Ժողովուրդ կոչվածն իր ստեղծած պետությունն է. հեգելյան այս պնդումը ես հավանում եմ, այնքան հասկանալի է, որ կարող ես շոշափել… Ահա քո խնամած ֆիզիկական տարածքը, ահա այդ տարածքում ապրող մարդիկ՝ իրենց ինքնազգացողությամբ, այդ ժողովրդինը համարվող տարածքում (աշխարհագրական սահմանում) օրենքների պահպանումը ու չգրված օրենքերով մարդկային համակեցության կազմակերպումը…

Ինձ, օրինակ, ռուս-ուկրաիանական պատերազմն ավելի ու ավելի խանգարում է… Առաջ ես փնտրում էի սրան վերաբերող ամեն մի նորություն, հիմա կարդում եմ միայն վերնագրերը, իսկ կադրերից՝ հեռուստատեսային, թե այլ, ինտերնետում, խուսափում եմ… Ինչի՞ հասան ռուսները, ի՜նչ ընկած է ռուս հասարակությունը, նրա մտավորական խավը, որը գոնե լսելի չընդվզեց…
Ես զգում եմ՝ ինձ խոցում է ռուս-ուկրաինական եղբայրասպան պատերազմը՝ այնպես խորը, անհատապես մինչև վերջ խոցող…
«Մի րոպե մտածում ես, իսկ ո՞ւր են այն անթիվ մարդիկ, որոնք դեռ երեկ խոսում էին հանուն ժողովրդի։
Ուզում ես ճչալ. ու՞ր եք դուք, ժողովրդի բարեկամներ, սոցիալիստներ և ոչ սոցիալիստներ ամեն տեսակի և կուսակցության, մի՞թե չեք տեսնում այս հրդեհը, որ լափում է ժողովրդին, մի՞թե չգիտեք, որ ժողովրդին ամենից առաջ պետք է իր կյանքը, չգիտե՞ք, որ նրան կրակից փրկելը առավել բարձր և ազնիվ գործ է, քան հեղափոխությունն ու հանրապետությունը»։
Հ. Թումանյան «Հանգցրեք հրդեհը», 1918թ.

Ասացին, որ ճանապարհը փակ է, Բերքաբերում` վիճակը լարված, եթե ուզում եմ, կարող են փոխադրել սահման: Մտածեցին, որ ճանաչված գործիչը անհանգստության լուրն առել է ու շտապել է սահման… Իմ անհանգստությունը խտացավ Նիկոլի զանգով. նաև Բերքաբերի ճանապարհին է, շտապում է, մեզ տնեցիները սպասում են Իջևանում: Ժամեր հետո, երբ մեզ միացավ Նիկոլն իր ընկերների հետ, զանգեր ու զանգեր… «Եվրոնյուզի», «Հ1»-ի, «Ազատության» նորություններ, ինտերնետ բազում կայքերի քաղվածքներ, սահմանամերձ գյուղերի գյուղապետերի, զորամասերում ծառայողների, ընտանիքների հետ միացումներ… Ես հաշվեցի, որ Փաշինյանների Իջևանի տան հյուրասենյակի ինտերնետ միջավայրում աշխատում էին չորս նոթբուքեր, մի քանի պլանշետներ. իսկական տեղեկատվական, վերլուծական կենտրոն… այս անապահովության, անորոշության ծավալումը տեսնես ուր կտանի: Մենք հո ջուրն ընկած տաշե՞ղ չենք, որ անկարող, անհաղորդ տրվենք հոսանքի տարուբերումներին, որ մի տեղ մեզ ափ հանի: Սա շատ բաներով ինձ տեղափոխեց 1992-94թթ., զուգահեռներ՝ տեղի-անտեղի… Ես` ԳԽ պատգամավոր, նորաստեղծ «Նոր ուղի» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր, «Այլընտրանք» քաղաքական-քաղաքացիական նախաձեռնության համակարգող Նիկոլ Փաշինյանին պատմում էի ու լսում: Կարևոր է մեր փորձի, անելիքի քննարկումը, փոխանցումը, անհրաժեշտության դեպքում և աշխատանքի բաժանումը: Ես ավագ սերունդն եմ, 1988-ի շարժման մեկնարկում կանգնած գործիչ (կարևոր էլ չէ իմ ազդեցության չափը), Նիկոլը իմ ավագ դուստրերի՝ Լիլիթ և Տաթև Բլեյանների սերունդն է, Նիկոլն ինձ նոր հարց տվեց, ու ես պատասխանելու փոխարեն շուռ եկա դեպի Աշոտ Փաշինյանն ու Շուշան Բլեյանը: Ընկերներ, կա և երրորդ սերունդը, առանց որի մենք ո՛չ կարող ենք լուծել ղարաբաղյան կոչվող թնջուկը, ո՛չ էլ պետք է… Իրե´նց կյանքն է չէ՞: Իսկ մենք լսո՞ւմ ենք նրանց, իսկ մենք լիարժեք մասնակից դարձնո՞ւմ ենք իրենց կյանքի՝ տեսեք, նորից առաջին պլան մղված խնդրին՝ հարևան Ադրբեջանի ժողովրդի ու պետության հետ խորացող… դեպի մութը գնացող… հակամարտության: Լսում ենք ձեզ, Աշոտ Փաշինյան և Շուշան Բլեյան, խոսե՛ք, գործե՛ք, լուծումներ առաջարկեք, քննարկե՛ք, հանրայնացրեք խնդիրը՝ ոչ որպես մեծերին կրկնող անհանգստություն, որ բերում է տափակ լուծումների` ես գնացի, ինձ վրա հույս չդնեք, կամ պատանեկան-երիտասարդական հայհոյանք-հոխորտանքների…

«Հուլիսի 31-ին հակառակորդը դիվերսիոն հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Ցավոք, գործողության հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ, 1994 թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը: Զոհերի անուները հրապարակված են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Ստորև ներկայացնում ենք հաղորդագրության մանրամասները…

Բարեկամներ, Հայաստանը նոր՝ քաղաքական նախաձեռնությունների է կարոտ՝ սրանցից բխող քաղաքական նախագծերի, դրանց ստուգատեսային իրագործմամբ, որն ապահովելու է յուրաքանչյուրիս մասնակցությունը նախաձեռնության մշակմանն ու իրականացմանը… մեր հասարակական-անձնային կյանքի փակուղու հաղթահարմանը:

Նախ` ինչո՞ւ թուրքեր և ոչ ադրբեջանցիներ, երբ խոսքը հայ-ադրբեջանական սահմանի մեր գյուղերի մասին է: Փաստ են, չէ՞, երկու ժողովուրդներն ու իրենց պետությունները… Թերթը գրում է. «Երկրի քաղաքական ղեկավարությունը կարծես թե որևէ լուծում չունի Ադրբեջանի զինուժի ամենօրյա գնդակոծության տակ ապրող սահմանամերձ գյուղերի համար: Ո՞րն է հարցի լուծումը և ելքն այս իրավիճակից. հայտնի է, որ ամենօրյա գնդակոծության տակ ապրող գյուղերի բնակչությունը նվազում է, քանի որ հնարավոր չէ այդպես անվերջ ապրել»:

Վերջին շրջանում սրան նվիրված մեդիա-մամուլի բազում հրապարակումներում ոչ մի խելամիտ բան չգտա: Թերթի հոդվածագիրը` մեր երկու սքանչելի սեբաստացիներ Արամ ու Աննա Թևոսյանների մայրիկը՝ նույնպես, բայց կարծում է, որ «խելամիտ ինչ-որ լուծում այնուամենայնիվ հնարավոր է գտնել…»: Լուսինեն կարծում է, որ իշխանությունները պարզապես չեն ուզում, կամ ասենք` չեն կարող: 20 և ավելի տարիներ, Լուսինե, չեն ուզում… Սա հարցի, այս հողում մեր գոյության ուղու պարզունակեցում է: Հնարավոր չէ սահամանամերձ գյուղերի անվտանգությունն ապահովել առանց հայ-ադրբեջանական հակամարտության քաղաքական կարգավորման: Ադրբեջանցի նշանառուն սա հասկացել է, բա որ բազմապատկեց նշանառուների թիվը ու կրակոցների հեռահարությունը մեծացրեց… Հայաստանում մնացածներով հավաքվենք Երևանո՞ւմ: Լուսինե ջան, սա հենց այն ճամփաբաժանն է, որի առաջ մենք կանգնած ենք 25 տարի «Ո՞րն է մեր ճանապարհը» հարցադրմամբ: Այստեղից սկսվեց իմ քաղաքական Նոր ուղին: Սա 1990 թ. հայ նոր իրականության մեջ, կարծում եմ, եզակի ժողովածուի վերնագիրն է, որը մտահաղացանք ես և Կտրիճ Սարդարյանը, կազմեց ու առաջաբանը գրեց Աշոտ Բլեյանը: 1989-90թթ. օրվա մամուլից վերցրել եմ հինգ ժամանակին հայտնի գործիչների հոդվածներ, որոնք նվիրված են Հայաստանի անկախությանն ու կազմում են թեմատիկ ամբողջություն՝ ժամանակի մտածողությամբ ու տրամադրությամբ: Մի հատված «Արևի նման նայեցեք աշխարհին» վերնագրով իմ առաջաբանից:

«Երբեք այսքան օգնող չեն եղել քամիները: Ահա, քարոզում են հոդվածների հեղինակները, որ կկանգնի Հայաստանը հզոր ու բարեկեցիկ, քաղաքակիրթ աշխարհի ազգերին ու պետություններին արժանի ու հավասար և կկանգնի շուտ, եթե…»:

Իմ «Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք» վերնագրով ժողովածուն հրատարակել եմ 1992թ.-ին: Այն իմ քաղաքական գործունեության (ՀՀՇ վարչության անդամ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր) 1989-92թթ. ընդգրկող շրջանի իմ հոդված-ելույթներն են: Հետո իմ խնդրանքով, 2000-ին, երբ ես Նուբարաշենի «Կլոր բերդում» էի, ընկերներս օգնեցին հրատարակել նոր ժողովածու «Ապագա ունենալու համար ապրել է պետք» վերնագրով:

Ահա թե ինչո՞ւ եմ գրել իմ քաղաքական-հրապարակախոսական հոդվածները, ելույթները, ահա թե ինչո՞ւ եմ զբաղվել և զբաղվում քաղաքական կոչված գործունեությամբ. «Օգտակար չլինել չեմ կարող: Չեմ կարող հանդիսատես լինել, երբ աչքիս առաջ փլուզվում են տասնամյակներ դրած գործ, երազ ու ծրագիր, երբ վտանգված է Երկիր Նաիրին: Ինչպե՞ս օգնել: Այս ժողովածուով ուզում եմ հասկացված լինել ու ապացուցելի դարձնել իմ առաջարկները»: Ինչո՞ւ հանկարծ հիշեցի իմ հերոսական անցյալը… Ավա՜ղ, մեր անցյալը անցյալ չէ, ներկա է:

