Նկատե՞լ եք, որ Հայաստանում մանկավարժ-մասնագետի (բոլոր կարգի ուսուցիչների, դաստիարակների, հատուկ մանկավարժների) պատրաստությունը մեկուսացված է կենդանի մանկավարժական գործունեությունից՝ պարտեզից, դպրոցից… եթե չհաշվենք էքսկուրսիաների ձևով կազմակերպվող մասնագիտական փորձառությունները: Ինչ-որ մի շենքում ինչ-որ առարկայական թեստեր լրացրած, մանկավարժական մասնագիտական կրթության ծրագրով ուսանելու պարտավորություն ստանձնած, հիմնականում աղջիկների ինչ-որ խումբ դասախոսներ ինչ-որ ծրագրերով 4 տարի տանել-բերելուց հետո պետական նմուշի դիպլոմ են տալիս: Հետո այդ դիպլոմավոր մարդիկ, եթե ուզում են ու կարողանում են, տեղավորվում են իրական դպրոցում, մանկապարտեզում ինչ-որ մի գործի ու սկսում իրենց իմացածը, իրենց գնացած դպրոց-մանկապարտեզը վերարտադրել… Սա հատուկ՝ ոչ ներառական կրթություն է՝ իր բոլոր հայտնի արատներով: Սրա այլընտրանքը մանկավարժական մասնագիտական կրթության ու մանկավարժական գործունեության ներառումն է։
— Ինչպե՞ս,- հարցնում եմ:
Մեր մանկավարժականը՝ կրթահամալիրի քոլեջը, ինչպե՞ս է դաստիարակներ պատրաստելու, նույն կե՞րպ, միայն թե պրակտիկա-էքսկուրսիաներ անցկացնելով կրթահամալիրի՞ կրտսեր դպրոցների, քոլեջի նախակրթարաններում… Երբե՛ք։ Գնում ենք մասնագիտական կրթության և դաստիարակչական իրական գործունեության ներառման ճանապարհով, որքան էլ այն դժվար լինի։
Մանկավարժական դասարանի-ուսումնարանի-քոլեջի բոլոր տարիների
շրջանավարտների, դասավանդողների հավաք: Լուսանկարները՝ Անի Սարգսյանի:
Մանկավարժությամբ զբաղվող մեծ խումբ մարդկանց օգոստոսի 19-ի այցելությունը քոլեջ կարևոր էր։ Շրջայցը քոլեջում-նախակրթարանում կարող էր և ցույց տվեց՝ մասնագիտական կրթության և նախակրթարանային միջավայրերը նյութական ներսով-դրսով ակնհայտ զարգացել են, հետաքրքիր, հիգիենիկ, անվտանգ դարձել ակնհայտորեն: Աչք ունենք՝ տեսանք, սիրտ ունենք՝ ուրախացանք. լավ մեկնարկային պայմաններ են բոլոր կարգի դաստիարակների պատրաստության կազմակերպումը կրթահամալիրով մեկ երեխայի կենդանի գործունեության աշխարհ ընկղմելու, որ դաստիարակին ուսուցանեն կրթահամալիրի միջավայրը, կրթահամալիրի հեղինակային մանկավարժությունը մշակող, կազմակերպող ու տարածող ամեն մի օղակ՝ կրտսեր դպրոց, ուսումնական կենտրոն ու ծառայություն: Դաստիարակի կրթության գործի ներառական կազմակերպման մասին է խոսքը, այնպես, որ յուրաքանչյուր այսօր գործող դաստիարակի ու ղեկավարի համար Մանկավարժականը դառնա իրենը՝ իր կարևոր-անհրաժեշտ գործը, հոգսը, ուրախությունը… Այս այցով պիտի սկսվեր, ու սկսվե՞ց, հարցնում եմ:
Իմ էլեկտրոնային փոստն այս օրերին արձանագրում է՝ կրթահամալիրում աշխատողների շարժը մեծ է: Եվ դա լավ է։ Յոլա գնալը, տեղավորվել-գնալ-գալը հասարակական խրախուսում ունի՝ գոյաձև է։ Ընդունակ մարդը սրան թող չտրվի. կրթահամալիրում անցկացրած ժամանակը կորած չէ. կրթահամալիրը մեծ-յուրահատուկ աշխարհ է՝ անսովոր նիստուկացով՝ շուրջբոլորն անհատականություններ են: Գնա՛ փոփոխության, եթե ինքնավստահության կարողությունն օր օրի չի աճում… դարձի՛ր կրթահամալիրի պատվիրատու-աջակից-գործընկեր հասարակության մասը: Ավելի վտանգավոր է «ո՞ւր գնամ», «սենց էլ որ մնա…», «էս տարին էլ թող անցնի» տեսակը:
«Ասպետ» ջոկատի աշխատանքը Մայր դպրոցում: Լուսանկարները՝ Անի Սարգսյանի
Ի՞նչ մնաց… Ես խոստացել եմ թույլ չտալ կրթահամալիրի ծերացումը, չի կարող կրթահամալիրում տիրապետող դառնալ ծերունական մառազմը, երբ ավելի շատ վերցնում են, քան տալիս… Ես իմը տվել եմ… Կա աշխատողների սիրելի տեսակ՝ ֆիզարձակուրդ մեկնողները, ծնունդի գնացողները… Ի՜նչ լավ է, որ մենք ստեղծվել ու շարունակում ենք մնալ երիտասարդ հավաքանի… գործատու կրթահամալիրի տնօրենի՝ սրանից բխող բոլոր հոգսերով: Ուրախ ու սիրելի հոգսեր… տարին երկու տասնյակի չափ ընտանիք կազմող, ֆիզարձակուրդ գնացող ու ֆիզարձակուրդից եկող աշխատող ունենք։ Ի՞նչ հանրակրթություն՝ առանց ծնունդի։
Շուշան Բլեյանը, ով իր մատղաշ տարիքում մասնագիտական կրթության հարուստ փորձ ունի, երեկ ժամանակ էր գտել, 1 օրով ուսումնական Գյումրիից այցելել Երևան՝ ամենահարազատներին տեսնելու… Հիմա, երբ ընթերցողը կարդում է այս գիրը՝ թվով 426-րդը, Շուշանը նորից ոչ միայն Գյումրիում է, այլև վոկալի իր ուսուցիչ Մարինե Հակոբյանի պարապմունքին: Երևան մեկօրյա այցի ընթացքում Շուշանը պարապմունք բաց չթողեց. երեկ պարապել-դուրս է եկել Գյումրիից, այսօր էլ՝ Երևանից հասել պարապմունքի: Եվ դեռ մինչև օգոստոսի 28-ն էլ անցկացնելու է Գյումրիի իր վարձած բնակարանում. ազատ ժամանակ ունի և իտալերենն է բարելավում-վերականգնում… Շուշանը քանի՜ լեզու գիտի՝ անգլերեն, վրացերեն, գերմաներեն, իտալերեն… Ռուսերենը՝ իմ իմացած միակ օտար լեզուն, չեմ ստուգել… Դավիթ Բլեյանը հրճվանքով, ձայնեղ՝ գոռոց-գոչյունով դիմավորեց, անցկացրեց այն երկու ժամը, որ կարող էր հատկացնել Շուշանը մեզ… Շուշանը տեսավ հասունացող-առնականացող եղբորը, սիրեց, Դավիթն էլ մեծի պես մինչև ավտոմեքենան ճանապարհեց… Հետո էլ, թե.
— Գյումրի՞ գնաց Շուշանը, թե՞ Վիեննա, պա՛պ: Բա Երևան ե՞րբ է գալու…
Կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողների առաջին պարապմունքը նոր հեծանիվներով։
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի։
Շուշանը շատ հաստատություններ է տեսել՝ երաժշտական դպրոցներ, Երևանի կոնսերվատորիա, Վիեննայի երկու կոնսերվատորիա, վոկալի տասնյակ մասնագետներ: Շատ ջանք են գործի դրել հարգելի-բարեխիղճ մասնագետները Շուշանին իրենց գիտելիքը փոխանցելու համար… Հաճախ, շա՜տ հաճախ չի ստացվել, իրենը չի դարձել, շատ ջանք է թափել, իր ժամանակը ծախսել ու կոկորդը ցավեցրել՝ բառիս բուն իմաստով, բայց իր վոկալ կարողությունը չի դարձել, ընդունակությունը չի բացվել… Հիմա զգում է, որ այս 1,5 ամսում շատ բան է փոխվել իր վոկալում… Սկսել է զգալ վոկալի իր ուժը, ինքնավստահություն է ձեռք բերել, չգիտեմ՝ արդյո՞ք այնքան, որ սեպտեմբերին, մինչև Վիեննա մեկնելը, երգի մեզ համար… Տեսնենք-լսենք…
Դպրոց-պարտեզի քնկոտները: Լուսանկարները՝ Անահիտ Բեկյանի:
#426