Իմ օրագրի մեծացող պատմությունը հաստատությանը բնորոշ որակներ է բերում, խնդիրներ հարուցում… Ես վտանգները տեսնում եմ ու դեմն առնելուն ուղղված գործողություններ մշակում… Շատ չէ՞ ծավալուն՝ օրագրի համար, նկարառատ այնքա՜ն, որ կարող է որակախեղդ անել՝ թուլացնելով պատկերի (վիզուալ) ազդեցությունը… Ես օրագիր լցնելու-ծավալ ապահովելու մոտիվացիա չունեմ. ինձ չեն վճարում դրա համար, ընթերցողն էլ՝ սեբաստացի-ոչ սեբաստացի, այնպես չէ, որ պարապ է… Հակառակը: Կարող է և ես գործող ձևաչափով-ծավալով ընթերցող եմ կորցնում… Ընթերցողը պիտի ասի. ո՞նց անենք՝ որ ասի…
Աշնանային այգեգործական աշխատանք Հիմնական դպրոցում:
Լուսանկարները՝ Տաթև Մելքոնյանի:
20 սթրիթ արտ (փողոցի արվեստ, ասել է՝ քաղաքայի՞ն) այս աշխատանքները մեր Բանգլադեշում կիրառելի ազդակներ կարող են առաջացնել՝ որպես շրջակա միջավայրի բարելավման աշնանային նախագծերի խթաններ… Այս մասին էինք խոսում երեկ Նոր դպրոցում Նառա Նիկողոսյանի ու Տաթև Թամազյանի հետ, Տաթևի առաջին դասարանի նորաբաց վիտրաժից վերևից նայելով Նոր դպրոցի բակին-կաթսայատանը, շրջակա բանգլադեշյան իրականությանը… Նկարիչ-տեխնոլոգների այնպիսի մի տպավորիչ խումբ ունենք, այնպիսի փորձ-պատմություն-իրավունք, որ կարելի է ավելի վստահ արտ-էքսպանսիայի ենթարկել կրթահամալիրի Բանգլադեշս… Մենք պատրաստվում ենք քաղաքաշինության նախարարի, քաղաքի գլխավոր ճարտարապետի այցին, որը կարող է խթանել մեր այս գործունեությունը՝ իրավականություն հաղորդելով և նպաստելով մեր նախագծերը թղթից միջավայր տեղափոխելուն… Տեսնենք-տեսնենք… Իսկ Քոլեջ-արհեստագործականի խնամքին հանձնված պտղատու այգին տեսքի է գալիս. Անահիտ Մելքոնյան-Էլյա Սանդրյան-Նվարդ Սարգսյան եռյակն ուսանողների հետ փոխում է միջավայրը… Ուսումնական նախագիծը հենց իր ազդեցությամբ վարակում է ուսանողներին, արժեքավոր է, էապես տարբեր իրեն վարկաբեկած դասից, դաս տալուց… Պտղատու այգին ստեղծելու ճանապարհին պիտի փոխվի այգեգործ ուսանողը, ձեռք բերի այգեգործի կարողություններ-որակներ… Ուսանողի ուսումնական պլանով-ծրագրով որոշված մոդուլները սպասարկո՞ւմ են այսպիսի նախագծի ստեղծագործ խմբին… Հետևելով սովորողի ուսումնական բլոգին՝ մենք կկարողանա՞նք հանել հարցականները բոլոր… Գրո՞ւմ են ամեն օր, այգին այս ներկայացվա՞ծ է սովորողների սոցցանցում, mskh.am մեդիայում, ինչպե՞ս… «Դպիր» էլեկտրոնային ամսագրում ե՞րբ են հանդես գալու (եկել) նախագծի խորհրդատու մասնագետները… Պտղատու այգին ոչ թե ավարտվող, այլ փոխանցվող նախագիծ է… Մեր դպրոցների բակերում կարող են ու պիտի առանցքային դառնան այսպիսի նախագծերը, օրինակ՝ «Բանջարանոց» ուսումնական նախագիծ, «Տնկարան» ուսումնական նախագիծ, «Կոմպոստ», «Ջերմոց» ուսումնական նախագծեր… հոգնել չի կարելի, առավել ևս, մոռանալ-հանկարծ հիշել… Սրանք միջոցառումներ կամ պատահարներ չեն… Այս նախագծերից յուրաքանչյուրը կարող է, պիտի՛ տեղ ունենա կրթահամալիրի վեց դպրոցներից յուրաքանչյուրում իրականացվող կրթական ծրագրում…
