Այդքան հեշտ եղա՞վ,- հարցնում են,- կանչեց (ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը), դու էլ համաձայնեցի՞ր… Վերցրիր նախարարի նշանակման հրամանագիրն ու գնացիր նրա աշխատասենյա՞կ:

Հա, 1994թ. նոյեմբերի այդ օրը ես Գերագույն խորհրդում նիստի էի… Մոտեցավ ինձ ԳԽ նախագահի մի աշխատակից, փոխանցեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանը խնդրում է շտապ զանգել… Ես դուրս եկա դահլիճից. այն ժամանակ արդեն Գերագույն խորհուրդը նիստեր էր անում այսօրվա՝ Բաղրամյան 19 հասցեով շենքում, ՀՀ նախագահի նստավայրն էլ Բաղրամյան 26 շենքն էր… Միջանցքում ինձ սպասում էր իմ վաղամեռիկ, պայծառ ընկերը՝ Էդուարդ Եգորյանը… Այդպես էլ դիմում էր՝ «ընգեր»… Ինձնից երկու կուրս բարձր Էդուարդը, երբ Արցախյան շարժումն սկսվեց, գործող ֆիզիկոս էր, գիտությունների թեկնածու, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, Երևանի Աջափնյակ-Մաշտոցի ՀՀՇ կառույցի ղեկավարը, ԳԽ պատգամավոր, հետո՝ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀՇ պատգամավորական ֆրակցիայի ղեկավար Գերագույն խորհրդում… Իմ  պայծառ, միշտ սիրելի ընկերը ՀՀՇ-ում… Մինչև մահվան օրը… Մահը, տեսեք, չի բաժանում, հիմա ամեն ինչ լուսավորվեց, կենդանացավ Եգորյան Էդիկի շուրջ…

— Ընկեր,- ասաց,- հիմա քեզ կուղեկցեմ նախագահի նստավայր, ինքը քեզ է սպասում, մի առաջարկ կանի, դու պիտի համաձայնես… Դու չես կարող չհամաձայնել…
Գերագույն խորհրդի  այգում մենք երկար ճեմեցինք, Էդիկը խոսում էր, ներկայացնում, ապացուցում, հաստատում նոր քաղաքական կուրսի անհրաժեշտությունը, դրա փուլերը, դրանում յուրաքանչյուրի, իմ  դերակատարումը. կրկնում եմ, 1994-ի նոյեմբերն էր… Վերջում էլ, թե.
— Ընկեր, գիտե՞ս՝ ինչքան եմ կռվել, համոզել… Անհույս վիճակ է դպրոցներում, գիտես, պիտի գաս՝ հույս տաս, տեղից շարժես… Մենք նոր քաղաքական թիմ ենք ստեղծում: Դու մեջն ես: Դու չէի՞ր երկար խոսում, ներկայացնում, ո՞ւմ համար էիր ասում, արի՝ արա…

Իսկապես, ո՞ւմ համար էի 1994-ի սեպտեմբերից ՀՀՇ վարչության Գերագույն խորհրդի կրթության  ու գիտության հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպած հավաքների-նիստերի ժամանակ խոսում, որպես Հայաստանում մեռած դպրոցական կյանքի, Հայաստանով մեկ հաստատված անշարժության այլընտրանք՝ կենդանի գործը ներկայացնում… Ես կրկնում եմ, չէի կարող չհամաձայնել, իմ մասնակցությունը չբերել այդ գործին՝ դպրոցական կյանքի կենդանացմանը… Ճիշտ է նաև, որ ի մեծ ողբերգություն և´ ինձ, և´ Եգորյանի, ՀՀՇ-ի բարեփոխումների նվիրյալների, քաղաքական նոր կուրսի (ես ասում եմ՝ նոր ուղու) ջատագովների՝ քաղաքական նոր թիմը ոչ միայն չձևավորվեց, այլև շատ արագ, 1995թ. Գերագույն խորհրդի ընտրությունների նախապատրաստման փուլում ցաքուցրիվ եղավ… Շատ շուտով Էդուարդ Եգորյանը դարձավ ՀՀՇ-ի և պետության ղեկավարության կողմից հալածյալ, ինչպես երախտահիշատակ վաղամեռիկ Համբարձում Գալստյանը… Էդուարդ Եգորյան ն իր ընկերների մեծ խմբի հետ, այդ թվում՝ հայտնի Պետրոս Մակեյանը, թողեց ՀՀՇ-ն և ստեղծեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը… Էդիկին և Համբարձումին իմ օրագրում դուք դեռ կհանդիպեք։

Հիմա էլ, երբ ինձ փորձ են անում ներքաշելու  ոչ քաղաքական՝ իբր մասնագիտական խոսակցության մեջ, ես հիշեցնում եմ, որ նախարարի, անկախ ոլորտից, կառավարության անդամի պաշտոնը քաղաքական է: Ես սիրով կներկայացնեմ իմ 1994-96 թթ գործունեության բոլոր մասնագիտական սխալները, բայց բարեփոխումների գործի ընդհատումը, ավա՜ղ, այնքան թափով-սիրով-հավեսով սկսված քաղաքական նոր կուրսից շեղման պատճառով էր՝ 1995-ի Ազգային ժողովի ընտրություններով սկսված ընտրական խայտառակ էպոպեայի… Հոգնեցի: Հոգնեցրի՞:

Կենդանացնել Հայաստանը. ահա անելիքը 1994-ին էլ, հիմա էլ… Հաղթահարել օտարումը, դառնալ տեր, ակտիվ ու կենսատու… Մնացածները՝ սխալ-ճիշտ, եթե ապրող մարդու գործեր են ու որոշումներ, կշտկվեն, ինչպես ռանչպար հորս վարուցանքի կամ Նախիջևանի թուրքերի հետ Սև շուկայում առևտրի մեջ… Կյանքն է, որ Հայաստանում շարունակում է մեռնել: Կենդանի խոսք ու կենդանի գործ. ահա իմ բանաձևը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Աստծո՞ւն, թե՞ երևանցիներիս ուղղված հայացքով

Այս օրերին ինձ բռնեցի նրանում, որ մտքով շարունակ Հայաստանի Տավուշի մարզում եմ՝ հայացքս պարբերաբար երկնքին, արկերի ձայն եմ լսում, բայց ես Երևանում եմ։ Իսկ Տավուշում՝ Նոյեմբերյանում, Պառավաքարում, Դովեղում, Բերդավանում… մարդու

Օրագրից դուրս. քաղաքական շաբաթը առանց հանրաքվեի

Տեսնո՞ւմ եք ինչ արագ է Թուրքիան ռուսական գազից կախվածությունը չեզոքացնում… Գազային համաձայնագիր Թուրքիայի ու Կատարի միջև: Տեսնենք՝ ո՞վ կտուժի ռուսական գազի առաքման դադարեցումից… Կտեսնենք՝ ոնց է զարգանում նաև արևային, վերականգնվող

Երկու Շուշան, մի Արփի, երկու Աշոտ ու Դավիթ՝ միաժամանակ Նիկոլ-Աննայենց տանը

Արդեն քանի օր է՝ ուզում եմ «Սեբաստացի» ռադիոյի ուսումնական նախագծի համակարգող (կրթահամալիրի ռադիոյի տնօրե՞ն) Տաթև Աբրահամյանին հանդիպել ու լսել, նրա ներկայացմամբ իմանալ մեր ռադիոյի այսօրվա ու նրա զարգացման մասին, հալ ու