Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության
հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ`
«Կալանավորների վերադարձը հասարակություն» ծրագրի շրջանակում 2001թ.  հրապարակված «Կալանավայրերի գրականությունը» ժողովածուից:

Կալանատանն արտախցային   բանավոր ու գրավոր հաղորդակցության   բոլոր միջոցներն արգելված են՝ կալանվածների միջանցքային հաղորդակցությունը հետապնդվում է, քննչական մեկուսարանում Սահմանադրությամբ անմեղ համարվող անձը երկարատեւ մեկուսացված է ոչ միայն ազատության մեջ գտնվողներից, այլեւ քննչական մեկուսարանի իր բախտակիցներից… Անազատության մեջ հայտնվածների այս, իբր, «օրինավոր անհաղորդությունը» ոչ միայն հակաբնական է, այլեւ հակառակ՝ մարդու սահմանադրական իրավունքներին ու հիմնարար ազատություններին, եւ արդարադատության իրականացմանը չի ծառայում…

«…Ինչու՞ եք ինձ զրկել ազատությունից, ինձ հետ ձեզ ազատ չե՞ք զգում: Բա չե՞ք վախենում, որ բանաստեղծություն կգրեմ»,- կալանքի մեջ բանաստեղծական հարցադրում էր անում բժիշկ Վահան Հարությունյանը, որ հիմա արդեն ազատության մեջ է: Հասարակությունը, եթե առաջադիմող է ու ապագա ունի, պարտավոր է պատասխան պահանջել բոլոր նրանցից, ում հակաիրավական գործողությունների արդյունքում բժիշկ-բանաստեղծ անմեղ անձը մեկ տարի ութ ամիս գտնվեց կալանավայրում…

Երբեք այդքան նամակ չեմ ստացել ու չեմ գրել, այդքան «քսիֆ» չեմ ստացել ու պատասխանել, որքան իմ կալանքի 800 օրում: Այս գրքով կարևորվել է նաև իմ կալանքի ընթացքում պահպանված վավերագրությունը ու, խնդրեմ, հարգելի ընթերցող, քո սեղանին է կալանքի իմ   բախտակիցների այս չափածո ժողովածուն… Ամիսների հեռվից, արդեն որպես տպագիր ժողովածուի էջեր, նորից ընթերցում եմ դրանք ու… Վահան Հարությունյանի ապրումն ունեմ. «Որեւէ հնարք, որ խուզարկողն առգրավեր իմ ուղեղից բոլոր մղձավանջները, քնելուց առաջ, քնած ժամանակ ինձ այցելող մղձավանջները, որոնք հենց նույն աշխարհի պատկերն են կազմում:Ինչպե՞ս ազատվեմ ինձ նորից այցելած բանտային մղձավանջներից»…

Չէ՞ որ   բանաստեղծությունը՝ բանաստեղծություն, բայց դրանց հեղինակները՝ բոլորը՝ մինչեւ կալանքն ինձ անծանոթ ու նեղության մեջ ինձ հարազատ դարձած մարդիկ, համատեղ ապրած զրկանքներով, իմը դարձած իրենց ճակատագրերով…

Իսկ նրանցից շատերը շարունակում են գտնվել անազատության մեջ՝ անարդարացի ու դաժան… Ու կանչում են, ձայնում ինձ: Իմ ականջին նորից կյանքի հատակ նետված Սերգեյի աղիողորմ ճիչն է դատարանում՝ իր մանկահասակ աղջնակի ու անզոր մոր առաջ, ճիչ, որը, ահա, բանաստեղծության ձեւ է առնում. «Աչք են դրել ոսկուն, փողին: Կուզեն մեզնով հարստանան: Բայց ի՜նչ անենք՝ աղքատներս: Աստված գիտե, ու մենք գիտենք»:

Գյումրեցի զինծառայող Արմեն Մուրադյանն իր շփոթված ու ինձ, որպես միակ փրկչի, ուղղված հայացքն է հառում. «Մտածում եմ՝ ինչ անեմ, ո՞նց էդ դատից ազատվեմ: Իրոք, չկա ճշտություն, եթե լիներ ճշտություն, կլիներ նաեւ փրկություն»: Փիլիսոփայությունը՝ փիլիսոփայություն՝ սովորական թե զարմացնող. ի՞նչ սպեղանի է այս ժողովածուն Արմենի ցավին, երբ նա անիրավ,   բողոքարկման համար անենթակա դատավճռով ինը տարի ժամանակով ազատազրկվել է… «Այնպես կուզեի՝ հավերժ քնով ես քուն մտնեի քո գրկում եւ չարթնանայի կյանքում երբեք, որ չտեսնեի մղձավանջներն այս կյանքի»… Ի՞նչ են ասում քեզ, ընթերցող, Գորիսի բերդից տրանզիտկայով Սեւանի գաղութի ճանապարհին, քննչական մեկուսարանի 36 խցում հանգրվանած Մանվելի այս տողերը…

