Հրազդանի անունը պատահական չտվեցի. երեկվա մեր պատանի բնապահպանների ճամբարային կլոր սեղանին ակտիվ մասնակցում էին Զիկատարի ճամբարականներ Հրազդանից՝ թ. 1 դպրոցից։ Մենք հանդիպեցինք կրթահամալիրում՝ որպես հի՜ն ծանոթներ՝ երկուստեք տպավորված «Զիկատար» ճամբարում մեր բուռն զրույցից… Այնքա՜ն ուսումնատենչ են, այնքա՜ն կյանքով լի ու հայաստանասեր Մելինե Հայրապետյանը, Հռիփսիմե Առաքելյանը, Շուշան Վարդանյանը, Մարինե Հակոբյանը։ Բայց նրանք իրենց կյանքը կապո՞ւմ են Հրազդանի հետ, իրենց պատկերացնո՞ւմ են կրթություն ստացած ու Հայաստան վերադարձած… Անգամ խոսքի մեջ դա չկա… Երևանը կա՝ որպես ուսանողական քաղաք, իսկ Հրազդանի մասին՝ որպես մասնագետ դարձած հրազդանցու քաղաք-բնակավայր, չլսեցի, չտեսա… Այսպես է, ավա՜ղ, Հայաստանով մեկ։ Այսպիսով Երևանը, ի վերջո, դառնում է տրանզիտային՝ աշխարհով մեկ բնակավայր փնտրող-դեգերող հայաստանցիների համար…
Լավ է, որ Հայաստանի մարզերի, կրթահամալիրի, Թբիլիսիի, Ստեփանակերտի պատանիները բնապահպանական ուսումնական նախագծերի ամենամյա բաց ստուգատեսիմիջոցով սիրեցին Տավուշի Կողբը, Զիկատար արգելոցը, նրանում այնքան հարմարավետ տեղավորված «Զիկատար» ուսուցման կենտրոնը, կապվեցին այնքան, որ «Զիկատարը» պատանիների միջազգային և շուրջտարյա ուսուցման կենտրոն դարձնելու գաղափարը արհեստական չէ… Համակված են: Բնապահպանության նախարարությունը կօգտվի՞ պատանեկան այսպիսի ոգևորվածությունից… Ինչո՞վ կտարբերվի մեկնարկած Էկոտուր 2016-ը պաշտոնապես փակված Էկոտուր 2015-ից, նրա ճամբարից, ինչպե՞ս անել, որ փոփոխությունների առաջարկները ուսումնական աշխատանք դառնան անընդհատ… Այս հարցերն էին երեկվա Կլոր սեղանի օրակարգում… Ինչո՞ւ Հրազդան քաղաքը հանրային լողափ չունի. ինչպե՞ս Հրազդանի պատանիները իրենց բնապահպանական նախագիծը դարձնեն այդպիսի լողափի ստեղծումը… Բնապահպանությունը կապվի մարդու հետ, այդպիսի գործունեությունը փոխի այսօրվա մարդու կյանքը… Այսպիսի նախագծերով պատանիները 2016-ի ապրիլին հավաքվեն կրթահամալիրում՝ Հայաստանից, Վրաստանից, Արցախից։
Ահա և նոր հոբելյար է իմ Oրագիրը կրկին, որ այսօր անընդհատ 400-րդ անգամ օրվա գիր է դարձել… Հոբելյարին ի՜նչ առանձնացնես-պարգևատրես, ինչո՞վ է առավել երեկվա 399-րդ գրից կամ վաղվա, որ հաստատ է՝ լինելու է, 401-րդից… Իսկ 400 գիրը մեկ առ մեկ, առանց բաց թողնելու կարդացած ընթերցողին ուզում եմ գտնել, առանձնացնել ու պարգևատրել… Սկսեցինք գրանցումը գրի մեկնաբանության բաժնում…
Հոբելյարը թույլ չի տա, որ անկեղծ չլինեմ. կուզեմ՝ հուլիսը այս երկարի՜… ես նրանից չեմ նեղվում, նրանով, նրա ամեն օրով ապրում եմ, ես ամառային-արևային մարտկոցներով մարդ եմ՝ անընդհատ լիցքավորված…
Մեզ մեր հեծանվասպորտի դպրոցի շինարարական աշխատանքներում միացան Վարշամի պատանի հեծանվորդները իրենց հեծանիվներով, նրանց մեջ մեր սանի՝ աշխարհի չեմպիոն Մեսրոպ Շաբոյանի որդին՝ տասնհինգամյա Հրաչ Շաբոյանը: Ես նրան ուղիղ ասացի՝ ուրախ եմ, որ հանդիպեցինք, քո հայրը իրենը արել է. ահա քեզ հնարավորություն՝ մեր աջակցությամբ սեբաստացիական հայտնի աշխարհում ստեղծենք աշխարհի ամենահայտնի դպրոցը հեծանվի… Տղաները գործի են կպել: Հետևեք իմ օրագրին:
Ի՞նչ են խոսում Բանգլադեշում, տաղավարներում նարդի, բլոտ խաղացողները, երբ օրը մի քանի անգամ հանդիպում են իրենց տաղավարի մոտից անցնող հեծանվորդ-շորտավոր Բլեյանին… Մեկը հատուկ ինձ համար կարծես ասաց, որ լսեմ.
– Լավ, էս հուլիսն էլ չկարողացա՞վ էս մարդու վրա …
Բանգլադեշցին, հազար անգամ տեսնող քան մի անգամ լսողը պիտի իմանար, որ հուլիսն ու Բլեյանը վաղուց ընկերներ են, ինչպես վաղ առավոտն ու ես, օրվա գիրն ու ես… հոբելյարը վկա…