Լկստվածությունից,  արտոնությունների որևէ ձևով, տեսքով ցուցադրումից խորշում եմ:

Երևանի թիվ 10 դպրոցում, որտեղ, պատմել եմ, 1978-85թթ. փոխտնօրեն-կազմակերպիչ եմ աշխատել, ուսուցիչների՝ դպրոցում սովորող երեխաները հատուկ լկստված էին՝ արտոնություններով, կամայական, աչքի զարնվող առանձնացված մի դաս: Դպրոցի տնօրենն անզավակ էր, հեշտ էր նրա հետ խոսել այս մասին։ Այդպիսի երեխաներ ունեցողները, երեխաներին անարդար մոտեցողները, իրենց և մյուս երեխաների միջև սահմաններ դնողները կորցնում են մանկավարժ աշխատելու իրավունքը, չպիտի աշխատեն: Այսպիսին է մանկավարժի աշխատանքը՝ բոլորն են իր երեխաները, ու արդարացի, հավասար, անկողմնակալ-անաչառ վերաբերմունքը բոլորի նկատմամբ մանկավարժ աշխատելու պայման է:

Մեր կրթահամալիրում մանկավարժական աշխատողների բոլոր երեխաները (մեծամասնությունը հաստատ) սովորել են թիվ 183-ում, հետո՝ կրթահամալիրի դպրոցներից որևէ մեկում, շատերը՝ ոչ միայն 1-ին դասարանից, այլ մանկապարտեզից: Ես հատուկ հետևել եմ ուսուցիչների՝ սովորող երեխաներին, նրանց հարաբերություններին դպրոցում ու դպրոցից դուրս… Իմ երեք աղջիկները սովորել են կրթահամալիրում՝ Լիլիթը 2-րդ դասարանից, Տաթևիկն ու Շուշանը՝ 1-ին դասարանից… Չեմ հիշում, որ նրանք առանց հատուկ կարիքի մոտենային ինձ, էլ չեմ ասում՝ ելումուտ անեին իմ աշխատասենյակ, օգտվեին որևէ արտոնությունից. սեբաստացի են, ինչպես բոլորը, յուրաքանչյուրը: Այսօր էլ Տաթևիկը Դպրոց-պարտեզի ղեկավարն է՝ իր ուսուցիչների, հետո՝ աշխատանքային ընկերների առաջադրմամբ։ Ինձ համար ամենադժվար որոշումներից էր դա, ու ես չգիտեմ որևէ արտոնություն, որից նա օգտվում է, որևէ հնարավորություն աշխատանքային, որ ունի, ու մեր դպրոցների ղեկավարներից որևիցէ մեկը չունի: Ինձ իմ երեխաները միշտ, այսօր էլ, պարզերես են անում: Ես նրանց… հարգում եմ, սիրելը շատ բնական մի բան է, ա՜յդ էր մնացել պակաս, բայց ահա փորձիր հարգել:

Այսօր կրթահամալիրում են Արաքս և Սոնա Հովհաննիսյանները, Արևիկ Տատինցյանը՝ իմ թոռնուհիները, Դանիել Բլեյանը՝ իմ Ստեփան եղբոր, Սերժ և Գոռ Ղազարյանները, Նազենի կրտսեր Հովհաննիսյանը՝ իմ Էմմա քրոջ թոռները. անսպառ հիացմունքով գրկում եմ յուրաքանչյուրին, բայց ահա նրանց որևէ արտոնություն, որևէ խտրություն՝ նրանց և ընկերների միջև, բացառում են հենց իմ աղջիկները, իմ քրոջ, եղբոր աղջիկները և, որ ինձ համար թանկ իրողություն է, թույլ չեն տա հենց մեր թոռները: Հավասարությունը, արդարացիությունը, գումարի, խոստումի դիմաց, որևէ ձևով կողմնակալ վերաբերմունքի, ազգակցական, ծանոթության հողի վրա, կարգավիճակից բխող (ուսուցչի, տնօրենի, պաշտոնյայի երեխա) խտրության բացառումը ոչ թե որպես սկզբունք են հայտարարված կրթահամալիրում, ես անձամբ ու կոնկրետ հետևել եմ միշտ, որ դրանք գործեն որպես կանոն. սա, անկասկած, սեբաստացիների հանրության տարբերիչ գծերից է: Եղել և մնում է:

Սովորողին ընդառաջելը, հնարավորություն տալը, խրախուսելը մանկավարժության միշտ գործածվող, դրանից փայլող գործիքներից են. իհարկե… Երեկ Մայր դպրոցի միջանցքում ընդառաջ դուրս եկավ իմ ավագ թոռնուհին՝ արդեն 8-րդ դասարանցի Արաքսն իր ընկերուհի Լուսինեի հետ… Ո՜նց չսքանչանաս (երկուսով, իհարկե)՝ այս ե՜րբ մեծացան, իսկական օրիորդիկներ, շնորհակալ եմ Գոհար Եղոյանին, որ գրանցեց անմիջապես՝ «կա´նգ առ, ակնթարթ»…

