Հիմա ես կարդում եմ Մարիա Մոնտեսորիի«Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում»աշխատությունը՝ մեր Գևորգ Հակոբյանի թարգմանությամբ մեր «Դպիր»ամսագրում, մեր mskh.am-ում։ Ահա ինչպիսի գործուն-սոցիալական-կրթական-մշակութային բաց համակարգ է մեր mskh.am-ը, հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրագործման և տարածման՝ բազմալազու, անխոչընդոտ… Ազատ հանրային տարածք՝ մանկավարժական գործունեությամբ զբաղվողի համար՝ տարատարիք սովորողի, դասվար-դաստիարակի, բոլոր բնագավառների ուսուցչի, ծնողի…

Խնդրեմ, մեր 8-րդ դասարանցի Արեգ Գալոյանը կարգին միջամտել է հանրակրթության չափորոշչին՝ 10 թվարկումներով, թե ինչ պիտի կարողանա մինչև 10 տարեկան երեխան։ Հիմնական դպրոցի 2-րդ դասարանը, դասվար Թամար Մարիմյանը, տեսեք, ինչ ուսումնական միջամտություն-մխրճում է իրականացրել թաղի կյանք. իսկական բնապահպանական ակցիա… Այ, եթե այս նախագծի մշակում-իրականացում, արդյունքների ամփոփումն էլ հոդված դառնա, «Դպիրում» կարդանք…

Ես, որ առտու հինգին եմ արթնացել, երեք ժամ ունեմ։ Չգիտեմ՝ «պիսատել» աշխատեմ, թե «չիտատել». անեկդոտի չուկչիի որոշումը պիտի կայացնեմ։ Ո՜նց անցնեմ Գեղարվեստի  մեդիահամերգի շշմելու տեսանյութի վրայով, ոնց մինչև վերջ չնայեմ-չլսեմ-չերգեմ-չխաղամ, ո՞նց բաց թողնեմ «Նոր ռադիոյի» 23 րոպեանոց թողարկումը… Բա էս Մոնտեսորիի հետ ի՞նչ անեմ։ Նեղանաք-չնեղանաք, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինեք, որ ստեղծում եք, քանի՜ տարի, mskh.am-ը, անցնում եմ Մոնտեսորիի «Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում» գրքի 1-ին գլխի ընթերցմանը. դիմացս շաբաթ-կիրակի է, համ էլ ես օրինական (ձևակերպված) արձակուրդում եմ, ազատ՝ իմ ժամանակը տնօրինելու…

«Այսպիսով` ազատությունը միակ միջոցն է, որը միշտ տանում է բնավորության, մտքի, զգացմունքների առավել ամբողջական զարգացմանը և դաստիարակին հնարավորություն է տալիս հանգիստ հետևելու աճի «հրաշքին»:

Ազատությունը մեր վրայից հանում է ձևական պատասխանատվության և վտանգավոր պատրանքների ծանրությունը: Վա՜յ մեզ, եթե մեզ պատասխանատու ենք համարում փաստերի համար, որ մեզ չեն վերաբերում, կամ, երևակայում ենք, թե կարող ենք ստեղծել այն, ինչը մեզանից անկախ է ստեղծվում»:

Իմ օրագիրն այստեղ լռվեց. դադար… Գիտեք՝ Ավագ դպրոց-վարժարանի ղեկավար Գևորգ Հակոբյանի առաջարկով այս օրերին փոխարինող ուսուցիչ եմ աշխատում վարժարանում, և հօգուտ վարժարանի… Ինձ ավելի հարազատ դարձավ այն. ես գնահատում եմ, ներառվում մեր ավագ դպրոցի միջավայրում։ Մեզ՝ ինձ ու ձեզ երևի «փոքր քայլերի արվեստն» է պակասում. հիմա ժամանակն է փոքր, կոնկրետ քայլեր անելու…

Դե, շշմելու մանկավարժական գործիք է մեր մեդիաուրբաթ-համերգը, որ ամեն ուրբաթ՝ ճիշտ 15.15, Մարմարյա սրահում (հրապարակ է, է՜, ոչ թե փակ-արհեստական կաբինետ-միջավայր) հավաքվում ենք 60 րոպեի չափով։ Միջոցառում չէ, է՜, իրական ուսումնական պարապմունք, կրթական միջավայրի, գործունեության բաղկացուցիչ…