Այդպիսի շրջան 1991-ին եղավ։ 1991-ին Աշոտ Մանուչարյանը Հայաստանի Ներքին գործոց նախարարն էր՝ մեր շատ սիրելի Կարապետ Սիմիդյանի թիկնապահ հովանու ներքո, Աշոտ Դաբաղյանը՝ Հայաստանի Լուսավորության նախարար Արեգ Գրիգորյանի 1-ին տեղակալը, Աշոտ Բլեյանը՝ Երևանի փոխքաղաքապետ:

Մանուչարյանը շուտով նշանակվեց ՀՀ նախագահ ընտրված Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգության գծով գլխավոր խորհրդական, ու ցավոք ցայսօր նրա այցը կրթահամալիր եղել է թռուցիկ… Որքան էլ՝ վստահ եմ, հետևել-ցավել է կրթահամալիրի ողջ գործունեության համար… Աշոտը, գիտեք, ամուսնացավ դպրոցում մեր ռուսերենի սքանչելի ուսուցչուհի Աիդայի հետ, երեք՝ մեկը մյուսից «Մանուչար» տղա ունի. Լևոնը կարճ շրջան աշխատեց կրթահամալիրում, իսկ Վարդանն ավարտեց Գեղարվեստի ավագ դպրոցը 2014-ին:
Աշոտ Դաբաղյանը 1992-ին նշանակվեց ՀՀ Անվտանգության ծառայության պետի տեղակալ, հետո հայտնվեց «բիզնես աշխարհում»՝ Ուկրաինայում:

Որպես Երևանի փոխքաղաքապետ՝ պետական պատվիրակության կազմում իմ առաջին այցելությունը արտասահման՝ Մոսկվա-Հռոմ-Վենետիկ-Սուրբ Ղազար էր. ես ուղեկցում էի Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նրա օգնական Ալեքսանդր Արզումանյանի հետ: Տեր-Պետրոսյանի հետ հեշտ է, թեթև է ճամփորդելը. նա մարդ է, ով իր մտավորական (Մատենադարանի գիտնական-քարտուղարի, գիտաշխատողի) կենցաղը չփոխեց այդպես էլ, ինչքից, ուտուշ-խմուշից հեռու, ինքն է ու իր սուրճ ու ծխախոտը, բացառիկ հումորով, ընկերների նկատմամբ ուշադիր… Տեր-Պետրոսյանի առաջարկով Սուրբ Ղազարում՝ Մխիթարյանների հարկի ներքո, ես մնացի մի քանի օր… Երբեք չեմ մոռանա, որ միաբանությունում ես ապրել եմ, գիշերել Ղևոնդ Ալիշանի առանձնասենյակում, իսկ ինձ մշտապես ուղեկցում էր վաղամեռիկ տաղանդավոր գրող-թարգմանիչ-խմբագիր Զուլալ Գազանչյանը:

Գիտեի, որ փոխքաղաքապետի պաշտոնում կարճ, շատ կարճ եմ աշխատելու. ես ինձ գիտեի, Համբարձում Գալստյանին… Որքան սիրելի՝ շատ էին տարբեր մեր պատկերացումները՝ քաղաքի և ինձ վստահված ոլորտի զարգացման, դրա կառավարման, Հայաստանի կառավարության ու նրա գերատեսչությունների հետ հարաբերությունների մասին… Ահա ինչու՝ չարեցի ոչինչ, որ կիսատ կմնար՝ վստահ, որ շատ շուտով ինձնից հետո գալու են մարդիկ, որ հակառակն են անելու… Ես չփոխեցի անգամ իմ ծառայական մեքենան, վարորդին, օգնականին, քարտուղարին… Ես բաց էի, մատչելի յուրաքանչյուր քաղաքացու, մշակութային, կրթական, մարզական հաստատության աշխատողի համար… Համբարձումը սիրելի է եղել, մարդկային, ուշադիր իմ նկատմամբ միշտ, մինչև մեր համատեղ աշխատանքի վերջին օրը. վստահ եմ, որ իմ հեռացումն անակնկալ էր ոչ միայն քաղաքապետարանի աշխատողների, այլև նրա համար… Համբարձումի՝ 1994թ. դեկտեմբերի 19-ի սպանությունը ինձ համար եղբոր կորուստ էր…

1991թ. սեպտեմբերի 4-ին՝ իմ ծննդյան օրը, քաղաքապետի ավանդական մեծ խորհրդակցության ժամանակ շնորհակալություն հայտնեցի, հրաժարական ներկայացրի և հայտարարեցի կրթահամալիր վերադառնալու իմ որոշման մասին՝ նվեր ինձ, իմ ընկերներին, սաներին… Ժամեր հետո ես կրթահամալիրում էի. ինձ առաջին դիմավորողը Գևորգ Հակոբյանը եղավ…

1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով մենք՝ ՀՀ չափահաս քաղաքացիներս, հռչակեցինք Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ պետություն։ Ես դեմ եմ եղել մեր այս հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ռազմական ամբիոնները վերականգնելուն. ռազմական գործը մասնագիտություն է, մարդը պիտի իր ազատ ընտրությամբ սովորի ռազմական միջին մասնագիտական և բարձրագույն հաստատություններում, հետո իր մասնագիտությամբ, որպես ծառայություն՝ աշխատի Հայաստանի զինված ուժերում:

1991-ի սեպտեմբերը` իր 21-ի Անկախության հանրաքվեով, դրան նախորդող սեպտեմբերի 20-ի Ազատության հրապարակի տոնախմբությամբ, տոնի պատրաստության օրերով, իմ գիտակից կյանքի ամենավառ ամիսն է:

Գաղափարը, կարծեմ, Վանո Սիրադեղյանինն էր. Հայաստանի չորս ուղղությամբ՝ արևելյան, արևմտյան, հյուսիսային և հարավային կողմերով, նո՛ւյն օրը, նո՛ւյն ժամին Ազատության հրապարակից դուրս եկավ չորս ավտոշարասյուն: Անկախության մունետիկ-գործիչներով, լրագրողներով, երաժիշտներով, պարախմբերով, տրիբուններով: Օր ու գիշեր եղանք շեներում՝ մարդկանց զարթուն պահելու համար: Հարավային կողմ շարժվող շարասյան պատասխանատուն էի ես` իմ ընկերների հետ: Երևանից մինչև Ղափան, Քաջարան ու Մեղրի, Գորիս ու Սիսիան, Վայք ու Ջերմուկ, Մալիշկա, Եղեգնաձոր ու Արարատ… «Այո» էին ասում ու խնդում սարերը, ձորերը, հովիտները, դաշտերն ու այգիները: Ցնծում էին բոլոր շեները, բոլոր տարիքի ու հայացքի մարդկանցով լեցուն հրապարակները: Այո՛, ազատ Հայաստան, երբ չկան ծանոթ ու անծանոթ, դիրք ու տարիք, բոլորը, որպես հասարակ մարդիկ, ունակ՝ ձևավորելու, դառնալու, լինելու, գործելու, որպես հասարակություն: Հասարակ և ունակ. ես երբեք սա չեմ մոռանա: Տոն պարգևել, տոնականություն հաղորդել Անկախության հանրաքվեին, որ ծիսակարգին այս կանխորոշված, անայլընտրանք «Այո»-ին այս ուրիշ ոչինչ չկպչի, որ ազատության գաղափարով համակված հայաստանյան մարդը սեպտեմբերի 21-ին իր քվեարկությամբ հաղորդակցվի հավաքանիին՝ հասարակությանը: Հասարակ մարդկանց հաղորդակցության օր լինի: Այդպես էլ եղավ: Սեպտեմբերի 20-ին, երեկոյան չորսի-հինգի մոտ, ահա այսպիսի անսովոր «բեռով», մեր քարավաններն սկսեցին հավաքվել ու հավաքել տոնական բազմություն Ազատության հրապարակում` ծո˜վ բազմություն: Վանո Սիրադեղյանի որոշմամբ ես դարձա այս հավաքի ղեկավարը: Ոչ ոքի մոտ չթողեցի, մենակ ու ինքնուրույն, ինքնամոռաց, որ դրանով համակեմ յուրաքանչյուրին, որ անպայման տոնը կայանա, որ ուրիշը չկարողանա փչացնել: Ծովի պես ծփացող Ազատության հրապարակ, որ կարողանում էր ծովի պես խաղաղվել, լռել, լսել ու պայթել, որ արձագանքում էր ինձ, որպես հարազատ մարդ: Միասին տոնեցինք, ցնծացինք. անկախության «Այո»-ն որպես ցնծություն կար հրապարակում: Ոգևորվածությունն այնքա՜ն մեծ էր, նույնքան անափ՝ գայթակղությունը: Որքա՜ն կուզեի ունենալ ամբողջի տեսագրությունը:

Ես հավատում էի, որ անկախ պետականության քաղաքացի-հիմնադիրների, որն էր Հայաստանում ամեն մի չափահաս մարդ` հանուն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական Հայաստանի իր քվեով, սեպտեմբերի 21-ի հանրաքվեով հավաքական ու ստեղծագործ աշխատանքի շրջանն է սկսվում: Ես, իմ կրթահամալիրը, իմ հարազատները այսպիսի՛ Հայաստանի պահանջ ու պատրաստություն ունեինք: Խորհրդային Միությունը չկար՝ և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո. վախի խնդիր էլ չկար, ո՛չ էլ դեմ կար: Մնում է` մարդու ներսում լիներ անցումը-բեկումը` այլոց ուղղված պահանջատիրական խորհրդայինից դեպի իր նոր ծնունդով պայմանավորված իր նոր անելիքը որոշող, ազատ, ստեղծագործ աշխատանք: Ահա, ա՛յս էր խորհուրդը հանրաքվեի` որպես Հայաստանի Հանրապետության հիմնադիր ծես:

1988-ին երեք Աշոտներով (Բլեյան, Դաբաղյան, Մանուչարյան) ամբողջությամբ զբաղված էինք մանկավարժությամբ՝ մեր մանկավարժական ծրագրերը, մտքերը իրականացնելու համար լիուլի օգտագործելով Գորբաչովի նախաձեռնած վերակառուցման (перестройка) և հրապարակայնության (гласность) ընձեռած հնարավորությունները: Թիվ 183 դպրոցը փորձարարական էր, ենթակա Լուսավորության նախարարությանը, բայց շրջանային-քաղաքային կուսակցական և խորհրդային իշխանությունների, շեֆական կազմակերպությունների հետ բազում տնտեսական խնդիրներ ունեինք լուծելու: Արտաքին հարաբերություններով ու կրտսեր դպրոցով-մանկապարտեզով ամբողջությամբ ես էի զբաղվում, Աշոտ Դաբաղյանը՝ միջին և ավագ դպրոց-վարժարանն էր անմիջական ղեկավարում, նախաձեռնում արշավներ, Աշոտ Մանուչարյանը մեր և՛ հոգեհանն էր, և՛ հոգեբանը: Հոգեհանը՝ ուղիղ իմաստով: Դպրոցում շատ էին ու շատանում էին տղամարդ ուսուցիչները, բոլորն էլ ծխող՝ սկսած Աշոտ Դաբաղյանից, ավարտած Մայիս Նիկողոսյանով, շատերն ուշանում էին դասերից, շատերը ոչ այնպես վարվում սովորողների հետ։ Մանուչարյանին հարգում էին բոլորը, կյանքով գիտեին նրա աննահանջ հետապնդման մասին: Աշոտն օրինակ էր. չէր ասում բաներ, որ ինքը չէր անում: Հոգեբան Աշոտն անհատապես աշխատում էր տասնյակ դժվար խառնվածքով տղաների հետ, յուրաքանչյուր սովորողի շահերի պաշտպանն էր. կոնկրետ գործով, կոնկրետ երեխայի, կարող էր զբաղվել օրեր, շաբաթներ…

1988-ի փետրվարի սկզբին ցուրտ էր, շատ ցուրտ, գրիպի այնպիսի համաճարակ էր, որ վերադասն արձակեց Երևանի բոլոր դպրոցները… Երեք Աշոտներով օգտագործեցինք թայմ-աուտը, որպես պարգև՝ մի խումբ մտերիմներով առանձնանալու Դիլիջանի հանգստյան տներից մեկում և առանց առօրեական խնդիրների, քննարկելու մեր մանկավարժական ծրագրերը, դպրոցի զարգացման առաջիկա անելիքները… Տասը տարեկան Լիլիթ Բլեյանը, ութ տարեկան Տաթևը, նրանց հասակակից Բագրատ Դաբաղյանը դիլիջանյան բնությունից և արձակուրդի ազատությունից լիուլի օգտվեցին… Փետրվարի 14-15-ին, մենք վերադառնում էինք Երևան «Սեբաստիա» հայտնի պարտեզի՝ սեբաստահայերի նվիրած միկրոավտոբուսով, օգտվելով մեր վաղամեռիկ համակուրսեցի ֆիզիկայի ուսուցիչ Ալեքսանդր Հրաչևիչի հայտնի-հոգատար մայրիկ տիկին Վերոնիկայի՝ մանկապարտեզի հիմնադիր- վարիչի հովանավորությունից… Վարորդը, մեզ մտերիմ մարդ, զարմացած պատմում էր երևանյան անհավատալի նոր իրադարձությունների մասին, որ խուժել էին քաղաք, չգիտեմ՝ որտեղից, չգիտեմ՝ ինչպես. մենք օրեր առաջ թողել էինք քաղաքը սառած-անշարժ վիճակում… իսկ վարորդի շուրթերից մեզ համար նորություններ էին թափվում՝ էկոլոգիական երթեր, քաղաքական կոչեր, անհանգիստ Լեռնային Ղարաբաղ, խմորումներ Օպերայի հրապարակում… Մենք րոպե առաջ տենչում էինք մտնել Երևան: Ընտանիքներից շուտ ազատվեցինք ու… Օպերայում էինք տղամարդկանցով…

Արմանք-զարմանք. վարորդը ճիշտ էր պատմել, Օպերայի հրապարակը բլթբթում էր… Այստեղ էին մեր Սամսոն Ղազարյանը, Համբարձում Գալստյանը, Հրայր Ուլուբաբյանը, Ալեքսան Հակոբյանը, համալսարանական ընկերներ, դեմքեր, անհատներ, որ կորցրել էինք՝ մանկավարժական գործով Բանգլադեշում մեկուսացած…. Այսպես սկսվեց ղարաբաղյան շարժումը մեզ համար: Պատրա՞ստ էինք մենք իրադարձությունների այսպիսի բեկմանը… Դե, բեկումը հենց բեկում է սրանով՝ անպատրաստությամբ, նոր իրավիճակով: Ղարաբաղյան շարժման երիտասարդ թևը 1970-ականների համալսարանական կոմերիտական-հակակոմերիտական ուսանողական ակտիվն էր՝ ուսանողներ, ովքեր հավատում էինք, որ կարելի է սոցիալական արդարություն հաստատել առանձին վերցրած մի բուհում, բարեփոխված, ինքնավար համալսարանում, կոմերիտական կազմակերպության միջոցով ազդել համալսարանի վարչական ղեկավարության վրա, ուսանողական շրջանում՝ 1972-78 թթ։ Մենք անցել էինք քաղաքական ներհամալսարանական պայքարի մի տպավորիչ շրջան:

Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի շինջոկատները, «ֆիզիկոսի օր» հանրահայտ հավաքները, ակումբները ջնջել էին սահմանները. ոչ միայն խմբերի, կուրսերի միջև, այլև ուսանողների և դասախոսների միջև ստեղծվել էր ֆակուլտետային գրավիչ միջավայր, որը ստեղծական էր, քննարկում կար, հետաքրքիր էր, մտքերի փոխանակում կար, մարդկային ոչ ֆորմալ խմբերի նախաձեռնություններ: Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար 1974-ին դարձավ առինքնող՝ տեսքով-ավյունով-խոսքով, Կարեն Դեմիրճյանը… Ես հիշում եմ, թե ինչ կլանված էինք լսում նրա ծրագրային ելույթը…

Փոփոխությունների պահանջ կար ողջ հանրապետությունում, Կարեն Դեմիրճյանի հետ կապված՝ Հայաստանի դեմոկրատացման հույսերը չարդարացան։ Այն ժամանակ կարգավիճակով իսկապես Մայր բուհը (հիմա անունն է, որ երբեմն-երբեմն հիշում են) իր հեղափոխականացված ուսանողությամբ դարձավ փոփոխությունների արտահայտիչը… Մեզ հաջողվեց 1977 թ. անակնկալի բերել համալսարանի կուսակցական ղեկավարությանը և Մյասնիկյանի կուսշրջկոմին, համալսարանի կոմերիտական կազմակերպության կոնֆերանսի ժամանակ վերցնել ուսանողական ինքնիշխանությանը՝ ձախողել կոմերիտական կազմակերպության նախօրոք որոշված կազմը ու գերակշռությամբ ընտրել ուսանողության հայտնի գործիչների՝ Սամվել (Սյոմա) Նալբանդյան, Աշոտ Մանուչարյան, Աշոտ Բլեյան, Աշոտ Ջազոյան, Գարուշ Լազարյան, Համբարձում Գալստյան… կներեք, հիմա շատերին չեմ հիշում… Իմ օրագրի երիտասարդ ընթերցողին դժվար կարողանամ փոխանցել այս ամենի նշանակությունը՝ որպես երևույթ…, բայց հեղափոխական իրավիճակ էր զարգանում Երևանում, համալսարանի ուսանողության ձայնը լսելի էր դառնում խորհրդային ժամանակների հայտնի շքերթներում, շրջանային, քաղաքային, հանրապետական կոնֆերանս-հավաքներում…

Համակարգը, վարչակազմը արագ ուշքի եկավ, անցավ ռեպրեսիաների և 1977 -78-ին ամբողջությամբ ճնշեց, ցաքուցրիվ արեց մեր ընդվզումը: Սյոմային առաջ քաշեցին (իմ վաղամեռիկ, պայծառ ընկեր), ես հայտնվեցի թիվ 10 դպրոցում, Աշոտ Մանուչարյանը՝ թիվ 12 դպրոցում, երախտահիշատակ Համբարձում Գալստյանը, Ալեքսանը և շա՜տ-շա՜տ ուրիշներ անցան գիտահետազոտական գործունեության, բայց քաղաքական կոփվածքը մնաց, իհարկե: Հայաստանի գիտա-ստեղծագործական-ինժեներական հանրույթը, որ ամենաքաղաքականն էր իր բնույթով (պիտի լիներ), 1985-1988-ին վատ օգտագործեց գորբաչյովյան վերակառուցման-հրապարակայնության ընձեռած հնարավորությունները1988-89թթ.։ Պատրա՞ստ էինք այսպիսի կոփվածքով Արցախյան իրադարձություններով սկսված մեր հասարակական-տնտեսական կյանքի բեկմանը. այնուամենայնիվ՝ ոչ: Այլ էին չափումները, մասշտաբները, որակ-զարգացումները, դրանք խորհրդային հասարակությանն անծանոթ էին՝ որպես աշխարհաքաղաքական՝ իրենց բնորոշ ռիթմով: 1988-ի շարժումն ազգայնական շարժում էր, տարերք, խորքում՝ ոչ անկախական, անգամ հակաանկախական. այն ինչ հաշվված էր-ծրագրվում էր, արվում էր գորբաչովյան վերակառուցմամբ պահպանվող Խորհրդային Միության սահմաններում… Այստեղից և Ղարաբայան շարժման և ԱՄԿ-ի (Պարույր Հայրիկյան, Մովսես Գորգիսյան և ընկերներ) հակասությունը 1988-1989-ին։ Եղավ այն, ինչ եղավ. գորբաչյևյան վերակառուցումը խորհրդային պետությունը փլուզումից չկարողացավ փրկել։ Իսկ անկախ-պետականությունը 1988-1989-ին անգամ նոր ձևավորված քաղաքական էլիտայինը չէր, էլ ուր մնաց ազգայնական գաղափարների շուրջ հավաքված ժողովրդի…. Արցախի հարցի ժամանակին ու արդարացի լուծման, միայն խաղաղ ճանապարհով պատմական արդարության վերականգնման ուղուց չկարողացան շեղել ո՛չ 1988-ի սումգայիթյան տիպի բռնությունները, ո՛չ էկոլոգիական գործոնները, ո՛չ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժով սրված սոցիալական խնդիրներն ու անարդարություն-անհավասարությունը։ Հայ ժողովուրդը՝ Արցախում և Հայաստանում, ամենուր, խնդրում-թախանձում էր, բացատրում-ապացուցում-ճնշում էր գործադրում, տոկում այնքան, մինչև խորհրդային փոփոխված ղեկավարությունը լեգիտիմ արդարացի լուծում գտնի՝ իհարկե, հօգուտ զրկված հայության, վերամիավորելով Արցախը Հայաստանի հետ:

