Հոդված 1990թ. արխիվից

Երեկվա ու այսօրվա մեր հոգս-անհանգստությունը՝ հայոց գյուղը: Գյուղացին՝ զարմանալի հեշտ երես թեքած իր ավանդական-պատմական կենցաղից, խաբված-վաճառված քաղաքին ու շրջկենտրոն-ավանին: Գյուղը՝ իր հոգևոր աշխարհի ավերված պարիսպներով, դարերով ամբարած իր բարոյականությունն ու մշակույթը քաղաքի՝ իրեն խորթ ու սնանկ արժեքներով փոխանակած: Գյուղական միջավայրը՝ բաց խորհրդային իրականության ծնունդ այլասերող ու բարոյազրկող գաղափարների ու ծրագրերի հեղեղի առաջ, կուսակցական պրոպագանդայի անվրեպ աշխատող միջոցների՝ թերթի, հեռուստատեսության, ռադիոյի ու կենդանի ագիտատորների թիրախն ու զոհը:

Ինչպե՞ս, ինչո՞վ կարող էր պաշտպանվել հայոց գյուղը «բոլշևիկյան դիկտատուրայի» ծրագրած ավերումից:

Դպրոցով ու ընտանիքով: Գյուղական դպրոցով, այո, եթե սա գար ու պնդեր առողջ ընտանիքը որպես ազգային կեցության գլխավոր շինանյութ, որպես ազգի հարատևության ու առողջության անփոխարինելի երաշխիք: Գյուղական դպրոցով, այո, եթե սա գար ու մշտապես սներ ընտանիքը կենսատու ավիշով, հնարավոր անկորուստ ապահովեր ազգային արժեքների «սերնդանցումայնությունը»: Եթե… մորաքույրս տղամարդ լիներ, ես նրան քեռի կկանչեի… Կարծեմ այսպես քաջարի զինվոր Շվեյկը ժամանակին սթափեցնում է մեզ:

Առաջին հարվածը, ամենամեծ հարվածը իջավ գյուղական դպրոցին ու գյուղի մտավորականին՝ ուսուցչին: Դպրոցը խորհրդայնացվեց, համաձայնացվեց, կտրվեց հողից, օտարվեց գյուղացուց ու հակադրվեց գյուղական համայնքին: Ազգային դպրոցը հակազգային հաստատություն է՝ այս է հաստատում մեր 70-ամյա ազգային գոյապայքարը: Փոխանակ դպրոցը որպես վահան պաշտպաներ գյուղն ու գյուղացուն քաղաքի ու քաղաքակրթության ոտնձգությունից, փոխանակ դպրոցը որպես սուր հարթեր գյուղի ու գյուղացու ճամփան, այսօրվա գյուղական դպրոցը դեռ շարունակում է հողից ու ժողովրդից խորթացնել սերունդ սերնդի հետևից: Ճամփան ո՜ւր, ճամփորդն ո՜ւր: Գոնե գյուղն իր իրականությունից ծնված, թող որ երկրի բոլոր գյուղերի համար միասնական, դպրոցն ունենա: Չէր կարող ու չեղավ: Երևանի երկուս ու կես հազար աշակերտ ունեցող դպրոցն ու լեռան ստորոտին ծվարած մի կերպ հարյուրի չափ աշակերտ ժողոված գյուղական դպրոցից տարբերվում է միայն շենքի մեծությամբ: Նույնն են ուսումնական ծրագրերը, կրթական մեծ ու փոքր, հեռակա ու մոտակա խնդիրները, դասագրքերն ու դասացուցակները, նույնն են և ուսուցիչները:

Չե՞ք սարսափում՝ մեր գյուղի երեխայի կրթության ձևն ու բովանդակությունը այդպես էլ չի պայմանավորվում, չի թելադրվում երեխայի իրական կյանքից ու ազգային ավանդներով:

Գյուղը չէին կարող ու չփրկեցին նրան արագ կուլտուրացնելու պետական կամային ճիգերը՝ գյուղական ակումբների, գրադարանների, անգամ երաժշտական ու գեղարվեստի դպրոցների ստեղծման ճանապարհով: Չէին կարող: Մեղավորը վատ ակումբավարները կամ ակումբների անկարող գեղմասվարները չէին ու չեն: Ոչ էլ ակումբների շենքային հարմարությունները ու տեխնիկական ապահովածությունը: Վիճակը մեղմ ասած անմխիթար է: Ահա յոթանասուն տարվա մեր սաստկացող աղքատության պայմաններում ի՞նչ անհեթեթ շռայլություն էր ակումբի գաղափարը՝ իր հսկա դահլիճով, գրադարանով ու օժանդակ սենյակով: Ուզում ես, թե չես ուզում հաշվելդ գալիս է: Միայն մշակույթի մինիստրության ենթակայությամբ գործում է մոտ 1200 ակումբ՝ մի քանի հազար աշխատողով: Չօգտագործված, անհարկի, ավելորդ դահլիճ, գրադարաններ, հաստիքներ:

