Կատուն, որ երեկվա իմ գրում տեսնում եք Դավիթ Բլեյանի գրկում, իր եղբայր Արմեն Մարտիրոսյանի կատուն է… 2015-ի ամռանը, հիշո՞ւմ եք, Մեղրաձորում էինք, պատրաստում էինք հուլիս-օգոտոսյան արշավախմբային ճամբարը: Ետդարձին, ճանապարհին մեքենան վարում էր Արմենի հայր Վահրամը, ու հազիվ նկատեցինք այս մի քանի շաբաթական կատվին… Լավ էր, մեղքի տակ չընկանք… Որոշեցինք փրկչի իրավունքով և պատասխանատվությամբ բերել փիսիկին մեզ հետ Երևան։ Մեքենայի մեջ Դավիթն ու Արմենը փորձում էին փիսոյին կերակրել-ջուր տալ, մինչև խեղճը խոր քնեց։ Կենդանապահ-փորձառու Մարտիրոսյանները ստանձնեցին կատվի խնամքը: Հիմա տեսեք՝ ի՜նչ գազան է դարձել, ի՜նչ գեղեցկուհի՝ տան սիրելին, որքան վստահ է իրեն զգում, մաքրակենցաղ… Մի մեծ, աշխատավոր տան խորհրդանիշ է դարձել…

Մանկավարժական աշխատողների ձմեռային դպրոց։

Ինքնուրույն, հարցերով՝ սովորողի և ուսուցչի, սովորելու բնական մեթոդի, առցանց ուսուցմանն ենք անցնում հունվարի 11-15-ը՝ կրթահամալիրի 1-12-րդ դասարաններում, 2-5 տարեկանների նախակրթարանային խմբերում… Անկենդան, արհեստական, կիսատ-պռատ է մեր հեղինակած ստեղծագործ ու մոբիլ կրթությունը՝ առանց սովորողի և սովորեցնողի մշտապես ինքնուրույն սովորելու՝ կարգի բերած, բնական մեթոդի… Եվ ահա, բոլորիս առողջապահական շահերից բխած դպրոցական ֆիզիկական միջավայրում կրթության արգելումը առցանց ուսուցման անցման հմտությունների ստուգատես-շաբաթ է դառնում հեղինակային կրթության բոլոր աստիճաններում… Այսօր՝ մանկավարժական հունվարյան հավաքում, վաղը՝ առցանց, մենք՝ սովորող և սովորեցնող (ուսուցիչ և ծնող) կպայմանավորվենք-կպատրաստվենք առցանց ուսուցման շաբաթի և՛ բովանդակության, և՛ կարգի հարցում… Ուզո՞ւմ ենք, չէ՞, սովորել, շարունակել թե վերսկսել սովորելը… Պատասխանենք սովորողի յուրաքանչյուր հարցի, հրահրենք հարցասիրությունը, տեղին հարցեր առաջադրենք… Երբեք միˊ պատասխանեք այն հարցերին, որոնք չեն առաջացել, չեն կարող առաջանալ սովորողի մոտ… Ասել է թե՝ սովորողը հետաքրքրված չէ դրանով, նյութով… Սա Ջորջ Փոյայի նշանավոր սկզբունքներից է… Առիթ է որպես ամանորյա նվեր՝ կարդացեք. դուք էլ վարձատրված կլինեք։ Իսկ ուսուցումը, խոստովանենք, իբր թե կառուցված է սովորողի մոտ առաջացած այդպիսի հարցերի՞ վրա, թե՞ դրանց՝ այդ հարցերի անտեսման-ոչ կարևորության վրա. պարտավոր ես՝ սովորի՛ր, ինչպես և ես պարտավոր եմ, իմ աշխատանքն եմ անում, սովորեցնում եմ… Ասել է թե՝ ուսուցիչը հետաքրքրված չէ՞ իր առարկայով…

Շինարարական աշխատանքները հունվարի 8-ին։

Իսկ Դավիթ Բլեյանն օրվա վերջում, կեսգիշերին մոտ, կապիկ դարձավ… ապրեց-գործեց կապիկավարի, ու ջանը սկսեց քոր գալ…
— Պապ, փոշին, տերևներն ու միջատները լցվել են ջանիս մեջ, քոր է գալիս մաշկս… լողամ, որ ազատեմ մաշկս ու մազերս…
Եվ կապիկավարի լողացավ…

