Երեկոյան Մեդիա կենտրոնից քայլում ենք Գեղարվեստ՝ դաստիարակի հնարավոր տեղափոխման առիթով, ծնողների նախաձեռնությամբ՝ հավաք է 2-4 տարեկանների խմբում: Դավիթն էլ երեխաների հետ խաղալուց գերադասում է ինձ հետ ժողովին մասնակցելը: Իր ազատ ընտրությունն է: Կարող է, իրեն ավելի հետաքրքիր է, կարող է՝ ուզում է ինձ հետ լինել: Ես համբերատար հարգում, ապահովում եմ իր ընտրության իրավունքը. իր կյանքն է: Ինչո՞ւ իմ ուզածով պիտի լինի. ինչո՞ւ շտապել…

Ծնողները խոսում են իրենց դաստիարակի տեղափոխման անթույլատրելիությունից… Ես, իհարկե, հարգանքով լսում եմ, բայց ուզում եմ, որ իրենք էլ հարգանքով լսեն մեր փաստարկները… Չեմ ուզում՝ հակառակվող կողմեր լինենք. հումորն օգնում է…

Ես այժմ ավելի, քան երբեք քննարկման կողմնակից եմ, երբ բոլոր հնարավոր մասնակիցները փաստացի օգտվում են արտահայտվելու հնարավորությունից: Կասեն՝ «մեկ ա ձեր ասելով է լինելու»… Ուզում եք ասել կամ ճիշտ է ասել՝ մեկ է, կայացված որոշումն իմ հրամանով է գործադրվում… Այո, ես գործատուն եմ, չի կարող ձևակերպումն իրավական չլինել, բայց այս դեպքում էլ որոշումը նախօրոք ինձ հայտնի չէր… Երեք-չորս շրջանով քննարկում եղավ, որքա՜ն խոցելի առաջարկներ ի դերև ելան: Լավագույնս օգտվեք կրթահամալիրում հաստատված կլոր սեղանից. նախ՝ ուշադիր լսեք, հասկացեք՝ ինչ է կատարվում: Հետո՝ մեկ նախադասությամբ, մեկ մտքով, եթե արձագանքե՜ք…

Մարդկային՝ սեբաստացի սովորողի, աշխատողի, ծնողի գործոնը կարևորելու, գործողություն դարձնելու շրջան ենք թևակոխել։ Վճռական եմ ես տրամադրված. քո կրթահամալիրն է, քո ընտրած, քո յուրացրած մանկավարժությունը, քո կյանքը կրթահամալիրում՝ գործիր: Տարիներ առաջ, շախմատային մրցաշարի ծրագիրը կրթահամալիրի տնօրենի հրամանով կհաստատվեր… հանդիսավոր, որպես թիվ մեկ կարևորության իրադարձություն կդառնար… Հիմա տեսեք, մեր շախմատի մասնագետ, ակումբի ղեկավար Առնոլդ Միքայելյանն անցկացնում է մրցաշար, իր բլոգում էլ լուսաբանել է. կդիմի մրցանակների համար՝ խնդրեմ. կառաջարկի ու կանցկացնի նոր, ուսուցիչների մրցաշար՝ կունենա առավելագույն աջակցություն… Ինքն է գործիչը, իր գործն է անում իր աշխատավայր կրթահամալիրում… Այդ չէ՞ր ուզում Առնոլդը, երբ մի տարի առաջ եկավ կրթահամալիր…

Կամ Դպրոց պարտեզում այսօրվա հեծանվուղու բացումը… Ո՞ւմ գործն է. Տաթևի ու իր ընկերների. ես իմը իմ աշխատակազմով արել եմ, կանեմ: Բայց դպրոց եք, չէ՞, գործեք: Իմ վերաբերմունքն աշխարհին է հայտնի՝ բոլոր տարիքի սեբաստացիներն ամեն տեսակի անիվների վրա… Հա, չմոռանաք կանչել մեր լավ բարեկամ, հայտնի հեծանվորդ-չմշկորդ Լևոն Աբգարյանին:

 Բայց սա հենց այն հարցն է, որին նվիրված էր իմ օրապատումը՝ մարդկային գործոնը (սովորողի, ուսուցչի, ծնողի, կրթահամալիրի բարեկամի) կրթահամալիրի զարգացման այս փուլում. թող գա կենտրոն անհատը, աջակցենք անհատին՝ ցուցադրի իր ունեցածը, կարողություններով հանդես գա, դրսևորվի: Ինչ չկա՝ չկա: Դե, չկա: Մենք ստեղծում ենք աջակցող միջավայր՝ անհատի մեջ եղած բանի դրսևորման համար: Տնօրենի փոստն իմ բլոգի մի օրագրապատում է, դրա շարունակությունը: Բացեմ, տեսեք օրինակներով:

  • Վահրամ Թոքմաջյանի և Աշոտ Տիգրանյանի նախաձեռնությունը՝ հոկտեմբերի 24-26-ին Սյունիքում իրականացվող «Դավիթ-Բեկ և Մխիթար Սեբաստացի» ուսումնական նախագիծը։ Իմ դրած անունն է, հավան չեք՝ փոխեք։ Տեսեք՝ ի՜նչ աշխարհագրություն է՝ Զորաց քարեր, Անգեղակոթ, Գորիս, Դավիթ Բեկ, Կապան, Հալիձորի բերդ, Շիկահողի արգելոց, Հին Խնձորեսկ, Շինուհայր, Տաթև… Գիշերակացն էլ՝ Դավիթ Բեկ գյուղում։ Մնում է՝ Երևանի ճամփան չմոռանան։ 
  • Գոհար Զարգարյանի դիմում-լուծումը, որի մասին ես իմ օրվա գրում պատմել եմ. «Սիրելի ծնողներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հոկտեմբերի 14-ից ես տեղափոխվում եմ մեր կրթահամալիրի Դպրոց-պարտեզի նախակրթարան: Հարցը քննարկվել է և, աշխատանքային պայմանների փոփոխության անհրաժեշտությունից ելնելով, կայացվել է որոշում: Իմ տեղափոխումը, կարծում եմ, ամենաշատը ինձ է հուզել, քանի որ ես իմ սաների հետ շատ կապված եմ և նրանց անչափ սիրում եմ: Այնուամենայնիվ հանգիստ եմ, որովհետև ինձ փոխարինելու է իմ լավ ընկերը և գործընկերը՝ Բուրաստան Օսիպովան՝ սրտացավ, բարեխիղճ, պատասխանատու մեկը, որը հրաշալի ճանաչում է մեր սաներին, բավականին փորձ ունի: Հաջողություն և բարի համագործակցություն եմ մաղթում ձեզ՝ համոզված լինելով, որ այդպես էլ կլինի: Ձեզ միշտ սիրող, ամենաջերմ մաղթանքներով՝ Գոհար  Զարգարյան»։

Կեցցես, Գոհար, եթե փոփոխություն, ահա այսպիսի մեկնարկով, եթե հրաժեշտ, այսպես… Իսկ օրվա mskh.am-ից ինձ մնաց Սոնա Փափազյանի այս պատումը… Մազալու, մոբիլ, այո´, այսպիսի… կյանքով ենք ապրում…

Իսկ մեր առաջին հեծանվուղին Դպրոց-պարտեզում այսօր բացվեց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կրթությունն ու կյանքն անբաժանելի են

«Կրթություն» թերթ 02.08.2006 Հայաստանում մարդկային զարգացման ազգային զեկույցի փորձագետի կարգավիճակը օգնում է ինձ առավել ամբողջական և ուշադիր հայացքով քննել կրթության արդի վիճակը Հայաստանում հիմա, երբ հանրապետության պետական կրթակարգի ներդրումն ապահովող

Ձյան և անձրևի, կյանքի և անշարժության միջև՞

Ոˊչ երկնիշը, ոˊչ եռանիշը, 553-րդ համարի գիրն է, ոˊչ բուքը, ձյունը-տեղատարափը (հիմա գրում եմ՝ անձրևում է պատշգամբից այն կողմ), ոˊչ հին ու նոր տարին, ոˊչ համաճարակը՝ խոզի բերած գրիպով ու

Կատակ եմ անում, սա կրկես է։ Դու գործիդ նայիր…

Սուսան Մարկոսյանը գիտե, պատմել եմ իմ լուսանկարչությամբ զբաղվելու շրջանի մասին… Ինչո՞ւ հիմա չեմ լուսանկարում, երբ հեծանվով ու առանց հեծանվի, հետիոտն ու մեքենայով շատ եմ ճամփորդում… Ա՛յ, հիմա մանկավարժական ժողովից-ընդհանուր պարապմունքից