Ուրծի լեռներում, այսօր… Լուսանկարը՝ Սոնա Փափազյանի։

Երեկվա օրը՝ հոկտեմբերի 22-ը, անզայրույթ էր, ու վերջը տեսեք. երեկոյան 5.30 ես դուրս եմ գալիս Մեդիայից իմ երկանիվ նժույգով, Մայր դպրոցում զմայլվում եմ օրվա մեր գործերով, աշխատողների հետ քննարկում ուրբաթ օրվա անելիքներն ու սլանում եմ… Ժամը 18.00 ես Հայաստանի խորհրդայնացման երեսուն ամյակին նվիրված հուշարձան-աղբյուրի բարձունքի վրա եմ. ուշքս գնում է Երևանի այս դիտակետի համար՝ ինձ հաճախ կարող եք այստեղ գտնել, համեցեˊք՝ զրուցենք զմայլվելով։ Ահա, ժամացույցի սլաքի ուղղությամբ Նորքի բարձունքը, Նորագյուղի, Սարի թաղի, Երկաթուղային կայարանի ցցի ուղղությամբ Երանոսն եմ տեսնում, նորագույն շղարշով փոքր ու մեծ Մասիսները, Եռաբլուրը՝ գլխատված երկու բլուրներով, հետո «Փարվանա» ցուցանակով բլուրը, Ծիծեռնակաբերդի բարձունքը, Կիլիկիայի բլուրով հայացքս սահում է դեպի անանուն հեռուներ… Ներքևում ոտքերիս տակ Երևանյան լիճն է, Հրազդանի կիրճի ընդարձակվող տարածքը՝ կարծես իմ առաջ բացվող… Ի՜նչ մայրամուտ է… Այստեղ, ահա, ես այնքա՜ն առույգություն զգացի, հոգնության ոչ մի նշույլ՝ բազմազբաղ օրից հետո, որ սկսվել է առավոտյան չորսին… Ի՜նչ հոգնել, ինչպե՞ս, ինչո՞ւ, եթե ուժասպառ անող զայրույթն օրվադ մեջ բացակայել է… Ու ես որոշում եմ փոխել ճանապարհիս ընթացքը. ասեˊք՝ ո՞ւր քշեմ իմ ձին, որ ինձ ենթարկվում է անտրտունջ… մութն ինձ համար արգելք չէ. ես լույսեր ունեմ…

Գեղարվեստի 5 տարեկանները ծանոթանում են paint նկարչական ծրագրի գործիքներին:
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի։

Դավիթ Բլեյանի համար կարդալը հարցաքննություն է՝ առերեսումով, խաչաձև հարցաքննությունով… չի թողնում առաջ գնաս, մեկ է՝ հեքիաթ է, էպոս, թե պատմություն բնագիտական… Պիտի հասկանա ամեն մի բառ, միտք… Ու որտեղից որտեղ՝
— Ինչո՞ւ Ֆրիդա տատիկենց տանն ինտերնետ չկա… Բա ինքն առանց ինտերնետ ի՞նչ է անում. ամբողջ օրը հեռուստացույց է՞ նայում…

Դավիթ Բլեյանը խմբով նախակրթարանի գազանանոցում է եղել դաստիարակ  Կարինեի և օգնական Ռուզանի հետ, բայց գազաններ չի տեսել, ավելի շատ՝ կենդանիներ… Գազաններից առյուծին  է մտաբերում.
— Էն էլ վանդակում էր, պա՛պ, վայրենություն չէր անում, խելոք գազան էր…
— Դավիթ, ի՞նչ անի կենդանին, որ գազան դառնա…
— Պիտի ուրիշ կենդանի ուտի…
— Կոկորդիլոսն էլ, գայլն էլ վայրի գազաններ են, պա՛պ… Կապիկը կապիկություն է անում, բայց կենդանի չի ուտում, վայրի գազան չի…
Այսպես, հեշտությամբ, ինքնուրույն ճանաչում-դասակարգում է իր իմացած կենդանիներին. դժվար է ասել՝ գազանանոցում որն է տեսել, որն է հորինում… Հետո էլ թե.
— Չէ, չէ, չեմ տեսել, կատակ եմ անում, դու լուրջ ընդունեցի՞ր…
Ի՜նչ ձևավորված խոսք ունի, հավեսդ գալիս է: Շնորհակալ եմ դաստիարակներին՝ Դավթի նման երկու տասնյակ ինքնուրույն-ինքնագլուխ ոտավորների հետ մեծ այգում լինելու այս խիզախության համար… որքան էլ առանձին ծնողներ օգնեն…

Լավաշթխիկի օր Գեղարվեստի նախակրթարանում: Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի։

