Ի՞նչ եմ ուտում ես առավոտյան՝ հետաքրքրվում է օրագրի սիրելի ընթերցողը… Նախ չեմ մոռանում, ժամը 4-5-ի մոտ, մինչև համակարգչին մոտենալն ու իմ՝ Աստծու պարգև աշխատանքային օրը սկսելը (փառքդ շատ, Տե՜ր Աստված) 3-4 բաժակ սովորական ջուր խմել, հետո էլ մի բաժակ՝ կիտրոնով… Իսկ մինչ տանից դուրս գալը՝ ժամը 7-ի 8-ի արանքում, Դավթի հետ, Դավթից փախցնելով միրգ եմ վայելում, մաքուր ու միայն միրգ, հիմա՝ ավելի շատ խնձոր ու խաղող… Սեզոն է: Այս օրերին խաղողին միացել է սեխը. Կապանի ճանապարհին, Պարույր Սևակ ու Երասխավան գյուղերի արանքում ես այնպիսի նվեր ստացա Տաթև Աբրահամյանից՝ մի մեծ, շատ մեծ սեխ… Վախով կտրեցի, ու տես՝ ի՜նչ մեղր-սեխ է… Երեք օր ճաշակում եմ Լեռնագյուղից մեր Աշխեն Գրիգորյանի քույրերի պատրաստած հալվայով ու Ներքին Հանդի՝ Արթուրի մայրիկի գաթայով։ Արմինեի հետ մինչև մեքենա նստելը անպայման սուրճ եմ խմում… Մենք՝ սուրճ, Դավիթը, առիթից օգտվելով՝ շոկոլադ…
Ներքին Գետաշենցիները կրթահամալիրում են: Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի:
Ի՜նչ անես այս ինձ պատժող զայրույթի հետ… որ այս անգամ երկու ինձ սիրելի Նառաների՝ Հարությունյան և Նիկողոսյան, ձևական մոտեցումից է, միշտ գործում է անվրեպ՝ սպանում է. ինձ զրկեց Կոմիտասյան համերգի ունկնդիրը լինելու պատվից-վայելքից: Առանց ինձ՝ ի՞նչ համերգ. հիմա ես, Մերին ու Սվետան պիտի մի բան մոգոնենք, որ համերգը… կրկնվի… Հանդիսատես, օրագրի ընթերցող, միացեք իմ պատվեր-ծափողջույններին… Իսկ այնքան պարզ մի հարց էր, որ սիրո-հարգանքի արժանի երկու ընկերուհիների համար հինգ րոպեում լուծելիք էր… Հատկապես որ կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիայի կողմից ստացել էին անհապաղ աջակցություն… Կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարանցիների ընտրությամբ գործունեությունը 2015-2016 ուստարում կազմակերպում-խթանում է դասվարների մասնագիտական զարգացումը՝ հնարավորություն տալով դրսևորելու յուրաքանչյուրին իր օժտվածությունը մաթեմատիկայից, տեխնոլոգիայից, մարմնամարզությունից, երաժշտությունից անգամ… Դժվար ճանապարհով ենք աննահանջ գնում՝ անընդհատ սովորող, մոբիլ ու ստեղծող ուսուցչի, բայց կրթական ծրագրի հեղինակի իրավունքի հաստատման այլ ճանապարհ չկա…
Ի դեպ, քաղաքաշինության նախարարը՝ ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որ առաջին անգամ էր լինում կրթահամալիրում, նկատեց-արձանագրեց.
— Իմ տեսած ոչ մի կոնցեպտի նման չէ. սա ուրիշ մանկավարժություն է, ո՞վ է սրա հեղինակը…
— Ա՜յ, Ձեր տեսած, սովորողների հետ աշխատող ուսուցիչները, նրանց հավաքանին,- պատասխանում եմ:
Հիացավ: Ճիշտը սա է, մարդկային փնթփնթոցից ազատվելու, իր կյանքից ու երկրից օտարման դեմն առնելու, սովորական մարդու՝ իր կյանքն ստեղծելու-փոխելու մանկավարժությունը…
Գեղարվեստի ծնողական ակումբի հերթական հանդիպումն է: Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի, Արմինե Թոփչյանի:
Տեսնելու բան է, թե Դավիթ Բլեյանն ինչ կլանված-խորամանկ ժպիտով է նայում իր կուկուների մասին տեսանյութ-ֆիլմերը… Նայում է ու մեկնաբանում. ավելի սիրելի ու կարևոր են դառնում Կարինե Խառատյանն ու Ռուզան դաստիարակ-մորաքույրը… Դավիթը կլանված է դիտում նաև կրթահամալիրի մյուս նախակրթարաններում ստեղծված ֆիլմերը, ռադիոնյութերը…
— Սրանք իմ կուկուները չե՞ն… Ես չե՞մ ճանաչում… Որտե՞ղ են իրենք… Ես եղե՞լ եմ այնտեղ… Կտանե՞ս ինձ…
Այնքան բնական-կարևոր են դարձել սեբաստացի կուկուների համատեղ դիտումները, որ ես հիմա՝ գիշեր-առտու, երբ կլանված, ինչպես Դավիթը, դիտում եմ Լիլիթ Հովհաննիսյանի խմբում նկարածը, այն մտքից, որ Դավիթի հետ միասին նայելու ենք նորից ու համատեղ ապրում ունենալու, կրկին հարգանքով եմ լցվում մեր հեղինակած մանկավարժության ու նրա մեդիայի՝ mskh-ի նկատմամբ… Բռավո:
Գեղարվեստի մուլտիմեդիայի լաբորոտորիան համալրվեց նոր սարքավորումներով: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Արմինեն ասում է.
— Քո բոլոր երեխաներն արտիստ են, Դավիթն էլ աչքիս դերասան է դառնալու…
Դավիթն արթնացել է հերթական վատ երազով.
— Վատ երազ եմ տեսել, պապ..
Ժպտում է։
— Ի՞նչ երազ է այցելել մեր տղուկին,- գրկում եմ անկողնուց։
— Սառնարանը բացեցի, քինդեր-ձվիկները կորել էին, չկային…
Տեղում էին ձվիկները։ Այդպիսի վատ երազները չեն կատարվի. քանի՜ այսպիսի քույրիկ ունի երջանիկ Դավիթը… Մարդ մի քրոջով էլ կարող է կյանք ապրել, իսկ էս Դավիթը, տես, քույրիկների իսկական շարան ունի. հերթով այցելում են իրենց խենթ-սիրուն եղբորը։ Երեկ Սուսան ավագ ու Նազենի կրտսեր քույրիկների հերթն է։ Դավթի պահանջով Նազոն ոչ մի բանով չպիտի զբաղվի, միայն իր հետ խաղա՝ քիչ է, հետո էլ պիտի մնա, գիշերի Դավթի սենյակոմ։ Գժությո՜ւն. այս մեկ բառ-պատկերն այսպիսի վիճակ նկարագրելու համար է ասում Նազենի աստղ Հովհաննիսյանը, ում այցելության հերթը, կարծեմ, վաղուց անցել է։ Որտե՞ղ է Նազենի աստղ քույրիկս. հարցնում ենք՝ ես՝ քեռու իրավունքով, ու Դավիթը՝ եղբոր…
#471