— Որ ոտնակները շարժում ես, անիվները պտտվում են, որ չես շարժում, չես գնում… Որ ուզում եմ արագ քշեմ, ավելի ուժեղ եմ ոտնակներն իմ ոտքերով շարժում…,- հայտնագործություններ է անում Դավիթ Բլեյանը։
Նա, գիտե՞ք, նոր, շղթայով երկանիվ հեծանիվ ունի, արագ յուրացնում է իր թվով երրորդ մեխանիզմը և զուգահեռ՝ ոտնակ, անիվ, անվավոր, շղթա… Մայրենին այսպես՝ ընտանի գործածմամբ ու դրա արդյունքում յուրացվող-անհատականցվող ֆենոմեն է… Ես Դավթի մայրենիի միջոցով եմ նախ և առաջ ազդում նախակրթարանում մայրենիի պատշաճ միջավայրի պահպանման-զարգացման վրա: Ես, իմ ընտանիքը, այո՛, թիվ մեկ պատվիրատուն ու կազմակերպիչն ենք (ձևավորողը) մայրենի մշակույթի փոխանցման-յուրացման. ո՛չ կօտարեմ ինձնից, ո՛չ կզիջեմ…

Ասել եմ, հավատարիմ եմ՝ նախակրթարան-պարտեզ չի կարելի բացել առանց լողափի, ամենօրյա չլմփոցի, առանց ներսի ու դրսի սահմանի ջնջման՝ առանց անվտանգ, ներառող, հետաքրքիր, մարմնամարզական, զարգացնող, հիգիենիկ միջավայրի: Հունիսի 1-ը ստուգատես է: Եվ պատահական չէ, որ մայիս ամսվա շինարարական բարելավման, նորացման աշխատանքների կիզակետում կրթահամալիրի պարտեզ-նախակրթարաններն են՝ Նոր դպրոցի, Գեղարվեստի, Դպրոց-պարտեզի, Հիմնական դպրոցի, Քոլեջի՝ իրենց, նախ և առաջ, բացօթյա, լողափային, խաղային, մարզական տարածքներով… Չեմ հետաձգել ու չեմ հետաձգելու ոչինչ, չեմ ափսոսալու այն, ինչ կապված է կրտսեր դպրոց-պարտեզների՝ 2-10 տարեկանների սեբաստացիական աշխարհի հետ։ Ինչպես Գիրք ծննդոցում՝ նոր նախակրթարանը ծնեց նոր կրտսեր դպրոց՝ իր «Իմացումի հրճվանք» ծրագրով, նոր կրտսեր դպրոցը ծնում է 11-14 տարեկան դեռահասների նոր ուսումնական աշխարհը, սրա հետ է կապվում 15-18 տարեկան պատանիների կրթական աշխարհի նորացումը։ Ես՝ հայտնի դժգոհս, գոհ եմ ընթացքից՝ հառաջ ու հառաջ

Ամառային ճամբարի մեկնարկ Գեղարվեստի կրտսեր դպրոցում: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ես շոգ, գիտեք, սիրում եմ… Դեռ շոգ չի արել, ետ ենք վարժվել… Երևանցին, բանգլադեշցին շոգից չի կարող նեղվել, հակառակ դեպքում հունիսից մինչև հոկտեմբեր՝ չորս ամիս, տարվա երրորդ մասը պիտի լիարժեք չզգա: Ողջույն, ամա՛ռ,- ասում-սպասում ենք, չէ՞, ուրեմն` ողջույն և շոգ, արև կիզիչ, տոթ… Ուսումնական ճամբարը ստուգատես է մեր կենսունակության, մեր կուտակած հավեսի, մեր միջի արևի. երեկ, երբ Արմինե Թոփչյանի, Արմինե Աբրահամյանի հետ քննարկում էինք խմբային-ջոկատային ճամբարային այցերի-թափառումների երթուղիները, ճամբարի երկու շաբաթը քիչ թվաց… Խնդրեմ, մեր նամակը: Ես սրան կավելացնեի Սևանա լիճը, հիշե՛ք, Սևանն ամենախաղաղը, ամենաերեխայասերը-մարդասերը հունիսին և սեպտեմբերին է լինում… Առաջարկե՛ք նոր երթուղիներ, փոխանցե՛ք…

Ինձ ոգևորեցին Զառա Ոսկանյանի՝ եղեգներով (ղամիշներով) ձևավորումները, ճամբարային միջավայրի ստեղծման մեկնարկը… Ես փորփրեցի կրթահամալիրի դպրոցների կայքերը և այնտեղ ինձ անծանոթ շատ մտքեր, հղացումներ հանդիպեցի… Ովքե՞ր մեզ կայցելեն ճամբարային օրերին, ինչ սպասված խմբեր, անհատներ, արվեստագետներ… Հրավիրե՛ք, վստահ եմ, որ հունիսյան Երևանը մի ներուժ ունի, որ կարելի է բացահայտել հենց հունիսյան ճամբարի միջոցով… Իմ թվարկածին ավելացրեք հունիսի 15-ից սկսող ստուգատես-փառատոներին պատրաստվելը, հատկապես, խմբային ելույթների փորձերը… Ժամանակ կգտնե՞ք ճամբարում նաև արտագնա ճամբարներին պատրաստվելու, դրանց ընտրության, բովանդակության հարցերը քննարկելու… Մարթա Ասատրյանի «Ամառային ճամբար» բլոգն ավելի պահանջված է դառնում…

