Եռօրյա Ստեփանավան-Կուրթան-Հնեվանք գործուղումից վերադարձա հուլիսի 26-ին, օրվա երկրորդ կեսին: Վերականգնել եմ իմ բնականոն, երևանյան, բանգլադեշյան գործունեությունը:

Հուլիսի 27-ն է, առավոտյան ժամը 04-ը: Օրագրիս առաջ եմ, կարոտել էի. որքան էլ եռօրյա տեսապատումը  (շնորհակալ եմ Նաիրա Նիկողոսյանին և Սուսան Մարկոսյանին), մտածված է որպես օրագրի օրգանական մաս, ես հո գիտեմ` երեք օր չեմ պատմել, երեք օրվա գրերը չկան: Դուք, հարգելի ունկնդիր, չեք կարդացել: Գրի ձայնը քո ներսից է, ահա ինչու գիրն ուրիշ հմայք ունի. տեսքը, գույնը, ձայնը խանգարող, շեղող են:

Հայրենագիտությունը, գիտեք, հանրակրթական ծրագիր է եղել ինձ համար ու կա. ուսումնական առարկան մեկն է՝ կյանքը, և կրթական միջավայրն է, որ ուսուցանում է: Ես իմ իր-ական հայրենիքը՝ Հայաստանը, լավ գիտեմ, ու քիչ տարածքներ, բնակավայրեր կան, որ ոտքով չեմ անցել, ավելին՝ չեմ եղել: Այդպիսի տարածքներից էր, մինչև վերջերս, Լոռվա աշխարհի Կուրթան-Ձորագետը: Միշտ ուզեցել եմ գնալ Թումանյանի պատանեկան ճանապարհով, դուրս գալ Ջալալօղլի-Ստեփանավանից, Տիգրան Դավթյանի նշանավոր դպրոցից (որտե՞ղ է նրա շենքը), Գարգառի հովտով, Վարդաբլուր-Կուրթանով գալ, իջնել Ձորագետ, կիրճն անցնել, գնալ, միանալ Դևբեդին ու բարձրանալ Դսեղ… Ու սա անել անշտապ, կոմիտասագետ, լոռեցի Արթուր Շահնազարյանի ու մի քանի տեղացի գրագետների հետ, ովքեր այս հատվածի ամեն գյուղ, հովիտ, ծառ, քար ու հուշարձան կարող են կենդանացնել Թումանյանին, Կոմիտասին ու Անդրանիկին առնչվող զրույցներով… Սա մնում է. լսե՛ք, սրան պետք է պատրաստվել:

Ճանապարհորդելու համար, հարկ է թոթափել առօրյան: Այս անգամ Դավիթ ու Շուշան Բլեյանների, իմ կնոջ՝ Արմինեի հետ ինձ հաջողվեց դա անել: Գտնվեցին այդ երկու գիշեր ու երեք օրը, որպես օրինական հանգստի ու հետախուզական-նախապատրաստական աշխատանքի շրջան: Շուշանը ետապաքինման շրջանը հաջողությամբ հաղթահարել է, և պետք էր համոզվել դրանում: Դե, Դավիթ Բլեյանին, ով ամենաշատը սիրում է կրկնել. «Ես մեծ եմ ու ուժեղ»,- տեսնենք գործի մեջ: Հատկապես մայրիկը համոզվի, որ իր տղայի հետ կարելի է ճամփա անցնել, բազում դժվարություններ հաղթահարել մեծի պես: Առաջ անցնեմ՝ Դավիթ-Շուշան դուետը փայլուն էր:

Մեզ սիրով հյուրընկալեց Կուրթանի դպրոցի տնօրեն Վանիկ Նալբանդյանը, ու մեր ճամփորդությունը մարդկային-հայրենագիտական համ ու հոտ ստացավ շնորհիվ Վանիկի, նրա  ուսուցիչ-տիկին Անահիտի, միջազգայնագետ-տնտեսագետի կրթություն ստացող Արսենի ու իր սերնդակիցների, եղբայր Արթուրի ու նրա ընտանիքի: Նրանց հոգատար վերաբերմունքը, կարծում եմ, մեզ անբաժան դարձրեց: Անմոռաց է այն համերաշխությունն ու սրտացավությունը, որով արձագանքեց Նալբանդյանների մեծ ընտանիքը՝ մեծով-պստիկով, Վանաձորում ապրող իրենց Արփի թոռնուհուն հասած փորձանքին, որը շնորհիվ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագիտական գրագետ և օպերատիվ միջամտության արագ հաղթահարվեց։ Ինձ համար Հայաստանը մեծանում է նախ և առաջ իր այսօր ապրող մարդկանցով, հատկապես որ այդպիսի մարդկանց հետ ես հայտնաբերում մեր երկրի ֆիզիկական անկրկնելիությունը։

