Այս օրվա գիրը առավոտվան թողնելու չէ. թարմ-հավեսով պիտի ասվի, իսկ գիշերը օր կփոխի…  Կեսգիշեր է: Քիչ առաջ ես վերադարձա քաղաքն այս օրերին բռնած միտինգավորների բանակումից: Այնքա՜ն կյանք կար Բաղրամյան պողոտայի սկզբնամասում մինչև Սահմանադրական դատարանի մոտակա տարածքը, այնքան խնդություն-խաղաղություն-հաստատակամություն՝ շատացող, անընդհատ թարմացող երիտասարդությամբ…

Առաջին անգամ վերադարձա երեկոյան ժամը 8-ին  Ազատության հրապարակից:  Զարմացած եմ. մեկ` մարդաշատությունից, երկու՝ ինձ մեծապես անծանոթ երիտասարդական լսարանից (որքան էլ նկատելի շատ են սեբաստացի շրջանավարտները, ուսանողները, պատանիները հրապարակում), երեք՝ թեթևությունից, որ թևածում էր Ազատության հրապարակում, Բաղրամյան պողոտայում… Ոչ մի լարում, դժգոհություն, անհանգստություն՝ մեգաֆոնով խոսքը ոչ էլ լսելի է… մարդիկ խոսքի կարիք չունեն… Ասված է. միասնական ու երկար ժամանակով…

Տանը նստեցի համակարգչի առաջ, mskh-ով անցնելուց զատ, ունեցա պահանջ իմ երեկվա օրվա «Մենք ենք երկրի տերը» վերնագրածս գիրը կարդալու… Քիչ է լինում, որ ասելիքս այդքան հավանեմ` իր տեղին ու ձևակերպված լինելու հատկանիշներով: Հավանեցի: Հետո 10-11-ի արանքում, նստեցի հեծանիվս ու, հայդե՛ Բաղրամյան… Իսկական հեծանվային օր է, ու բոլորն իրենց տեղում են… Այսպես մենք ապրում էինք 1988-ի շարժման օրերին… Հայաստանում երիտասարդական քաղաքացիական շարժում է սկսվել… որ գնալով ավելի է անկասելի դառնում, ինչպես 1988-ին… Գործի մեջ են մտնում պատանիները ևս… Թեժ, շատ թեժ ամառ ստացվեց… Ա՛յ քեզ շրջադարձ…

Կարելի է հեծանվային ակցիաներ կազմակերպել՝ հարյուրավոր հեծանիվներով երիտասարդներ նոր գույն ու շարժունություն կհաղորդեն շարժմանը… Կարելի է չծխել. շատ են ծխում անաստվածները… Կարելի է ռոք համերգների շարան սկսել… Հանդիպեցի մեր սիրելի բանաստեղծ Արամ Պաչյանին`  իր ընկերուհու հետ… կարելի է ընթերցանության ակցիաներ կազմակերպել հարակից այգիներում… Ծիծաղեցի. ուսումնական ամառը Բանգլադեշից տեղափոխենք Բաղրամյան, Օպերա… Հետաքրքիր ու ուսանելի լինի երիտասարդների համար… Ի՞նչ կա շտապելու… Ամառը հո հունիսով չի՞ ավարտվում… Հունիսով սկսվել է Շարժումը Հայաստանում. վերջապես Հրապարակում սովորող-չսովորող-աշխատող-չաշխատող երիտասարդություն է…

Երկար ենք սպասել սրան, ու նրանք խոսքը պատվով են վերցրել…  Շարժումը պիտի ինքնուրույն լինի, քանզի երիտասարդական է, խիզա՛խ երիտասարդական, ոչ ջրիկ-մակերեսային… Ուզում եմ հավատալ, որ խնդիրը ամենևին էլ էլեկտրաէներգիայի սակագնի 6 դրամը չէ. առիթ էր` եղավ… Առիթ միշտ էլ կառաջանա… Չեմ ուզում` լինի երթուղային տաքսիների սակագնի առիթով «Ոչ թանկացմանը» շարժման նման… Չթանկացավ. ի՞նչ փոխվեց մեր հասարակական տրանսպորտում, մեր հասարակական կյանքում… Հասարակական-անձնական-ընտանեկան-մասնագիտական կյանքն է, որ խոցված է Հայաստանում… Վերապահումով եմ մոտենում երիտասարդներին պաշտպանելու նախկին-ներկա պատգամավորների, իբր հայտնի գործիչների «հանկարծ» և ուշացած «շարժմանը»…
Պաշտպանվածները եկել են անպաշտպաներին պաշտպանելու… Միացե՛ք որպես շարքային, վերջից` լուսանցքում մնալով, ինչպես Գագիկ Գինոսյանը, Նազարեթ Կարոյանը, Գրիգոր Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանը… Սրանք են ինձ համար հայտնիները և տասնյակ ու տասնյակ շարժման մասնակից արվեստագետներ…. հայտնիներ…. Այսպիսի շարժումն է, որ գալիս է մեզ միավորելու, միասնական դարձնելու, պաշտպանելու հայրենյացը, յուրաքանչյուրիս…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Էլեկտրիկ Երևան 

2016թ. պայքարի Խորենացի 2018թ. սիրո և համերաշխության հրապարակ Պողոտայի շարժումն իմ օրագրում 23.06.2015 Այսօրվա համար էի գրել կարծես երեկվա իմ գիրը. մինչև լույսը չբացվեց, չիմացանք մեր գլխին գիշերհանա եկածը։ Իմ հունիսյան մանկավարժական պատումի անիվն

Նախարար աշխատելու 1-ին օրվանից

Նախարար աշխատելու 1-ին օրվանից «Կրթություն» թերթի խմբագիր եմ փնտրել… Գուցե ռուսական հայտնի լրագրող-նորարար Սիմոն Սոլովեյչիկի «Ուչիտելսկայա գազետայի» ազդեցությունն է մեծ եղել ինձ վրա. ժամանակին այս թերթի ուշադիր ընթերցողն եմ եղել

Հակափնթփնթոցային միջոցը մեր

«Ավագների համերգները կրտսերների ինքնարտահայտման հարթակ». Արմինե Թոփչյանի՝ հաջողված վերնագիրն է նույնքան հաջողված ֆոտոպատումի, որ նաև լավագույնս ներկայացնում է Գեղարվեստի տանիքը՝ որպես ուսումնական նոր միջավայր, որ նաև նախագծային ուսուցման ուղղություններից մեկն