Հունիսի 1. «Անտիվիրուս Կոմիտաս» նախագիծ-համերգի մեկնարկ: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Խնդրեմ, Առնոլդ Միքայելյանն առաջարկում է շախմատի կարգային մրցաշար. Մեդիակենտրոնն է ամառային դպրոցի գործունեության ծրագիր ներկայացնում, իսկ Սուսան Ամուջանյանը, ուշադի՛ր, նոր ֆոտոապարատ է գնել՝ ճիշտ ժամանակին… Չմոռանաք ճամբարականի տեսքի մասին՝ անպայման «շորտերով», առանց գուլպաների, բաց ոտնամաններով… Լողազգեստով, սրբիչով անհատական, մարզակոշիկներով, որոնք պետք է թողնել ճամբարում. ինչի՞ համար են անհատական արկղերը…

Իսկ ես չեմ հրաժարվել իմ հեծանվաերթից. առավոտյան հավաքվենք Շահումյանի հրապարակում (Հանրապետության հրապարակից քիչ ներքև) և ուղեկացությամբ ոստիկանական, օրենքով, նոր ադաթով, հեծանվորդ-սեբաստացիներով ճանապարհվենք ճամբար՝ Բանգլադեշ… Ա՜յ, հավես…
— Ե՞րբ,- հարցնում եք: Մասնակիցները թող նախ գրանցվեն իմ էլեկտրոնային հասցեով, անպայման նշեն հեծանվի մակնիշը. ուղարկեք ձեր սելֆին՝ հեծանվով…
Ձեզնից  է կախված՝ շա՜տ շուտով… Ամառ է սկսվել թավալգլոր…

Դպրոց-պարտեզի ճամբարի մեկնարկը առավոտյան ընդհանուր պարապմունքով: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Շուշան Բլեյանը պայծառացավ՝ տեսնելով Դավթի նվեր ակորդեոնը… Խոսեցին-պատմեցին քույր-եղբայր, տվին ու առան… Շուշանը շաբաթ երեկոյան երգել է Վիեննայի հայկական եկեղեցում՝ մեներգել… «Նոր ծաղիկ» (Ներսես Շնորհալի), «Ով զարմանալի» (Գրիգոր Պահլավունի)… Ինքը գոհ էր իր ելույթից. ես Շուշանի տեսքից, խոսքից, ինքնավստահությունից, հավեսից զգացի… Բան չմնաց հուլիսի 13-ին՝ իր խոստացած, մեր սպասած համերգին… Այս արանքում նրա ամեն ելույթը պատրաստության մի կտոր է երևանյան համերգին… Շուտ կգա, մեզ էլ գործի կդնի. Բլեյան է իսկական…

Դավիթ Բլեյանը հունիսի 1-ի ստուգատեսին հիմնավոր է պատրաստվել. լողացավ, որից հետո երկու հեծանիվներն էլ լվալ տվեց… Պսպղում են պատշգամբում, արևի տակ՝ հիացմունքից ավելի բացված վարդերի հետ մրցելով…
— Իսկական թափառական երաժիշտ՝ հեծանիվ ունի նախանձ շարժող, հարմար ակորդեոն… հոր երազանքը կատարվեց…- ծիծաղում է մայրը,- կարող է քշի Հյուսիսային պողոտա, իր նման երաժիշտների հետ համերգ տա…
— Համերգ-մամերգ, թափառական-շրջիկ չգիտեմ: Ես վաղը հայրիկի հետ գնում եմ գործի:
Այսպես, միասին և հեծանիվներով… Քիչ մնաց…

Ճամբարային մեկնարկ Հիմնական դպրոցում: Լուսանկարները՝ Լուսինե Գասպարյանի, Գոհար Սմբատյանի:

Հ.Գ.։ Այսպես է. հունիսի 1-ը Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է։ Ու մենք մեր ճամբարային օրվա ոսկին ինչո՞ւ չնվիրենք մեր ընկերոջը, մեր պատվիրատուին, երեք սեբաստացիների հայրիկին։ Նվիրում ենք։ Սիրով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ երկսայր գործիքը միակողմանի է գործածվում…

Թե լսես Սյուզի Մարգարյանին, իմ գիրը գիրք դարձնող օրագիրն էլ գրականություն է, այն էլ՝ իր համար ամենակարդացվողը… Բա՜: «Սեբաստացիներ» ռադիոյի 179-րդ թողարկումը, որ երեսուն րոպե անձանձրույթ լսեցի, լի է այդպիսի լուրերով,

Չգիտեմ՝ որ նոր տարվա, բայց Ձմեռ պապի տված խոստումների կատարելու ժամանակը…

Ա՛յ, այսպես խանդավառ (հավեսով) 12-րդ դասարանցիների մի մեծ խումբ (փունջ), հայոց լեզվի և գրականության պետական քննություննից ժամեր անց, իրենց անգլերենի ուսուցչի հետ մասնակցում են Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ հավաքին

Մեր անդուռ աշխարհի բանալիները, մուտքեր-ելքերը…

Մեր ճամբարները բանգլադեշյան կան-գործում են որպես երևանյան փաստեր… Նրանց մասին խոսում են ողջ Երևանում, նրանք շարունակ հանրայնացվում են… Երեկ Դպրոց-պարտեզի քսաներկու հոգանոց ճամբարով, որ ղեկավարում են Քրիստինե Հովսեփյանն ու Բաբկեն Փաշինյանը,