1988թ. փետրվարյան արցախյան շարժումով մենք ոչ թե սկսեցինք ապրել ուրիշ հասարակությունում, այլ տեսանք՝ ինչ ասել է հասարակություն, հասարակական շարժում… Ամեն ինչ, անգամ անսասան թվացող բոլշևիկյան ռեժիմը, սկսեց ցնցվել… Բնական է, որ մինչ արցախյան շարժումն արդեն հայտնի Աշոտների դպրոցը հայտնվեց շարժման, բուռն զարգացող իրադարձությունների առաջին գծում: Շարժումն Աշոտ Մանուչարյանին տարավ Թատերական հրապարակ, մեր հայտնի տրիբունին դարձրեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ դարձավ նաև հասարակագիտության-պատմության մեր ուսուցիչ Սամսոն Ղազարյանը, շարժմանը՝ որպես աշխատանք, նվիրվեց մեր Հրայր Ուլուբաբյանը: Դպրոցն օգնում էր առաջին միտինգների կազմակերպմանն ամեն ինչով՝ կապի տեխնիկական միջոցներով, տեխնիկ-մասնագետներով… Աշոտ Դաբաղյանը, ով իր կյանքը 1980-ից սկսած անբաժան էր դարձրել Աշոտ Մանուչարյանից, այս վտանգավոր-հարափոփոխ շրջանում, իհարկե, Աշոտ Մանուչարյանի կողքին էր, թեև ոչ օպերային հրապարակի հարթակի վրա… Այդպես գաղտնի կապավորներ էին տասնյակ ուսուցիչ-ուսուցչուհիներ՝ Ալիկը, Ժաննան, Սերգեյը, Տիգրանը… Շահումյանի կուսշրջկոմն իր եռանդուն առաջին քարտուղարով (Ռուբեն Թովմասյան), որ իր ու իմ նշանակման (1985թ.) առաջին օրվանից հայտնել էր, որ ինձ հաճույքով ազատելու է աշխատանքից, զանգում-այցելում էր ամեն օր…
— Ճի՞շտ է, որ Աշոտ Մանուչարյանն աշխատանքի չի գալիս…

— Ի՜նչ եք ասում, քիչ առաջ միջոցառում էր անցկացնում պատանիների հետ, մենք ինչպե՞ս կարող ենք առանց Մանուչարյանի…
Քիչ հետո՝ այլ զանգ…

— Ճի՞շտ է, որ Սամսոն Ղազարյանը…

— Այո, Սամսոնը մեր ամենաբարեխիղճ ուսուցիչն է, միշտ սովորողների կողքին…

Մինչ շարժումն արդեն դպրոցում խորհրդային շրջանի՝ օրորոցից դաստիարակչական կազմակերպական կառույցը՝ 6-9 տարեկան՝ հոկտեմբերիկ, 10-14 տարեկան՝ պիոներ, 14 և ավելի՝ կոմերիտական, փոխարինված էր աշակերտական ինքնավարությամբ, սովորողների ակումբներով… Ռուբեն Թովմասյանի հետևողական հարցերի շարանին՝ լավ, բա,ընկեր Բլեյան, էս ո՞ւր են ձեր հոկտեմբերիկներն իրենց նշաններով, ո՞ւր են նրանց կրծքանշանները…

— Սեպտեմբերին մեր երեխաները կոչվում են սեպտեմբերիկներ, հոկտեմբերին՝ հոկտեմբերիկներ, դե, իսկ դեկտեմբերին՝ դեկտեմբերիկներ…

Իսկ 1988-ին՝ երթեր, ցույցեր, դասադուլ-գործադուլներ, և պետք էր ոչ միայն զբաղվել մանկավարժությամբ, այլև փոփոխությունների այս շրջանում զարգացնել այն. հատկապես, որ մենք լեցուն էինք դպրոցի զարգացման գաղափարներով… Աշոտներով հստակ պայմանավորվեցինք, որ ես մնում եմ դպրոցում, որ ես կրում եմ անձնական պատասխանատվություն՝ դպրոցը ոչ միայն չկորցնելու, այլև զարգացնելու համար, իսկ Մանուչարյանն ու Դաբաղյանն ազատ են իրենց գործողություններում՝ շարունակելով, իհարկե, պաշտոնավարել դպրոցում… Համերաշխությունը միշտ էլ բնորոշ է եղել դպրոցին-կրթահամալիրին և´1988-1990-ին, և´ 1998-2001-ին՝ մեր քրեական հետապնդման շրջանում, հասարակական կարևորություն է ձեռք բերել, այնպես, որ այլք տեսել-գնահատել են մեր համերաշխությունը…

Ղարաբաղյան շարժումն ուներ վերելքի (հեշտ էր, վայելք էր) և նահանջի (հետապնդումների, վտանգի շրջան) փուլեր… Իսկ կուսշրջկոմ-կուսքաղկոմ-կենտկոմը՝ իր ԿԳԲ-ով (ԱԱԿ) կար, և պետք է կարողանայինք պաշտպանել դպրոցը… Հիշո՞ւմ եք՝ ինչպես նստացույց արեց հենց Մայր դպրոցի կենտրոնում Աշոտ Դաբաղյանը՝ իր անհամաձայնությունն արտահայտելով շարժման հետ կապված մեր պահվածքին… Հետո հայտարարեց… հացադուլի մասին… Մայր դպրոցում, օրը ցերեկով… երեխաների և ուսուցիչների հետ:

Ամենադժվար փուլ կամ շրջան եմ մտնում՝ իմ բլոգապատումով Արցախյան շարժումից հետո պատմելով Հայաստանի Հանրապետության ծնունդի-կայացման մասին, հայ-ադրբեջանական շարունակվող հակամարտության մասին: Ուրիշ է, երբ ես պատմում եմ իմ, իմ ընտանիքի, Դավթի կամ Շուշանի, իմ կրթահամալիրի ու այն ստեղծած-գործող ընկերների մասին… Պուպուշ չեմ եղել ու չեմ ուզում երևալ, որպես Շարժման, Երրորդ հանրապետության ստեղծման ակունքների մոտ կանգնած համեստ մի գոյ: Երբե´ք: Չեմ ուզում մոռանալ ու վիրավորել որևէ մեկին, չեմ ուզում ռետուշ անել իրադարձությունները… Մխիթարեմ ինձ նրանով, որ շատերը պարզապես չեն կարդա, ներողամիտ կլինեն… Իմացե´ք, որ ես թանկ եմ գնահատում մեր համատեղ կյանքը՝ հավատարիմ իմ ու ձեր ապրածին… Զրույց է, անում ենք:

1998 թիվն էր, երևի. խորհրդարանը քննարկում էր ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը պատգամավոր Վանո Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին… Ի՜նչ մեղք ասես չվերագրեցին շարժման գլխավոր շարժիչներից մեկին, բոլորիս մեղքերը… Օրվա վերջում Խանջյան 27-ի (այժմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահության) ակումբային հատվածում էինք՝ Վանոյի շուրջ… Վանոն դուրս եկավ միջանցք, ես՝ նրա հետևից, միացրեց բջջայինը։ Համարյա բառացի կրկնում եմ՝ «Ռուզան, այնպես կանես, որ մայրիկն այսօրվա լուրերը չնայի, չլսի… Ռո՛ւզ ջան, ուշադիր եղիր…»։ Վանոն ինձ չտեսավ, իսկ ես արցունքոտվեցի… 1999-ին ես Նուբարաշենի «կլոր բերդում էի». հարկադիր, բայց սկզբունքային գործուղում արդարադատության համակարգում, չգիտեի, որ այդ աշխատանքը տևելու է, տևելու է… հանուն Հայաստանի Հանրապետության… Վանոյի նոր դուրս եկած գիրքը ստացա խցում Վանոյի ձեռագիր մակագրությամբ. «Բլե ջան, կներես, հիմա ես սրանով միայն կարող եմ օգնել քեզ»… Էլի հուզվեցի՝ ով ում օգներ, կարևոր չէր. այ, սրան ես ասում եմ ամոթի զգացում կամ ամոթխածություն…

1988-ը սկսվեց Արցախյան շարժումով, որ ընդունված է ազգային վերածնունդ համարել։ Իսկ ահա տարին փակող երկրորդ շարժումը իսկական աղետ եղավ։ Դեկտեմբերի 7-ին թիվ 183 դպրոցի շենքում (այսօր կրթահամալիրի Մայր դպրոց, Բաբաջանյան 25 հասցեում), ժամը 12.00-ին մոտ այսօրվա «Գիտակների» ակումբի, Վահրամ Թոքմաջյանի հասարակագիտության կաբինետի տարածքում քննարկում էր. ցնցում եղավ… Քիչ անց բոլորս շենքի հրապարակում էինք, չէի ասի՝ ահաբեկված-անհանգստացած: Մենք չէինք կարող պատկերացնել, որ ճիշտ նույն պահին փլատակների տակ է հայտնվել մի ողջ տարածաշրջան… Այսպես եղավ Սպիտակի երկրաշարժը՝ ինձ համար, որպես ականատես:

Երեկոյան Սամսոն Ղազարյանի ուղեկցությամբ գնացինք նույն օրը «Ղարաբաղ» կոմիտեի նախաձեռնած՝ երկրաշարժի հետևանքների վերացման շտաբ, որը տեղավորվել էր Հայաստանի գրողների միության շենքում, «Ղարաբաղ» կոմիտեի հայտնի շտաբից (Բաղրամյան 14, այժմ Հայաստանում Սիրիայի դեսպանատան շենքը) ոչ հեռու… «Ղարաբաղ» կոմիտեի իմ ընկերներն ինձ առաջարկեցին Սամսոն Ղազարյանի հետ, դպրոցի տղաների մի մեծ խմբով մեկնել Գյումրի…

Հիմա ժամը 06.00 է, ու ես փշաքաղվեցի… Ես առանց մղձավանջի չեմ կարող հիշել-պատմել Գյումրիում անցկացրած օրերի մասին. ձեր թույլտվությամբ արագ պատմեմ ու անցնեմ։ Գյումրիում որոշեցինք, որ բոլորը կվերադառնան, իսկ մի խումբ՝ իմ ղեկավարությամբ, կմնա՝ մեր Գևորգ Հակոբյանը, Կարո Սիմիդյանը, Աբրահամ Հովհաննիսյանը (մեր Անիի ու Անդոկի հայրիկը, այդ շրջանում մեր փոխտնօրենը)։ Սոդոմ-Գոմորը, ընթերցող, ոչ միայն տեսանք, մենք այդ Սոդոմ-Գոմորում ապրեցինք յոթ երկար, ցերեկն ու գիշերը ջնջված մի ընթացք… Իմ, Գևորգի, Կարոյի՝ ուսանողական շինարարական ջոկատներում, Աբրահամի՝ խոպանում ստացած կոփվածքը, արտակարգ իրավիճակներում գործելու կարողությունները դրսևորեցինք ամբողջությամբ: Սևակն է ասում՝ լավ է այնտեղ, որտեղ մենք պարտավոր ենք լինել ու կանք: Գևորգ, Կարո, Աբրահամ, եղբայրնե՛ր, մենք պարտավոր էինք լինել Գյումրիում, եղանք ու գտանք օգտակար լինելու հնար: Հեշտ չէր այդ օրերին Գյումրիում օգտակար լինելու միջոցներ գտնել. կարող էիր ողբասաց լինել, որի կարիքն ամենևին չուներ երկրաշարժի գոտին, կարող էիր բեռ լինել, հոգս, նկարվել, գրել… Մենք ոչ միայն այդ օրերի արխիվ չունենք, մենք հիմա էլ առանց անհրաժեշտության չենք խոսում այդ օրերի մասին…