Վարպետության դաս տիկին Շողիկի հետ:
Լուսանկարները՝ Սեդա Խաչատրյանի:
Նորից անդրադառնամ իմ վերջին սուրհանդակին… Անահիտ Մելքոնյանը հարցնում է. կարո՞ղ են Գեղարքունիքի Վերին Գետաշենի սովորողները, ում հետ Քոլեջի ուսանողները նվաճեցին Արմաղանը, մասնակցել կրթահամալիրի աշնանային արշավախմբային ճամբարին… Իհարկե, մեր բոլոր ճամբարները, հավաքները, ակումբները, ստուգատեսները բաց են՝ սեբաստացի-ոչ սեբաստացի իրավահավասար սովորողների համար: Ավելին, կազմով-աշխարհագրությամբ ոչ սեբաստացիների մասնակցությունը մեր ուսումնական նախագծերի, մեր հեղինակային մանկավարժության ցուցանիշներն են, Ներքին, Վերին Գետաշենի, Մադինայի, Գեղհովիտի, Կապանի Ծավի, Սյունիքի համայնքի, Շիկահողի, Լեռնաձորի… այս շարքին կրթահամալիրի յուրաքանչյուր դպրոց-դասարան-ակումբ-խումբ-անհատ (սովորող թե ուսուցիչ) թող ավելացնի իր գործընկերոջ անունը… Սրանով, մեր գործընկերների հետ կապերը նորոգելով-զարգացնելով, համատեղ ուսումնական նախագծեր իրականացնելով, կրթահամալիրում և գործընկեր հաստատությունում (ընտանիքում, դպրոցում, գյուղում, քաղաքում…) մենք ցույց ենք տալիս մեր հեղինակային մանկավարժության ուժը, նրա մարդկային էությունն ու իրոք, ներառող՝ բաց, մատչելի, իրավական կազմակերպումը… Հոկտեմբերը սրա ամիսն է։
Հիմնական դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողների ֆիզկուլտուրայի պարապմունքները:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:
Շշմելու անձրև է գալիս ու գալիս, որ բաց պատուհանից իր խշշոցով ինձ տանում է նորից Կապան… Ողջի գետի ափին տեղավորված խնամքի կենտրոնը հենց խնամքի կարոտ ուներ. ի՜նչ ամբողջական-մանկական-կրթական կենտրոնի-աշխարհի տարածք ուներ՝ իր լողափով, դաշտերով՝ նետաձգության, ձիասպորտի… Ինչպիսի՜ նախագիծ… Անխնա՜մ Հայաստան… Այոˊ, բայց մեր խնամքին չի՞ հանձնված երկիրը… Ո՞ւմ խնամքին է, ո՞վ է խնամողը… երկրագո՞րծը… Ուսումնական նախագծերով մենք շարունակում ենք, որպես ուսումնական անընդհատ-ռեժիմային աշխատանք, իրականացնել մեր փայ Հայաստանի խնամքը, իսկ կրթական փոխանակումների միջոցով՝ ձեռք բերում նախագծի իրագործման նոր ընկերներ, ընդարձակում խնամքի տարածման աշխարհագրությունը… Ի՜նչ անծայրածիր էր փռված Հայաստանը Երևանից մինչև Խուստուփ մեր ողջ ճանապարհին, մինչև Արաքսի հովիտ, մինչև Մթնաձորի ու Բասուտա գետի հովիտ… Արարատյան դաշտով ու Վայոց ձորով… Սա դեռ մեր աշխարհի հյուսիս-հարավ ուղղության մի կեսն է… Բայց մեր աշխարհը, Դավիթ Բլեյանն արդեն գիտի, չորս կողմ ունի՝ իր կեսերով… Ստացվեց տասնվեց այսպիսի գնա՜ ու գնա՜… Գետերով, սարերով, դաշտերով, լճերով, ավազաններով՝ մեկը մյուսից հիացնող, աննման… Կկարողանա՞նք փոքրաթիվ հայաստանցիներով այս երկար անխնամ մնացած ընդարձակ երկիրը տեսքի բերել… իր դպրոցով, եկեղեցով, ընտանիքով… Կկարողանա՞նք՝ հարցնում եմ ես…
2-4 տարեկանները նկարում են՝ ունկնդրելով Կոմիտաս:
Լուսանկարները՝ Գոհար Սմբատյանի:
Ֆոտոխմբագիր՝ Շամիրամ Պողոսյան
#468