Հայկական ժամանակ
սեպտեմբեր 6, 2007թ.
Եվս մեկ ուսումնական տարի: Ասենք՝ շնորհավոր: Այո, հին-հարազատ, լենինաբար, թվում է՝ մոռացված արդեն՝ սովորել, սովորել, սովորել:
Անընդհատ, ողջ կյանքի ընթացքում սովորելու, իմացածը նորացնելու և նորը ճանաչելու ուղղորդող պահանջը մեզ ավելի բաց ու հաղորդակցական կդարձներ: Թվում է՝ Հայաստան աշխարհը, ողջ կրթական համակարգը որպես մի մեծ, բաց, իսկական կրթական պիտի գործեր, որտեղ նոր տեխնոլոգիա, նոր գիտելիք ու մասնագիտություն են յուրացնում բոլորը՝ անկախ տարիքից ու սոցիալական դիրքից՝ մրցելով իրար հետ ժրաջանությամբ և ստեղծականությամբ: Ավա՜ղ, մեզանում շարունակում է իշխել Ֆորմալ կրթության սովորույթը, երբ մարդիկ սովորում ու այդ մասին վկայող դիպլոմ են ստանում առավելագույնը մինչև 30 տարեկանը, սովորում են մեկ անգամ ու ողջ կյանքի համար՝ Ֆորմալ կրթության հաստատությունն ընտրելիս, որպես կանոն, առաջնորդվելով «փորձած թանի» նախապատվության սկզբունքով, շարունակելով մնալ պարազիտիզմի ու կեղծիքի կրթության պատվիրատուն կամ կատարողը: Ուսումնասիրությունները հաստատում են, որ 30 տարեկանից այն կողմ Հայաստանում մարդիկ չեն սովորում: «Դար ապրի´ր ու դա՛ր սովորիր» պատգամը մեզանում գործող չէ, «Կրթություն ողջ կյանքի ընթացքում» ծրագիրն այդպես էլ ծրագիր է մնում: Մեզ իմացումը մեկ անգամ պապենական (ընտանիքով-ավանդույթով-ֆորմալ կրթությամբ) տրվում է, ու մենք մեր ողջ կյանքի ընթացքում մեր իմացածը կասկածի ենթարկելու, ուսուցման բոլոր (ֆորմալ) միջոցներով մեր կրթությունը նորացնելու, նորը ճանաչելու գործնական պահանջը չենք ցուցաբերում, չնայած իրեն պետք եկածը մարդը, ի վերջո, սովորում է ու, ցավոք, սովորում է դպրոցից դուրս:
Սովորող մարդու համապատասխան հմտություններ են անհրաժեշտ՝ սովորելու ընթացքն առավել արդյունավետ ու գրավիչ դարձնելու համար: Սարսափելի է. ինտերնետը կա, մենք ամենաթափանց մեդիայի ժամանակում ենք ապրում, բայց դպրոցը, կրթությունը և ուսուցիչը շարունակում են սովորել ու սովորեցնել այնպես, կարծես մեդիան ու ինտերնետը շռայլություն են, ընտանեկան պճնանքի զարդեր՝ նախատեսված ընտրանու համար: Սա այն դեպքում, երբ բջջային հեռախոս ունի (կարող է ունենալ) յուրաքանչյուր սովորող, հեռուստացույց կա յուրաքանչյուրի տանը, փլեյերն ու թվային ֆոտոխցիկը մատչելի են յուրաքանչյուր ընտանիքի, համակարգիչ (տպիչ, սկաներ) ու թվային տեսախցիկ կարող է ունենալ Երևանում յուրաքանչյուր երկրորդ ընտանիք, եթե կարևորի: Ինտերնետ կապը մատչելի է յուրաքանչյուրին… Սակայն սովորելը մեզանում անհատի ներքին ու հասարակական պահանջ չէ: Ահա, թե ինչու ինտերնետ կապն էլ թանկ է ու անորակ:
Եվ այս պայմաններում, թվային ուսուցման միջոցների այսպիսի առատության, բազմազանության և մատչելիության պայմաններում կրթական տեխնոլոգիան, ուսուցման ծրագրերն ու ձևերը որակով չեն փոխվել, ուսուցիչն այդ միջոցները ձեռքի տակ չունի և դրանց չի տիրապետում: Այդպիսի ուսուցումը չի կարող արդյունավետ ու սովորողի համար գրավիչ լինել: Յուրաքանչյուր դպրոց պիտի ունենա անխափան ինտերնետ կապ այնպես, ինչպես ամեն դպրոցական ունի մշտական էլեկտրական հոսանք: Ուսուցչի աշխատանքային սեղանին պիտի հայտնվի համակարգիչը, ու համակարգչային գրագիտությունը պիտի դառնա ուսուցման բաղկացուցիչը:
Սա, համոզված եմ, արդիական կարիք է ու պետքական ծրագիր պիտի դառնա, որը, մեր կրթահամալիրի օրինակով գիտեմ, կարող է ու պետք է լուծվի 2-3 տարում: Այսօրվա սովորողն ու ուսուցիչը չեն կարող գրպանում անհատական կրիչներ (ֆլեշկաներ) չունենալ: Սովորողը (նաև կրտսեր դպրոցականը), ուսուցիչը և ծնողը պիտի ունենան էլեկտրոնային հայտնի հասցեներ այնպես, ինչպես բնակարանների հասցեներ կամ հեռախոսահամարներ ունեն: Մեր կրթահամալիրի սովորողն ու ուսուցիչն այնքան հեշտությամբ յուրացրին այս ամենը, որ, վստահ եմ, այս ուսումնական տարում նրանք մեդիա հաղորդակցության առումով գրագետ կդարձնեն նաև բոլոր ծնողներին: Խնդրեմ, կրթահամալիրի ողջ զինանոցն ի սպաս է դրված մեր ծնողներին:
Ես հրաշալի հասկանում եմ, որ սրանք ուսուցման նոր տեխնիկական կազմակերպման տարրերն են, գլխավորը, իհարկե, կրթության գլխավոր մասնակիցների՝ սովորողի, նրա ուսուցչի և ծնողի միջև հաղորդակցության, լիարժեք հաղորդակցության պահանջի առաջացումն է ու կազմակերպումը… Իսկական քաղաքական խնդիր, առանց որի դպրոցը կա ու կմնա լավ-վատ, բայց պահասենյակ, իրական հասարակական կյանքից մեկուսացած մի վայր՝ անկյուն քշված ծնողով և ուսուցչով… Իրենց այս արհամարհված-մեկուսացված վիճակի համար ծնողն ու ուսուցիչը հանցավոր համաձայնությամբ «մուռը» հանում են երեխայից՝ կրթության նորացման ու արդյունավետության յուրաքանչյուր նախաձեռնություն դատապարտելով անհաջողության…
Աշոտ Բլեյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն