Չնայած մեր կյանքը հենց այդպիսի ծառայություն է… կամ փորձ: Մտածում ենք, չէ՞, ինչպես Դավիթ Բլեյանն է արգելված կոնֆետը ուտում՝ «էս մեկն էլ ես ուզո՞ւմ, որ ես ուտեմ, ու վերջ կամ պըրծ»… Հետո՝ էլի… Վաղուց Ազատության հրապարակում հանրահավաքի չենք մասնակցել այսքան շատ մարդով. շատ-շատ մարդ կար: Խիտ ենք կանգնած. տիար Գևորգ Հակոբյանի հետ ընտրել ենք մեր տեղը՝ Թումանյանի արձանից դեպի աջ, ավելի մոտ սրճարաններին, քան բեմին: Որքան էլ բոլորն ինձ ճանաչում են, հարգալից կամ սիրալիր բարևում, հանրահավաքի մասնակիցների կազմը փոխվել է։ Երևանցիներ են, հայաստանցիներ. եկել են փոփոխությունների ոչ այնքան կողմնակիցները (թող քար նետի Գևորգ Հակոբյանի վրա նա, ով չի ուզում), որքան փոփոխություններ կատարելու վճիռ-որոշում կայացրածները: Մի տեսակ նոր ուժ կա, նոր հաստատակամություն, նոր համախմբում մասնակիցների մեջ: «Արշիլ Գորկի» նախագծով մեր Գեղարվեստի ավագ դպրոցի՝ ժամեր առաջ դիտած ներկայացումը հիշեցի՝ «Տանջանք. մաքրություն. հասունություն»: Հասունացե՞լ ենք, հա՞, 2007-2013-ի քաղաքացիական պայքարի փորձով… Ավելի շատ են մարդիկ, որ բարձրաձայն պահանջում են, որ ես ելույթ ունենամ… Հի՛-մա՛… Այ, տեսնո՞ւմ եք, ինչ ազդեցություն է գործում իմ հեռուստախոսքը, թե չէ ամեն օր այսքա՜ն ժամանակ են տանում իմ բլոգն ու նրա օրագրապատումը… Բա Սուսան Հովհաննիսյանից ու Սուսան Մարկոսյանի՞ց. էլ չեմ ասում Զառա Առաքելյանի մասին, ում ներկայությամբ են զարգանում օրագրաստեղծ իրադարձությունները… Սրա փոխարեն շաբաթը մի անգամ խելոք-խելոք դուրս տուր՝ այսքա՜ն TV,  այսքա՜ն հաղորդաշար՝ հերթով… ու քայլիր քեզ համար փողոցով… ճանաչված-հարգված, այ աստղ: Ավելացել են նաև կրթահամալիրի կապերով մարդիկ. լավ է, որ բոլորը գիտեն իմ գործը, և կրթահամալիրի նկատմամբ հարգանքը փոխանցվում է ինձ: Այսպես անբաժան՝ ես ու կրթահամալիրը կանգնած ենք. մեզ մոտենում են շրջանավարտ-ուսուցիչների սիրելի խումբ՝ Վահրամ, Արման, Արտավազդ, Աիդա, Ռուզան… Երևանցիները Ազատության հրապարակում՝ սրանից պատշաճ-համապատասխան նախագի՞ծ… Ես գնահատում եմ ներառման աշխատանքները, որ կատարում են նորից քառյակ դարձած քաղաքական անձինք հարթակի վրա, իրենց ելույթներում ու Ազատության հրապարակում՝ նրանց համախոհները: Այո, ամենաշատը աչքի են զարնում ու հուսադրում ներառմանն ուղղված