Գյումրիում հենց առաջին օրը պատահաբար հանդիպեցի իմ կոմերիտական-ուսանողական շրջանի ընկեր Հայկին՝ Հայկ Քոթանջյանին, ՀԼԿԵՄ կենտկոմի 1-ին քարտուղարին, հետո կուսակցական գործիչ, Աֆղանստանի պատերազմի մասնակից, ռազմական դիվանագետ, այժմ ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) հիմնադիր պետ: Հայկն ուրախացավ՝ մեր մարտունակ խումբը տեսնելով, ու որոշվեց զբաղվել մարդկանց էվակուացիայի կազմակերպմամբ… Պետք էր ժամ առաջ բնակության համար վտանգավոր դարձած կացարաններից, տուն-տեղ-հարազատ կորցրած, շվարած, մեծ թվով կանանց, երեխաների, ծերերի կազմակերպված, ավտոբուսներով դուրս բերել Գյումրիից և ճանապարհել Հայաստանի՝ երկրաշարժից չտուժած վայրեր… Փախեփախ, հրմշտոց, հարազատի կորստի ողբ. ո՞վ էր ում ճանաչում…

Մեր ստեղծած բարձրախոսով հարթակը, մեր գործը, անընդհատ մարդկանց հետ լինելը, իմ ձայնը քանի օր, քանի՜ ժամ հույս, վստահություն, ճանապարհ ցույց տվեցին հարյուրավոր մարդկանց… Հոգնել չէր կարելի, լռել-խռպոտել, նեղանալ չէր կարելի. տոկուն, հարգանքի, խորը հարգանքի արժանի համերաշխություն-եղբայրություն դրսևորեցինք մենք… Չեմ ուզում շարունակել… Մի ծերունի, որ նստել էր ավտոբուս, ստիպեց, որ ավտոբուսը կանգնի, դժվարությամբ իջավ, մոտեցավ ինձ և իմ կաշվե բաճկոնի մեջ մի բան խցկեց… Ես բարձունքից խոսում էի, հրահանգում, ցուցակներ կարդում… Հետո պարզվեց, որ նարինջով է արտահայտել գյումրեցի հայրիկն իր շնորհակալությունը…

Վառելիքը, որ գրամներով էր բաշխվում Գյումրիում, մենք էինք բաժանում մարդկանց տեղափոխող ավտոբուսներին… Եվ ահա, արյունն աչքերին, կրակվառիչը ձեռքին՝ ցիստերնին է մոտենում ամեն ինչի ընդունակ մեկը… Կա՛ց, եղբայր, ու տղամարդը հնազանդվեց, փաթաթվեց, հեկեկացինք միասին՝ Եղբայր ենք մենք: Դագաղներ էին շարված քաղաքում՝ աջ ու ձախ արագ սարքված դագաղներ… հարյուրավոր սև, միանման դագաղներ… «Լենինական» հյուրանոցի կիսաքանդ շենքում էր տեղավորված մեր շտաբը. աչքերս կպցրել-արթնացել ենք ու տեսնում ենք՝ դագաղների կափարիչները բացվում են, մարդիկ են դուրս գալիս… Պատսպարվելու ավելի հարմար ձև, երևի, չէին գտել քաղաքում…

Մեր դպրոցի վարչական մասնաշենքն էլ, որ հիմա կոչում ենք «Սեբաստիա» մարզամշակութային կենտրոն (Մայր դպրոցի երեք թևերից կենտրոնականը) լուրջ վնասվել էր երկրաշարժից… Հետո, շաբաթներ, թե ամիսներ հետո, մեզ առաջարկվում էր ազատել շենքը՝ մի թանկարժեք նախագծով ուժեղացման-վերակառուցման համար: Ես չհամաձայնեցի և կեցցե՛մ ես: Հայտնի չէր, որ գնայինք այդ անմիտ ճանապարհով, կլինե՞ր այսօրվա կրթահամալիրն արդյոք… Գտնվեց մի ինժեներ-կոնստրուկտոր, խելացի ու լուրջ մասնագետ, որն ինձ առաջարկեց պարզ-հուսալի-արագ լուծում՝ շենքը ուժեղացնել ընդամենը 1989-ի ամռան արձակուրդի մեկ-երկու ամսում, ամենահամեստ միջոցներով… 1989-ի սեպտեմբերի 1-ին դպրոցի շենքի կենտրոնի 1-ին, 2-րդ հարկերում մեզ դիմավորեցին այսօր արդեն սովորական դարձած կամարները: Այսօր քչերը գիտեն, որ դրանք հիմքից մետաղաբետոնյա կարկասներ են… Ինձ հարցնում են՝ ի՞նչը չես քանդելու, ի՞նչն է կանգուն մնալու կրթահամալիրում:

1988թ. դեկտեմբերին մեր Դպրոց-պարտեզի շենքը (նախկինում՝ Բ-4 թաղամասի թ. 119 մանկապարտեզ) երկար ժամանակ ապաստան էինք դարձրել երկրաշարժից տուժածների, Արցախյան շարժման ընթացքում բռնի տեղահանվածների համար. մեր նախաձեռնությամբ, մեր ուժերով ու ծախսերով տասնյակ ընտանիքներ ժամանակավորապես պաշտպանված են եղել հայրենի Բանգլադեշում: 1989-1992 թթ Արցախյան շարժման ռազմականացման, զինված պայքարի մինչբանակային շրջանում մեր շենքերի նկուղներում նաև մեր սարքավորումներով ռազմական նշանակության պիտույքներ էին ստեղծվում… Ունեինք կոնսպիրատիվ գործունեության թաքստոցներ, որ, ի՜նչ իմանայինք, ավելի ուշ էլ են պետք գալու… Լավ է, որ այսօր սեբաստացիներս մեր արդիական՝ մոբիլ ու ստեղծական կրթությամբ, մեր ամբողջովին բաց կրթական համակարգով, մեր հեղինակային կրթական ծրագրերով ենք օգտակար լինում Հայաստանում, Արցախում, Վրաստանում, այլուր՝ դրանց մշակման, իրականացման ու տարածման փուլերով…

1988-ի դեկտեմբերի 10-ին, Սպիտակի երկրաշարժից օրեր հետո, ձերբակալեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամների մեծ մասին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Վազգեն Մանուկյանին, Վանո Սիրադեղյանին, Աշոտ Մանուչարյանին…. և տեղափոխեցին Մոսկվայի հայտնի «Մատրոսկայա տիշինա» բանտը… Տղաների, իմ ընկերների ձերբակալման գույժնինձ հասցրեց գյումրեցի մի ծանոթ, հենց մեր շտաբի հարթակի վրա, երբ ես կարդում էի տեղում ձևավորված ու հանգստյան տուն մեկնող գյումրեցի անօթևանների հերթական ցուցակը… Շաբաթներ հետո մեր կոնսպիրատիվ բնակարաններից մեկում ձերբակալեցին կոմիտեի մյուս անդամներին… Սկսվեց Շարժման մեծ ռեպրեսիայի շրջանը, որը տևեց մինչև 1989-ի մայիսը…

Դժվար, ամենադժվար օրերն էին դպրոց-համալիրի համար. կուսակցական, նրանց ենթակա կրթական մարմինները մեզ առան «կոլցոյի» մեջ… 1989-ի հունվարյան արձակուրդից հետո սկսվեցին լայնածավալ, մեկը մյուսին փոխարինող ստուգումներ: Գումարեք սրան հուզական ֆոնը. «Ղարաբաղ» կոմիտեի շատ անդամների դպրոցահասակ երեխաները մեր սաներն էին: Ընդհատակում սկսեց գործել «Ղարաբաղ կոմիտե-2»-ը, սրա մեջ՝ նաև մեր Աշոտ Դաբաղյանը… Ամեն օր կարող էին լինել նոր ձերբակալություններ: Պետք էր դիրքավորվել, ի մի բերել երկարատև պաշտպանության բոլոր միջոցները… բոլորն էլ նույն աղբյուրն ունեին՝ համերաշխությունը. համերաշխություն Շարժմանը, մեր համատեղ կյանքին, մեր դպրոցին, մեր մանկավարժությանը, միմյանց… Մարդկային գործոնը դարձավ որոշիչ: Սովորողների թիվը ոչ միայն չպակասեց, այլև մեծացավ. ուսուցչական հավաքանին դարձավ մեկ։ Բոզինյան Մարուսյան, ում մասին վերևում մտածում էին, որ այս շրջանում իրենց հենասյունը պետք է լինի, շրջկոմի պլենումի ժամանակ ջախջախիչ ելույթ ունեցավ ի պաշտպանություն Աշոտների, դպրոցի… Մենք դարձանք Մեկ, ընդդեմ հետապնդումների շարժման մարտունակ կառույցներից մեկը: Հայաստանով մեկ, գլխավորապես Երևանում, ամենահետաքրքիրը՝ նաև Գյումրիում, դանդաղ, բայց սկսեց ցույց տալ իր կենսունակությունը…

Ինձ համար ամենահուզիչը ծնողական համայնքի բացառիկ հուժկու, միասնական հանդես գալն էր՝ լսելի յուրաքանչյուրին. սա մեր դպրոցն է, թույլ չենք տա, որ դպրոցին կպչեք: Ծնողները ոչ միայն նորմալ էին համարում սովորողների՝ իրենց երեխաների միանալն ընդդեմ հետադիմության և հանուն Շարժման, այլև բոլորը՝ ծնողները, երեխաները, ուսուցիչները մեկ էին այս պայքարում: Օրագրի ձևաչափից դուրս է, ընթերցող, ներկայացնել 1989թ. դեկտեմբերի 10-ից մինչև 1989թ. մայիս (ռեակցիայի մեծ շրջանը), բայց հանգուցալուծման օրը մեխվել է:

Դպրոցի բոլոր ստուգումների արդյունքները, չգիտեմ՝ քանի էջ թուղթ, դպրոցին, Աշոտներին, գլխավորը՝ բնական է, ինձ վերագրվող մեղքերով (նպատակն ինձ ազատելն էր, դպրոցը փորձարարական կարգավիճակից զրկելը, կրթության ազատության «Բաստիլը» վերջնական գրավելը) բերվել էր ՀՀ լուսավորության նախարարություն, կոլեգիայի նիստի: 1989-ի ապրիլը թե մայիսն էր. ես սպասում էի կոլեգիայի նախասրահում… Ու հանկարծ՝ շենքին մոտեցող մարդկային թափորի ուժեղացող աղմուկ, կոչեր-վանկարկումներ… Քիչ անց նախարարության շենք մտավ հսկա բազմություն… Նիստն ընդհատվեց… Ներկայացուցիչների մեծ խումբը պահանջեց, որ դպրոցի բոլոր մեղքերը ներկայացվեն հրապարակավ… Նիստն այդպես էլ չշարունակվեց…

