է, ա՛յ, էն դպրոցում

Հայր մեր… դու պահապան մեր…

«Հրազդան-Քասախ» ճամփորդությամբ ուսուցում զույգերը ո՛չ երկվություն են առաջացնում, ո՛չ էլ զուգադիպություն են կամ արհեստական անցումներ… Եվ հեծանիվն ընդարձակում է ճամփորդի մեր ազատությունը, սովորելու-ճանաչելու-ընդհանրություններ անելու մեր հնարավորությունները… Նախնական վերնագիրը իմ 1175-րդ

Ուրեմն ի՞նչ է ինձ համար օրագիրը, ասենք՝ այս մեկը

Մարիետ Սիմոնյանին թե լսես… Ինչո՞ւ չլսես, երբ Սուսան Մարկոսյանի թողարկած օրացույցով կա գրական ակումբը, ինչպես ամեն երեքշաբթի, այսօր էլ՝ ժամը 14։30, Գեղարվեստի հարթակում… Սրանից լավ առի՞թ այս անգամ էլ Ջոն Սթայնբեք կարդալու, նրա