Խածումն[2] որուն՝ կը քթքթայ տերեւունքին մեջ դալար․․․
Չգտնվեց-չկար ձեռքի տակ ուրիշ միջոց, քան հեծանիվը, ուրիշ ընթացք, քան սլանալը․․․ Իրիկունը 7-ին, ես բոլորիդ թողեցի, հե՜յ, դու՝ Բանգլադեշ կրթական՝ երգեցիկ-խորոտիկ, քո բոլոր ձայներով-կանչերով-հմայքներով-պատկերներով․․․ Գոհ ու շնորհակալ աշխարհից, Աստծուց, րոպեներ անց՝ առանց Տերյան–Չարենց–Թումանյան (Մեծարենցին չեմ տա, նա հիմա իմ պաշտպանության կարիքն ունի՝ ինչպես մի նորահայտ Աբովյան), ես իմ նոր թաքստոցում էի՝ Ծովակալ Իսակովի-Սեբաստիայի-Բագրատունյաց խաչմերուկի, Բագրատունյա՞ց կամրջի վրա, Ռուսաց անհասկանալիորեն կառուցված-այդպես էլ չգործող եկեղեցու հովանո՞ւ ներքո, որտեղից, ափիդ մեջ բարձրացված Արագածը՝ իր չորս գագաթներով, Արարատը, դաշտը Արարատյան, Հրազդանը` դեպի Արաքս փախչող, և իմ շուջ բոլորը փռված Երևանը` մոռացված և կանչող դեմքերով․․․ Կներե՛ք, սա իմ Պահքն է։
Վերցնում ենք օրը և լավ մաքրում նախանձից, ատելությունից, ցավից, դառնությունից, ստախոսությունից, համառությունից (համառությունի՞ց, հարցնում եմ), եսասիրությունից, անտարբերությունից, ավելացնում ենք լիքը գդալ լավատեսություն, մի մեծ բուռ հավատք․․․ Մատուցել ամեն օր․․․ Այսպիսի պահքի ճաշացուցակը, որ օրեր առաջ կարդացի Ս․ Մարիամ Աստվածածնի եկեղեցու պատին, տեսե՜ք, չի ջնջվել ո՛չ իմ այֆոնի հիշողությունից, ո՛չ իմ․․․ ու ես իմ գրով փոխանցում եմ, որ զորացնեմ․․․
Արևմտյան դպրոցի հինգ տարեկանները «Կանաչ ախպերը» ստեղծագործության ապրումով:
Լուսանկաներները՝ Մարինե Մարտիրոսյանի:
Պահքային մի այլ ճաշացուցակ է օրը առտու-գիշերով սկսելը բանաստեղծական աղոթքով․․․ ինչպես ես այս օրերին՝ Միսաք Մեծարենցով․․․ Թերթում եմ ու կարդում․․․․
Ես կը փնտռե՜մ,
Ըսպասումեն հոգիս համակ[3] պատրաստած,
Ու տենչանքով մշտահած[4]․
Ես կը փնտռեմ,
Հորիզոնին վրա նըսեմ,
Լույսի շող մը՝ զոր կը մարեն անդուլ վարանքն ու կասկած։
Ու տակավ[5],
Կ’իջնէ ձանձրույթն երազանքիս,
Հանդիսավոր ու տրտում,
Ու կը պատէ իր մըշուշե պարուտակին[6] մեջ հոգիս
Անձկությունով[7] անպատում։
Մըտածումը, ինչպէս ճամփորդ ուղեկորույս,
Կ’անցնի փութով, անձկագին,
Երկարաձիգ, մերթ լուսավոր, ու մերթ անլույս,
Ճամբաներեն իմ մտքին։
Ինձ ոչ ոք չի խանգարում. թվում է` ես ամենալավն եմ կարդում, սիրում եմ ես երեկ` Տերյան, այսօր` Մեծարենց լսել իմ ձայնով․․․ Եթե ես երգեի բարձր կամ նվագեի․․․ Սա պատիժ է, Աստված ինձ զրկել է… ափսո՜ս, ոչ մի պահքով-ճաշացուցակով շտկել չեմ կարող․․․ Իմ գիրն էլ աղոթքի մի ձև է, ու ինչ ասեմ՝ դուք երգեք-նվագեք, իմը ինձ համար բարձրաձայն կարդալն է, հիմա Մեծարենց․․․
