Ինձ պատվել են հոբելյանին իմ՝ ստացել եմ, ինչպես Արմինեն ասաց, քաղաքակիրթ մոմակալներ, սեղանի հայելի… Մահ՝ կասեր Համլետ Խաչատրյանը…
Դավիթն առավոտյան խաղում էր մեքենաներով, ու բարձրաձայն.
— Ինչո՞ւ են էս ապուշ մոմակալները բերել… Ի՞նչ անեմ սրանք… Փոխանակ նոր մեքենա բերեն՝ խաղամ…
— Քեˊզ չեն բերել էդ մոմակալները, շա՜տ էլ սիրուն են, հայրիկին են բերել…
— Հայրի՞կն ինչ է անում էդ ապուշությունը…
— Քինդեր ձվիկները փորի դեղ են,- պնդում է Դավիթը:
Արմինե մայրիկի հետ խանութ գնալիս փորը հանկարծ ուժեղ ցավել է… Դեղի փոխարեն առել են ձվիկ-սփրայզ… Հիմա կերավ, ցավն անցավ… Ուղիղ, տեղում, կոնկրետ է այս դեղի ազդեցությունը:
— Դավիթ, ուտելուց առաջ քո ծորակից գուցե ձեռքերդ լվա՞ս…
— Ոչինչ, տանն ենք, ոչ ոք չի տեսնում, չի իմանա…
Դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանցիները Բյուրականի արշավախմբային ճամբարում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի
Հարգելի բանգլադեշցիներ. այո՛, ես դիմում եմ նախ և առաջ Հարավարևմտյան զանգվածի, հատկապես, Զորավար Անդրանիկի, Առնո Բաբաջանյանի, Րաֆֆու փողոցներով պարփակված, շինարարական անունով՝ Բ-1 թաղամասի բնակիչներին: Բնակիչներ ենք նաև մենք՝ Բ-1 թաղամասում չգիշերող, բայց մեր աշխատաժամանակը, որպես օր, թաղամասում գործող ուսումնական հաստատություններում անցկացնող մարդիկ՝ աշխատող թե տարատարիք սովորող, ուսուցիչների երեխաներ… Ի մասնավորի, ես լիազորված եմ խոսելու-դիմելու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցների, քոլեջի, ուսումնական կենտրոնների սովորողների, նրանց մանկավարժների ու ծնողների անունից: Մենք Բանգլադեշում ենք 30 տարի՝ ներառված նույն հոգսերով-խնդիրներով, ուրախություններով, անհաջողություններով, կրթական օբյեկտներով, միջդպրոցական ու միջթաղային անցումներով՝ կանաչով թե փոշով, ղըռով թե սալարկով… Անկախ նրանից՝ բնակիչն ընտրում է մեր հեղինակած ծրագիրը պարտեզից, կրտսեր ու միջին դպրոցներից, քոլեջից ու ավագ դպրոցից, արտադպրոցական հաստատությունից, թե ոչ, մենք նույն մեր Երևանի՝ Բանգլադեշի, նրա Բ-1 թաղամասի տերերն ենք, պատասխանատուները, նույն իրավունքներով-պարտականություններով… Որպես փաստ, եղելություն, իրողություն ընդունելով թաղամասի այսօրվա կառուցապատումը՝ մենք՝ ես ու իմ ընկերներն առաջարկում ենք թաղամասի բոլոր ուսումնական հաստատությունները՝ նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական, մասնագիտական՝ անկախ նրանց պատկանելությունից, իրավակազմակերպական ձևից, բարեկարգել միասնական կրթական պարտեզում՝ թաղամասի ցանկացած գոտուց հարմար-հիգիենիկ-անվտանգ հետիոտն (նաև սայլակավոր) և հեծանվավոր անցումներով, ուղիներով, ոռոգման միասնական համակարգով… Կրկնում եմ՝ առանձին հետիոտների (նաև սայլակավոր) և առանձին հեծանվային պատշաճ միջթաղային-միջշենքաին-միջդպրոցական-մանկապարտեզային անցումների անհրաժեշտության մասին է խոսքը։ Այնպիսի կրթական պարտեզ-միջավայր, որ որևէ ձևով չմիջամտելով-չսահմանափակելով ուսումնական հաստատության ինքնուրույնությունը, կհեշտացնի հաղորդակցությունը, կապահովի երեխայի կրթական-մշակութային-մարզական առողջ ապրելակերպի իրավունքները, ավելին, կրթական պարտեզը կդառնա մեծահասակ թե երեխա բնակչի այդ իրավունքների, կենցաղի, կյանքի կազմակերպումը… Այսպիսի կրթական պարտեզով թաղամասը բաց, գրավիչ կլինի ոչ միայն Հարավարևմտյան, այլև Երևանի մյուս թաղերի մեծ ու փոքր բնակիչների համար։ Սրանով մենք կարող ենք ստեղծել քաղաքի արվարձաններում կիրառելի մոդել։ Բանգլադեշցիներից ո՞վ կվեցնի այս նախաձեռնությունը. մեկը ես՝ խոնարհ ծառա այս նախագծի, արձագանքեք…