Զրուցել եմ շատ դպրոցների ղեկավարների, ակումբների վարիչների հետ: Ինչի՞ համար են գյուղական ակումբները: Ավելորդություն չեն արդյո՞ք: Ինձ հետ սկզբում համաձայն չեն լինում, վիճում են, հակառակը ապացուցում: Վերջում միշտ էլ նույնը՝ գորդյան հանգույցը, դպրոցները միավորվում են շրջխորհուրդների ժողկրթբաժինների մեջ, գործում են ժողկրթության նախարարության համակարգում, ակումբները՝ շրջխորհրդի մշակույթի բաժնին են պատկանում, մշակույթի նախարարության ենթակա հիմնարկներ են: Իսկ գյուղը մեկն է, դպրոցը և ակումբը ստեղծված են նույն գյուղացու համար: Ռուբլիները մի կողմ. աշխատող ուժի, որակյալ ուսուցիչների ու մշակույթի բնագավառի աշխատողների նման սովի դեպքում ի՞նչ ածականով որակես նույն գյուղի դպրոցում ու ակումբում երկու գրադարանավար, ջոկատավարի և գեղմասվարի, դպրոցի արտադասարանական-արտադպրոցական աշխատանքների գծով կազմակերպիչի և ակումբի վարիչի, երկու կինոմեխանիկի (դպրոցում կոչվում է տեխմիջոցների կաբինետի վարիչ) գոյությունը:

Վերջապես դանդաղ, բայց հանրապետության կրթական համակարգում հուսադրող շարժում կա. այստեղ-այնտեղ քաղաքի շատ դպրոցներ փորձում են մշակել կրթական իրենց մոտեցումները, ավելի ու ավելի վստահ են զգում առաջին հեղինակային դպրոցները, փորձ է արվում ամբողջացնել ազգային կրթության միասնական հայեցակարգը։ Ժամանակ է՝ ազատվեք գյուղի ու քաղաքի միջև տարբերությունների վերացման, դաժան ինքնախաբեությունից ծնված գաղափարներից: Սնանկ են դրանք ու վտանգավոր, կործանարար թե՛ գյուղի, թե՛ քաղաքի համար: Գյուղը իր իրականությամբ սկզբունքորեն այլ դպրոց է պահանջում, որակապես այլ կրթական հայեցակարգ՝ մեզ դեռ անհայտ դասագրքերով, ուսումնական ծրագրերով ու կրթական խնդիրներով: Քաղաքի դպրոցի բարեփոխումը ինձ շատ ավելի դյուրին է թվում: Քաղաքը գիտական ստեղծագործական մտավորականության մեծ կուտակում ունի. քաղաքը ավելի «կոսմոպոլիտ միավոր է» և ավելի հեշտ ու շատ կօգտվի միութենական ու համաշխարհային կրթական փորձից ու նվաճումներից: Գյուղական դպրոցի բարեփոխումը մեզանից կպահանջի ավելի մեծ, բազմազան ու անսպասելի լուծումներ, գուցե և շատ ավելի համարձակ ու թանկ: Իսկ գյուղական դպրոցը դեռ հանցավոր նիրհի մեջ է:

Համառոտ շարադրեմ իմ մի քանի նկատառումները գյուղական դպրոցի բարեփոխման առանձնահատկությունների շուրջ: Ճշտենք ելակետը: Ահա:

Գյուղական ուսուցիչը եղել և պետք է մնա մտավորականը, դպրոցը եղել և մնում է գյուղի մշակութային լիցքերի կրողը ևս: Դպրոցը պետք է որոշի, զարգացնի, ձևավորի ու կառավարի գյուղի մթնոլորտը, նիստ ու կացը: Ուստի գյուղի լուսավորության ու մշակույթի, գաղափարական ու բարոյական դաստիարակության բարելավմանն ուղղված ամեն մի կազմակերպական քայլ և լուծում պիտի ուժեղացնի գյուղական դպրոցը:

Գյուղը քաղաք չէ: Գյուղը մի «մեյդան» կարող է ունենալ, մի հավաքատեղի, մշակութային-կրթական մի կենտրոն: Ամբողջ գյուղում բոլորը երկրագործ են, աշխատավոր կամ առավոտից իրիկուն զբաղված են իրենց տնտեսությունում: Եթե գյուղը առողջ գյուղ է, նրա ակումբը ամբողջ ցերեկը պիտի դատարկ լինի: Այդպես էլ կա: Լավ ակումբի վարիչը քիչ բան կարող է փոխել: Հարցը էն գլխից ճիշտ չի լուծված: Անիմաստ են եթեները և կարելիները: Եթե դպրոցը և ակումբը աշխատեն համաձայնեցված, կարելի կլիներ… նման հարցադրումները վտանգավոր են, շեղող, անտեղի ու շռայլ: Ինչո՞ւ չգնալ խելամիտ ու տնտեսող, ասել է թե պետական մտածողության ճանապարհով՝ օրգանապես միավորել գյուղական դպրոցը և ակումբը մեկ միավորի՝ դպրոց-համալիրի մեջ: Համոզված եմ, որ այսօր էլ շատ գյուղերում առանց նոր կառույցների կարելի է մեծ օգուտով միավորել ակումբը և դպրոցը, լուծել ակումբը դպրոցի մեջ: Ավելորդ կդառնան նաև շատ դպրոցների չարչարանքները, որոնք չունեն հանդիսությունների դահլիճներ և երազում են ունենալ: Մինչ դեռ մի քանի տասնյակ մետրի վրա հարմարավետ ակումբ է՝ լքված ու դատարկ, կարոտ աղմուկի եռուզեռի:

Քանի՞ նոր ակումբային մեծ շենքեր են նախատեսվում կառուցել երկրաշարժի գոտում: Կլինենք այդքան խելամիտ, որ այդ ակումբները, որպես ինքնուրույն մասնաշենք, տեղավորենք դպրոց-համալիրի կազմում: Թող ցերեկը այդ մակերեսները ծառայեն երեխաներին, իսկ երեկոյան՝ գյուղի մեծերին:

Իմ տաղանդավոր գործընկերը, մեր կրթօջախի Արատեսի դպրական կենտրոնի րաբունապետ Արթուր Շահնազարյանը «Գավառ և դպրոց», խորագրով ամբողջական ծրագիր է ներկայացրել: «Գարուն» ամսագրի առաջիկա համարներից մեկում Արթուրը կշարադրի ծրագիրը: Շշմելու ծրագիր է. գրավիչ ու իրականանալի: Լսենք Արթուր Շահնազարյանին.

«… Որքան ազգային, այնքան համամարդկային: Հողը պարարտ է. տակավին Հայաստանի շրջաններում պահպանվում են ինքնատիպ, գունեղ, շքեղ ու երգեցիկ բարբառները, տակավին Արևմտյան Հակաստանից գաղթած և Արևելյան Հայաստանի գյուղերում հաստատված շատ ու շատ համայնքներ պարում են իրենց պարերը և պատմում են հին զրույցները: Այդ ամենին պետք է նպաստել. մենք իրավունք չունենք անօրեն կերպով խոչընդոտելու մեկի ժառանգության իրավունքին, և նաև իրավունք չունենք չվերադարձնելու նրան այն, ինչ իրենն է, իր նախնու թողած ժառանգությունն է մեր ձեռքում. աշխարհի արդարության կարգն է՝ ժառանգությունը վերադարձնում են առանց քննելու, թե դա տիրոջը օգուտ է, թե ոչ. հետո նոր խորհուրդ են տալիս: Այն ինչ կորցրել է գյուղը, այսօր պահպանում է քաղաքը. և հսկայական նյութանգործածական, իբրև կյանք և գործածական՝ զուտ իբրև գիտություն գտնվում է գրադարաններում, զանազան դիվաններում, ինստիտուտներում: Մարդիկ այսօր զգում են իրենց հարազատ մշակույթի կարիքը, ինչպես հարազատ հող ու ջրի, և պահանջում են «խեղդելու» պես:

Արդ, այս ամենաբնական ճամփան բռնելով կարելի է սկսել նոր վերածնունդը, ապրել 5-րդ դարի աշխույժը։

Հիմնելով ամեն գավառին կամ որևէ գավառի պատկանող ժողովրդի հատուկ ոճի կրթօջախ, նպաստում ենք համահայկական կրթությանը: Հիմնելով նման կրթօջախ հարկ է շեշտը դնել տվյալ մշակույթի վրա, և ոչ միայն այդ անցնել, այլ ընդգծելով այդ անցնել հավասար կարգով համահայկականը: Ուրեմն կլինի լոռեցիների դպրոց, ալաշկերտցիների դպրոց և այլն»:

