Վաղուց Ազատության հրապարակում հանրահավաքի չենք մասնակցել այսքան շատ մարդով. շատ-շատ մարդ կար: Խիտ ենք կանգնած. տիար Գևորգ Հակոբյանի հետ ընտրել ենք մեր տեղը՝ Թումանյանի արձանից դեպի աջ, ավելի մոտ սրճարաններին, քան բեմին: Որքան էլ բոլորն ինձ ճանաչում են, հարգալից կամ սիրալիր բարևում, հանրահավաքի մասնակիցների կազմը փոխվել է։ Երևանցիներ են, հայաստանցիներ. եկել են փոփոխությունների ոչ այնքան կողմնակիցները (թող քար նետի Գևորգ Հակոբյանի վրա նա, ով չի ուզում), որքան փոփոխություններ կատարելու վճիռ-որոշում կայացրածները: Մի տեսակ նոր ուժ կա, նոր հաստատակամություն, նոր համախմբում մասնակիցների մեջ: «Արշիլ Գորկի» նախագծով մեր Գեղարվեստի ավագ դպրոցի՝ ժամեր առաջ դիտած ներկայացումը հիշեցի՝ «Տանջանք. մաքրություն. հասունություն»: Հասունացե՞լ ենք, հա՞, 2007-2013-ի քաղաքացիական պայքարի փորձով…

Ավելի շատ են մարդիկ, որ բարձրաձայն պահանջում են, որ ես ելույթ ունենամ… Հի՛-մա՛…

Ավելացել են նաև կրթահամալիրի կապերով մարդիկ. լավ է, որ բոլորը գիտեն իմ գործը, և կրթահամալիրի նկատմամբ հարգանքը փոխանցվում է ինձ: Այսպես անբաժան՝ ես ու կրթահամալիրը կանգնած ենք. մեզ մոտենում են շրջանավարտ-ուսուցիչների սիրելի խումբ՝ Վահրամ, Արման, Արտավազդ, Աիդա, Ռուզան… Երևանցիները Ազատության հրապարակում՝ սրանից պատշաճ-համապատասխան նախագի՞ծ…

Ես գնահատում եմ ներառման աշխատանքները, որ կատարում են նորից քառյակ դարձած քաղաքական անձինք հարթակի վրա, իրենց ելույթներում ու Ազատության հրապարակում՝ նրանց համախոհները: Այո, ամենաշատը աչքի են զարնում ու հուսադրում ներառմանն ուղղված ջանքերը. իրականությունից՝ որպես մեկնարկ, չես փախչի, մենք ենք ու մեր կենսագրությունը։ Բայց փոխելու համար պիտի փոխվել, ներառվել, միասին հանդես գալ, լսել, շատ ավելի հանդուրժող լինել այլոց կարծիքին և իհարկե, ինքնուրույն լինել որոշումներում, ազատվել կուռքերից… Հրապարակի հարթակին չորս երբևէ կուռքեր են կանգնած՝ առաջնորդներ են կոչվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանը… Ահա հարթակին կանգնածները կարողանո՞ւմ են, կկարողանա՞ն նոր կապ հաստատել՝ կուռքազերծ լինելով անպայման, շամանությանը հրաժեշտ տան։ Աճպարար չեն, մարդիկ են լիդերները՝ իրենց հայտնի կենսագրությամբ, վայրէջք-վերելքներով (մեզ հետ), իրենց ուժեղ և թույլ կողմերով… Ներառումը, խմբով հանդես գալը միակ լուծումն է և՛ հարթակի վրա, և՛ հրապարակում: Ես այս մասին էի խոսում-մտածում Ազատության հրապարակում: Աշխատանք, որ պիտի արվի բարեխիղճ, անհատական-խմբային մակարդակում… Այստեղ է իմ շահը՝ որպես քաղաքացի Աշոտ Բլեյան…

Հրապարակում ամենաշատը հավանեցի Գագիկ Ծառուկյանի ելույթը, պահվածքը: Տեսեք՝ ինչ անցում է կատարում, մեր աչքի առաջ ինչ ճանապարհ է անցնում մարդը. պիտի հաջողի: Յուրաքանչյուրիս նոր հաջողության վրա է խարսխվում, այսպես ու հիմա, մեր երեխաների հայրենիքը Հայաստանում, Արցախում, ամենուր, որտեղ հիմա հայ մարդն է՝ կորսված-խոցված հայրենիքով, ինչպես Հովհաննես Ազատյանը, որ գտավ….

Հայրենի երգն ես դու մեր՝
Վերադարձած հայրենիք :
Դեմքիդ տանջանքն է դրել
Անագորույն մի կնիք: Եղիշե Չարենց

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Աստված է՛լ բեթարից ազատի

Ես ուզում էի շոգին հեծանիվ քշել. ես շատ էի ուզում երեկվա շատ շոգին հեծանիվ նստել՝ ես միայն դա էի ուզում… Հեծանիվն ազատություն է, ու ես ինքս իմ հեծանվի հետ դուրս

Վանո, եղբայր, ծնունդդ շնորհավոր…

Ինձ համար շատ կարևոր հնարավորություն է բաժակ բարձրացնելու` իմ տաղանդավոր ընկերոջ, սիրելի գրողի, քաղաքական գործչին շնորհավորելու համար: Վանո, եղբայր, ծնունդդ շնորհավոր…

Ինչպե՛ս հայտնենք շնորհակալությունը…

Միշտ եղել է ու կա՝ մեզանում-ձեզանում… Նախ՝ «ողջույն» ու հետո՝ «շնորհակալ եմ»: Մեզանում բարյացակամության մեծ պակաս՝ ընտանիք, հավաքանի, հասարակություն ստեղծող այս ատաղձի… Առանց առիթների, որպես առօրյա ծանոթի-անծանոթի նկատմամբ բարյացակամ լինելու