Ես հաշվեցի. 300-ից ավելի մասնակից կար, ո՛չ հանդիսատես, մասնակից, բովանդակությունն էլ, լսեք, հայ ժողովուդ, «Երգում ենք Կոմիտաս»։ Մեծով-պստիկով, ազատ, գունեղ, խաղային՝ երգում-խաղում-կարդում ենք Կոմիտաս… Այսպիսի բովանդակության այսպիսի ազատ միջավայրային ձև… «Ձևը խաղ է անցավոր». կյանք է, որ կա, մեր արածը, ապրում ենք հավաքանիով: Կամ մեր կեսօրյա ընդհանուր պարապմունքը. փաստ է՝ ժամը 12:15, ամեն օր, շաբաթը 5 անգամ, 15 րոպեանոց  ընդհանուր պարապմունք  ենք անցկացնում կրթահամալիրի դպրոցների բոլոր սովորողներն ու մանկավարժական աշխատողները… Հիմա պատկերացրեք, մեզանից, լավ ուսուցիչներից յուրաքանչյուրը մի փոքր կոնկրետ քայլ է կատարում ուղղված իր մասնակցության (դերի) բարելավմանը, միջավայրին ներառմանը, դիրքի ամրապնդմանը, որ կարողանա հետևել այս «աճի հրաշքին»…

Կոնկրետ ու փոքր քայլերով առաջ գնալու մեր ժամանակն է:

Երկրորդ գիրքը, որ իմ սեղանին է՝ «Երկիր դրախտավայր», մտահաղացել, առաջաբանը և նախաբանը գրել, հրատարակության է պատրաստել «Հայագիտակի» հիմնադիր ղեկավար Ալբերտ Իսոյանը: Գիրքը, որ լույս է տեսնում Կարեն և Սամվել Կարապետյանների հովանավորությամբ, ինձ նվիրել  է Արամ Կարապետյանը, երբ շնորհանդեսն անգամ չէր եղել։ Ես օրագրում պարբերաբար կանդրադառնամ այս «Երկիր դրախտավայր. նշանավոր օտարերկրացիները Հայաստանի և հայերի մասին հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը», վստահ եմ, բարեխիղճ կազմված ժողովածուին…

Լեռ Կամսարի «Մազապուրծ օրագիրը», շնորհակալ եմ, անակնկալ էր ինձ համար, նվիրեց Արամազդ Ղալամքարյանը իմ «Օրագրի» 100-րդ թողարկման առիթով… Գիտեք՝ մի Կամսար, մի Մահարի մի ամբողջ ստալինյան սերնդի արժանապատվության  պահապաններն են… Երբ  մարդն ու գրիչը մեկ են … Օրինա՞կ են մեզանում այսպիսի համեստ-անճիչ կյանքով գործիչները, նրանք կարո՞ղ են հերոս համարվել… Ինչո՞ւ չեն կարող, երբ «մոնումենտ են կառուցել» իրենց կյանքով մի ահեղ դարում, երբ միլիոնները ընդամենը լռել-փրկվել են, իսկ հազարները օգուտով ծառայել ստալինյան հրեշին և դեռ, համեցեք, Հայաստանում, մայրաքաղաքում, հպարտ ու (տեսա՞ք) ռուսերեն հուշագրությունների հաղթական շնորհանդեսով բոլոր TV-ներով, առանց դիմադրության մտնում տները… նաև՝ ստալինյան զոհերի ժառանգների։ Այո, իմ խոսքը Ա. Միկոյանի «Так было» հուշագրության մասին է: Ահա ձեզ հուշարձան, որ իր տպաքանակով կանգնեցվեց:

Ես չեմ սիրում ո՛չ լիքը գրասեղան, ո՛չ գրադարակներ, ո՛չ լցված պատեր, ո՛չ ծանրակշիռ սեղաններ…Ի՞նչ են փոխում-ավելացնում դրանք մեր կյանքին. խլում են, տանում, շեղում, խճճում… Պարզ, պարզ, մինչև վերջ պարզ՝ կենցաղում, մարդկային հարաբերություններում, գործողություններում և մտքերում. հակառակ դեպքում՝ իրար չենք լսելու  ու չենք մեկտեղվելու այս փոսից դուրս գալու համար…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քաղաքացիությունը կորցնելու ճանապարհի՞ն

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում… Այս նյութն էի կարդում ուշ երեկոյան, երբ ինձ զանգեց զինծառայող, 2013-ի կրթահամալիրի շրջանավարտ մեր Վիտալի Գրիգորյանը… Մոբիլ կապը, ա՜յ, հենց սրա

Կլոր սեղանն իմ օրակարգում է

Արցախից վերադարձած մեր պատանիների հետ կլոր սեղանն իմ օրակարգում է. կարևոր է՝ ինչով եկան չորս տասնյակ սեբաստացիներն Արցախից, տասնօրյա իրենց ճամբարային կյանքից… Մի կլոր սեղան էլ իր օրակարգով կլինի Կողբ-Զիկատարից