Պետք են արդյո՞ք գյուղական շրջանի բոլոր գյուղերին միջնակարգ դպրոցներ: Գուցե խելամի՞տ է այսօր բավարարել ութամյա գյուղական հանրակրթական դպրոցով, ստեղծելով տվյալ շրջանի (ռեգիոնի կամ թեմի) համար մեկ ուժեղ Ավագ դպրոց, որտեղ կհավաքվեն լիարժեք միջնակարգ կրթություն ստանալու և մտավոր գործունեությամբ զբաղվելու ընդգծված ձգտում ցուցաբերած պատանիները:

Հայոց գյուղը շատ է ավեր ու գյուղակական դպրոցը՝ լուրջ հիվանդ: Անհնար է, որ մեկեն կանգնեն բոլոր ավեր գյուղերը, ու ապաքինվեն միաժամանակ բոլոր դպրոցները: Անհնար է: Մի օրինակը լավ է տասը նկարագրությունից ու տասը հազար կոչերից: Առողջ օրինակը վաստակի ուժ ունի՝ տարածվում է:

Մեզ ամենաշտապ ձևով օրինակելի գյուղական համալիր-դպրոցի օրինակ է պետք, գյուղական իրականությամբ թելադրված ու այդ իրականության օրինական ծնունդ կրթօջախ: Դպրոց, որն ինքը կորոշի գյուղի մշակութային կյանքը, կամբարի ու կզարգացնի գյուղի ավանդները, հուսալի կպահպանի գյուղացուն հոգու սովից, իսկ գյուղական նիստ ու կացը՝ այլասերումից:

Մեզ գյուղական շրջանի ռեգիոնալ (թեմատիկ) ավագ դպրոցի ամբողջական օրինակ է պետք՝ արական գիմանազիայի և օրիորդաց վարժարանի տեսքով, որը կամբարի ու կզարգացնի շրջանի (թեմի) մշակութային ավանդները, կպահպանի-կձևավորվի տնտեսական ինքնատիրապետությունն ու առանձնահատկությունները, կկրի շրջանի հոգևոր ու մտավոր պոտենցիալը:

Մեզ անդրանիկ գավառական դպրոց է հարկավոր, որը կգա պաշտպանելու ու ընդգծելու գավառի մշակութային անկրկնելիությունը, կկենդանացնի մեր ժողովրդի այդ հատվածի բարբառը, խոր բազմազանությամբ կսնի Հայոց Ոգին:

Մեզ առողջ ու կենդանի հայոց լեռնային գյուղի օրինակ է պետք: Առավելագույնս իր աշխարհագրությամբ ու ընդերքով թելադրված բնական-ավանդական սոցիալ-տնտեսական զարգացում ունեցող գյուղ, գյուղ, որը կստեղծի և կպահպանի իր միկրոմշակույթը, մեծ աշխարհի ձայները, գույներն ու գաղափարները կանցկացնի իր ամուր հոգևոր պարսպի ու իր իսկ հաստատած բարոյականության շերտերի միջոցով:

Ուզում եմ հավատալ, որ Հայոց Ուսուցիչների Միությունը և «Կրթասեր» բարեգործական միությունը կգան նյութապես ու կազմակերպորեն սատարելու բոլոր այն անհատներին ու գյուղական համայնքներին, ովքեր կխիզախեն գյուղական դպրոցի նորոգման վարպետները լինելու:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անվերջ զրույց է

Կրթահամալիրի մասնագիտական ժողովը երկու շաբաթը մեկ, փոխեփոխ վարչական խորհրդի հետ, նույն ժամին՝ 16.00, երկուշաբթի, մեդիակենտրոնի կլոր սեղանի շուրջ, նախօրոք հայտնի-հրապարակած օրակարգով և պատրաստած նյութերով սկսում են հեղինակային կրթական ծրագրերի բովանդակաստեղծ մշակումների

Ե՛վ Չելյաբինսկի, և՛ Դամասկոսի Ջոբարի պատասխանատուն ախտահարված մարդն է…

Աշխարհի ամենակեղտոտ քաղաքը գտնվում է Ռուսաստանում, և դա Չելյաբինսկն է՝ իմ սերնդի համար նշանավոր… մտքովս չէր անցնի… Դիտեˊք զարհուրելի կադրերը… Շրջակա միջավայրի երկարատև աղտոտվածությունը պիտի ազդեր բնակիչների վարքագծի վրա ու

Ով քնած է, արթուն կացեք… Հետո չասեք, որ…

Մեռելոցի օրը՝ սեպտեմբերի 14-ին, ես աշխատում եմ. կենդանի գործեր ունեմ, որ սկսել եմ, ավարտել է պետք: Սեբաստացիներից ո՞վ կմիանա: Էս հեծանվաուղին, հեծանվաակումբը, հայրենագիտական կենտրոնը, մեր յոթ դպրոցների բակերը, քոլեջի նոր