5 տարեկաններ Արտաշը, Արեգը, 3-րդ դասարանցիներ Ջուլիան, Վերոնիկան պատրաստվում են Գեղարվեստի քանդակի լաբորատորիայի բացմանը:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի
Շաբաթ օրվա աշխատանքի վերջում ինձ խանգարող չկա. ես եկել եմ հեծանվով, վերադառնում եմ հեծանվով… Անշտապ: Ռուսաց ուղղափառ եկեղեցու անավարտ շինարարությունն ինձ ու Դավթին անհանգստացնում է. սրանից լավ ժամանա՞կ՝ գործերին անձամբ ծանոթանալու, ու ես շրջում եմ հեծանվիս ղեկը… Եկեղեցու ընդարձակ հրապարակում ինձ ընդառաջ է գալիս տպավորիչ մի շուն… Շուրջը ոչ ոք չկա… Խելացի, ուժեղ, պահակ շուն է. ինձ գռմռալով դուրս է անում… Լավ պրծանք… ես թեթևացած որոշում եմ իջնել Շենգավթի կամրջով դեպի Երևանյան լճի՝ Ադմիրալ Իսակովի պողոտայի հանդիպակաց ափը… Ի՜նչ տգեղ է, վանող, Շենգավթի՝ շինարարական նյութերի «բազար» դարձած կամուրջը… Վերջապես ես մտնում եմ Երևանյան լիճն օղակող ճանապարհը… Այս մասերում ես ե՞րբ եմ եղել… Ինձ մշտապես զբաղեցնող լիճը մոտից, շատ մոտից… ամենամոտից… Ես շարժվում եմ դադարներով՝ որքան էլ տեսարանը վանող է, տեղ-տեղ զզվանք առաջացնելու աստիճան… Սա Երևանն է՝ հին Երևանը, սա մեր միլիոնանոց մայրաքաղաքի միակ լիճն է… Եվ մենք դեռ մեծ-մեծ խոսելու իրավո՞ւնք ունենք… Ճանապարհին ինձ կանչում է «Վաճառվում է» ցուցանակով լճի անմիջական ափին տեղավորված «օբյեկտներից» մեկի մաքուր շքամուտքը… Ես որոշում եմ հանգրվանել… Ինձ երկու՝ հիսունին մոտ տղամարդ դիմավորում են հարգալից… Ե՛վ նրանց տրամադրությունից, և՛ օբյեկտի լռությունից պարզ է նրանց տրամադրվածությունը. չորս տոկոսանոց տնտեսական աճի ոˊչ մի նշույլ… Սեփականատերը սիրալիր գտնվեց, ու մենք երկա՜ր, իր պապենական խաղողի ճաշակումով զրուցեցինք… Շենգավթի ու լճի մասին որքա՜ն կարևոր տեղեկություններ իմացա ծնունդով շենգավիթցի, Երևանյան լճում իր մանկությունն անցկացրած գործունյա տղամարդուց, ով հուսահատ էր՝ մեռնող հայաստանյան կյանքից… Մեզանում, այոˊ, կյանքն է, որ մեռնում է, և տարիներով Երևան ստեղծած, սեփականատեր դարձած մարդը հասուն տարիքում վաճառում է ունեցվածքը-բիզնեսը, իր Երևանը, իր լիճը՝ գնալու, հեռանալու համար… Բա ո՞վ պիտի լուծի լճի, Շենգավիթի բազում խնդիրները, որոնք ամենաշատն ինքը գիտի, որոնք իրենն են, ու թվում է՝ ողջ կյանքի իմաստը հենց այդ խնդիրների լուծումը պիտի լիներ… Չկա մարդը, չկա՞ն խնդիրները… Մենք ընկերացանք, իհարկե. նրանք գործուն հետաքրքրված են կրթահամալիրով, ես ՝ իրենց կյանքով ու մեր լճով։ Կհանդիպենք…
Մեր խենթուկը՝ Դավիթ Բլեյանը:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի
Հեծանվով շարունակում եմ լճի շուրջ իմ պտույտն այս նոր ափով, Արագածի, Մայիսի 9, Բագրատունյաց փողոցներով հասնում տուն։ Ամենուր ծանոթներ, ողջույններ… Սա Երևանն է։ Այստեղ ես տանն եմ…