Արաքսի նկատմամբ իմ մոտեցումը նաև արարողակարգային է, հատուկ՝ իմ ավագ թոռնուհին է… Բայց Արաքսին ու Լուսինեին ուսումնառության ողջ ընթացքում ես չեմ ջոկել, ու նրանք դա գիտեն կյանքով:

Դավիթ Բլեյանը հեծանիվ է քշում.
— Արագ, բայց զգույշ, հայրիկ, տնով մեկ…

Հեծանվի դիմացի և ետևի խցիկներում՝ պահոցներում, հավաքել է իր բոլոր ընկերներին։ Իրիկունը քնեցնում է իր հետ, առավոտյան արթնացնում, բարեխիղճ տեղավորում հեծանիվի վրա։ Ու այսպես՝ ամեն օր։ Պարբերաբար հենց հեծանվով էլ լողացնում է։

Ու ես ցավ եմ ապրում. հեծանվուղու՝ դպրոցական բակի 1-ին հեծանվուղու բացումն ուշանում է… Նոր ուսումնական տարվա խոստացված նորամուտներ են ուշանում… Քանի՞սը կլինի ներկայացնել սեպտեմբերյան ստեղծագործական հավաքի ժամանակ. տեսնենք:

Երեկ ես իմ ժամանակի մի կարևոր մաս Գեղարվեստում ու Նոր դպրոցում նվիրել եմ նյութական միջավայրի՝ դպրոցական բակերի բարելավման ուսումնական-նախագծային աշխատանքի կազմակերպմանը՝ ընդհանուր, պարտադիր՝ սովորողի և մանկավարժական աշխատողի համար: Հենց բակում, աշխատող սովորողների ու մեծահասակների հետ քննարկել ենք այս ուսումնական գործի կազմակերպումը. ձևականություն, կիսատ-պռատություն, ինչ-որ ձևի, անխիղճ, անբարեխիղճ, ուրիշի համար հարկադրանքով արվող աշխատանքից ազատվել է պետք, դրսում աշխատանքի անվան տակ ժամանակ անցկացնելը պիտի հաղթահարվի…

Ետխորհրդային շրջանում կրթության մեջ, մեր անձնական ու հասարակական կյանքում, աշխատանքում ձևականության ու կեղծիքի հաղթահարումը չդարձավ հայաստանյան նոր հասարակություն ձևավորող, միավորող աշխատանք։ Սրա դառը պտուղները, գիտակցում ենք, թե ոչ, ճաշակում ենք ու դեռ երկար… Սեբաստացիներիս համար էլ սա խնդիր է՝ անտնօրեն աշխատանքը (դու ես ու քո Աստված, խիղճը), աշխատանքը որպես սովորող թե ուսուցիչ անհատի բնականոն վիճակի հաստատումը, աշխատանքը, որ փոխում է մարդուն, կարող դարձնում, կապեր հաստատում հայրենիքի հետ, աշխատանքը, որ փոխում, այլ է դարձնում հայրենիքը… Ուսումնական գործը ծրագրված խնամքի կազմակերպումն է նաև քո միջավայրի, քո բակավայրի նկատմամբ… Փողոցից, բակից, դպրոցից չի սկսվո՞ւմ հայրենիքը. անփողոց, անդպրոց, անկյանք ի՞նչ հայրենիք, ի՞նչ ասել է հայրենիք սիրել՝ առանց խնամքի, հոգատարության, հիացմունքի, կարոտի… Ես այս մասին եմ կցկտուր խոսում 1-ինի եթերում: Փորձե´ք լսել: Ոգեշնչման կորուստը, մեր՝ ուսուցիչներիս միջից հավեսի փախուստը, ծնողական հասարակության (պատվիրատուի) ոգեզրկումը, կներեք, հնարավոր է կասեցնել, հաղթահարել անգամ, բարեխղճությամբ: Այսօր, այո, ես անտրամադիր էի, ինչ-որ պահից իմ տեղը չէի գտնում. մի պահ վարժարանի միջանցքում ինձ կորցրել էի…  անբարեխղճության, փոխանցվող անբարեխղճության կամ ձևական ուսումնական գործունեության առաջ դեմ առ դեմ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ի՞նչ կլիներ, եթե… 183 գիր բլոգային եթերում անընդհատ

Ի՞նչ կլիներ, եթե… Ես առտու 04-ին չարթնանայի, չսկսեի իմ օրը, ինչպես այս շաբաթ օրով՝ դեկտեմբերի 20-ին… Մինչ Արմինեն ու Դավիթը զբաղված էին իրարով, իրիկունը 10-ին շատ մոտ, ես անջատվում էի, միայն

Քամին ինչի՞ է փչում, որ երկինքը սառի՞…

Իմ սովորական, բազմազբաղ օրվա, իմ առցանց ուսուցման առաջին շաբաթի ամփոփիչ-սեմինարային օրվա, իմ՝ Արաքս Հովհաննիսյան 14-ամյա թոռնիկի ծննդյան խորհրդով առանձնահատուկ օրվա մեջ, ժամը 14:00 անսասան էր. կանխորոշված էր ու օրվա ավարտը…