Իսկ ինձ նորից համակել են առողջությունը բանտում կորցրած երիտասարդի մղձավանջները. ինչպե՞ս օգնենք բանաստեղծ-փիլիսոփային, որ իր արժանապատվությունը պաշտպանելու համար թողել էր սուրճ խմելն ու ծխելը («անընդհատ հո չե՞ս մուրա»), որ Գորիսի բանտի մենության մեջ կուտակել էր այնքան խոհ, որ Մանվելի զրուցակից Աշոտ Բլեյան, միայն գրիչ ու տետր հասցրու… Իմ կնոջից ու եղբորից ես շարունակ պահանջում էի թուղթ, գրիչ, նաեւ հրահրում-նպաստում, որ դժբախտության մեջ, անհուսության պահին կալանվածը հանձնվի մաքուր թղթի ու արտահայտվի, որ այդպես հայտնաբերի ինձ՝ որպես բախտակից ընկեր, որ մենակ չմնա, ինչպես Սարգիս Շահմուրադյանն է իր բանաստեղծությունում ասում, «անաստված դատարանի թե մեղավորության կանխավարկածի» առաջ… Ահա այսպիսի պահի ես բացահայտեցի ինձ համար 57 խցի Գոռիկի էության երկվությունը՝ առերեւույթ անհոգ, իսկ բանաստեղծելիս… «Ներկան կալանք է, ապագան՝ անհայտ»:

Իմ դավանած լիարժեք ու բնական հաղորդակցության մանկավարժությունն օգտակար եղավ նաեւ Սովետաշենի բերդում, որ հնարավոր դարձրեց, անգամ, ինքնամփոփ ու լռակյաց, 15 տարի ազատազրկման դատապարտված ստեփանակերտցի սպա Հրայրի հետ հուզիչ ու երկարատեւ նամակագրությունը: Նախաձեռնեցի կալանատան ձեռագիր ամսագրի ստեղծումը, «Գեղարվեստը կփրկի մեզ մենության անհուսությունից» մրցույթը… Պրիզը շահած լինելու հույսը ծնել է Ռոբերտ Թամոյանի բանաստեղծությունների շարքը… «Դատավոր, դատախազ, ամբաստանյալ, եւ բոլորը՝ հայ: Բերմուդյան եռանկյունի… Երեք քար ընկավ վերից՝ որպես դատավճիռ. մեկը՝ դատավորի, մեկը՝ դատախազի, մեկն էլ՝ ամբաստանյալի գլխին»:

Կօգնի՞ այս ժողովածուն հայ արդարադատության մեջ հաստատված Բերմուդյան եռանկյունին բացելու: Այս ժողովածուի քանի՞ ընթերցող «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կամ «Հետաքննող լրագրողների» ընկերակցության հետ անիրավ կալանվածների ազատության համար միասնական ճակատ կկազմի, կօգնի՞ ինձ համակած գոնե մեկ մղձավանջից ազատվելու:

Աշոտ   Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հանելուկ հանելուկներ կամ ամենահանելուկներ Շուշանիկի համար, Տաթևիկի ծննդյան օրվան` որպես տորթ

Ցած իջնելիս ծիծաղում է, բարձրանալիս նա լալիս է Ճերմակ դաշտի վրա սև հետքեր է թողնում նա Հոս պուպուզ, հոն պուպուզ, երդիկից`դուրս Ա-ն ու Բ-ն թառեցին, Ա-ն ընկավ, Բ-ն կորավ, ո՞վ

Նամակ կալանատնից. 18.06.2000թ.

Իմ անուշիկ կին, դու ես իմ դահիճը հիմա, քո արցունքոտ աչքերը: Չկասկածես, որ հանուն քո վճիտ-անարցունք հայացքի ես պատրաստ եմ առավելագույնի: Հավատա, որ ես ծրագրով կալանավոր-մեղադրյալ եմ, իմ գործողությունների մեջ

Տանկերն ինձ հանգիստ չեն տալիս…

Առաջաբանի փոխարեն Ժամանակակից հայաստանցու հանրաճանաչ իրավունքներն ու ազատությունները լիբերալ-դեմոկրատական Հայաստանի էությունը, իմաստն ու պետական կառավարման կոչումը պիտի լինեին: Հայաստանի երրորդ հանրապետության իշխանությունները բոլոր մակարդակներում կոչված են, իսկ պետական բոլոր պաշտոնյաները