Ամիսներ հետո, երբ կոմիտեի տղաներն ազատության մեջ էին, երբ Շարժումը, հասարակական կյանքը հաղթահարել էին երկրաշարժից և բռնաճնշումներից ստացած ցնցումները, երբ գործում էր արդեն Հայաստանի մինիստրների խորհուրդը՝ նոր կազմով ու կառուցվածքով, ՀԽՍՀ ժողկրթության նախարարության կոլեգիան (նախարար՝ Միսակ Դավթյան), կառավարության հանձնարարությամբ դպրոց-հիմնարկ փորձարարական ուսումնադաստիարակչական հաստատությունը վերածեց ՀԽՍՀ ժողկրթության նախարարության փորձարարական-հետազոտական միավորման, ինչն էլ 1992թ. ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարության կոլեգիան (նախարար՝ Վիլիկ Հարությունյան) հաստատեց որպես ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարության՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» փորձարարական-հետազոտական հանրակրթական միավորում, 1996թ. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորում պետական ձեռնարկություն՝ նոր կանոնադրությամբ, ինչն էլ 2003թ. կրթության և գիտության նախարարության կոլեգիան (նախարար՝ Լևոն Մկրտչյան) հաստատեց այսօր գործող նոր կանոնադրությամբ և անվանումով՝ «ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ…

1988թ. Արցախյան շարժումը փոխեց-բեկեց շատերի կյանքը, բնականոն ու հավերժ թվացող ընթացքը. Աշոտ Մանուչարյանը, պատմության ուսուցիչ Սամսոն Ղազարյանը, դպրոցի հետ ամենասերտ առնչություն ունեցող Ալեքսան Հակոբյանը, Համբարձում Գալստյանը դարձան «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ, Աշոտ Դաբաղյանը, Հրայր Ուլուբաբյանը` գաղտնի անդամներ, և սկսեցին շոշափելի դերակատարում ունենալ շարժման մեջ…

1989թ. ՀԽՍՀ կառավարության որոշմամբ հիմնադրվեց-ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը. ուսումնա-դաստիարակչական փորձարարական հիմնարկը վերածվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ Հայաստանի ժողկրթության նախարարության փորձարարական-հետազոտական միավորման։ Շուտով, 1991թ. Շահումյանի շրջխորհրդի նոր գործադիր կոմիտեն մեզ հանձնեց նախկին թիվ 295 մանկապարտեզի շենքը՝ որպես Գեղարվեստի դպրոց գործելու պայմանով։ Դեմոգրաֆիական կտրուկ փոփոխությունների արդյունքում ազատվեցին Շահումյանի շրջանի թ. 11, հետո նաև թ. 309 մանկապարտեզների շենքերը, որոնք, եթե չլինեին մեր մանկավարժական հայացքները, հարգանքի արժանի նպատակասլացությունն ու աշխատանքը, ինչի՞ կվերածվեին… Հռետորական հարց է։ Այսօր դժվար է հավատալ, բայց ամենասեղմ ժամկետում ու նյութական միջոցներով մենք Բ-1 թաղամասում ունեցանք մեր կրտսեր դպրոց-պարտեզը, որ այսօր հայտնի է Նոր դպրոց անունով, Քոլեջ-արհեստագործական ավագ դպրոցը…

Երեկ, ինչպես խոստացել էի իմ օրագրի ու բլոգի ընթերցողներին, իրական դարձավ և «Բլեյան բլոգ TV»-ն և իմ տպագիր շրջանի (մինչև 1991թ) մանկավարժական, հասարակական-քաղաքական շրջանակի հոդվածներիհրապարակումը՝ շնորհիվ մեր գրադարանի սիրելի ու հայտնի ղեկավար Մարի Գաբանյանի սրտացավության և օպերատիվության։ Առաջին հոդվածը, որ ժամանակին Կամո Վարդանյանի խմբագրած «Երեկոյան Երևանում» այնքան աղմուկ հանեց, ձեր սեղանին է։ Իմ քաղաքական գործունեության մեկնարկն ու գործչի կարգավիճակը իմ կյանքի ետկոմերիտական, ետկոմունիստական շրջանում, 1989թ. նոյեմբերին «Հայոց համազգային շարժում» կազմակերպության հիմնադիր համագումարը տվեց, որտեղ ես ընտրվեցի կուսակցության վարչության անդամ… Ես թիվ 183 նշանավոր դպրոցի հայտնի տնօրենն էի, ու իմ ագահությունը, հասարակական-պետական կյանքի դրամատիկ-համակողմանի փոփոխությունները չէին կարող չկլանել-տանել դեպի նոր եզերք։ Տարան։ Ո՞վ կարող էր Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասում մեծամասնական կարգով ընտրվել ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, եթե ոչ այդ թաղամասում գործող ու Երևանում, վստահ կարող եմ ասել՝ ամենահայտնի դպրոցի նույնքան հայտնի դարձող տնօրենը… Այդպես էլ եղավ. 1990-ի օգոստոսին Գերագույն խորհրդի պատգամավոր էի։

Իմ քաղաքական գործունեության արձանագրությունը եղավ «Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք» ժողովածուն, որը 1989-92թթ իմ քաղաքական հոդված-հարցազրույցների անդրանիկ ժողովածուն է: Ահա այն. ես հրապարակային եմ գործել-գործում քաղաքական կյանքում, ինչպես հասարակական-կրթականում` ինձ կարելի է ստուգել, հետևել, մեջ բերել… Ես մատչելի եմ շնորհիվ իմ քաղաքական գործունեության օրագրի: 2001թ. այդ գրքույկը վերահրատարակվեց: Ահա խնդրեմ 1990թ. Գերագույն խորհրդի նախընտրական, պատգամավորական հոդվածները, 1998թ. ՀՀ նախագահի թեկնածուի իմ ծրագիրը, 2003թ. Ազգային ժողովի նախընտրական-ծրագրային ելույթները…

1989թ. նոյեմբերի 4-ին Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) քաղաքական կազմակերպության (կուսակցության) հիմնադիր համագումարում ես դարձա վարչության անդամ… Արցախյան շարժումը հանգել էր անկախ պետականության հիմանդրման անհրաժեշտության (այս շրջանի համար՝ երևի թե անխուսափելիության)։ Իսկ ինձ անդիմադիր կլանում էր Հայաստանի ինքնիշխան, իրավական ժողովրդավարական ու սոցիալական պետության գաղափարը. «Գաղափարն ու իշխանությունը պատմության մեջ բաժանել չի կարելի. գաղափարն առանց պատմության պղպջակ է, իշխանությունն առանց գաղափարի հանցավոր է» (Բիսմարկ)։ Չէր կարող չլինել այս գաղափարով համակված-միավորված գործիչների խումբ-կազմ, որը կազմակերպվեր։ Պղպջակներով խաղալու շրջանը ետևում էր մնացել. մենք գալիս էինք իշխանության`մեր հայտարարած գաղափարներն իրագործելու…

Վարչությունը նիստեր էր անում օրերով, քննարկում ու քննարկում ժամեր ու ժամեր… Խոսում-խոսում, ծխում… սարսափելի ծուխ էր բռնում։ Պատկերացրեք մի վարչություն, որտեղ և՛ երիտասարդ Արշակ Սադոյանն է, և՛ Խաչիկ Ստամբոլցյանը… և երեք տասնյակ գաղափարական տարբեր, բայց հանրային ճանաչում ունեցող ու իշխանության եկող գործիչներ…

1990թ. մարտին Ռիգայում նաև իմ մասնակցությամբ կայացավ ՀՀՇ-ի ու Ադրբեջանի ժողովրդական ճակատի (նրանց համազգային շարժումը) առաջին ուղղակի շփումը: Համատեղ հայտարարության մշակումը և դրա չհրապարակումը, վարչության կողմից մեր լիազորությունների դադարեցումը նշան էր ինձ համար, որ Նոր ուղուն հարող վարչության անդամները՝ Ռաֆայել Իշխանյան, Կտրիճ Սարդարյան, Աշոտ Բլեյան… (կարո՞ղ եք շարունակել, ընթերցող) վարչության կազմում փոքրամասնություն են:

Ինձ հիմա էլ վերագրում են քաղաքական մտքեր, արտահայտություններ, որոնք իմը չեն, դրանց խմբագրումից անկախ, չեն կարող իմը լինել: Որպես ՀՀ նախագահի թեկնածու՝ 1998թ. արտահերթ նախագահական ընտրություններին, գրավոր ծրագիր, հեռուստաելույթներ ու հանդիպումների շարքի ձևով ես կարծում եմ տարընթերցումների տեղ չեմ թողել: Ընդառաջ գնամ հարգելի ընթերցողի խնդրանքին ու որպես սեպտեմբերի 21-ի «Նոր ուղու» թռուցիկ-նվեր վերահրապարակեմ իմ` 1989թ. ՀՀՇ վարչության, 1990թ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորի քաղաքական-գաղափարական գործունեության բանաձևը, որ հրապարակված է «Նոր ուղի. նամակներ կալանատնից» գրքի 110-111-րդ էջերում, 1999թ. հոկտեմբերի 16-ի «Միություն գլխավորում, Ազատություն մնացյալում, սեր՝ ամենուր» գրի մեջ՝ ուղիղ 15 տարի առաջ:

«Երրորդ Հանրապետության պատասխանատուների, լիբերալ- դեմոկրատների միավորման «Նոր ուղու» բանաձևը թարմացնեմ։

• Հայ Դատը հայաստանցիների համար այսօր Հայաստանի անկախ պետության կայացումն է, որպես գրավիչ մշտական բնակավայր։

• Լիբերալ-դեմոկրատիան Հայաստանում այլընտրանք չունի, իրավական ու ժողովրդավարական պետությունը չի կարելի զոհաբերել ազգային կամ համազգային նպատակահարմարությանը։

• Հայաստանասիրությունը այսօր գործող Սահմանադրության հարգումն է ու առաջիկայում նրա անձեռնմխելիության պահպանումը, մարդու, քաղաքացու, պաշտոնյայի օրինապահ գործունեությունը։

• Հայաստանի գլխավոր ռեսուրսի՝ արտադրող մարդու ստեղծական պոտենցիալի լիարժեք դրսևորումն անհնար է առանց միջազգային ընկերակցությանը Հայաստանի լիիրավ ու ամբողջական ինտեգրաց¬ման։ Սրա բացակայությունը դատարկում է Հայաստանը ազգային անվտանգությանը սպառնացող չափերով ու արագությամբ։

