Թոփիկյան Հարությունին ո՞նց չնախանձեմ՝ ինձանից առաջ է գնում… արի ետևից հասի՝ 65 տարեկան… Գնա՛, ախպեր ջան, միշտ առաջից գնա, քո աղջիկներով՝ սեբաստացի պայծառ ուսուցիչների փոփոխվող-ավելացող խմբով-փնջով շրջապատված, քո ժպիտն ու ոգին, Արմինե Թոփչյանի նվեր այս ֆիլմն են փաստում, որ քո ամեն պարապմունքը լինի հաստատուն, շաբաթը երկու անգամ, շաբաթվա քո ուզած օրերին-ժամերին, ամիսը մեկ անգամ շրջագայություն-թափառում համերգներով մեր Երկիր Նաիրիով, տարին երկու անգամվա կրթամշակութային ներխուժումներով-մեր Գեղարվեստի ներկայացումով… Առաջից գնա, իմ ավագ եղբայր, սա հե՛նց այդ դեպքն է, որ չեմ էլ ուզում հասնել-անցնել, մարշ ածելով քո ետևից գալ եմ ուզում… Անհամբեր եմ այսօրվա համերգի համար․ գանք, տեղ չգտնենք, չնստենք ու կանգնած քեզ ու քո կամերային երգչախմբին, նրանց մեջ՝ անբաժան Սեյրան Ավագյանին ծափահարենք․․․
Զբոսանք:
Լուսանկարները` Արմինե Աբրահամայանի:
Լավ է, որ ամեն ինչ տեղն է ընկնում, իմ քույրիկներ-աղջիկներ-գործընկերուհիներ- հմայիլներ Զառա Առաքելյան ու Սոնա Փափազյան՝ շարունակ համալրվող ընկերությունով։ Մեր Դպրոց-պարտեզի ծովն այնքան է, որ տեսա երեկ, բոլորիդ տեղավորում է. աշխատե՛ք-ստեղծե՛ք, իրավունք ու մարմնական պահանջ ունեցեք սառը-մաքուր արևահամ ջրում խաղալու համար: Հալալ է… հետո… նորից աշխատեք: Ինձ հիմա շատ են մոտենում թաղի դեռահասներն ու հարցնում. «Ի՞նչ եք սարքում»։ Ե՞ս… ես չէ, այն, ինչ դուք նկատի ունեք-ուզում եք՝ միացե՛ք Սոնային, ում թաղում ճանաչում-սիրում-լսում են, միասին կառուցեք: Ես ձեզ օգնական… Ձեզ համար՝ ոչինչ, ասել եմ, ձեզ հետ՝ իհարկե՛, ինչ որոշենք… բնակավայր՝ ամենախնամվածը քաղաքում, ամենաբացը՝ իր Դպրոց-պարտեզով, նիստուկացով, իր ագարակով, ձիանոցով, լողափով, իր պուրակներով մայրաքաղաքին այնքա՜ն սազող կենցաղավարությամբ…
Նոր հարթակ եմ գտել. տեղավորվել եմ, Երևանյան լճի իմ երկու հայտնի հարթակների արանքում, Ամերիկայի դեսպանատունը պրծած, Նորագյուղի ճամփի բարձունքին… Երեկ, ցերեկով Անահիտ Մելքոնյանի աշխատանքային ջոկատին պատվեցի իմ այս բարձունքով… Փառավորվե՛ք, էդպիսի գովազդ Երևանին, հայացք Երևանից, պնդում եմ, չկա… Շուրջն իհարկե, լավ կեղտոտ է… և լավ է: Բարձունքը նվաճելու-վայելելու իրավունքը սրանով է լինելու` մաքրելով, տիտիկի-խորաթի-առանձնացումի-հիացումի պատշաճ միջավայր ստեղծելով: Իմ օրվա գրի գլխագիրն է ու վերջնագիրը` ապրելով-ժպիտով ստեղծումը… Չանեք, փույթ չէ, ավելի լավ, ես կանեմ, ու իմը կդառնա-սեփականը… Արդեն իմ քարն ունեմ… Երեկ, օրվա վերջում, տան ճանապարհին, ի՜նչ նստել էի նստել … Մեր սիրելի Վարպետ Ավոյի նման հարցնեմ.
Որտե՞ղ է ընկած
Այն քարը հիմի,
Որ հողիս վրա
Շիրիմ պիտ լինի։
Իմ թափառ կյանքում,
Մարդ ի՞նչ իմանա,
Չե՞մ նստել, թախծել
Այդ քարի վրա…
Քարը էդքան կդիմանա՞…
Այցելություն Բոոմ ձիուն:
Լուսանկարները` Լուսինե Աբրահամյանի:
Ռուսաց նոր եկեցեղու կառուցման ավարտին ու բացմանը օրեր են մնացել… Ուրախ եմ. նոր հարթակ՝ իմ ամենօրյա ճամփին դադար առնելու, ինքս ինձ հետ լինելու, ռուսական հոգևոր երաժշտություն լսելու առիթների համար…
Իսկ աշխատողների հետ քայլել-թափառելը Երևանի լճով-Զանգվի ձորով, կարծես դառնում է իմ ուսումնական պարապմունքի նախընտրելի ձևը… Սրան միացան և բայդարկա-կանոե ակադեմիական թիավարության ակումբ ունենալու որոշումը, ԱՄՆ դեսպանատան թենիսի կորտերում մեծ թենիսի ակումբ ունենալու հնարավորությունը…Անպայմա՞ն… չէ, մաքրելով շուրջբոլորը… Իսկ լիճը Երևանյան լողալու համար մաքուր է, ջուր խմելու համար՝ չէ… Ընդամենը լողացեք մեր նշած-մաքրած ափերում, ինչպես Անահիտ Մելքոնյանի աշխատանքային ջոկատը երեկ…
Կունենանք մեր Սեբաստացի տիկնիկային թատրոնը՝ իր ամենատարբեր ստեղծագործական խմբերով. տիկնիկային խաղի բոլոր, աշխարհին հայտնի ձևերով…Երեկվա ճամբարային ներկայացումը, սովորողների-ուսուցիչների-վերապատրաստվողների խմբի տասնօրյա ապրելով-ժպիտով ստեղծած ներկայացումը հուլիսյան մեկնարկ է… Սկսվե՜ց կամ շարունակեց, ինչպես մեր ճամբարային ջոկատների օրը՝ տիկնիկային ներկայացումից հետ՝ նկարչական փառատոն, դրանից հետո կենդանաբանական այգով զբոսանք… Հուլիս եմ ասել, է՜։
Նկարչական օր Կենդանաբանական այգում:
Լուսանկարները` Սուսան Ամուջանյանի:
#739