Դավիթ Բլեյանն այնքան մեծ է, որ իր խմբի հետ, ընկեր Կարինեի ու Մելինեի ուղեկցությամբ այսօր ժամը 12.00 այցելելու է Երևանի խամաճիկների թատրոն՝ «Շունն ու կատուն» դիտելու։ Դավիթը, գիտեք, անգիր է ասում բոլորիս ուղեկցած այս պատմությունը, նույն ֆիլմը շատ անգամ նույն հաճույքով դիտում է: Տեսնենք. մեր տղայի տպավորությունների, արկածների մասին կարդացեք վաղվա իմ գրում: Քնարիկ Ներսիսյան ջա՜ն, մենք մի քանի անգամ նախաձեռնեցինք բազմաձև տիկնիկային թատրոն… ու ի՞նչ եղավ: Գուցե Դավթի այս այցը խթան դառնա, վերադառնանք նորից. հիմա, երբ ստեղծվել ու հաջողությամբ գործում է կրթահամալիրում Լևոն Աբրահամյանի անիմացիայի լաբորատորիան… Այսօր իմ ժամը 07.00-ին արթնանալը, առաջին անգամ, գոնե մեկ տարվա ընթացքում, անընդհատ 7 ժամ  քնելը, քիչ է, 110 օրում առաջին անգամ առտու իմ օրագրի առաջ չնստելը… իրադարձություն համարո՞ւմ է հարգելի ընթերցողը… Կարդա՞մ ձեզ համար Հովհաննես Թումանյանի «Տպավորություններ» բանաստեղծությունը.

Հա՛, կյանքում ես միշտ այսպես եմ եղել,
Խնդացող տխուր, սրտաբեկ ուրախ.
Հազիվ ուզել եմ անհոգ ծիծաղել
Եվ սրտիս խորքից հառաչել եմ «ա՜խ»։

Գարնան երկինք է իմ դժբախտ հոգին—
Մերթ մութ ամպամած, մերթ մեղմ ու պայծառ,
Եվ տարերքների ուժով ահագին
Շափառուկները ճընշում են իրար։

Իմ հոգին էլ այն երկնքի նման,
Որ ծավալվում է ձեր գլխի վերև,
Ձեզ անհայտ, գաղտնի տեսնում է շատ բան
Եվ մոտ, և հեռու, և փայլուն, և սև։

Շեշտակի թափով, բուռն ու մոլեգին
Ամենայն կողմից ցոլանում, հոսում,
Լցվում են նրանք իմ անտակ հոգին
Եվ ալեկոծում, չարչարում, հուզում։

Ես հազար աչքով բաներ եմ տեսնում,
Որ թաքնված են լռության ետև,
Հազար ականջով ձայներ եմ լսում,
Որ դեռ սրտերում շշուկ են թեթև։

Եվ ամեն կողմից ձայներ ու ձայներ,
Քնքուշ, կատաղի, թախծալի, զվարթ…
Եվ ես ընկնում եմ, համբառնում եմ վեր,
Անզուսպ մոլեգնում կամ ծփում հանդարտ։

Լրբենի մի ձայն,— և ինչպես մրրիկ
Վազում է արյունս իմ երակներում,
Պայթում է սիրտս, և օձի նման
Բարձրանում եմ ես, թշշում, գալարվում։

Մի ձայն էլ ահա,— տկար, խղճալի…
Եվ ես փոխվում եմ նորից ու նորից,
Ա՜հ, աստվա՜ծ, աստվա՜ծ, իմ փոթորկալի
Հոգին տանջվում է այսքան ձայներից։