• Միջազգային այսպիսի ինտեգրացիան հնարավոր է միայն Հայաստանի տարածաշրջանային լիարժեք ու համակողմանի ինտեգրացիայի միջոցով։

• Տարածաշրջանային այսպիսի ինտեգրացիան անհնար է առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարիդրացիության ու «թափանցիկ» սահմանների, բոլոր ճանապարհների հատկապես Ատրպատականի ու Ղազախի երկաթգծերի բանուկության, անշրջելի խաղաղության հաստատման։

• Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության հաստա¬տումը հնարավոր է միայն Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջոցով։

• Ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի ու Ղարաբաղի։ Ղարաբաղի խաղաղ կարգավորման ձգձգումը ցանկացած հիմնավորումներով ռեալ քաղաքականության սկզբունքի (պահանջներիդ սահմանը սեփական ուժիդ չափն է) ոտնահարում է։ Իսկ սա, ի վերջո, անդառնալի կորուստներ է բերել ու բերում է այսօր։ Վկան՝ մեր աչքի առաջ ցամաքող Սևանը։

Ես քաղաքակություն եմ մտել տասը տարի առաջ այս հայացքով։ Դարձել եմ ՀՀՇ անդամ, որովհետև այս հայացքը ամփոփված եմ տեսել նրա գաղափարախոսության մեջ։ Դուրս եմ եկել ՀՀՇ-ից, քանզի կազմակերպության գործելակերպը ի վերջո հակադիր է եղել նրա գաղափարախոսությանը։ Որպեսզի լիբերալ-դեմոկրատների նոր միավորումը նեոՀՀՇ չծնի, ճշտենք գլխավորը ու որդեգրենք դրան անդավաճան գործելակերպ»։ «Նոր ուղու» բանաձևը, 16.10.1999թ., Երևանի թիվ 1 կալանատուն։

1990-ին Խորհրդային Միությունը դեռ կար, բայց նրա մոտալուտ փլուզումը, անգամ զինված հեղաշրջման միջոցով, հնարավոր չէր կասեցնել. ներքևները՝ հանրապետությունները, իրենց նոր շարժումներով մերժում էին բոլշևիկյան կայսրությունը, որևէ ձևով կենտրոնահպատակությունը, Մոսկվան անուժ էր, չէր կարողանում որևէ ձևով ենթարկել: Հայոց համազգային շարժման վարչությունը ոչ միայն անձերի, այլև գաղափարների մի խառնակույտ (կոնգլոմերատ) էր. «Ղարաբաղ» կոմիտեն, որ և՛ կար, և՛ չկար, չէր թողնում, որ ինքնուրույնանար վարչությունը, քաղաքական կազմակերպություն-կուսակցություն ձևավորվեր՝ ազատ «Ղարաբաղ» կոմիտեի՝ պահանջատիրական շարժման շրջանի բեռից, գործելու ձևից… Արցախի ու Հայաստանի վերամիավորման մասին որոշման կարիքը, որը 1989թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը համատեղ ընդունել են զանգվածների իներցիոն ճնշման ներքո, ոչ միայն չկար, ես պնդում եմ, որ այն ընդունվեց հակառակ նոր քաղաքական գծի. կրկնվում էր 1918-ի Առաջին հանրապետության պատմությունը:

ՀՀՇ-ի դաշնակցականացումը, «Ղարաբաղ» կոմիտեի հոգնածությունը երևում էր: 1990թ. Ռիգայի փետրվար-մարտի բանակցությունների ձախողումից հետո, երբ «Ղարաբաղ» կոմիտեականների պահանջով ՀՀՇ վարչությունը դադարեցրեց Ադրբեջանի ժողովրդական ճակատի և ՀՀՇ վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող բանակցություններում մեր՝ Աշոտ Բլեյանի, Աշոտ Մանուչարյանի, Դավիթ Վարդանյանի լիազորությունները, ինձ համար պարզ էր, որ ես ուրիշ գնացք եմ նստել:
Կոմիտեականները հոգնած էին՝ պահանջատիրության փուլն իր պլյուս-մինուսով երևում էր, առջևում Հայաստանի անկախության շրջանն էր, ու նրանք չգիտեին՝ ինչ անել Շարժման, Արցախի խնդրի հետ… 1990-ի մարտ-ապրիլին նրանք որոշեցին օգտվել ֆրանսիական տարբեր քաղաքների հրավեր-շնորհներից. նաև ֆիզիկապես կազդուրվելու խնդիր կար, հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի համար: Վազգեն-Լևոն հակասությունն ավելի ու ավելի նկատելի էր վարչության ոչ կոմիտեական անդամների համար, դա բերեց պարիտետի մի համաձայնության, որ ո՛չ Վազգենը լինի, ո՛չ էլ Լևոնը, իսկ Աշոտ Մանուչարյանի ջանքերը՝ ոչ կոմիտեական ՀՀՇ վարչության նախագահ (ֆունկցիաներ) ունենալու, տապալվում էին…

1990-ի մայիսին Հայաստանի Գերագույն խորհրդի մոտալուտ ընտրությունը ուժ, դինամիկա, կազմակերպվածություն հաղորդեց Հայոց համազգային շարժմանը. ՀՀՇ վարչությունը որոշեց մասնակցել… հաղթել ընտրություններում, դառնալ իշխանություն:
Իմ հայրենագիտական 2-րդ փուլը՝ 1990-1992 թթ, իմ այս գործնեությամբ է պայմանավորված՝ Հայաստանով մեկ ՀՀՇ-ի նախընտրական քարոզչությունն իմ ամենաակտիվ մասնակցությամբ, 1990-ի օգոստոսի 23-ի անկախ պետականության հռչակագրի, 1991թ. սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեի և 1991թ.-ի հոկտեմբերի 16-ի ՀՀ նախագահի ընտրությամբ:

1990-ին՝ մայիսին-հուլիսին, երկու փուլով, ես ընտրվեցի Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր. դժվար ընտրվեցի. քվորումի շեմը՝ ընտրողների 50%-ի մասնակցությունը չէր ապահովվում… Պատկերացնու՞մ եք, 1990-ին, Բանգլադեշի Բ-1 թաղամասում… Է՜յ գիդի հա, Սամվել Ալեքսանյան, քանի տոկոս պետք լինի, «կխփի»… Մենք մեր նոր հանրապետության նոր ընտրողին ոգևորում էինք գաղափարով… Հայ մա՜րդ, հայ գաղափա՜ր, հայ ընտրո՜ղ… ո՞վ է ստեղծել…

Հայոց համազգային շարժում կազմակերպության վարչությունում մենք մեզ հաշիվ չէինք տալիս, որ խորհրդարանում մենք մեծամասնություն ենք կազմում, խաղաղ-արդար-հավաստի ընտրությունների արդյունքում դարձել ենք Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից ընտրված 259 պատգամավորներով բարձր իշխանություն. պիտի սահմանված ժամկետներում ձևավորենք Գերագույն խորհրդի նախագահ ու նախագահություն, հանձնաժողովներ… Գերագույն խորհրդի նախագահի ներկայացմամբ ընտրենք վարչապետ, որն էլ ձևավորի կառավարություն… Անլուրջ էինք, չէինք հավատում. պատրաստ չէի՞նք…

Խորհրդի ամենամեծ ոչ ՀՀՇ-ական թևը Հայաստանի կոմկուսը ներկայացնող պատգամավորներն էին, որ ինձ լավ էին ճանաչում՝ համատեղ ուսանողական-աշխատանքային-կուսակցական-կոմերիտական անցյալ, շփումներ… Ես խորհրդարանում յուրային էի և հաճախ, հատկապես սկզբնական շրջանում, կապավորի-միավորողի դեր էի խաղում… «Ղարաբաղ» կոմիտեի անդամները՝ բոլորն էլ ընտրված Գերագույն խորհրդի պատգամավորներ, փաստացի յուրացրել էին ՀՀՇ վարչության իշխանությունը, թույլ չէին տալիս, որ վարչությունը նիստ անի, որոշում կայացնի… Վազգեն Մանուկյան – Լևոն Տեր-Պետրոսյան առաջնորդական մրցակցությունը նոր փուլ էր մտնում. ո՞ւմ կառաջադրի վարչությունը Հայաստանին թիվ 1 պաշտոնի՝ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում, խորհրդարանում քվեարկելու համար… Վարչությունում ընդգծված էր Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակությունը, կանխորոշված՝ քվեարկության արդյունքները, կոմիտեում՝ պարիտետ (հավասարություն, հավասար իրավություն) էր: Ի վերջո գաղտնի քվեարկությամբ ոչ լեգիտիմ «Ղարաբաղ» կոմիտեն 11 անդամով մեկ ձայնի առավելություն տվեց Լևոն Տեր-Պետրասյանին: Սա հնարավորություն տվեց թեկնածուի հարցը վերջապես բերել ՀՀՇ վարչություն…

Տեր-Պետրոսյանի ընտրությունը խորհրդարանում դժվարությամբ քվորում՝ անհրաժեշտ ձայներ հավաքեց… Լևոն – Վազգեն մրցակցությունը շարունակվում էր և խորհրդարանում… Լևոն Տեր-Պետրոսյանը, ի վերջո, խորհրդարանում ներկայացված կոմունիստ պատգամավորների աջակցությամբ ընտրվեց ԳԽ նախագահ և, շրջանցելով վարչությունը, առանց քննարկման Վազգեն Մանուկյանին առաջարկեց Հայաստանի կառավարության նախագահի պաշտոնում: Կամայականությունը, ամենաբարի նպատակներով անգամ, որքան էլ արտիստիկ դրսևորումներ ունենա և անձնային հիմքեր, թույլ չի տալիս, որ ձևավորվի-կայանա պետական կառավարման, հանրապետական կարգի ավանդույթը… Մեզանում այդպես սկսվեց ու չշարունակվել չէր կարող…

Շատ արագ, շատ շուտով կառավարության նախագահն սկսեց հանդես գալ որպես թիվ մեկ պաշտոնատար անձ, միանձնյա կառավարել՝ շրջանցելով, վստահ եմ, և՛ վարչությունը, և՛ «Ղարաբաղ» կոմիտեն, և՛ խորհրդարանը, խորհրդարանի նախագահությունը, և՛ նախագահին… Վազգեն – Լևոն հակադրությունը՝ երկու անձ՝ պետության մեկ գլուխ, մեկ առաջին, Հայաստանում հնարավոր եղավ հաղթահարել նախագահական կառավարման անցնելով։ Ե՛վ վարչությունում, և՛ հասարակության մեջ Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակությունը առաջինն էր, մրցակցության հարց չկար. այն պետք էր ամրագրել պետական իշխանության համակարգում, որը և արվեց 1991թ, ՀՀ նախագահի ընտրություններով։ Լևոն Տեր-Պետրասյանն արդար, հավաստի ընտրվեց Հայաստանի նախագահ, վարչապետ Վազգեն Մանուկյանը ոչ միայն հրաժարական տվեց, այլև դուրս եկավ վարչությունից էլ, ՀՀՇ-ից էլ, ստեղծեց ՀՀՇ-ին հակա՝ Ազգային ժողովրդավարների միությունը (ԱԺՄ)…

1990-ի վերջին, թե 91-ի սկզբին ես ու Աշոտ Մանուչարյանը Մարտունիում էինք։ Մեծ ժողովուրդ էր հավաքվել, միտինգ էր, լարվածությունը գնալով մեծանում էր. երկրի պաշտպանությանը զինվորագրված կամավորականների մեջ մեծ էին խմբեր-ջոկատներ-անհատները, որ չէին ենթարկվում նոր իշխանությանը, չէին համակերպվում այն մտքի հետ, որ ահա, երեկվա իրենց հակառակորդներն այսօր «հանրապետության տերերն են» և իրենց թելադրում են, պահանջում ենթարկվել… Մենք անպաշտպան էինք այդ գրգռված մարդկանց մեջ, նրանք՝ զինված… Բարձրախոսի մոտ Աշոտն էր Մանուչարյան, «Ղարաբաղ» կոմիտեի հայտնի ղեկավարը, ես նրա կողքին՝ Մարտունիում դեռևս քչերին հայտնի Գերագույն խորհրդի պատգամավորը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը… Մանուչարյանը կտրուկ էր խոսում՝ հանձնել զենքը, ենթարկվել նոր իշխանություններին անվերապահ: Ես ջանում եմ լիցքաթափել վիճակը, կառավարելի դարձնել միտինգ-ընդվզումը… Եվ ահա մի ՀԱԲ-ական, մարտունեցի վազքով մոտենում է բարձունքին բեռնատար խիճով բարձած «Կամազին» ու մեքենան մեծ արագությամբ ուղղում մեզ վրա… Ի՜նչ հրաշքով փրկվեցինք… ինչպե՛ս մի քանի խիզախ ու սթափ տեղացիներ մեզ կարողացան դուրս բերել Մարտունուց ու հասցնել Երևան…

1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով մենք՝ ՀՀ չափահաս քաղաքացիներս, հռչակեցինք Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ պետություն։ Ես դեմ եմ եղել մեր այս հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ռազմական ամբիոնները վերականգնելուն. ռազմական գործը մասնագիտություն է, մարդը պիտի իր ազատ ընտրությամբ սովորի ռազմական միջին մասնագիտական և բարձրագույն հաստատություններում, հետո իր մասնագիտությամբ, որպես ծառայություն՝ աշխատի Հայաստանի զինված ուժերում: Այսպես է հիմա, և նկատելի է Հայաստանի զինված ուժերում կրթված սպայակազմի գործոնը: Սպայական կրթությանը, հանրապետությում և դրսում, հարկ է ավելի մեծ տեղ տալ:

1999-ին, Նուբարաշենի կլոր բերդում, ես սկսեցի մի նախագիծ՝ վերապատմել-քննել 1985-2000 թթ. հասարակական-քաղաքական իրադարձությունները, որպես ականատես, մասնակից, գործիչ շարադրել մեր ընթացող պատմության (ոչ մի կերպ չի ավարտվում, նոր էջից սկսելու ուժ, թե բախտ, այդպես էլ չենք ունենում) անցքերը… Ձախողեցի: Երևի գործիչ լինելու հանգամանքը խանգարեց՝ ո՛չ պատմաբան եմ, ո՛չ քաղաքագետ՝ անկախ կալիբրից, մասնակից-գործիչ եմ, ու դա խանգարում է… Իմ մեծ նախագծից մնացին բերդային հոդվածներ՝ քաղաքական նամակներ «Ինչու՞ այսպես եղավ», «Տուն տունիկ, որ քանդում է մեր տունը», «Ո՞վ է մեղավոր»… Երկու տասնյակի չափ նամակներ, որ հետո իմ ընկերները հրատարակեցին՝ ինձ համար այնքան հուզիչ-սպասված «Նամակներ կալանատնից» կարմիր գրքույկի տեսքով։ Կարմիր-կանաչ-դեղին գույնի գրքույկներ… կալանատնից… Հասարակական պատվերն էլ խանգարեց. ժամանակն ինձնից պահանջում էր ընդդեմ բռնության գործող իրավապաշտպանի ելույթներ՝ ատրակցիոնները դատարանի դահլիճում, իմ հրաշագործությունները բերդում…

Հիմա էլ նույնն է։ Իմ օրագիրը ես չեմ կարող զոհել, դարձնել «Նոր ուղու» քաղաքական ծրագիր։ Ընթերցողն էլ, կարծես (ես ուշադիր հետևում եմ բլոգի մուտքերին), այդպիսի պահանջ չի ներկայացնում, բայց… Երգից բառերը դուրս չես նետի… իմ կյանքն է, որ գալիս է օրագիր. ես չեմ կարող նրանից քաղաքական իրադարձությունները դուրս նետել: Եղել է 1990-1991-ը, երբ ես քիչ է՝ մեծացող, կայսրություն դարձող կրթահամալիրի տնօրեն էի, Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ, Կտրիճ Սարդարյանի հետ «Նոր ուղու» ներկայացուցիչ հայ նոր քաղաքական կյանքում… Թեթև տարեք. պատմեմ, մի՛ նեղացեք ու մի՛ ընդհատեք ընթերցումը…
Շարժումը, ինչպես կինոյի ժապավենի արագացված պտույտ, խելակորույս դարձրեց բոլոր ապրողներիս անձնային ու հասարակական կյանքը… բեկելով, այլ դարձնելով առանձին անձանց, խմբերի ճակատագրերն անգամ։ Գորբաչովյան հրապարակայնությունը, վերակառուցումը և արագացումը սերնդափոխություն էին առաջացրել իշխանության նոմենկլատուրայում՝ Հայաստանի կոմկուսի, շրջկոմ-քաղկոմների պատասխանատու աշխատողներ, քաղխորհուրդ-շրջխորհուրդների գործադիր կոմիտեների նախագահներ…

Գագիկ Հարությունյան, Արտաշես Գեղամյան, Վիգեն Խաչատրյան, Ռուբեն Թովմասյան, Արամ Սարգսյան, Խոսրով Հարությունյան, Հրանուշ Հակոբյան… Դժվար կլինի հիմա բոլորին հիշել։ 1985-1990թթ. մարդիկ, ովքեր կուսակցական նոմենկլատուրայում դիրքավորվել էին, ունեին կարիերայի իրենց պլանները, հո չէի՞ն հրաժարվելու դրանցից՝ տեղի տալով Շարժմանը… Սկզբնական շրջանում դիմադրեցին, հետո տեղավորվեցին… Արտաշես Գեղամյանը՝ Մաշտոցի շրջկոմի եռանդուն 1-ին քարտուղարը, որ նույն եռանդով 1989-1990-ին Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահն էր, ստիպված էր հրաժարվել այդ պաշտոնից։ 1990-ի դեկտեմբերի 4-ին տեղի ունեցան քաղաքային խորհրդի ընտրություններ. 101 պատգամավոր, հավակնոտ գործիչներ, ովքեր 1990թ. Գերագույն խորհրդի ընտրություններին կա՛մ չէին մասնակցել (օգնել էին այլոց), կա՛մ պարտվել էին, մտան քաղխորհուրդ, դարձան քաղխորհրդի պատգամավորներ… ՀՀՇ վարչության որոշմամբ, վարչապետ Վազգեն Մանուկյանի առաջադրմամբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանն ընտրվեց քաղխորհրդի նախագահ (քաղաքապետ): ՀՀՇ վարչությունը որոշեց ուժեղացնել նոր, եռանդուն, տաքարյուն քաղաքագլխին՝ նոր տեղակալներով, մեկ-երկուսը՝ ՀՀՇ վարչության անդամներով… Համբարձումին տրված էր ընտրելու հնարավորություն, և մի օր կրթահամալիրի տնօրենի սենյակ մտավ իմ համալսարանական-կոմերիտական շրջանի հեղափոխական ընկերը, պատմաբան-ազգագրագետը, ում հետ աշխատել էինք թիվ 10 դպրոցում հայագիտական դասարանները բացելիս, թիվ 183 դպրոցում մեր խորհրդատու-ուսուցիչը… Իմ հարյուր տարվա ընկերը՝ մեր Համբոն, Երևանի քաղաքագլուխը: Համբոն որպես ընկեր՝ խնդրեց, հիմնավորեց, որ ես լինեմ իր հետ Երևանի, հանրապետության, շարժման համար այս բարդ շրջանում, և որպես քաղաքապետ՝ առաջարկեց ղեկավարել կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի բնագավառները: Ես քաղաքականության մեջ էի։ 1991թ. հունվարին, ոչ հեշտությամբ, ինձ՝ Նոր ուղու հայտնի գործչին, կար լուրջ դիմադրություն և՛ ՀՀՇ-ի, և՛ հակաՀՀՇ-ի շրջապատում, ես ընտրվեցի Երևանի փոխքաղաքապետ: Ինչպես պայմանավորվել էինք նաև ՀՀՇ վարչությունում, ես ցանկացած պահի կարող էի թողնել իմ պաշտոնը և վերադառնալ կրթահամալիր… Կրթահամալիրում ես տնօրենի պաշտոնն ի պահ հանձնեցի Գևորգ Հակոբյանին՝ իմ հարյուր տարվա հավատարիմ ընկերոջն ու սանիկին, կրթահամալիրի փոխտնօրենին, մեր վարժարանի այսօրվա ղեկավարին…

Ծաղկաքաղը` Սանասար Գևորգյանի
Ղեկավար` Վահրամ Թոքմաջյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կրթության և գիտության զարգացումը ՀՀ կառավարության նոր ծրագրի համատեքստում

Հանրային դիվանագիտություն. «Պարադիգմ»-ին, Գևորգ Մելիքյանին հյուր։ Աղբյուրը՝ PARA TV-ի էջը youtube-ում։

Ստվերն ու անձրևը…

Նոյեմբերի 6-ին ավարտվեց իմ աշնանային արձակուրդը. սեբաստացի սովորող-ուսուցիչները, կրթահամալիրի խորհրդի անդամները, օրագրի ընթերցողները կարողացա՞ն գնահատել՝ երբ եմ ես ավելի արդյունավետ տնօրինում՝ արձակուրդո՞ւմ, թե՞ … Իսկ նոյեմբերի 7-ին, երբ աշխարհի հետադեմ

Էս «չեղարկումը» որտեղի՞ց մտավ մեր կյանք ու դարձավ մեր նորաբանությունների բառարանի բեսթսելերը…

«Պոզդնի» ազգ ենք. ցանկացած կարևոր քննարկում ուշացած ենք սկսում… 1in.am-ի լրագրող Սիրանուշ Պապյանի հարցազրույցը։