Հայաստանի պաշտպանության նախարարության աջակցությամբ օգոստոսի 1-ից Կուրթանից 5 կմ դեպի Ձորագետ՝ Հնեվանքի հովանու ներքո մեկնարկող անդրանիկ հայրենագիտական-բնապահպանական-ռազմամարզական արշավախմբային ճամբարը, յուրաքանչյուր հերթափոխում 5 գիշեր և 6 օր, կընդունի այս անգամ 40 սեբաստացի ու ոչ սեբաստացի գործընկերների՝ սովորող, ծնող, ուսուցիչ, ովքեր կդիմեն nikonar@mskh.am հասցեով և կստանան ճամբարի ուղեգիրը:

Ասում ենք` անդրանիկ արշավախմբային (դաշտային) ճամբար, անծանոթ Կուրթան-Ձորագետի տարածք, և լավ է, որ սեբաստացիները նախապատրաստված են սրան. Տաթև Աբրահամյանը և Մարգարիտ Հարությունյանը, իրենց 5-6-րդ դասարանների սովորողների մեկական խմբի հետ եղել են Հնեվանքում հունիս-հուլիսին, իսկ Ստեփանավան քաղաքն ու Գյուլագարակը՝ իր նշանավոր Դենդրոպարկով, վերջին 4-5 տարում մեր Գեղարվեստի ավագ դպրոցի, բնապահպան-հայրենագետների, ստուգատեսների հաղթողների  թիրախում են:

Հեքիաթն այս անգամ այլ անուն ունի՝ սեբաստացիների արշավախմբային «Հնեվանք» ճամբար: Մեկնարկը՝ օգոստոսի 1-ին: Ահա այսպիսի աշխատակարգ կունենա Հնեվանքի ճամբարը: Այս նոր տարածքում՝ Ձորագետի աջ ափին, Հնեվանքի հարևանությամբ, նշանավոր Ցիցքարի ներքևում կապրենք, կուսումնասիրենք մոտիկից, շա՜տ մոտիկից կծանոթանանք: Այսպես. կիջնենք մինչև Ձորագետի կամուրջ, կբարձրանանք Արևածագ գյուղ, կհասնենք Օձուն-Սանահին, հետո Ալավերդի-Ստեփանավան-Գյուլագարակով կվերադառնանք մեր արշավախմբային ճամբար: Եվ սա, շնորհիվ պաշտպանության նախարարության հուսալի փոխադրամիջոցների, կլինի առավելագույն անվտանգ: Կլինենք Ստեփանավանի հրետանային նշանավոր զորամասում, կծանոթանանք ժամանակակից զորամասի առօրյային, կկրակենք զորամասի հրաձգարանում, գնդապետ Հովհաննիսյանի հետ և´ կճաշենք (ի դեպ, այս գործընկեր զորամասն է մեր արշավախմբային ճամբարը կահավորողը), և´ նրան հարցախեղդ կանենք, կթափառենք Ստեփանավան սիրելի դարձած քաղաքով, կլինենք Մայորի ձորում, Լոռե Բերդում, Դենդրոպարկում, Վարդաբլուրի լճերում…

Ինձ վրա ամենամեծ տպավորությունը գործեցին Կուրթանի Սուրբ Աստվածածինը, նորից Հնեվանքն ու այնքա՜ն մոտ ջրառատ Ձորագետը՝ իր երկինք դարձող կիրճով… Կարդանք միասին Տաթև Բլեյանի կրտսեր տարիքի ամենաբանաստեղծությունը՝ Եղիշե Չարենց «Հայենիքում»:

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին …

Պետք էր երկու օրում Դավթի, Շուշանի հետ անցնել արշավախմբի հնգօրյա երթուղով` որպես հետախուզում … Դավիթ Սեբաստացին իր քրոջ գրկում անցավ այս ճանապարհն անմռունչ… Եվ որքա՜ն նոր գյուղատնտեսական մեքենաներ` սկսած հացահատիկային կոմբայնից, վերջացրած հակ անողով… Ձիե՜ր, ձիե՜ր՝ թամբով ու առանց թամբի, կովեր ու ոչխարներ, հոտեր՝ սարերում-արոտներում, խոզեր, սագեր, էշին լծած սայլեր… Այսքան տպավորությունն ի՞նչ անի մեր 2 տարեկան 8 ամսական դարձող տղան… Խնդրեմ, ծնկների վրա մի փայտ է դրել ու «Հայրիկ, կամուրջ եմ սարքել»։ Հետևեք Օրագրին, Դավթի հնեվանքյան մեծացումները ես բաց չեմ թողնի։ Ժամանակ է պետք մարսելու համար. ի՛նձ էլ, Դավթի՛ն էլ, իր մայրենիի ուսուցիչ մայրիկին էլ, Վիեննայով չզարմացնող ու Կուրթանը գնահատող Շուշանին էլ…

Ինձ համար ամենահուզիչն ու կարևորը Շուշան-Դավիթ կապի զորացումն է. Դավիթն ու Շուշանը քնեցին, արթնացան այնքա՜ն խաղաղ-հարազատ՝ մի սենյակում: Շուշոն օրորել է Դավթին նոր օրորոցում… Դավիթն արթնացել է Շուշանից շուտ ու սքանչացել  իր խաղաղ քնած երգչուհի քրոջով, չի խանգարել, հսկել է իր քույրիկի քունը…

Կուրթանը, իհարկե, ճանաչեց Սասունցի Դավթին ու արժանի վերաբերմունք ցույց տվեց. «Սա է՞, դո՞ւ ես, (հարցնում էին աջ ու ձախ) նշանավոր Սասունցի Դավիթը»: «Ես Սասունցի Դավիթն եմ, ես մեծ եմ և ուժեղ…»:

Այս նկարները, որոնց մի մասն արել է Շուշանը, մյուս մասը՝ Արմինեն, ցաքուցրիվ են, ինչպես իմ, մեր տպավորությունները… Թոթափել առօրյան ու որպես հայրենագետ թափառել, վերականգնել, նորոգել, թարմացնել մեր կապերը, հաստատել նորերը, ընդարձակել հայրենիքը: Սրա ծնունդն է մեր արշավախմբային ճամբարը Կուրթան-Հնեվանքում: Եկեք օգոստոսը նշանավորենք այսպիսի իրադարձությամբ՝ 4 հերթափոխ, յուրաքանչյուրում 40 ճամբարական, միասին՝ 160 ճամբարական:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Համի ուժը Նազենիի քեռի Աշոտի… գրում

Իսկ ախորժակը գիտեք, ուտելիս է գալիս… Գոհար Եղոյանի միջնորդությամբ, նախօրոք պայմանավորված իմ հանդիպումը Կարեն Հովհաննիսյանի ու մայրիկի հետ կայացավ միջին դպրոցի խոհանոց-ակումբում, կեսօրին, երբ սովորողներ-ուսուցիչները, որպես ամենօրյա համատեղ ուսումնական աշխատանք, պատրաստում

Պատերը քանդելու և կամուրջներ նետելու 25 թե 30 տարի

Ամենասպասվածը, իհարկե, սեբաստացիկների՝ ֆիզարձակուրդում գտնվող մեր գործընկերների ատամհատիկի փուլի երեխաների ողջույններն են տոնական: Տիկին Աիդան ներկա-բացական վերածել է ողջույնի… Դեկտեմբերի 12-ի մեր հանդիպումն ավանդական-ծիսական Դավիթ Բլեյանն այս տարի կկազմակերպի մեծի պես,

Օրվա շարքային հերոս՝ եզակիության հայտով

Ես չգիտեմ դեռ՝ իմ 2000-րդ գրի հոբելյանի ինքնապատրաստումի-նախահանդիսանքի էս շրջանում (էս փետրվարը ե՞րբ ու ո՞նց պիտի անցնի) օրվա իմ հերոսի հայտնության-պատումի շարքը, որ արդեն քանի դեմքով հայտնվում է իմ բլոգում-գրում,