— Ինչպե՞ս է պահել իրեն մեր տղան այսօր, պատմեք՝ ուրախանամ,- այսպես ողջունում եմ հաճախ ինձ դռանը դիմավորող Արմինեին ու Դավիթ Բլեյանին…
— Հայրիˊկ,- առաջինն արձագանքում է Արմինեն,- այդքան էլ լավ չի պահել, շա՜տ վատ ես այսօր քեզ պահել, հիմա կասեմ, որ հայրիկն իմանա, քեզ պատժի… պատմե՞մ…
Դավիթը կտրում է.
— Դո՛ւ ես քեզ վատ պահել, շատ վատ ես այսօր պահել, հիմա կասեմ, որ հայրիկն իմանա, քեզ պատժի… Պատմե՞մ…

Դավթի ինքնակրթության հունվարի 8-ի դպրոցը Մելինե քույրիկի հետ։
Լուսանկարները՝ Ռուզան Աբրահամյանի։

— Պապ, ինչպե՞ս են սպանել այս 3 կգ-ոց լոքոյին,- հանկարծ հարցնում է Դավիթ Բլեյանը՝ սեղանի շուրջ…
— Չգիտեմ, Դավիթ, ես գլուխս շուռ էի տվել՝ ուրիշ կողմ էի նայում…
— Պապ, դու չգիտեի՞ր, որ ես քեզ հարցնելու եմ, ո՞ւր էիր նայում…

Արմինեն իր հեռախոսով խաղում է։ Դավիթը խանդով է նայում «իր» խաղի գործիքին։
— Խաղ միˊ խաղա, մա՛մ, ինձնով զբաղվի,- պահանջում է Դավիթն ու դեմ է տալիս… չորս-հինգ գիրք…

Ես տուն մտա հայ-վրացական բացատրական բառարանով, Ավետիք Ավետիսյանի՝ սիրով ու բարեխիղճ կազմած «Այբ-Ֆե» գրպանի հանրագիտարանով, հայերենում գործածվող օտար բառերի բառարանով… Իսկ երեկոյան ընթերցարան դարձավ մինչ այս մեծերի գիրք համարվող  «Կենդանիների օրագրեր» մատենաշարը՝ «Սարդ», «Շնաձուկ», «Փիղ», «Տիրանոզավր»… Արմինեին ևˊ հետաքրքիր է, ևˊ անհրաժեշտ՝ մայրենին անհատի հետաքրքրության վրա կառուցելու համար…

Ձյան մաքրման աշխատանքներ։

Ընթերցարան

ֆոտոխմբագիր՝ Աննա Պետրոսյան
# 547

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մենք կարող ենք հանդիպել, երբ ցանկանանք…

Հավերժության վրայով ազատ և ուրախ ճախրի՛ր ծնունդներից այն կողմ, և մի մեծ տոնի ընթացքում, որը երբեք վերջ չունի… Ռիչարդ Բախը մեր Սեյրան Ավագյանի համար է ասել: Երեկ մենք կրկին հանդիպեցինք Սեյրանի

Շնորհակալ եմ, ուսուցիչ-ընկեր, ու սա երախտագիր է

Իհարկե, լավագույն հանդիպումները չկայացա՞ծ հանդիպումներն են… Ընդամենը երկու օր առաջ որքան էլ Քնարիկ Ներսիսյանը իր լրագրողական նախագծով «Զրույց ճարտարապետ Համլետ Խաչատրյանի հետ. «Արթմեդ» բժշկական կենտրոն, 10-րդ պալատ», չնայած ընդմիջող հազին, սիրով-բարեխիղճ

Հավեսի-հիացումի-խնամքի զատկական կիրակի՝ սեբաստացի-ոչ սեբաստացի․․․

Հայաստանում շատերն են իմ հավեսի-ջանքերի վրա զարմանում-ցուցանում․․․ ես էլ՝ ձեր․․․ Շիտակ լինեմ․ 1in.am-ի այս  եթերը գեղեցիկ Զանգվի մասին վերջապես դիտելուց հետո, լսե՛ք անպայման, կիրակնօրյա զատկական իմ գրից առաջ, ես էլ էշության-համառության-բարեխղճության՝ իմ