Մեր աշխարհում, մեր կրթական պարտեզում, մեր Էջմիածնում, մեր հոգիներում, որ թևածում է հիմա իմ-ձեր եղբայր Սեյրան Ավագյանի այս ավետիսը. գարո՜ւն է…
Իմ շատ սիրելի ու հարգելի յուրաքանչյուր սեբաստացի, հետաքրքիր բան է էս կյանք կոչվածը… Ձեր բոլոր ցանկություններն ու բարեմաղթությունները մե՛կ առ մե՛կ տեղ հասան, դարձան ուժ ու ինձ դուրս բերեցին այն վիճակից, այն տհաճ երազից, որից ուզում ես շատ արագ ազատվել, բացել աչքերդ… սեբաստացիական ուժն ու միությունը ինձ արթնացրեց, ես ձեզ հետ եմ, կհանդիպենք վաղը, նույն ժամին, նույն տեղում…
Մեր ընտանիքով անհամբեր սպասում ենք իմ սանիկ, Դավիթ Բլեյանի ու Արմինեի ավագ եղբայր-ուսուցիչ Գևորգ Հակոբյանի խոստացած խորովածին, հենց Հարություն Թոփիկյանի ձեռքով, մեր պատշգամբում անենք… Մաեստրոների քառյակը՝ մի հարկի տակ՝ Մարտուն Իսրայելյան, Թոփիկյան, Խաչատուր Մարտիրոսյան, Արթուր Շահնազարյան, Նազենի աստղ Հովհաննիսյանի բարձր վկայությամբ, ընտանեկան մեր Նոր տարին անենք, որ խիղճս հանգիստ Դավթին, Արմինեին խոստացած՝ Սուրբ Ծննդյան արձակուրդն անցկացնեմ մեր Թբիլիսիում… Մնացածը, ինչպես իմ 526-րդ գրում:
Լուսանկարները՝ Զարուհի Առաքելյանի։
Այնքա՜ն լավ եմ զգում, որ իմ գրից սեբաստացի-ոչ սեբաստացի մեջբերումներ է անում… Հավատում եմ, որ գիր-գիր ու գրականություն է դառնում՝ ընթերցող ունի… ինչպես մեր երեկվա համերգ-ներկայացումը՝ ունկնդիր այսպիսի ճեմարանականներով, նրանց կրթյալ հայր Գարեգին Համբարձումյան վարդապետով, Սուրբ Էջմիածնի պատվավոր երկու լեփ-լեցուն դահլիճով՝ Հայորդաց տան և Գևորգյան ճեմարանի… Տաք-լուսավոր-խնամված-աջակցող այս լսարանները մեզ տարեմուտի-ամանորի նվեր դարձան… Հոգով-սրտով շնորհակալություն… Իսկ ես մեր սքանչելի Զառայի ուղեկցությամբ հասցրի ճեմարանի մոդեռն եկեղեցու մի կտոր վայելել (չէի եղել), մասնակցել ճեմարանականների իրիկնային ժամերգությանը մինչև համերգը՝ ճեմարանի պատվավոր դահլիճում… Մենք կամուրջ հաստատեցինք հայոց երկու ուսումնարանների (լավ անուն է մոռացված) միջև, և երկու տեսուչներով խոստացանք բանուկ պահել այն… Իսկ ճանապարհին Էջմիածնի Մարթա Ասատրյանի ու երաժշտական լաբորատորիայի հայտնի դուետ-հեծանվորդ Լուսինե Մլքե-Գալստյանի ու Աստղիկ Մամիկոնյանի մասնակցությամբ, Հռիփսիմե տաճարի վկայությամբ, պայմանավորվեցինք հեծանվորդային վկայագրում իրականացնել.