Վերջապես Երևանում կտեղադրվի արցախյան ազատամարտում անհայտ կորածներին նվիրված հուշարձան. լավ տեղ է ընտրված՝ Երևանի Գայի պողոտայի և Ջրաշխարհի հարևանությամբ գտնվող այգին: Հուշարձանի քանդակագործ Դավիթ Մինասյանին չգիտեմ, բայց, ահա, ճարտարապետը Արտավազդ Թարխանյանն է, ով քաղաքաշինության նախարարի առաջարկով աշխատում է կրթահամալիրի մարզադաշտի վերակառուցման, «Կրթական պարտեզ»-ի նախագծերի վրա…

Լավ է, որ թափով առաջ է գնում բրուտանոցի նորացման նախագիծը… Մայր դպրոցի տանիքում աստղացուցարան-աստղադիտարանի նոր տեղադրումով բնագիտության նոր լաբորատորիայի գործարկմանը, թվում է, ոչինչ չի խանգարում… «Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն»-ին հարկ է, որ Մայր դպրոցը ներկայանա զորության-հմայքի առավելագույնով, զարմացնի-հիացնի…

Ելենա Սարգսյանի հայտնվելն առավոտվա ընդհանուր պարապմունքին, որքան էլ սպասված, ներխուժում էր… Կեցցեˊս, Ելենա… Լավ ես մտածել, Թուրքիայի համշենների երկրից կրթահամալիրի երկրագիտական-ազգագրական թանգարանի համար սափոր և ճրագաման ես բերել… Հայրենագիտական ճամփորդությունները որքա՜ն արագ բազմազան-լեցուն կդարձնեն մեր մեծ թանգարանը… Կկարողանա՞նք նրա բացումը մեր տոնին հասցնել… Չե՞նք կարողանա… Իմ արձակուրդի այս օրերին մանկավարժական մեր ճամբարում ես հանգստացա. շնորհակալ եմ։ Իսկ առավոտվա ընդհանուր պարապմունքներին պարզապես սպասել եմ, ինչպես ձեր օրվա բացվելուն, որ իմ հեծանվով հասնեմ ու Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից ճանապարհեմ հայրենագիտական ճամփորդության հերթական խումբը… Հիացմունքն իմ Անահիտ Եղյանով ու իր մեծ խմբով, որ քշեց հասավ Եղեգիսի Ցախաց քար, իր ուխտը կատար, ու Սելիմով, համարյա ինձ հետ, մտավ Երևան… Ես իմ սիրած բարձունքում էի՝ դիմացս Երևանյան լիճը փռված, իրենք Հայրավանքում, դիմացը՝ Սևանա լճի կապուտակը…

Շնորհակալ եմ Նոր դպրոցին՝ իրենց Հասմիկ Ղազարյանի ծննդյան օրվա հացի սեղանի համար. արդա՜ր այսքան, համե՜ղ-ճիշտ… վայելումի համար: Շնորհակալ եմ, ընկերներ, այս շաբաթվա արձակուրդային բազմազբաղ վայելքի համար:

Այլընտրանքային նկարչություն Նոր դպրոցի 5 տարեկանների խմբում:
Լուսանկարները՝ Անահիտ Հարությունյանի։

Ֆոտոխմբագիր՝ Դիանա Գևորգյան։ 
#475

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ մեծանամ, բժիշկ եմ դառնալու

— Մայրիկ, 0-ն (զրոն) թվերի ի՞նչն է… Զրոն որ կանգնի թվերի կողքը, 1-ը ի՞նչ կդառնա… Ինքն էլ պատասխանում է. – 10 կդառնա… — Իսկ էլի զրո որ կանգնի՞, Դավիթ… —

Իմ օրը, շաբաթը՝ սիրուն պատմություններով լի․․․

Ինչի՞ նման կլիներ իմ գիրը առանց  այդ սիրուն պատմությունների… Չէր լինի, կընդհատվեր վաղուց… Բայց տեսեք, կա իմ գիրը, իմ հավեսը՝ պատմելու ինձ հետ կատարվածը, իմ տեսածը-լսածը՝ անընդհատ… Դավիթ Բլեյանն առավոտ մի

«Հետքի» հետքերով… գիտակցված իրավունքով…

Ճանապարհին հեռախոսով Հետք-ի հետաքննող լրագրողների ընկերակցության Սեդա լրագրողի հարցումը անակնկալի բերեց սկզբում, հետո… ժպիտներ… Միշտ ուշադիր հետևել եմ Հետք-ի՝ Էդիկ Բաղդասարյանի ու իր խմբի գործունեությանը, ուսումնասիրություններին ու հրապարակումներին, կարևորել «Հետքի»