ջանքերը. իրականությունից՝ որպես մեկնարկ, չես փախչի, մենք ենք ու մեր կենսագրությունը։ Բայց փոխելու համար պիտի փոխվել, ներառվել, միասին հանդես գալ, լսել, շատ ավելի հանդուրժող լինել այլոց կարծիքին և իհարկե, ինքնուրույն լինել որոշումներում, ազատվել կուռքերից… Հրապարակի հարթակին չորս երբևէ կուռքեր են կանգնած՝ առաջնորդներ են կոչվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանը… Ահա հարթակին կանգնածները կարողանո՞ւմ են, կկարողանա՞ն նոր կապ հաստատել՝ կուռքազերծ լինելով անպայման, շամանությանը հրաժեշտ տան։ Աճպարար չեն, մարդիկ են լիդերները՝ իրենց հայտնի կենսագրությամբ, վայրէջք-վերելքներով (մեզ հետ), իրենց ուժեղ և թույլ կողմերով… Ներառումը, խմբով հանդես գալը միակ լուծումն է և՛ հարթակի վրա, և՛ հրապարակում: Ես այս մասին էի խոսում-մտածում Ազատության հրապարակում: Աշխատանք, որ պիտի արվի բարեխիղճ, անհատական-խմբային մակարդակում… Այստեղ է իմ շահը՝ որպես քաղաքացի Աշոտ Բլեյան… Այսպիսի մի դրական լիցք-ազդեցություն էլ այսօր ստացա գերմանացի նկարիչ, սեբաստահայ Հովհաննես Ազատյանի (թուրքական ազգանունը՝ Թափյուլի) երեկվա այցելությունից: Մենք գեղարվեստի դպրոցում սովորողներով և ուսուցիչներով նշեցինք մեր հայրենակցի 70-ամյակը: Երկու ժամը նկարչի աչքով-ձիրքով-կյանքով, աշխարհ տեսած, Սեբաստիայից-Պոլիս-Շտուրգարդ-Ամն-Կանադա-Հոլանդիա-Գերմանիա հասած մարդու համար բավական ժամանակ է հետևության համար. լսեք՝ հրաժեշտին ինչ ասաց. — Աշոտ, ես այստեղ հայրենիք ձեռք բերեցի: Այստեղ է իմ հայրենիքի ապագան: Սա իմ տեսած ամենահեռանկարային կոնցեպտն է՝ հայրենիք՝ կրթության միջոցով ու արդյունքում… Ինձ համար մեկ է՝ ծափահարում են թե սուլում. երբ ինքնագնահատական չէ նաև, ի՞նչ տարբերություն: Մարդը, կենսագրությամբ տպավորիչ, կենսունակ, լեցուն կյանքով ու գործերով, ով առաջին ագամ է Հայաստանում, Երևանում, Բանգլադեշում, կրթահամալիրում, տեսավ ու գնահատեց կրթահամալիրի Բանգլադեշը: Մենք գործընկերներ ենք, եղբայրներ այսուհետ, Հովհաննես, դու քո նկարիչ կրտսեր եղբոր հետ, ով նույնպես Հայաստանում չի եղել և, վստահ եմ, քո միջոցով կանցնի այս ճանապարհը, կապաքինվի, հայրենիք ձեռք կբերի, Սեբաստացի ես, որտեղ էլ որ լինես… Արի շարունակենք սկսած գործը՝ միշտ շնորհակալ այս հանդիպման միջնորդ Սարգիս Հացպանյանին:

Գեղարվեստի այս հայտարարությունը, այս նկարաշարը հենց իմն է՝ սպասված մի կողմից, ու առօրյա՝ մյուս մասով: Այսպես խաղալով, սովորելով, որպես կրթություն՝ այլ հայրենիք-բանգլադեշ ստեղծելով, ներառված մարդով ու միջավայրով… Հրապարակում ամենաշատը հավանեցի Գագիկ Ծառուկյանի ելույթը, պահվածքը: Տեսեք՝ ինչ անցում է կատարում, մեր աչքի առաջ ինչ ճանապարհ է անցնում մարդը. պիտի հաջողի: Յուրաքանչյուրիս նոր հաջողության վրա է խարսխվում, այսպես ու հիմա, մեր երեխաների հայրենիքը Հայաստանում, Արցախում, ամենուր, որտեղ հիմա հայ մարդն է՝ կորսված-խոցված հայրենիքով, ինչպես Հովհաննես Ազատյանը, որ գտավ….

Հայրենի երգն ես դու մեր՝ Վերադարձած հայրենիք :- Դեմքիդ տանջանքն է դրել Անագորույն մի կնիք: Եղիշե Չարենց

Կրթահամալիրը յուրաքանչյուրիս դրսևորման  և ապրելու թանկ, շատ թանկ հնարավորություն է… Ինչքա՜ն մարդ հենց այդպիսի հաստատություն-միջավայրի կարիք-պակաս-անհրաժեշտություն ունի… Բայց ինչո՞ւ ենք արագ դառնում սպառող-մարազմատիկ-սովորական, որ կարող ես և լինել, բայց ինչո՞ւ կրթահամալիրում… Ներառում է, երբ գումարվում ես, ամեն օր ես ուժ տալիս ու ստանում… Ծերանալ չկա, ծերացել ես՝ գնա. կրթահամալիրը մեծապարտեզ չէ, ես դա չեմ հանդուրժի, որևէ տեսքով, որևէ ազգանունով… Հենց հիմնադիր տնօրենից սկսած: Կտեսնեք ծերացածին` հարվածեք… Օրագրի Դավթապատումը Դավիթ Բլեյանը մեծերի խմբում է: Մեծ է: Ու մեծավարի քնել է: Հաշտվել ենք եղբորս հետ: — Պապա ես քեզ շատ եմ սիրում,- գնում գալիս պտտվում է այս մի նախադասությամբ: — Հայրիկ, որ զուգարան են մտնում, ձեռքերը լվանում են։ — Այո, մտնելիս ու դուրս գալիս։ — Շուտ չըշ անեմ, որ գնամ մուլտիս շարունակությունը նայեմ… — Վախ, ճուճուլս…,- տաբատն ուժեղ եմ վեր քաշում։ Վազում է դուրս։ — Դավիթ, բա ձեռքերը լվանալը… — Ժամանակ չունեմ հիմա, հայրիկ, հետո կլվացվեմ։ — Հայրիկ, արի դաշնամուր նվագի, ես երգեմ… Հե՜յ գիտի, Շուշա՛ն, քույրիկնե՛ր, ձեր եղբոր երգելը գալիս է… Այսօր էլի Սոնուլիկն է գալիս, իսկ ես պապիկավարի կարոտել եմ Արաքսիկին ու Արևիկին… Հնար գտնեմ՝ կիրակին միասին անցկացնենք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հաշիվ պահիր քո խոսքերին…

Այո, ես Մուրմանսկի մարզի Կովդոր քաղաքում եղել եմ 1974-ի ամռանը։ Ինձ ընտրեցին.  ինքնառաջադրվեցի, թե նշանակեցին՝ չեմ հիշում։ Կազմակերպել-ղեկավարել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի «Տարոն» ուսանողական շինարարական 40 հոգիանոց ջոկատի

Հաղթանակը մենք ենք. միայն մենք կարող ենք լինել

Ոչ թե հաղթանակը մերն է… ավանսային խոստումներով, այլ Պողոտայի, Շարժման արդյունքը ինքը՝ Պողոտայի, Շարժման մարդն է… Եթե փոփոխություններ են առաջացել իմ մեջ, հաղթանակը, ահա, ես եմ: Իսկ ես, Շարժման նախաձեռնող

Օգնիր ինձ, խնդրում եմ…

Երեկ ես, ինչպես Դավիթ Բլեյանը, ցերեկվա ժամը 3-ի մոտ անհետաձգելի օգնության կարիք ունեի. մեր քունը տանում էր, և այդ պահից սկսած՝ իմ բոլոր գործողությունների վրա ճնշում կար, կար զոռ։ Գյա,