Հանգի՜ստ… Ես որոշել եմ 15 օրով իմ ռեժիմը փոխել՝ անցնել անհատական-արձակուրդային ռեժիմի. հետևեք իմ օրագրին, որ բաց չթողեք իմ արձակուրդային գրերը… Նորից են հարցնում. իմ օրապատումներից՝ Դավթապատում, հայրենապատում, քաղաքական-հասարակական, անձնական, մանկավարժություն-կրթահամալիր, որը ոնց եմ գրում… Ոնց-ը թողնենք՝ գրում եմ: Բայց ամենահեշտ, թեթև, անմիջական, ուրախ և, իմ կարծիքով, հաջողված ընթեռնելի (դրանք ես կարողանում եմ վերընթերցել) տրվում են ինձ դավթապատումն ու հայրենապատումը, որտեղ ես անմիջական-հիմա մասնակից եմ… Իմ շունչը կա դրանցում: Ահա մեր Դավթի 2014 թ. հոկտեմբերի 6-ի նշանակալի արտահայտությունները, որ գրի ենք առել ես՝ հայրիկս, ու մայրիկը: Ո՛չ մի միջամտություն: Մեր բնակարանում այս օրերին ավելի զգույշ է պետք քայլել. ամենուր նրա մեքենաներն են… Ես դիտողություն եմ անում` այսպես ո՞նց կլինի… Դավիթը թե՝ — Զգույշ քայլիր, հայրիկ, թե չէ մեքենան կկոտրվի… — Շան տղա, բա որ ես սայթաքեմ, կամ մայրիկը, ու ընկնենք կոտրվե՞նք… — Տատիկի նման ընկնեք գետնի՞ն… Հետո էլ, թե՝ — Ե՞րբ է բացվելու իմ դպրոցի հեծանվաուղին,- տեսեք ի՜նչ մաքուր է արտաբերում… Իսկապես. ե՞րբ: — Ես այսօր ուղիղ ժամը 10-ին եմ լողալու. լսեցի՞ր, հայրիկ… — Դու իմ տղեն չես (մայրիկը՝ Դավթին): — Պապայի շան տղեն եմ ես: Դավիթը լողացել, վայելում է թմբիրը… Ֆոտոսեսիա՝ խնդրեմ… Նա պատրաստ է միշտ… — Ճուճուլիկներս փափուկ են… — Սա մի ճուճուլիկ, սա էլ՝ երկու… Երկու ճուճուլիկ (հաշվում է), փափուկ ձու-ձու ունեմ… Աղվեսին չեմ տա… Մայրիկը շորերն է հագցնում, իսկ Դավիթը շարունակում է սիրել մայրիկին: Հետո էլ, թե՝ — Մայրիկ, մոռացել եմ սանրվեմ… Կօգնե՞ս սանրվեմ: Դավիթն անզգույշ կպել է, տատիկի՝ շրջանակով նկարը գցել. շրջանակի ապակին կոտրվել է. Դավիթը վախեցել է (նապաստակ է մեր տղան)… Հետո էլ, թե՝ — Ոչինչ, մայրիկ, Սենը (ՏՀՏ մասնագետ) կգա, կսարքի: Սենի նկատմամբ միշտ հուզականորեն դրական վերաբերմունք է ունեցել… Դավիթը երգում է Կոմիտաս. — Քելե- քելե, քելքիդ մեռնեմ, գիժ մամա,- այս «գիժ» բառը նա աջ ու ձախ գործածում է, հաճախ այսպես,- սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ-նախշուն գիժ կաքավիկ…

Ինձ հարցնում են՝ որ ժամանակներում կուզեիք ապրել… Հիմա՛ ու կրթահամալիրի Բանգլադեշում… Պարույր Սևակն այսպիսի բանաձև ունի. «Ասել-ասում են, թե լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք: Իսկ ես պնդում եմ, որ լավ է այնտեղ, որտեղ չենք կարող չլինել, ու կա՜նք»: Ահա քեզ երկու ժամանակ, երկու կապ քո և քո ապրած ժամանակի՝ պատասխանատու և անպատասխանատու: Մի կյանք է, չէ՞, աստվածատուր, և տրված է, որ քո ժամանակում քո պատասխանատվությունն իրագործես… Ավելի լավ ժամանակ հայոց համար ե՞րբ է եղել, քան հիմա՝ 1990-ից սկսած… Ու իմ արխիվի միջից նորից հանեցի գրառումներ, որ ես արել եմ այս 24 տարում. չգիտեմ՝ երբ: Արդիական է. ես այն, համարեք, այսօր եմ գրել: Իմ արխիվը ես ամեն օր այսպիսով թվայնացնում, մաքրում, բերում եմ իմ բլոգ, եթե արժանի եմ համարում իմ, ձեր ուշադրությանը, եթե ոչ՝ դիլիթ, ուզու՞մ եք անգլերեն կարդացեք՝ delete…

  • Հրապարակում մենք ենք՝ մեր բնավորությամբ:
  • Ժողովրդի ճակատագիրը (բախտը) ղեկավարում է (տնօրինում է) նրա բնավորությունը, ոչ թե նրա հաստատությունները:
  • Մենք հիմա կենտրոնացած ենք այլոց անելիքը փնովելու, աշխարհի անելիքը որոշելու վրա, երբ կարևոր է, թե ինչ ես անելու դու, իմ, մեր անելիքն է կարևոր:
  • Գաղափարն ու իշխանությունը պատմության մեջ բաժանել չի կարելի. գաղափարն առանց իշխանության պղպջակ է. իշխանությունն առանց գաղափարի հանցավոր է:

Ինչ կարևոր է, թե որ մի մտածողն է ասել։ Ես կուզեի, որ առաջինն ինքս ասած լինեի: Ու ես նորից, որերորդ անգամ այս 24 տարում վերցրի իմ ձեռքը Բակունցի «Հանավանքը» պատմվածքը՝ գողտրիկ ու գունեղ, ինչպես Բակունցի ողջ գրականությունը: Իսկ «Հանավանք»-ի գյուղացուն, որ, ավա՜ղ, կենդանի է իր բնավորություն-մտածողությամբ, ես վերջին անգամ հանդիպել եմ Հրազդանի կիրճում, Բջնիում, Քաղսիում, Սոլակում… Երբ շինականը, որն իր քրտինքով 30 տարի առաջ Երևան քաղաքի սրտի մեջ քառուքռը հարթել ու ստեղծել էր «Օղակաձև» կոչվող այգին, ավերեց այդ այգին ու տեղը բետոնեց, տեսակ-տեսակ ուտուշ-խմուշի աղմկոտ հաստատություններ հիմնեց, երբ շինականները, ում հայրերն իրենց շալակով քար էին կրել Ալ. Թամանյանի հանճարով երկնած նոր Երևանը կառուցելու համար, սկսեց ավերել օպերայի այգին, երբ Գառնիի ձորում շինականը, ում պապերն 1-ին դարում Գառնիի ձորից շալակով քար էին տարել հեթանոս տաճարի շինության համար, արևելյան քուչայի վերածեց Գառնիի այդ չնաշխարհիկ կիրճը, երբ շինականը, որի պապերը մասնակցել են Երևանի բերդի ազատագրմանը և կառուցմանը, սրբեց Երևանի Նոր բերդի՝ Գինու կոմբինատի հարևանությամբ 100 տարվա հնության ազնվացած շինությունները, ես տեսա, որ շինականը մեզանում շատացել է, ամենուր է ու «շինում է» Երևանը, որ նախարարը (ճարտարապետը, իշխանավորը, քաղաքացին) մեզանում վերացել է, մնացել է միայն շինականն ու իրեն հանձնված Երևան կոչվող ռելիեֆը, ու մեր ճարտարապետ-նախարարի՝ Ալ. Թամանյանի հանճարից ու նրա տեսած արևային քաղաքից վաղը ոչինչ չի մնա… Երբ Պուշկինի փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման կենտրոնում ես կանգնած էի որպես լարախաղաց, աջից ու ձախից հսկայական շինարարական փոսեր, իսկ շուրջս՝ վեր հառնող վայրենի օտար շենքեր, որոնք Հյուսիսային պողոտան դարձրել են մի նրբանցք, ու Երևանի խորհրդանիշ ընկալված օպերայի շենքը հազիվ է նշմարվում, ես հասկացա, որ «Երևանի կենտրոնի երկնահաս, գրանիտյա բագինը» (Ե. Չարենց) խանգարում է շինականին… Ու ես արտագրեցի Ա. Բակունցի այս պատմվածքը. կարդացեք իմ բլոգի ընթերցարանում։ Այսպիսի կրթական ակցիաներ, երբ միանգամից կրթահամալիրի մեր Բանգլադեշում մեր հինգ դպրոցներում միաժամանակ աշխուժով են լցվում՝ սկսում են գործել մանկա-պատանեկան պարզ, գրավիչ մարզահրապարակներ, մեր կրթահամալիրի սկեղծման 25-ամյակին ընդառաջ, լավ նշան է։ Մեզ, Երևանին, Հայաստանին, բոլորիս փոքր-մեծ այսպիսի կենդանի ներարկումներ են պետք։ Ամենաշատը տպավորվել եմ մրջնանոցից, որ տասնյակ ու տասնյակ տարատարիք սեբաստացիներ որպես մրջյուններ կրում էին սպիտակ-կարմիր ավազը, հարթեցնում իրենց հրապարակները, հետո այն վայելքից, որով անջատվում էին աշխարհից, ընկնում իրենց խաղի՝ մեծերի աշխարհից կտրող մանկական աշխույժի մեջ։

[youtube https://www.youtube.com/watch?v=14093WETZOI?feature=player_embedded]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գտեք ձեր հեքիաթն ու դարձեք անիրական…

Քնարիկ Ներսիսյանի այս հրավերին սպասել եմ, թատրոն-լաբորատորիայի բազմաչարչար-կրկնվող բացում-վերաբացում-գործարկմանը… Երեկ-մյուս օրը մտա՝ կյա՜նք, Քնարիկի հմայքը բազմապատի՜կ, թվում է՝ էլ ո՜ւր, անվե՜րջ, շրջապատված իրենով ոգևորված տղաներով՝ Ավագ դպրոցի Սուրեն, Հայկ, Դավիթ…

Նոր փոթորի՞կ է պետք, որոտ ու կայծակ, գարնանաբեր ամպրոպ, որ մաքրեն հասարակական մեր կյանքը…

Մարդու համար վերևից եկած ազատությունը ցողից ավելի չէ, եթե մարդը նախ՝ ինքը յուր մեջ ազատ չէ, և երկրորդ՝ այնուհետև ինքը պիտի բռնանա յուր ընկերների վրա: Ամբողջական-հասկանալի է ասված, ու ասողն

Ահա կը նստիմ, ու նըվագներս կը ծընի՜ն…

Սա էլ եղավ 1698-րդը նախահոբելյանական գիրն իմ՝ որպես պատում…