Ճանապարհի թ.181 դպրոց-Նոր դպրոց հատվածում ինձ է մոտենում մի աղջիկ՝ երևի 9-10 տարեկան…
— Իմ հայրիկը ձեզ ճանաչում է…
— Որտեղի՞ց,- հարցնում եմ:
— Ձեր աշակերտն է, ա՛յ, էն դպրոցում է սովորել (ցույց է տալիս Մայր դպրոցի կողմը)…
— Չի կարող… նա իմ աշակերտը չէ…
— Ինչո՞ւ,- հարցնում է,- ինքն է ասել…
— Դու որտե՞ղ ես սովորում:
— Այս դպրոցում,- ցույց է տալիս թ. 181 դպրոցը:
— Տեսնո՞ւմ ես, հայրիկդ էլ է այդ դպրոցում սովորել, բայց ուրիշ շենքում…
Ուզում եմ՝ բոլորն իմանան. ես հեղինակն եմ կրթական ծրագրի, որ այսօր իրականցվում է կրթահամալիրի դպրոցներում. միայն դրանք՝ դպրոցներն են իմը։ Սովորողն իմ ընտրում է ինձ, իմ դպրոցը… Այո՛, այո՛, ինչպես Իմ ուսուցիչն է ուսուցանել. «Ով ընդունում է ձեզ, ինձ է ընդունում»…
Թե չէ, անլուրջ բան է ստացվում, մարդը գաղափարազրկվում է. լավ մարդ է, բայց գաղափարները չեմ ընդունո՞ւմ, բա՞յց… Ես քաղաքականության մեջ եմ եղել միշտ ու կամ որպես գաղափարներ յուրացնող, գեներացնող, կրող-տարածող մարդ՝ անկախ գործունեության իմ բնույթից-բնագավառից…
- Չեմ պահանջում դիմացինից այն, ինչ ես չեմ անում կամ հակառակն եմ անում:
- Եթե հայտարարում եմ սկզբունքներ, հավատարիմ եմ դրանց:
- Հասարակական, քաղաքական-կրթական գործունեություն եմ իրականացնում. որպես հասարակական կազմակերպության, կուսակցության թե կրթական հաստատության ղեկավար, քաղաքական պաշտոնում՝ փոխքաղաքապետ, ԱԺ պատգամավոր թե նախարար՝ ես միշտ նպատակադրված իմ գործողություններում մարդու իրավունքը բարձր եմ դասել-դասում… սկսած 2 տարեկանից մինչև 18 տարեկան այսօրվա շրջանավարտ, ընտրող-քաղաքացի՝ ցանկացած տարիքի ու զբաղմունքի…
Գեղարվեստի դպրոցի բակում առաջին ելակն է աճել: 2-րդ դասարանի սովորողները մարգերն ազատում են մոլախոտից, նոր սերմեր են ցանում: Լուսանկարները՝ Մանուշակ Աբրահամյանի:
Բանգլադեշ-Կենտրոն-Բանգլադեշ հեծանվուղու մասին շատերն են հարցնում: Նախ, Գևորգ Հակոբյանի հետ համաձայն եմ, ես չեմ կարող օրինավոր հեծանվորդ չլինել, չիմանալ-չկիրառել ճանապարհային երթևեկության կանոնները, հարգանքով չվերաբերվել հետիոտնին, մշտապես սարքին վիճակում չպահել հեծանիվն ու չպահպանել անվտանգության կանոնները… Մնում է, որ տիար Գևորգը՝ որպես հին օրինավոր վարորդ ու հեծանվորդ, օգնի տարատարիք հեծնվորդներիս՝ ճանապարհային երթևեկության կանոնները վարք դարձնելու։
Հեծանվով մարդը քաղաքում է. օրեր առաջ ես Ծովակալ Իսակովի մյուս մայթով սլացող 13-15 տարեկան հեծանվորդների հանդիպեցի. իսկական Ռոմեո և Ջուլիետ. Ջուլիետը՝ շիկահեր երկար մազերով, հմայքով սլանում էր, նրա ետևից՝ թեթև, անկասելի հեծանվորդ Ռոմեոն… Տեսարան:
Երեկ հանդիպեցի հայր ու աղջիկ, հայր ու որդի հեծանվային զույգերի՝ երեխաները՝ 6-8 տարեկան… Սքանչելի՜ տեսարան, այնպես, որ Դավիթն էլ ուզեց երկանիվ հեծանիվ… Նրա երեքանիվ հեծանիվը հիմա կանգնած է իմ հեծանվի կողքին՝ կայանատեղում. երեկվա անձրևների արանքում մենք կարողացանք միասին դուրս գալ ու մի ամբողջ պտույտ անել Վերնիսաժով, հրապարակով… Վերնիսաժի մարդիկ շատ բարեհամբույր ընդունեցին, մի լա՜վ զվարճացան, իսկ մենք հեծանվով դիտում էինք վերնիսաժային օրվա վերջի ցուցադրությունները: Հիմա ինձ համակել է մի ուրիշ սպասում. ժամը 8.00 ես հեծանվով կշարժվեմ Բանգլադեշ, կգնամ աշխատանքի…
Կանաչ տանիք. 3-րդ դասարանի սովորողներ Անդրանիկն ու Ստեփանը օրվա պատասխանատուներն են: Լուսանկարները՝ Կարինե Մամիկոնյանի:
Ամեն օր առայժմ հարմար չէ, բայց ամեն ուրբաթ ես աշխատավայրից կվերադառնամ հեծանվով ու իմ շաբաթ-կիրակին կանցկացնեմ հեծանվորդ Դավթի ու էլի այլ ընկերների հետ. միացե՛ք, սիրով, նախաձեռնե՛ք… Քաղաքային իշխանություններին ուրիշ ի՞նչ կերպ կարող ենք աջակցել, որ սկսեն, արագացնեն քաղաքի հարմարեցումը հեծյալ ու սայլակով անվավոր մարդուն. մենք ավելի ու ավելի շատ ենք ու դեռ շատանալու ենք, մեր առջևից գնաˊ, իշխանավոր, փողոց առ փողոց. գտե՛ք էժան լուծումներ ու անհապաղ իրականացրեք… Գլխավորը, իհարկե, մայթերն իրար կապող թեքահարթակներն են… Վարորդները կարող են ու կլինեն ավելի բարեհամբույր, զիջող, աջակցող… Հո օտար չե՞նք… Հեծանվորդը երեկվա-այսօրվա վաղվա հետիոտն է, վարորդը… Հեծանիվն ինձ ավելի շրջահայաց է դարձրել, ավելի ազատ ու ինքնավստահ, ավելի… մարդասեր: Հիմա ես ճանապարհին տեսնում եմ լիքը բաներ, որոնք մեքենայի պատուհանից չէին երևում… Ինչքա՜ն շեղող-կանչող հայրենագիտության երթուղիներ կան քաղաքում ու նրա մերձակայքում: Հետո ես սկսել եմ ավելի ու ավելի կապվել իմ նժույգին ու ճանաչել. միասին հուսալի է: Ամերիկյան դեսպանատան վերջում և ռուսական եկեղեցու հարևանությամբ բնական կակաչի հարթակներն ինձ հիշեցնում են, Նունե Մովսիսյան, այդպիսիք Բանգլադեշի կրթահամալիրում ունենալու անհրաժեշտությունը… Սերմեր հավաքելու ժամանակը, սերմերը հողը նետելու ժամանակը…
Ես ունեմ նաև ինձ սպասող ճանապարհային ընկերներ՝ դեսպանատան հսկիչների, ոստիկանների, բենզալցակայանի, խանութների աշխատողների տեսքով… Հեծանվով չեմ շտապում. ինչո՞ւ և ո՞ւր շտապեմ: Դիմացս մի ողջ՝ հավիտենական կյանք կա: Առաջ ու մեքենայով այդպես չէր: Հիմա ուրիշ է: Ես չեմ չափազանցնում: Ո՛չ մի ճիգ, ո՛չ մի արհեստականություն. նա, ով նստի հեծանիվ, կբռնի ղեկը, ինձ կհասկանա ու կընկերանա միանգամից…
Բակի խնամքն ամենօրյա է. Գեղարվեստի 4-րդ դասարանի սովորողների հերթապահ-խումբն է: Լուսանկարները՝ Իվետա Ջանազյանի:
Մենք շարունակ հեծանվային նոր երթուղիներ ենք քննարկում-մշակում. Դավիթը միշտ գործնական է՝ գործողության մարդ, ու հիմա.
