Սեբաստացիներ, գերմանացի գործատուների աջակցությամբ իրականացվող արտադրական ուսուցման ծրագրերի միջազգային սեմինար-պարապմունքը լավ առիթ է ձեր գործարար բիզնես-նախագծերը ներկայացնելու-առաջարկելու, առևտրայնացնելու ձեր ուսումնական-հետազոտական նախագծերը 2017-ի, 2018-2020-ի…
Նախագիծ-առաջարկը՝ Քնարիկ Ներսիսյանի, Արեն Շահնազարյանի:
2016-ը բեկումնային եղավ կրթահամալիրի Գեղարվեստի համար: Դպրոցը ամենադինամիկ և ամենախիզախ փոփոխությունների է ենթարկվում. նոր լուծումներ ու զարգացումներ, որոնք կդառնան կիրառելի նաև կրթահամալիրի մյուս օղակների համար:
Ինչպես հայտնի է, սեբաստացիական իրականությունում առանցքային տեղ ունի ուսուցման նյութական միջավայրը՝ թափանցիկ, անվտանգ, հիգիենիկ, հետաքրքիր, ներառող, շարունակ փոփոխվող ու զարգացող. չկան ֆիզիկական անջրպետներ կրթահամալիրի ուսումնական հաստատություննների և բնակավայրի միջև։
Միջավայրի փոփոխություններն սկսվեցին նկուղներից: Հինգ նկուղ բացվեց, դարձավ լուսավոր, մաքրվեց աղբից և դարձավ գրավիչ՝ հինգ նկուղ-հրապարակներ՝ ամենատարբեր գործունեությունների համար… Շենքը թեթևացավ, նորոգվեցին ջրագծերը, կոյուղագծերը, հոսանքի մալուխները: Նման փոխոխությունների առանցքում նաև դպրոցի զարգացումն է: Ավելացող սաների թվաքանակը նոր խմբասենյակներ բացելու անհրաժեշտություն է առաջացնում: Նկուղ-հրապարակներից մեկը կդառնա «ARTասահման արտ-լաբորատորիան», որը կլինի բաց, հասանելի բոլոր պատանիների և երիտասարդների համար. «ARTասահման»՝ արվեստ առանց սահմանի…Այս լաբորատորիայում սովորող պատանիները հնարավորություն կունենան փորձելու, նրանք արվեստին կընձեռեն ազատության նոր աստիճան, արվեստի ինքնավարության պահպանում: «ARTասահամանը» կունենա նոր ցուցասրահ, ձայնագրման ստուդիա, TV, փորձասենյակ, համերգասրահ, ընթերցասրահ: Այս ծավալը կծառայի և կստեղծի մշակութային, կրթական և հաղորդակցական կամուրջներ Հայաստանի և աշխարհի միջև:
Մեկ այլ նկուղ կդառնա Տեխնոլոգիայի և դիզայնի լաբորատորիա: Երրորդ նկուղը կծառայի քանդակին՝ որպես ձուլարան: Չորրորդ նկուղը կլինի Գեղարվեստի ծածկած լողավազանը նախակրթարանի սաների և կրտսեր դպրոցի սովորողների համար: Հինգերորդ նկուղն էլ կծառայի որպես կենդանասերի և բնասերի անկյուն: Այստեղ կլինեն ակվարիումը, թռչնանոցը, ինչպես նաև դպրոցի փոքրիկ ջերմոցը:
Դպրոցը, մեծ կարևորություն տալով հանրակրթության միջոցով սովորողին դարձնելու բնասեր և կենդանասեր, արդեն ունի իր խորհրդանիշ շունը՝ Ատիին: Առաջիկայում նրան կընկերակցեն ավանակ և եղնիկ ընկերները: Ատիի խնամքն իրականացնում են սովորողները և կինոլոգ-մասնագետը: Շունը դպրոցի անասնաբույժի մշտական հսկողության ներքո է: Ատին ունի անձնագիր, ստացել է բոլոր պատվաստումները:
Կամքի լարման, մեծ համառության և ջանքերի արդյունքում կրթահամալիրի Գեղարվեստը մուտք գործեց անցանկապատ, անպարիսպ բաց աշխարհ: Դպրոցը փուլ առ փուլ հայտնվեց կանաչ դրախտի մեջ: Կանաչ լանջեր, բլրակներ, նոր ուսումնական հարթակներ, իրար կապող միջթաղային, միջդպրոցական ճանապարհներ: Սա քայլ էր՝ որպես վարք հասարակական՝ ուղղված սովորողին, բնակչին, հասարակությանը:
Ամառային ճամբարի, Բանգլադեշյան պլեներ 2016-ի ընթացքում կյանք ստացած այս շարժումը ուղեկցվեց մի շարք էկո և մշակութային ակցիաներով: Մի խումբ ճամբարականներ, սեբաստացի ուսուցիչներ շրջում էին կրթահամալիրի Բանգլադեշով և իրականացնում «Իմ թաղը» նախագիծը: Ծրագրի շրջանակում ճանաչում էին թաղը, նրա բնակիչներին, անվանիներին-հնաբնակներին, նրանց զբաղմունքը, նախասիրությունները, թաղի հեղինակություններին, թաղի պուրակները, հուշարձաններն ու անցուդարձը, խնդիրները, լուծումները, մաքրում էին տվյալ բակը, իրականացնում բակի բարեկարգման աշխատանքեր, արտ-պերֆորմանսներ, սովորեցնում ազգային երգ-պարեր: Այս նախագիծը ուներ նպատակ համայնքին լուսավորել, ներառել և չօտարել կրթահամալիրի կյանքից: «Իմ թաղը» նախագծի շրաջանակում մի խումբ սովորողների, ուսուցիչների հետ մաքրեցինք, բարեկարգեցինք Րաֆֆի 69/1 հասցեում գտնվող դպրոցին հարակից պուրակը: Այն գտնվում էր անմխիթար վիճակում, վերածվել էր աղբանոցի:
Նախ ազատեցինք աղբից, այնուհետև քարերից ու մացառներից, ազատեցինք եզրաքարերից, փխրեցրինք հողը, ավելացրինք սև բուսական հող և վերջերս տնկեցինք դեկորատիվ ծառեր: Առաջիկայում այդ հատվածում և դրան հարակից էլեկտրոցանցի հատվածում կստեղծվի ավտոկայանատեղի: Նպատակը՝ սովորողների և բնակիչների անվտանգության ապահովումն է:
Դպրոցի արևելքում՝ հարակից թիվ 93 մանկապարտեզի եզրով ևս՝ որպես անվտանգության արգելապատնեշ, տնկվեցին մի շարք ծառեր: Հարակից բակը և միջդպրոցական մեր նոր կապը ավելի ներառական դարձնելու համար ստեղծեցինք թեքահարթակ: Որպես աջակցություն՝ կրթահամալիրը հարակից բակին տրամադրեց ցանցեր մարզադաշտը նորոգելու համար: Այս հատվածը նույնպես վերածված էր աղբանոցի, քանի որ նախկինում այն փակ միջավայր էր: 2017-ին տեղի ավտոտնակները՝ որպես ինստալացիա, կներկվեն և կդառնան Գեղարվեստի միջավայրի, կրթական պարտեզի մի մաս:
Նոր Գեղարվեստի զարգացման ծրագրում են նաև տանիքները և դրանց շահագործումը՝ որպես ուսումնական տարածք-հարթակներ: Գեղարվեստի երկու տանիքները բաց են, շահագործվում են որպես համերգային-պերֆորմասների, ինչպես նաև ընթերցանության հարթակներ, սակայն տարածքները ամբողջական խնամված վիճակում և վերջնական լուծման մեջ չեն:
Նոր Գեղարվեստի զարգացման առանցքում են նաև կրթական փոխանակումները: 2016-ին դրանք շատ էին՝ ԱՄՆ-ից պարուհի, դերասանուհի Օդրի Վիրտանեն, Հայ-վրացական «Մեծ լվացք» ինստալացիան, Կրթական փոխանակումները Կողբի Գեղարվեստի դպրոցի հետ, Չին արվեստագետ, համադրող Քիփ Քայ Չունի վարպետության դասը, ֆրանսիացի երգեհոնահար Ալեքսիս Փոլի դաս-համերգը և Saudaá Group-ի համատեղ համերգը Գեղարվեստի բաց տանիքում: Ներկայումս կրթական փոխանակումների կացարանում բնակվում և ստեղծագործում են Իսպանիայից ժամանած երկու արվեստագետներ: