Տոնական հրապարակային համերգի մոնիտորինգ միշտ եմ անում, այս անգամ՝ ևս… Բովանդակազուկ համերգ. սա ամեն ինչ է, բայց երաժշտություն չէ, այս «համերգ» կոչվածի ողջ ընթացքում ես կանչում եմ՝ «մամա ջան»… Լույսեր, գույներ, ձայներ, էֆեկտներ. սրա՞ն է գամված ողջ հայության ուշադրությունը երկուսուկես ժամ, ափսո՜ս… Ոչինչ չի փոխվել. մի խումբ հայտնիներ ու իրենց քաղաքը, իրենց սերը, ճչոցով արվող գունեղ փաթեթավորված խոստովանությունները… Ինձ հարազատ մարդիկ, երևանցիներ, ներողություն, բայց ի՞նչ եք հրամցնում որպես տոն… Մեկը դնի ու այս երգ կոչվածների տեքստերը փռի մեր առաջ։ Պրծանք դարասկզբի «շուն թուրքը» բովանդակություն դարձրած հերոսական հայհոյանքից, անցանք Երևանի, Հայաստանի, հայի, «յան»-ով ազգանունի, հայ ժողովրդի սիրո հրապարակային մերկապարանոց մեծարմա՞նը։ Սա արվում է զայրացած հասարակության ինադո՞ւ… Հայտնի անեկդոտի նման, որ հարցնում է՝ հայ ե՞ս, կայֆ ա չէ՞… Եվ սա տոնական ողջ համերգի բովանդակությո՞ւն է։

Կանցնի մեկ տարի, ու նորից հրապարակում +1-ով մեծացած Երևանին նվիրված համերգ է լինելու տոնին: Զարմացնելը թողեք, հարգելի քաղաքապետարան. բովանդակություն, միտք, ճաշակ, ասելիք ե՞րբ պիտի դնենք այս ավանդական դարձած համերգում։ Ինչո՞ւ չի կարելի «Քաղաքը մեկ տարում» նախագիծը բերել բեմ. մեկ տարում ի՞նչ երաժշտական-թատերական իրադարձություններ են կատարվել քաղաքում, ներկայացնել յուրաքանչյուրիս՝ թող ճանաչեն, իմանան՝ Հայաստանում, Հայաստանից դուրս… Ի՞նչ նոր երաժշտա-թատերական խումբ, ի՞նչ նոր հանդիսություն, բեմել, սկավառակ, շրջագայություն՝ առանց երաժշտության ձևերի, հանդիսության տեսակների, արվեստագետների միջև խտրություն դնելու… Այ, եկեք, որոշենք «Երևանը, երևանցիները մեկ տարում» նախագծի բովանդակությունը և անցնենք առաջ, սկսենք պատրաստվել. ես սիրով իմ առաջարկած նախագիծը մեկ անգամ, որպես իմ նվերը երևանցիներին իմ 60-ամյակի առիթով՝ կներկայացնեի: Այսպիսի բովանդակության և կազմակերպման դեպքում Երևանին նվիրված մեր ուսումնական նախագծերն էլ իրենց իրականացնողներով կարող էին հայտնվել բեմում։ Եվ ինչքա՜ն հետաքրքիր կլիներ հանդիսությունը, կենդանի՝այնտեղ լինելը։

Բոլոր տեսակի շքանշանների, պատվավոր կոչումների, աստիճանակարգերի նկատմամբ ես իմ ընդգծված բացասական վերաբերմունքը չեմ հոգնի բարձրաձայնելուց, հիմա էլ «Երևանի օրվա» կապակցությամբ կոչումնահանդեսի… Կարծես խոր աշնան տերևաթափ լինի: Իբր քիչ է Հայաստանի վաստակավոր արտիստը, բժիշկը, սոցիալական աշխատողը, …, հիմա էլ՝ Երևանի վաստակավոր արտիստն ու բժիշկը, սոցիալական աշխատողն ու շինարար-ճարտարապետը, երբ, ցավոք, ապրում ենք մայրաքաղաք-պետությունում… Երևանի պատվավոր քաղաքացի կոչումը որ շնորհվում է օտարերկրացուն՝ մայրաքաղաքի նկատմամբ ունեցած ծառայությունների կամ մայրաքաղաքի տվյալ հանարաճանաչ օտարերկրացուն, դեռ կարելի է հասկանալ: Բայց ինչու՞ խտրություն դնել երևանցիների նկատմամբ. համերգի ժամանակ 500 հոգի նստած են, 10 հազարը՝ կանգնած, ինչպե՞ս որոշես 100 հազարի միջից պատվավոր երևանցուն, երբ հայտնի է, որ (ոչ մի «երևի») ամենահայտնի ու պատվավոր երևանցին ես եմ, և Երևանը քաղաքային միջավայր ու մայրաքաղաք դարձնող հազարավոր սովորական երևանցիներ։ Երևանին հենց սա է պակաս՝ հավասարությունը Երևանում ապրողների: Անջրպետները խորտակելու ժամանակն է Հայաստանում, և պետք է սկսել Երևանից, անհաղորդության, ջոկողության, անհավասարության, խտրության բոլոր դրսևորումները ջնջել… Թե չէ, տեսեք, ինչպիսի՜ ցուցադրական առճակատում՝ երկու օրվա տարբերությամբ, Ազատության հրապարակում հոկտեմբերի 10-ի համապետական միտինգի և տոնի պաշտոնական ցուցադրության:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուսուցում առանց գրատախտակի. կենտրոնում ինքնակրթությունն է

Պարզվեց` Դավիթ Բլեյանը նախօրեին ոչ միայն շշմեցրել է իր խմբի կուկուներին, այլև պարտեզից անցել դպրոց ու խանգարել… ոչ ավել, ոչ պակաս, չորրորդ-հինգերորդ դասարանցիների բնականոն գործունեությունը: Խայտառակություն: Մենք զրուցեցինք, և Դավիթը

Դեռ ինչե՜ր են լինելու. օյ, օյ, օյ…

Օրագրի ուշադիր ընթերցողը հետաքրքրվում է իմ տոնական փոստով. ուզում է, որ ես առանձնացնեմ դրանից ամենա…, տեղին բառ եմ փնտրում՝ ամենա…, ու չեմ գտնում: Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով այս առիթը՝ ուսուցչի

Անցած ճանապարհը դրսում՝ կիլոմետրերով, և այդ ընթացքում ստացած ծափերի քանակը՝ կիլոգրամներով

Մաեստրո Հարություն Թոփիկյանը և անբաժան ընկեր Սեյրան Ավագյանը երկարատև ճամփորդական համերգային շրջագայությունից հետո՝ Տիգրան Համասյանի հետ Երևանի կամերային երգչախմբով երկու տասնյակ համերգներ Գյումրիում, Թբիլիսիում, Թուրքիայում…, Երևանում են ու պատվել են մեզ իրենց