«Էլ ի՞նչ ասեմ ես ձեզ․ անիմաստ են բառերը,
Գուցե ա՛յն միայն, որ վախճանվելը վիճակված է, ավա՜ղ, յուրաքանչյուրիս․․․»
Անսովոր կիրակի է, որքան էլ որ արթնացել եմ սովորականի պես, սովոր ժամին ու տեղում… Այլ է տրամադրությունն իմ։ Դավիթն էլ շուտ է արթնացել ու աղմկում է։ Արմինեն խաղաղեցնում է․ փորձում է․․․ Ես անկյունում եմ, աշխարհի իմ անկյունում՝ իմ եղբայր Թաթոսի հետ․․․ Ու նորից բառ, տող, զգացողություն եմ փնտրում, որ արտահայտվեմ-ձևակերպեմ․ ես չեմ կարող առանց դրա․․․ Կգտնեմ իհարկե, հազար փականի տակ, գրքի թերթերից մեկում այն ննջել, ինձ է սպասում․․․ Ահա, Եղիշե Չարենցի «Տաղ՝ ձոնված մեռյալներին․․․»
Տխրությամբ ու դառնապատիր ցավով ենք ձեզ դնում ճանապարհ,
Ո՜վ անդարձ հեռացողներ, ո՜վ մեռյալներ,
Դո՛ւք, որ չեք վերադառնալու այլևս և մնալու եք հար
Տիեզերքի զարկին անհաղորդ և չեք ճաշակելու բույրեր, և չեք լսելու ձայներ․․․
Դժվար է, երբ քեզնից առաջ ու այսքա՜ն շնորհքով ասված է, բայց անընդհատ ուշացածի հետ հաշտ չես ապրի․․․ Քանի՜ անգամ կարդացել եմ այս տաղը, վերջին անգամ քրոջս՝ Էմմայի առիթով․․․
Բայց եթե միևնույն է վախճանը գերեզմանից անդին,
Եթե նույնն է մեր բախտը հեռանալուց հետո,-
Ապա տարբեր է հուշը, հիշատակը, այն զրույցը անգին,
Որ մնում է սրտերում մարդկանց և լցնում է սրտերը կարոտով․․․
Որքան էլ՝ վերջին երկու ամսում հիվանդանոցներում, դրանից առաջ՝ հիվանդասենյակ դարձած քո բնակարանում իրար ասված-լսված ենք ապրել, չասվածը-չլսվա՞ծն է տանջում ինձ․․․ Էլի՞ խնայեցինք իրարու, պակասո՞ւմ էր ձգտումը, ճշմարտությունը հաղորդակցության, չէ՞ որ ե՛ս էլ, դո՛ւ էլ, թվում էր, մեր Ուսուցիչ Հիսուս Քրիստոսի ցույց տված նեղ դռնով անցած Ազատության մեջ էինք ու ճշմարտի համար մեր պայքարը՝ զրույցը հիվանդանոցային, պայքար էր սիրո համար․․․ Ստացվե՞ց, լսեցի՞նք մեկմեկու, եղբայր Թաթոս․․․ Հիմա, հենց հիմա, երբ Դավիթ Բլեյանը, ում առաքելության գիտակցումը ոչ միայն ունեիր, այլև հաճույքով ու շարունակ շեշտում էիր, մեկ-երկու մետրի վրա անընդհատ գործունեություն է փոխում ու չի խանգարում, պարտադրում իրենը․․․ ինձ համար հիմա ամենադժվարն է՝ հեկեկալու աստիճան․․․
Բայց ի՞նչն է, ի՞նչն է արդյոք, որ մոխրից հետո
Լուսազարդ ու շքեղ վե՜ր է հառնում,
Լցում է օրերն ապագա անմարելի բույրով
Եվ դառնում է երգ ու զրույց, և հիշատակ է դառնում․․․»
Մահվան հոգեվարքի մեջ գտնվող եղբորը տեսնելու պահից, որ առաջինն է իմ կյանքում, ես առանձնացա իմ Բանգլադեշում, որ ազատվեմ իմ բյուր գործերի-աշխույժի մեջ իմ մանկավարժության․․․ Այդպե՞ս եմ եղել միշտ՝ եղբոր ու հորեղբոր արանքում, Բլեյան Աշոտ անձ-գործիչ, ում քաղաքական-մանկավարժական-դավանաբանական հայացքները դու պաշտպանել ես միշտ․․․ Հենց դա էլ ինձ խանգարել է երևի, երբ անխնա պիտի լինես հե՛նց գաղափարակրիդ հետ․․․
Բայց չի մոխրանում հիշատակը…
Որ բարձրանում է եփվող ջրերից․․․
Հետո, մեր մեջ` իմ ու քո մեջ, միշտ քո ու իմ հայրը կար՝ իմ ավագ եղբայրը, ում դու չէիր հանդուրժում դիպչել, քննել, դատել․․․ անգամ ինձ դա որևէ կերպ թույլատրված չէր․․․ նա վեր էր քեզ համար․․․Նախագահ էր, ինչպես Շամխալբեկը հորդ համար։
Բայց ես ասում եմ հանուն ճշմարիտի, մեր պայքարի, որ պայքար է սիրո համար, հանուն մեթոդի, եթե խնայել է պետք ու կարելի է, ապա ապրողին, կենդանիին, մեռյալին՝ երբե՛ք։
Չի՛ կարող Էդվարդ Շամխալի Բլեյանը, որ կա մեզանում՝ որպես «շողն արևի ու ցոլքը մեռած աստղերի» չկանչել հիմա՝ «Ինչ-որ բան, ինչ-որ տեղ սխալ եմ արել, որ այսպես է հիմա․․․»
Մոռացությո՜ւն ուրեմն բոլո՜ր մեռյալներին,
Եվ փա՜ռք նրանց ընդմիշտ ու հավիտյան, որ թողել են կյանքում հիշատակի կրակ․․․
Արամ, Ռուզան, Էդվարդ, Յուրա, Ռոզալիա, Մարիամ, Արման, Էդվարդ կրտսեր Բլեյաններ:
Ահա ինչու՝ եղբոր, հորեղբոր՝ Աշոտ Բլեյանի իրավունքով, ես դիմում եմ Էդվարդ Բլեյանի թոռներին՝ Արամին, Ռուզանին, Էդվարդին, Յուրային, Ռոզալիային, Մարիամին ու Արմանին, Թաթոս Բլեյանի Արամ որդու Էդվարդ մանչուկին՝ խիզախե՛ք, Բլեյան եք, առա´ջ անցեք, լսո՞ւմ եք, առջևից գնալու ձե՛ր ժամանակն է, քանզի…
Բայց չի մոխրանում հիշատակը… Հիշատակը արդյոք լույսերի՞ց է,
Լույսերի՞ց է արդյոք նա սերում, թե հուրերից անշեջ-
Հիշատակը սերում է գործերից, -հիշատակը մշուշ է,
Որ բարձրանում է եփվող ջրերից, բայց մնում է ինքը — անմեռ․․․
Իսկ իմ կիրակնօրյա Օրագիր ես բերում եմ Չարենցի «Գիրք Ճանապարհի»-ն՝ իր պատմության քառուղիներով, իր իմացության ռուբայիններով-դիստիքոսներով, բեյթերով-սոնետներով, արվեստով քերթության, որպես նոստալջի ու մոնումենտ, տաղերով և խորհուրդներով ճամփորդի՝ դեպի լյառը Մասիս։
#719