Բակային աշխատանքները Արևմտյան դպրոցում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Իմ հանդիպումն էր կրթահամալիրի Ավագ դպրոցի 10-րդ դասարանցիների հետ, ու խոսքն անզգույշ այսպիսի ազդեցությո՞ւն կունենա․․․ Եփրիկյան Շուշանի աչքերում արցո՞ւնք տեսա․․․ Շուշանի, ով իմ աչքի առաջ, տեսե՜ք, օրիորդացավ, հմայի՜լ գեղանի, իր խոսքով-գործով։ Ների՛ր, Շուշան, եթե խոսքով սայթաքել եմ, շփոթ առաջացրել քո մտքերում։ Ու որտեղից-որտեղ հայտնվեց Գրունիկը Դավթյան, իմ սաներից 1980-ականների, իսկական Անուշ՝ անուշ ձայնով-սրտի խելքով․․․
– Տիար, մեզ կթողնես, դպրոց է՝ շրջանավարտների իր ամեն տարվա ճամփաբաժանով, բայց պատանիներին մի՛ թող․․․ քայլիր նրանց հետ։
Մենք Փարվանայի ափին էինք կամ Թմուկ սարի վերելքին․․․
Հետո, 9-րդ, 10-րդ դասարանցիների հանդիպումներից հետո, ես հիմա սիրում եմ կորչել Մայր դպրոցի աշխույժում, նրա անկյուններից դիտել մեր ստեղծած աշխարհը` ներս ու դուրսով, ջերմությունն էր մեր կրտսեր-ավագ պատանիների շատացել-հորդում, թե՞ ինձ թվաց․․․
«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես, պարտրաստում ենք ծաղկամաններ:
Լուսանկարները` Սոնա Փափազյանի:
Դե, ինչ, քայլե´նք միասին, որպես որոշում ձեր, սեբաստացի մեծ ու պստիկ․․․ Երեկ` Մարմարյա սրահի մեր «Կարդում ենք․․․» հերթական խաղ-թամաշայից հետո` տպավորիչ այնքա՜ն, որ իմ բաց պատուհանից հիմա էլ լույսեր-ձայներ-տեսքեր խուժեցին փողոցից Խանջյանի, կենտրոնական ընթերցարանում մեծերով (ախր ինչո՞ւ մենք, ինչո՞ւ այսպես) «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակակիրների անունների շուրջ համաձայնությունն էինք հաստատում, մեր վեցերորդցի Արամ Պետրսյանը այստեղ էլ պաշտպանեց իր հասակակիցներին ու դարձավ մրցանակակիր, կանգնեց ավագ դասարանների սովորողների կողքին, նրանց ներկայացուցիչ մրցանակակիր Նորայր Ասատրյանի հետ, առաջին անգամ հասարակագիտական մրցանակների 13-ամյա սեբաստացիական պատմության մեջ․․․ Ասենք՝ շնորհավո՜ր։ Սահման ջնջեց և Արամի կինոֆոտոյի ուսուցիչ Անի Սարգսյանը․․․ Ի՜նչ լավ է, որ մրցանակակիր Անի Սարգսյանը հաստատեց մեզանում տարիներ չարչարանքով-շնորհքով հաստատված մի իրողություն, կինոֆոտոն հեղինակային մանկավարժությամբ լեզու է-միջոց ուսուցման, ինչպես՝ խոսքը, ձայնը, հավասար, առավել խոսքից․․․
Այսպիսով, ես՝ հայտնի սահմանախախտս ու սահման վերացնողս, գալիս եմ ձեզ հետ նոր սահմաններ նվաճելու-պարսպելու, եթե․․․ ասված է «Սահման քաջաց, զենք յուրյանց», անհատապես ձայնում եք, հրավիրում եք, դիմում եք․․․
Ֆոտոխմբագիր` Սոնա Փափազյան
#979
1. շերաս — շերամ
2. խածումն — կծելը
3. համակ — ամբողջովին, ամբողջ
4. մշտահած — միշտ թափառող, հածող
5. տակավ — աստիճանաբար, կամաց, հանդարտ
6. պարուտակ — թաղանթ, նուրբ խավ
7. անձկություն — կարոտ, փափագ, իղձ