— Ուզում եմ այգով հեծանվով իջնենք, հետո՝ մետրոյով…
Հետո, այո, «Գործարանային» կայարանից դեպի Արևիկենց-Տաթևիկենց տուն, իսկական հեծանվի ճանապարհ է… Տեսնես մետրոյում ինչպե՞ս կնայեն իմ ու Դավթի հեծանիվներին: Հաղթանակի այգու բարձունքից, իմ քույր Էդիտայենց տանից մինչև մեր տուն Ազատության պողոտայով. ի՜նչ հեծանվային երթուղի է… Էդիտը, իր Գոռն ու Սերժն էլ թե միանան, սեբաստացիական երթ կդառնա:
Բուռն երեկոն Էդիտենց տանը: Լուսանկարները՝ Էդիտա Հովհաննիսյանի:
Ինչո՞ւ կասկադը նախատեսված չէ հեծանվային վայրէջքի համար…
— Մի՛ շտապիր, — ասում եմ ես Դավթին.- արի չշտապենք, սկսենք քեզ երկանիվ, նոր, հարմար հեծանիվ փնտրելուց…
Ես սափրվում եմ ամեն օր առավոտյան էլեկտրական սափրիչով, ու Դավթին սրա հետ կապված ամեն ինչ, հետաքրքրում է՝ մեքենան ինչպես է աշխատում, ինչու ամեն օր, ինչու իր երեսին մազեր չեն գալիս, ինչ կլինի, եթե սափրիչն իր թուշիկն էլ սիրի… Սիրում է. ես քանդում եմ մեքենան, մաքրում, քանդում-բացատրում-հավաքում… անշտապ-կարևոր-խրախուսական-ճանաչողական…
— Ինչո՞ւ ելակը պոչ ունի…
— Մազերի արմատներն եմ ուզում տեսնեմ հիմա… Որ չսափրես, երեսդ կծածկի, կդառնաս ոզնի՞… Ոզնի հայրիկ,- ծիծաղում է…
— Ոզնուն ո՞վ է խուզում… Ինչո՞ւ չեն խուզում…
Դավիթը Շուշանի սենյակ-պատշգամբից ուսումնասիրում է դուրսը՝ հորդառատ անձրևով, թրջվող մարդկանցով ու թաց մեքենաներով, ջրառատ փողոցներով.
— Ինչո՞ւ են անձրևները վերևից ներքև թափվում…
— Ի՞նչ ես ասում, եղբայր անձրև… Հայրիկ, եղբայր՝ ախպե՞ր, թե՞ ապեր…
Գեղարվեստի նախակրթարանի սաները՝ կանաչի մեջ: Լուսանկարները՝ Օլյա Մանդալյանի:
Ես իմ օրագրում շարունակ հաստատում եմ պնդումը, որ առաջին կրթիչը Դավթի ընտանիքն է՝ ես ու Արմինեն՝ մայրենիի, երաժշտության, հայրենագիտության… նաև թվաբանության… երկրագործության 1-ին ուսուցիչները… Իհարկե, նաև բնավորության, մարդասիրության…
Հ.Գ. Վերնագիրը, որ Պարույր Սևակի տողն է, իմ պատասխանն է ԱՄՆ դեսպանատան ոստիկանին։ Տեսնո՞ւմ եք, թե թեքահարթակի բացակայությունը ինչպես է դժվարացնում իմ երթը…
Տիար ջան, մի պահ պատկերացրի, ի՜նչ հավես կլինի, ա՜յ տեսարան…