- ա մակարդակ՝ կրթական պարտեզ-Մուսալեռի հուշահամալիր
- բ մակարդակ՝ կրթական պարտեզ-Զվարթնոցի տաճար
- գ մակարդակ՝ կրթական պարտեզ-Սուրբ Էջմիածին։
Սրանից սիրելի՜-ձգո՜ղ ուսումնական աշխատա՞նք հեծանվով…
Հեծանվի արհեստանոցի և նոր հանդերձարանների կառուցումը մեկնարկել է ավելորդ պատերի քանդումով։
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի
Իսկ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ խոսում էինք նաև նշանավոր Էջմիածին-Վաղարշապատը քաղաք-նախաձեռնությունների կենտրոն դարձնելու մասին… Քաղաք՝ առանց ավտոմեքենաների. հարթ-սիրուն-կանաչ- մեռոնով «օծուն ու բալասանով»՝ անվավոր երթևեկի ու հետիոտնի քաղաք, քաղաք, ուր չեն ծխում. թո՛ղ հոռի բարքերդ՝ Էջմիածնի մուտքի Գրիգոր Լուսավորչի ուղղորդող ձեռքին, նրա «Հույս, հավատ, սեր» մակագրությանը չհասած…
Իսկ կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ, ով հայտնի է նաև ճեմարանում, ում Վեհափառ Հայրապետն է անհատապես ճանաչում-ընդունում-լսում, ինչո՞ւ չսկսենք երաժշտական հանրակրթության հեղինակային ծրագիրը՝ իր ներդրումային առանձնահատկություններով, դարձնել Էջմիածին քաղաքի հանրակրթական ուսումնարանների և մանկապարտեզների սեփականությունը… Գիտե՞ք ամենաշատն ինչից էր անակնկալի եկել կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանը. մեր ամենօրյա միասնական երգեցողությունից… Տեսաք՝ ոնց Մերի Առաքելյանի սիրով-մասնագիտական բարեխղճությամբ այն դարձավ նաև ոչ միայն մեր դպրոց-պարտեզների, այլև Միջին ու Ավագ ուսումնարանների առավոտյան ամենօրյա պարապմունքների անբաժանելի ուղեկիցը… Երգում ենք Կոմիտաս… Սա մեր ազգային մեդիտացիան է, էլ ի՜նչ հիվանդանաս կամ տրտմես… միշտ գործուն, արթուն մտքով ու առույգ..
Ֆլեշմոբ կրթական պարտեզի սարալանջին, աղբահանությունից հետո
Լուսանկարները՝ Գևորգ Մանուկյանի։
Իսկ կրթական պարտեզում գարուն է… ատամների կրճտոց… ոչ մի կիսատ-պռատ գործ 2015-ին, օրվա հոգսով ամեն օր ու յուրաքանչյուրս՝ լեցուն… Ի՜նչ հիացմունք է պարգևում Նոր դպրոցի քարափը՝ կրթական պարտեզը բացող «զաբոռների» խորտակումը… Շնորհակալ եմ, Նառա Նիկողոսյան, Ձյունանուշ քույրիկ, ես իմ նվերը ձեզնից ստացա… Բացե՛ք մեր հայացքը, մեր այդ բնական՝ Բանգլադեշի կառուցումից առաջացած քարափները մաքրե՛ք հիմա… Գարուն է մեր պարտեզում… Այոˊ, Մարթա Ասատրյան ու Գեղարվեստ, մեր պարտեզի սարալանջի աղբակույտերը վերացրեք՝ խրախճանքով մի՝ որպես ցույց «нет» աղբին: Կրթական պարտեզում որևէ ձևով ո՛չ մի ցանկապատ-ո՛չ մի աղբ-ո՛չ մի բաժանում-անջրպետ-նեղացում-չհասկացում… Էլ ի՜նչ Նոր տարի, նոր մեկնարկ-բեկում, հենա էս բոլորից հին տարում՝ անցնող-անցած, լիուլի կար… Անցուկը մոռցուկ կըլլա… Նեղանալ… չենք կարող. հայորդաց տանն իմ խոսքում ասացի՝ ծանոթ-անծանոթ, ի՜նչ նեղանալու շռայլությունից եք օգտվում… այն մեզ թուլացնում է, թույլ չի տալիս հանդիպումը գործի վերածել, իրար ճանաչել, միասին շարունակել աշխատել, եթե նույն գործը պիտի անենք, եթե այլ բան մեր մտքում չկա, նեղանալս ո՜րն է, դա ի՞նչ իրավունք է, որտե՞ղ է գրված, ասեք՝ բացենք, կարդանք… Որ ի՞նչ…
Արթուր Շահնազարյան անհատապես ընդունելի մասնագետի որևէ ձևով ասված մասնագիտական դիտողությունը, ընդունեք-չընդունեք, բավարար է ուշադիր լսելը, դրա մասին մտածելը… Դրանից ավելին… նեղանալու աստիճան խոցվելը, սիրելիներս… «нет»՝ կասեր մայրս, մեզ բաժանում է, թուլացնում… Ինչի՞, ուզում ենք, որ տեղի-անտեղի, բայց միայն մեզ, ինձ-քեզ գովեն… Գովել ասացիք, ահա… Հետո ի՜նչ, որ մեր Մերիի սիրելի երաժիշտ, մեր բոլորիս հանդեպ այնքա՜ն ուշադիր ավագ Խաչատուր Մարտիրոսյանն այսպիսի ներբող հնչեցրեց երեկ, որ խնդրեց իմ գրով այս տեղ հասցնեմ ձեզ…
Բարության շողն է բոլորիս սրտում
Ալիքվում հպարտ և ուրախ նազում,
Ու երազանքներն իրական դարձած
Հմայում են, ջերմ հուշերից ծնվում:
Դպրության հևքն է խանդավառ ոգով
Պարուրել նրան՝ երջանիկ սիրով…
«Սիրել նմանին, անսահման բարին»՝
Արդ հորդորում է յուրաքանչյուրին:
Խոնարհում բարու վեհանուշ պատվին,
Բերկրանք ու վայելք՝ ներկա սերնդին,
Լուսե կարոտով և փառքով անծիր
Ապրեն թող, խաղաղ, աշխարհում անգին:
Դոˊւ, այր իմաստուն, հոգեթով, արի,
Պարգևիˊր ուսում՝ քանց զուլալ աղբյուր,
Ուսման կարոտյալ ամենքի սրտում
Ուրախ, ցնծալի տոն է այն դառնում:
Պատրաստվում ենք ամանորին
Լուսանկարները՝ Ինգա Անտոնյանի
Ես էլ բռնեմ՝ Արթուրից Շահնազարյան նեղանամ. վեցին-յոթին չեմ արթնանում, այլ չորսին, ինչպես այսօր… Կամ Դավիթ Բլեյանից նեղանամ, որ թփթփալով նորից եկել-մտել է ծնողական անկողին, քիչ է, արևելք-արևմուտք փռվել է, քիչ է, ինձ էլ ասում է.
— Դոˊւ, պապ, տղա ոչխար ես, իսկ ես՝ իշու ձագ, չէ, չէ, իշու քուռակ…
Հլը իրա «քուռակը» հասկացե՜ք…
— Պաˊպ, ինչո՞ւ, որ ես ուղտի պես թքում եմ, դու խառնվում ես իրար… Ինչո՞ւ, պապ, ես չեմ կարող խոզի ճուտի, քուռակի, ձագի, քոթոթի… նման անեմ…
— Պաˊպ, տես՝ ի՜նչ սալտո եմ անում…
Ու տեղում, մամա ջան, սևացա… թաքուն Արմեն ախպոր սովորեցրած սալտոն է անում.
— Պաˊպ, կապիկի նման եմ, չէ՞…
Տոներն են մոտենում․․․
Լուսանկարները՝ Լիլիթ Մեղրյանի
Քաղաքական օրակարգում
- ԱՄՆ-ն ու ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ում ԴԱԻՇ-ի դեմ համատեղ բանաձև կներկայացնեն: Ես հավանեցի այս նորության ներկայացման հապավումային ձևը՝ ընթերցողին ամբողջությամբ ծանոթ են այս հազար անգամ կրկնված հապավումները։
- ԱՄՆ-ն պատժամիջոցնե՞ր է սահմանում…
- Ֆինլանդիայում փախստականները կաշխատեն անվճար…
- Արտակարգ դեպք Արմավիրի մարզում… Ութամյա երեխան պայթեցրել է… Ամանորյա շրջանում այսպիսի փորձանքները քաղաքական պահանջի տեսք են ստանում՝ բոլոր կարգի մեծերին ուղղված… Անվտանգության բացառիկ միջոցներ պիտի գործեն բոլոր տեսակի պայթուցիկների նկատմամբ։
- Նոր WiFi թեժ կետերը կուբացիներին դուրս են բերել այգիներ։
- Ի՜նչ լավ է տշում մեր Հենրիխ Մխիթարյանը գոլ… այնպես, որ ֆուտբոլին՝ գնդակին տշվող, կարոտեցի…
Գովազդ՝ իմ օրագրի եթերում. Սուրբ Նիկոլայի օրվա նախօրեին «Օսկար» կինոթատրոնում կկայանա «Սնուպին և Չառլի Բրաունը. մանրուք կինոյում» մուլտֆիլմը… Մանրուք է, երևի, բայց այս անուններն ինձ ոչինչ չեն ասում, ես ուշադիր նայում եմ գովազդը դիտող Դավթին…
Ֆոտոխմբագիր՝ Աննա Պետրոսյան
# 528